ՎԱՀԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ – 70

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է

բանաստեղծ, երգահան

ՎԱՀԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ

ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

Թովմա քահանա /Վահան Անդրեասյան/

 

Մ Ե Ր Ժ Ո Ւ Մ

Ինձ ասացին.- Թող վերջապես

Աստծո կողմից լքված քո հայրենիքը.

ամեն քայլին ծաղրել են քեզ,

ծաղրի էր ենթակա Աստված հենց ինքը:

 

Այստեղ քո շնորհները կփայլեն իսկույն,

և կլսվի ամեն մի երգ,

ճիշտ անվանում ունեն ամեն մի ձև և գույն,

բուժում ունեն և՛ ցավ, և՛ վերք:

 

Բայց փակեցի իմ ականջները,

որ չլսեմ շոյիչ խոսքերն այդ անպատիվ,

վերցրի հոգուս ցնցոտիները,

մտա աշխարհն իմ ցավերով այն բազմաթիվ,

 

գումարվեցի ես ամենքին,

սև օրերի մոխիրը քսեցի դեմքիս

ու նստեցի նրա կողքին՝

աղբարկղերից հաց հավաքող ժողովրդիս:

 

88-Ի   Գ Ա Ր Ո Ւ Ն Ը

Գարունն այն երգ էր երկնքից,

ամպի պատռվածքից հնչող

հրեշտակային շեփորը:

 

Մենք դուրս եկանք տնից, բակից,

մեզ խմելու համար տրվեց

միասնության սափորը:

 

Մի շունչ, մի ընդվզում և կամք,

հրեշտակներով և մարդկանցով

միահյուսված ամբոխը…

 

Ընկեր, մենք նրանցո՛վ դեռ կանք,

այդ պատճառով չեն կլանում

խավարը մեզ և ոխը…

 

Եվ Անդրանիկն էր լուռ վարգում

մարդկանց շարքերի մեջ`

Մայր Աթոռից իր թուրն առած…

 

Եվ, նայելով, սիրտ էր կնքում

որոտացող, հոգին անձրևի պես

թափող Աստված…

 

Եվ… սերը, սերն էր անսպառ,

հյութի նման լցվում էր, իսկ ոչ ոք

չէր հագենում…

 

Ընկեր, գարունն այդ` երգն անմար

ապրում է մեր երակներում,

սպասում և ամրանում:

 

Բ Ր Ե Գ Ե Ն Ց Ի    Ն Ա Վ Ա Հ Ա Ն Գ Ի Ս Տ Ը

Մայրամուտի ոսկե շողերը ջրերի վրա՝

կարծես հեքիաթային մի աշխարհից ուղղված լուրեր,

որոնց ապշած լուռ ունկնդրում են արտասահմանցիք,

տալիս հայացքներով հարցեր, փնտրում պատասխաններ,

 

բայց չեն գտնում, և չեն գտնի, քանզի հրաշք է այս,

ամեն բացատրություն բախվում է հրաշքի շեմին,

և ունկնդրող մարդկանց մնում է լոկ նայել ապշած՝

ինչպես է ոսկեծոր ալիքը տատանում քամին,

 

ինչպես ոսկետերև շագանակներն են ծածանվում,

ոսկեծածան կեչուտն է ափի մոտ ծփում խաղաղ,

կարապն է ոսկու մեջ լողում, նավերն են ափի մոտ

օրոր անում փայլով ոսկե, քնկոտ, միապաղաղ,

 

և լուռ նայում են կիսաբաց բերաններով մարդիկ՝

կանայք, այրեր, երեխաներ, ծերերը երազկոտ,

իսկ մայրամուտը իր ոսկին թափում է անխնա

և բոլորին բաշխում անէ և անհասցե կարոտ։

 

Կ Յ Ա Ն Ք Ը    Ք Ն Ի    Մ Ե Ջ    Է

Որդուս` Ալիկի հիշատակին

Եթե Աստված փնտրում է

իր կորցրածը,

եթե Աստված փնտրում է

Ադամին,

 

ուրեմն մեզ էլ նույն

ուղին տրված է,

որ փնտրենք անցյալը

մեր անգին:

 

Այդ անցյալը բայց

մեր ապագան է,

որ սպասում է մեզ

փնտրումներում,

 

