ՏԵՐ ԴԱՌՆԱՆՔ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՐԻՆ/ Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

«Պողոս–Պետրոս»-ի անդրադարձներն այսօր արդեն բավականաչափ են,

բայց  վեպի Ժամանակն առջևում է՝ գրականագիտական

մենագրություններ, վերլուծություններ, հոդվածներ,

քանզի այն վեպ չէ միայն մեր անցյալի ու ներկայի մասին՝

սթափ գիտնականի աչքով ու խորաթափանց գրողի մտքով գրված:

Այն մեր ապագայի յուրօրինակ «թուղթուգիրն է» նաև՝

Ելք  ու Ճանապարհ ցուցանող:

Մեզ մնում է միայն որքան հնարավոր է՝  

արագ գիտակցենք, հասկանանք ու տեր դառնանք

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՐԻՆ:

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

 

ՆԱԽԱԲԱՆ*

Ցավոք, ոչ լավատեսական

Երկար եմ ես նախապատրաստվել այս ճամփորդությանը: Մեր անցյալի ու ներկայի էջերով: Թերևս, հարկ եղածից երկար: Քանզի հնազանդ էի Ներքին ընդդիմախոսիս հորդորներին՝ զինվիր համբե­րությամբ, ամեն ինչ լավ է լինելու:

Ամեն ինչ լավ է լինելու…

Ընկերներիցս մեկը մի անգամ մի գրողի մասին, որի գիրքը շատ էր հավանել, իր կարծիքը հիմնավորելով՝ ավելացրեց՝ շա՜տ լավատես գրող է, և, իհարկե, չհամոզեց, քանզի չեմ կարծում, թե լավատեսությունը գրականության լավ ու վատի չափանիշ է: Ես սա հիշեցի ընթերցողին, եթե ինձ հաջողվի այս գիրքն սկսել ու ավար­տել, նախապես զգուշացնելու համար, իմ լավատեսությունը կաղում է, և շտկելու հնար առ այսօր չեմ տեսել: Ավելի ուշ ես էլ բախտ ունեցա թերթելու այդ գովերգված գիրքը (գովերգված ոչ միայն ընկե­րոջս կողմից), իրոք, ալքիմիա, հեքիաթ մեծահասակների համար: Մեծահասակները, ընդունում եմ, նույնպես մխիթարվելու իրա­վունք ունեն, և, իհարկե, ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու, դառը փորձը, սակայն, անցյալի ու ներկայի, քար է գցում ծլարձակելու անկեղծ փորձեր անող լավատեսությանս վրա: Բայց ես Կատոն չեմ, որ նետվեմ սրիս սայրին, ոչ էլ Իսմայիլ, որ մեկնեմ ծովային նավարկության: Ի տարբերություն առաջինի՝ կյանքը ինձ չի զզվեցրել, հակառակ երկրորդի՝ երկրիս ու հողիս ամուր եմ կապ­ված: Այնպես որ՝ ինձ ոչ թե մահը կամ ծովն է կանչում, այլ մեր անց­յալից ու ներկայից ծագող վաղը: Հետևապես, ոչ թեթև ճամփորդու­թյուն՝ մեր անցյալի ու ներկայի բավիղներով: Որի առաջին փորձը արվեց անցյալ դարի բախտորոշ 90-ականներին, Աստծո ամեն օրը, սակայն, այնքան լի էր անակնկալներով, որ հազիվ «օ՜ն, առաջ»-ով գոտեպնդված՝ ստիպված էինք լինում ճամփորդի ցուպը նորից ցած դնել: Սկսել ենք ավելի քան երկու տասնամյակ առաջ և հիմա շունչներս տեղն ենք բերում ոչ մի տեղ չհասած կամ, որ միևնույնն է, տեղից չշարժված՝ մեր յուրաքանչյուր օրը վերածելով խաչելու­թյան: Չգիտեմ, թերևս այդպես էլ պիտի լինի, եթե գամված ես Ներ­կային՝ մտքիդ ու հոգուդ թևերը անցյալին ու ապագային պարզած: Չարախինդ անցյալ, սեթևեթ ապագա, իսկ դու ներկայի ճահճում, որը ամեն մի հայացքից երեկվա կողմը, թե վաղվա, ավելի խորն է քեզ կլանում:

