Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

 

***
Թե դառը դառնություն,
սառնություն եք զգում,
գունապնակը բացեք ձեր հոգիների,
տաք ու մտերիմ գույներ փնտրեք
և բացվող օրվան հագցրեք ծիրանի:
Արև նկարեք, արևառ օրեր,
արևոտեք մրսող ստվերները ներսի,
ձեզ տեր թագադրեք արեգակների,
մի՛ թողեք՝ ցուրտը ձեր սիրտը մտնի:

***
Թախիծն էլ է երբեմն դատարկվել ուզում,
երբեմն լցվում, լացել է ուզում,
երբեմն ուղղակի դառնության ցավից
ինքն իրենից թաքնվել, լռել է ուզում:
(Դառնության ցավի մեջ չլացվող լաց կա):
Շշուկվել են ձայները իմ մենակատան,
ստվերս անխոս, հուշիկ է քայլում,
անգույն ու մոլոր դատարկության մեջ
լռությունն անգամ ցավից է խոսում…
(Լռության հևքի մեջ սրտի զարկեր կան):
Թախիծը, երբեմն մեն-մի բառ դարձած,
գալիս կառչում է ու լալկվում շուրթիս,
դառնում չասվող խոսք, դառնում հոգու ճիչ,
դառնում ծրարված անհասցե նամակ
(Անհասցե նամակում ապրած մի կյանք կա):

***
Ասացի՝ աշնան դեղնակարմիրը երգեմ,
ընկնող տերևների մեջ
տուն չեկած տղաների երազները տեսա,
տերևներն ընկնում էին.
տերևապար չկար…
Ասացի՝ հավաքեմ երազները՝ ոտնատակ չտան,
երազները ափիս մեջ թեթև շրշացին,
ափս դող առավ նախշուն գույներից
ու լուռ մրմնջաց՝
այդքան շատ երազ ինչպե՞ս հավաքեմ…

***
Երբ գիշերը՝ տարի թվացող,
մութն առնում է գիրկը
ու լուռ թանձրանում,
երբ ունայնության դիմակն անհեթեթ
քաշում է դեմքին, լալիս ու խնդում,
մի հեռու ու ծանոթ պարերգ է լացում,
տխուր հեծկլտում…
Ու գիշերվա լուռ խավարվող գրկում
հանդարտ մարում է պարերգը լացող,
որ չի մոռանում, թե ինչպես է մութը
հազար ու մի գիշերվա չեղածից պատմում:

***
Օրը, անորոշի քղամիդը ուսին,
անզոր մի ճիչ է բարուրել գրկում,
մանկան աչքերով աշխարհին նայում,
մի բուռ արև է ապրելուց մուրում:
Չկայից կաթող հույս է հետ կծկում,
հյուսում աղոթքի անթախիծ բառեր,
գրկի մեջ առած լույս, արև ու հույս՝
անարևությունն է իր հոգում սպանում:

***
Երբ բառը գալիս կառչում է շուրթիդ,
ասվել է ուզում, ու դու չես ասում,
երբ աչքիդ փոխարեն սիրտդ է լցվում,
և անզորությունից ճչալ ես ուզում,
ասա՛ աղոթքի դեռ չասված բառեր.
սին աղոթախոսքից
հոգնել է Աստված:

***
Երանության թևեր երազող մի խենթ
Երկնքից իջավ ու կանգնեց հողին,
դարձավ հողեղեն, անթև, աներազ,
դարձավ իր անխենթ օրերի գերին:
Ճամփաները թողած՝ ճանփեզրով քայլեց,
քայլեց՝ սպասելով իր նման խենթի,
որ կոկիկ, ասֆալտե ճամփաները թողած՝
կքայլի ծաղկափեշ եզրով ճամփեքի:

***
Հեքիաթ էիր ինձ համար հյուսել,
Ավարտը, ավա՜ղ, տխուր փակեցիր,
ասպետավարի էիր քո կյանքը ապրել,
ափսո՜ս, հյուսածիդ տեր չկանգնեցիր:
Թողած էջերդ ծաղկոտել եմ հատ-հատ,
հուշերս աստղոտել ու արևոտել,
հիրիկներ եմ ծրարել ամեն հուշի հետ,
իմ մենակատանը անթեղել-պահել:
Ու երբ լռությունն է պատերս ծեծում,
և ականջականչս է զարթնում աղմուկով,
անթեղս բացում եմ, հիրիկներն հավաքում,
երազներս կապույտ հուշով ծաղկոտում:

***
Լիներ…
Քո սիրած հիրիկների
նախշուն դաշտ լիներ,
Կապույտ երազներս փնջեր հյուսեին,
Աստղաշուշաններ ճամփիս ցոլային,
Կորցրած հեքիաթս ինձ հետ բերեիր:
Ելնեիր լեռնոտ գագաթները զով,
Բրաբիոն ծաղիկ դու որոնեիր
Ու հավատալով ծաղկի հրաշքին՝
Հեքիաթիս թևին դու տուն դառնայիր:

***
Ի՜նչ շքեղ էին ծաղիկները ճերմակ,
ամեն ծաղկի մեջ՝ ճերմակ մի երազ,
ամեն ծաղկի մեջ՝ «փունջ մը ժպիտ»,
ամեն թերթի մեջ՝ «քուրա մը խոսք»:
Առէջների մեջ բարուրած արևի շողեր,
սիրո մրմունջներ, խոստումներ փնջած`
նազում, պչրվում էին ծաղիկները ճերմակ՝
արծաթյա ցողեր թերթերին շաղած:

***
Թե անունդ փորձեմ աստղերին գրել,
Քո սիրած հանդերից գույնը կընտրեմ,
Թե երգել փորձեմ, ՔՈ Կոմիտասի
«Հո՛վ արեք, սարեր»-ը անձայն կերգեմ:
Թե սիրտս լցվի, ու տեղ չմնա կարոտիս համար,
Մի բուռ քո աշխարհի ջրերին կտամ,
Ծաղկափեշ սարերիդ հովերին կտամ,
Քեզ լույսի մեջ պահող աստղերին կտամ:
Ծաղիկներին հուշերի ցողեր կշաղեմ,
Հատ-հատ կփռեմ անցած ճամփեքիդ,
Մի բուռ կարոտ էլ հուշերիս կտամ,
Որ ճամփեքդ կարոտիս կարոտ չմնան:

***
Ե՛վ թախծել, և՛ տխրել, և՛ ապրել,
ակնթարթը պոկել հավերժից,
անվերջից երազներ ցած բերել
ու հյուսել երազուն հեքիաթներ…
Ե՛վ աստղեր, և՛ երազ, և՛ հեքիաթ,
և՛ արև՝ ճրագված երկնքում,
օրերի թոնրոտված ծոցի մեջ՝
կարոտի մխացող անթեղներ…
Ե՛վ ապրել, կարոտել, երազել,
երկինքներ նախշոտել աստղերով,
աստղերից շողեր հավաքել,
խավարի դեմ կերոնվել, ճրագվել:

***
Ստվերս ինձանից առաջ է ընկնում,
ես լուռ գնում եմ նրա հետքերով.
մեր հին տան հուշն է տխուր որոնում,
որ թախծում է մենակ, բոլորից խռով:
Լռության տրոփող զարկերն եմ լսում,
պայթում են քունքերս ցավի դեմ անզոր,
մոլոր կանգնում է ստվերս շիվար,
խեղճացած շեմին հնացած դռան:
Ո՛չ ներս է մտնում, ո՛չ էլ հեռանում,
սառել նստել է խռոված քարին,
ներսում դատարկությունն է սվվում-սվսվում,
ունայնության մասին իր ասքը պատմում:

***
Լուսավորչի կանթեղը տեսա,
լույսից հույս էր կաթկթում,
ձեռքս պարզած երկինքն ի վեր՝
հույս էի լուսե կաթ-կաթ հավաքում:
Կանթեղը հանկարծ
մի մեծ զանգ դարձավ,
խուլ խավարում դինդոնեց,
դինդոնածը ԱՅԲ ու ԲԵՆ էր…
….Ու խավարը հրդեհվեց:

ՀԱՅՈՒՀՈՒՆ
Դու կրակվել, հրդեհվել գիտես,
Քո անափ սիրով խնկարկվել գիտես,
Թե ճամփիդ հակինթ ու վարդեր փռեն,
Սերդ հազարան գույնով կներկես:
Դու խենթ Լիլիթ ես, իմաստուն Եվա,
Ե՛վ Շամիրամ ես, և՛ խոհուն Նուարդ,
Դու Ծովինար ես Սասնա ծուռ ծնող,
Դու Դեղձուն-Ծամ ես ու Խանդութ Խաթուն:
Դու հայրենիք ես ու հայրենի հող,
Դու մայր-զինվոր ես հերոսներ ծնող,
Հազար էլ զարկվես թե հազար խաչվես,
Որպես մայր-կոթող նորից կհառնես:

***
Նույն կտավից ենք հայրենիքս ու ես,
նույն ժայռաթելից է Աստված մեզ գործել,
ինչքան էլ փերթ-փերթ ծվատում են մեզ,
առասպել դարձած՝ հյուսվում ենք նորից:

***
Փոթորկված ծով կա ժեռ հոգուս խորքում,
ձեր խախուտ նավով ափին մոտ չգաք,
խրոխտ ալիքները սանձել չփորձեք,
կխեղդվեք նրանց հորձանքների տակ:
Ծառս լինող նժույգներ կան
իմ խենթ աշխարհում,
սանձելու համար դուք չմոտենաք,
շանթող ցասում կա վրեժներում նրանց,
ձիադոփի տակ կոչնչանաք:
…Երկիր ու երկինք էլի կերկնեն,
ծովը կերկնի՝ ծիրանի հագած,
եղեգան փողից կրակ կժայթքի,
Վիշապաքաղը նորից հզոր կհառնի…
Սանձել չփորձեք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։