Աստված, իհարկե, ողորմած էր: Մարդուն, ճիշտ է, վտարեց Եդե­մից, բայց անմահությունից փրկեց՝ փակելով կենաց ծառին տանող ճանապարհները: Իսկ այսպես պատիժը՝ երկրային կյանքը, տանելի է, քանզի կրկին հող դառնալու փրկության դուռը վաղ թե ուշ բաց­վում է: Խութեր վայրէջքի այս կանխորոշված ճանապարհին անշուշտ պատահում են: Երբևէ ուշադիր նայե՞լ եք օրորոցի մանկանը, որը դեռ չի քայլում, չի խոսում, երբ չի լացում կամ ժպտում, երբ լուրջ է, իր նորելուկությանը անհարիր լուրջ, տեսե՞լ եք մտքի ու հոգու տառա­պալից ճիգը նրա դեմքին: Նա դեռ չի ծեծել ու ծեծվել, չի խաբել ու խաբվել, նրան անծանոթ են գոյության կռիվը, վերելքն ու անկումը, բայց մտավոր ու հոգևոր այդ լարումը դեռևս չգիտակցված հարցն է. «Ո՞վ եմ ես, որտե՞ղ, ինչի՞ համար»: Նա կմեծանա, ոտքից գլուխ կտրվի իր աստվածաշնչյան բանուգործին՝ տնօրինությանը ցամա­քում, ծովում, օդում եղածի, ազատ ժամերն էլ կտա հաճույքներին, միայն թե հոգի պղտորող հարցին դեմ-հանդիման չմնա: Գուցե այս անպատասխան հա՞րցն է Աստծո սահմանած իսկական պատիժը: Իսկ գուցե պարգև՞ը կյանքի տատասկոտ ճանապարհ նետվածնե­րիս, որ չթվա, թե ստեղծվել ենք սոսկ ավերելու համար:

Իհարկե, հին հույները հանուն մեզ չէին խելքներին զոռ տալիս, և նրանց հորդորին, թե՝ հաջողության գրավականը ետ չնայելն է, դժվար է հավատ ընծայել, բայց մի բան լրիվ անհայտ է. մենք համա­ձա՞յն ենք նրանց հետ, թե՞ ոչ: Գուցե այո, որովհետև, իրոք, հիմար բան է կյանքը ապրել՝ մորը կորցրած գառնուկի պես վիզը ետ ծռած: Իսկ գուցե չէ, քանզի, օրինակ, միանգամայն բնական է յոթանասուն, ութսուն և նույնիսկ հարյուր տարին լրացրած սեփական մանկական լուսանկարները դիտել: Այո, հուզվում ես՝ Տե՜ր Աստված, ինչի՜ց ինչ դարձա, բայց միևնույն ժամանակ հասկանում, որ «խնդալու կամ լալու պատճառ չիք», էսօրվա էս քոթուկը կանխորոշված էր, այ, հենց այս շիվով: Հավաքական կյանքի զիգզագները իրենց բնույթով, իհարկե, քիչ կամ շատ տարբեր են անհատ մահկանացուիս գենետիկական ճակատագրից, բայց եթե պատմությունը կաղին է տալիս սկզբունքային հետևողականությամբ, որ նույնն է, թե գենետիկական հակվածությամբ, այստեղ արդեն ուղեղ շարժելու անհրաժեշտու­թյուն է ծագում, դա ետ նայելու հետևա՞նք է, թե՞, ընդհակառակը, չնայելու: Կարծես թե նայելու, որովհետև մեզ հաճախ ճնշում է անցյալի բեռը: Իսկ գուցե չնայելո՞ւ, որովհետև պարբերաբար նույն փոսն ենք ընկնում: Եվ ինքնըստինքյան հասունանում է անշահեկան եզրա­հանգում՝ եզրահանգում անելու անկարողության մասին:

Ինչևէ, մեր այս մտորումները մեզ կպահեինք, եթե մեր 5-րդ փողոցում մեզ չզգայինք դամոկլյան սրի տակ: Այնպես որ՝ քանի դեռ հերթական անգամ չենք դոփել տեղում, ճանապարհ ընկնենք: Ահա և առաջին կանգառը, որը մոտիկ չէ, թեև հեռու էլ չէ, ընդամենը երկու հարյուր տարով է մեզ անցյալ տանում:

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ԿԱՆԳԱՌ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Տե՛ր, դու մեզ փրկիր բարեկամից**

…Տանջալից սպասումը ամեն մեկը իր ձևով է լցնում, Պողոսը նստում է համակարգչի առաջ: Բոլոր կայքերի առաջին սյունակում Շարժմանը առնչվող նորություններ ու վերլուծականներ են: Արեգն ու ընկերները նույնպես մոռացված չեն, ցավոք, առաջվա պես ոստիկա­նության ձեռքի տակ են: Նվեր, Նվեր, մտածում է, գլխներիս էնպիսի բան բերիր, որ Արեգին մոռացել ենք: Շարժումը ռուսական կայքերին էլ անտարբեր չի թողել, բայց սրանք հերիք չի, որ դատապարտում են Շարժումը, ոստիկանություն տարվածների՝ Արեգի ու մյուսների հարցում էլ ուղղակի կայֆ են բռնում՝ պետք է բոլորին բռնել, մեկու­սացնել: Զարմանալի ոչինչ չկա: Շարժումը Ռուսաստանի կապակ­ցությամբ որևէ բան չի ասել, բայց Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման հարց է բարձրացնում, և ռուսը դրա մեջ հակառուսականություն է տեսնում, որովհետև ռուսի գիտակցության մեջ Հայաս­տանը ոչ այլ ինչ է, եթե ոչ, ինչպես արդեն բազմիցս ակնարկվել ու ասվել է, «սովորական ռուսական գավառ»: Ահա, մտածում է Պողոսը, Ներսես Աշտարակեցի և այլք, ձեր փողհարած «ազատագրության» հետևանքը: Երկու հարյուր տարում «Ազատարարը», իհարկե, գույնը մի քանի անգամ փոխել է, բայց փոխվել են կառավարման մեթոդ­ները, բովանդակությունը նույնն է մնացել: Լավ, ցարական Ռուսաս­տանը վատն էր, խաբեց հայերին, իսկ լա՞վն էր Կարմիր Ռուսաստանը: Բոլոր ժողովուրդներին ազատագրություն խոստացավ, հետո զենքի ուժով բոլոր նորաստեղծ հանրապետություններին ստիպեց մտնել ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Ինքնիշխա՞ն էինք, չէ՛, որովհետև Մոսկվան էր որոշում, թե ինչ է թույլատրելի Հայաստանին, ինչը՝ չէ: Թեկուզ այս մի օրինակը. կասեցրեց Քամյուի «Ժանտախտ» վեպի հայերեն հրատա­րակությունը. ի՞նչ կարիք կա «ժանտախտը» հայերեն հնչեցնել, ով շատ է ուզում, թող ռուսերենը կարդա: Հայֆիլմ կինոստուդիա՞ն էր որոշում, թե որ կինոսցենարը պետք է էկրան բարձրանա: Չէ, Մոսկ­վան: Իսկ վերադառնալով ռուսի գիտակցության մեջ ամրագրվածին՝ ահա այս դեպքը: Մոսկվա էր գնացել, մտավ իրենց կենտրոնական միություն՝ հյուրանոցի արտոնագիր ստանալու, կես ժամ սպասեց դռան մոտ: Երբ վերջապես ընդունելության արժանացավ, միու­թյան աշխատակիցը նվերը՝ կոնյակի շիշը դարակում տեղավորելով՝ ներողություն խնդրեց սպասեցնելու համար և արդարանալով ասաց, որ հեռախոսով էր խոսում, գավառից էին զանգահարել՝ Թբիլիսիից՝ ակամայից մատնելով, որ հանրապետությունները մոսկովյան ամենացածրաստիճան պաշտոնյայի համար էլ գավառ են: Քսանական թվականներին, երբ Մոսկվան զբաղված էր ցարի տիրույթները կար­միր դրոշի տակ միավորելով, Բալթյան երեք հանրապետությունները անկախ մնացին, այդ բացթողումն էլ շտկվեց երկրորդ համաշ­խարհային պատերազմից հետո: Ավելին, Ուկրաինային ու Մոլդովային կցվեցին Լվովի մարզն ու Բեսարաբիան, այս նվաճումն էլ ընկեր Մոլոտովը այսպես մեկնաբանեց. «Մենք ընդարձակում ենք մեր հայրենիքի սահմանները»: Պա՞րզ է, պարոն Տիրատուրյան, ինքն իրեն է դիմում Պողոսը, այն, ինչը Ռուսաստանը նվաճում է, տեղնուտեղը նրա հայրենիքն է դառնում: Այնպես որ՝ ռուսը հանձին Հայաստանի Հանրապետության իր հայրենիքից անարդարացիորեն պոկված գավառ է տեսնում, որը, ո՜վ լկտիություն, նաև ինքնիշխանության հովեր ունի:

Պողոսին մտքերից մի պահ շեղում է իր և Պետրոսի տիկնանց վերսկսված ակտիվ հեռախոսազրույցը: Բայց համոզվելով, որ Մոսկվայում նորություն չկա, աղջիկները դեռ սպասում են, Լուսինեն էլ, եթե չի զանգահարում, ուրեմն, նույնպես նորություն չունի, վերա­դառնում է իր մտքերին: Հիշել է…

Ութսունականների երկրորդ կեսն էր, իրենց կազմակերպության կողմից Մոսկվա էր գործուղվել, իր գործընկերոջը, միևնույն ժամա­նակ նաև վերադասին, քանզի ինքը հանրապետական կազմակեր­պություն էր ներկայացնում, նա՝ համամիութենական, ռեստորան հրավիրեց: Երբ բոլոր կենացները ասվել էին, իսկ ասում էր ինքը՝ Պողոսը, չպատկերացնելով՝ ինչպե՞ս կարելի է բաժակ վերցնել և պարունակությունը սուսուփուս ըստ նշանակության ուղարկել, առաջարկեց՝ այս վերջինն էլ խմենք մեր երկու ժողովուրդների բարեկա­մության կենացը: Գուցե եղբայրությա՞ն, հակադարձեց Վերադասը: Այո, եղբայրության, ոգևորվեց Պողոսը: Բայց նրա պարզած գավաթը օդում մնաց:

– Պավել Մոյիսեյիչ,- ասաց Վերադասը՝ իր գավաթին նայելով,- ես պատրաստ եմ ձեր առաջարկած բոլոր կենացներին ընդառաջել, որովհետև դուք վատ բաներ չեք ասում, այդ թվում և այս մեկը, բայց ուզում եմ մի հանգամանք պարզել, որը երկու բառով ասած հետևյալն է. ազգերի բարեկամություն կամ եղբայրություն, սա միևնույն բանն է, չի լինում: Այո, մեզ մոտ շատ է խոսվում սովետական ժողովուրդների անխախտ բարեկամությունից, պաշտոնական մակար­դակով, ամբիոններից, խնդրեմ, դուք էլ խոսեք, բայց այսպիսի սեղանի շուրջը, պաշտոնական մթնոլորտից դուրս խմենք՝ ավելի անկեղծ բաներ հիշատակելով: Ազգերի միջև կարող են լինել բարիդ­րացիական հարաբերություններ, շահերի ընդհանրություն, տնտեսա­կան ու քաղաքական համահունչ ծրագրեր, բայց բարեկամություն կամ եղբայրություն չի լինում, որովհետև չի կարող լինել, որովհետև ազգերի հարաբերությունը քաղաքականություն է: Այնպես որ՝ բարե­կամությունը կամ եղբայրությունը կարելի է հիշատակել սոսկ որպես մաղթանք, սակայն ազնվությունը պահանջում է դա էլ չանել: Եթե մաղթել, ապա իրականացող բան:

– Չգիտեմ,- ասաց Պողոսը,- ինչքան ինձ հիշում եմ, գրվել ու խոսվել է բարեկամության ու եղբայրության մասին, մասնավորա­պես՝ հայ և ռուս ժողովուրդների: Կուսակցական ընկերոջս համար մեկ-երկու անգամ ելույթ եմ գրել, ինչքան էլ տքնել եմ, որ նրա սրտով լինի, մի ուղղում մշտապես եղել է՝ «եղբայրական ռուս ժողովուրդը» նա, որպես օրենք, դարձնում էր «եղբայրական մեծ ռուս ժողովուրդ»:

– Միանգամայն իրավացի է ձեր կուսակցական ընկերը,- ասաց Վերադասը,- եթե «եղբայրականից» չեք խուսափել, ապա գոնե «մեծ»: «Մեծ»-ով «եղբայրական»-ը այսպես թե այնպես ուտվում է, որովհետև մեծ եղբայրը ղեկավարում է կրտսերին, ուղղորդում նրան, կարող է թե՛ շոյել, թե՛ դիտողություն անել, թե՛ պատժել: Իսկ պարզապես եղբայրությունից կամ բարեկամությունից խոսելով՝ կարծես թե հավակնում եք հավասարի կարգավիճակի, ինչը մեզ՝ ռուսներիս, դուր չի գալիս, նույնիսկ վիրավորում է: Կամ էլ մտա­ծում ենք՝ շողոքորթում եք, մտքներումդ մի բան պոկել կա: Ավելի կամ պակաս չափով բոլորն են այդ ախտով տառապում, բայց դուք՝ հայերդ, բոլորին տվել-անցել եք: Իմ մի ծանոթը՝ մատակարարում­ների ոլորտի ղեկավար, ասում է՝ մի հայ կա, հենց գալիս է, աշխատողներս ինձ զգուշացնում են՝ ուշադրություն, հայը գալիս է, հայ և ռուս ժողովուրդների անխախտ բարեկամությունից է խոսելու:

– Լավ,- ասաց Պողոսը,- իսկ մեր բարեկամության կենացը կարո՞ղ ենք խմել: Հաճախ ենք հանդիպել թե՛ այստեղ, թե՛ Հայաս­տանում, և իրարից պարտք ու պահանջ չունենք:

  • Անշուշտ,- ասաց Վերադասը,- անհատների հարաբերություն­ներն ուրիշ դաշտում են: Սակայն…- Այստեղ դադար տվեց, ասաց,- եկեք սա խմենք, հետո ուշ չլինի, որովհետև այս թեմայով նույնպես ոչ հաճելի բաներ ունեմ ասելու: Խնդիրը ես և դուք չենք, թեման է: Ծիծաղեցին, բաժակ բաժակի զարկեցին, խմեցին:
  • Հասկանում եք,- ասում էր Վերադասը,- ստեղծվել է, ըստ իս, ոչ հաճելի իրավիճակ: Այո, մենք բոլորի մեծ եղբայրն ենք, չեմ առարկում, քանզի դա մյուս բոլոր տարբերակներից գերադասելին է: Ո՞ր տարբերակներից, այդ մասին գերադասում եմ լռել, քանզի իմ կարծիքով՝ դուք էլ գիտեք, հիմա ուզում եմ ասել, որ ավագ եղբոր սինդ­րոմը տեղափոխվել է նաև անձնական հարաբերությունների ոլորտ, ինչը տխուր բան է: Քանի՞ տարի մենք իրար գիտենք, երկուսս էլ դրամատուրգ ենք, մի քիչ էլ կինոսցենարիստ, բայց ես, միևնույն է, ավագ եղբոր դերում եմ… Համբերեք, թողեք վերջացնեմ… Դուք բազում անգամներ եղել եք Մոսկվայում, ես երկու անգամ՝ Հայաս­տանում, դուք միշտ եկել եք նվերներով, ես՝ դատարկաձեռն: Դուք ինձ հյուրասիրել եք Երևանում, Մոսկվայում էլ դուք եք հյուրասիրում, այսօր էլ դուք եք հրավիրել ռեստորան, դուք էլ վճարելու եք: Ինչո՞ւ: Ես գծուծ եմ կամ փող չունե՞մ: Չէ, գծուծ չեմ, փող էլ ձեզնից շատ ունեմ, իմ պիեսները Ռուսաստանով մեկ են բեմադրվում, ձերը՝ միայն փոքրիկ Հայաստանում, բայց հյուրասիրում եք դուք, որովհետև իմ գիտակցության մեջ էն գլխից կա, որ դուք պարտավոր եք հյուրասիրել, պարտավոր եք նվերներով գալ: Այսօր, հա, կարող եմ կողի ընկնել և հաշիվը փակել, բայց դրանից ոչինչ չի փոխվի, դա կլինի սոսկ մասնավոր դեպք: Ռուսաստանը՝ ցարական, թե սովետական, կայսրություն է, և յուրաքանչյուր ռուսի մեջ ամուր է նստած գիտակ­ցությունը, որ ինքը կայսրության հարազատ տարրն է, ով էլ ռուս չի, պետք է շնորհակալ լինի, որ իրեն մարդու տեղ են դնում:

Իրոք, մտածում է Պողոս Տիրատուրյանը, հնարավո՞ր է տիրոջ ու ծառայի բարեկամություն: Հնարավոր է, բայց այդ բարեկամության հիմքը միայն տերը կարող է դնել: Գութանավարն է երգում՝ «…եզո ջան» և ոչ թե եզը: Հունձ անողի համար մանգաղը ընկե՞ր է, այո՛, իսկ մանգաղի համար հնձվո՞րը: Հնարավոր է, չառարկենք, գուցե մանգաղն էլ է մտածում՝ ըհը, ընկերս եկավ, հիմա ինձ ձեռքը կառ­նի, և հունձ կանենք, եզներն էլ գուցե երգում են՝ «հո, հո հորովել, տերո ջան», ուղղակի մեզ հասու չեն նրանց մտքերն ու երգերը, բայց գալով հայ-ռուսական հարաբերություններին՝ եզն է հորովել երգում, մանգաղն է բարեկամությունից խոսում: Ռուսական պատմության դասագրքերում ոչ մի խոսք հայ-ռուսական (ռուս-հայկական) բարե­կամության մասին, հայոց պատմությունը երկու հարյուր տարի դրա­նով է լցված: Ազնիվ լինենք, խոստովանենք՝ մենք գերադասում ենք տիրոջ շվաքի տակ ապրել և գերադասում ենք, որ այդ տերը ռու­սը լինի: Ընդունենք, որ ինքնուրույն ապրելու կամք չունենք: Որ մեր քաղքենիների համար ռուսամետությունը Աստծո հավատին հավա­սար մի բան է: Բոլորին ռուսները նվաճել են արյունով ու սրով, մեզ՝ մեր օգնությամբ, բայց դրանից մենք շահե՞լ ենք: Ամենևին: Ռուսը մեզ խփում է թիկունքից: Մեր համակրանքը շահում մեզ դավելով: Մեզ համար զանազան որոգայթներ լարում, ապա իբրև թե օգնության ձեռք մեկնում: Հայաստանը ռուսներին պետք է թուրքերի հետ քաղաքական առևտուր անելու համար: Դա լավագույնս ապացուցե­ցին բոլշևիկները, հիմա էլ ապացուցում են ռուս կայսերամոլներն ու հայ ազգադավները:

Այստեղ Պողոսի մտքի թելը կտրվում է: Աչքը սևացած պատու­հանին է ընկել: Գիշեր…

*«Պողոս-Պետրոս» վեպի առաջաբանը

**Հատված  վեպից