կորուստները մեր

անիրական են,

որ լքում են մեզ,

տառապեցնում:

 

Եվ երբ ապագան,

որ նույն անցյալն է,

արևի նման

ելնի մի օր,

 

կմարմնավորի

Տիրոջ մեր գալը

սպասումները այդ

ցավոտ, անզոր:

 

Կյանքը քնի մեջ է,

և աչքերդ

թե բացես` թռչնի

դայլայլի տակ,

 

կդիմավորեն քեզ

վառ լույսերը,

հարազատներիդ

ժպիտն անտակ:

 

ՍՐՏԻ ՊԱՐԳԵՎՆԵՐ

Վահան Անդրեասյան բանաստեղծի հետ վաղուց ենք ծանոթ, ապա աշխատակից՝ Հայաստանի ռադիոյից, ապա գրական ու մարդկային ընկեր։

2023 թվականին լույս էր տեսել նրա բանաստեղծական 9-րդ ժողովածուն՝ «Սիլֆի նուրբ երազանքները» խորագրով, որ բացվում էր հեղինակի կարճ խոսքով՝ Սիլֆը նուրբ հոգի է, եթերային, օդեղեն արարած։ Նրան նկատել հնարավոր չէ։ Վահանի գրքի առաջին բանաստեղծությունը վերոհիշյալ արարածի մասին Պոլ Վալերիի քառատողն է պարզում` որպես ժողովածուի տանող լոկոմոտիվ։ Տարիներ շարունակ նա ապացուցում է` եթե չես նկատում, դա չի նշանակում, որ չես ապրի նրա աննյութեղեն ոգով և չես ստեղծի տաղեր թրթռուն, ջերմ, եթերային։ Ահա այդպես նա ընդդիմանում է կոշտ, հաճախ կոպիտ ու անմարդկային կյանքի դիպվածներին, ընթացքին։

Քրիստոնեական հայացքը խորանում է բնության, մարդկային հոգու բացատներն ու թավուտները ու անշտապ, առվի պես հոսող տողերով գտնում իր նմանին։ Նա չի ձգտում ճչալ, ցուցադրել իր ցավը, ողբը, ընթերցողին ներքաշել ապրումների դառը հորձանուտը։ Ինչ էլ լինի, լույսը, բարին բանաստեղծական սահանքների ռիթմով ապրեցնում է ընթերցողին։ Տարիներն անցնում են, մնում է անանձնականը, մեծարենցյան սերը։

Սիրելի Վահան, յոթանասուն տարիքը կշարունակի ձգվել ու պարգևել մեզ քո չհոգնող, պարզ ու ջինջ էությանը հար և նման գրքեր, էսսեներ, հոդվածներ։

Մենք միշտ սպասող աննկատ Սելֆին, նաև նկատելի, անուրանալի տաղանդիդ շողերին։

Աստծուն և ծնողքիդ շնորհակալ ենք քո  գոյական հոլովույթի համար։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

Յոթ տասնամյակն, անշուշտ, պարզապես տարեթիվ չէ, երբ խոսքը ստեղծագործական արգասաբեր ճանապարհի մասին է։

Վահան Անդրեասյանն (Տեր Թովմա քահանա) իր գրական ճանապարհը սկսել է դեռևս 1970-ականների վերջին։ Նրա առաջին բանաստեղծությունները տպագրվել են «Գարուն» ամսագրում, ապա ստեղծագործական ճանապարհը շարունակվել է գրական ասպարեզում, թատրոնում, երգարվեստում և հեռուստատեսային ոլորտներում։

Նրա բանաստեղծական գրքերը՝ «Բանաստեղծություններ» (1993), «Օրհնյալ լինես, տառապանք» (1996), «Թիթեռների աշխարհում։ Դատաստան» (1999), «Ասպետական օրագիր կամ պատերազմ, դարձյալ պատերազմ» (2003), «Գիտակցության ստերեոտիպեր» (2011), «Բնության տաճարում» (2023) և այլն, ներկայացնում են նրա պոեզիայի ներքին շարժումը՝ անձնականից դեպի հասարակական, առօրյայից դեպի խորհրդածություն, աշխարհիկից՝ հոգևոր, բառից՝ երաժշտություն և հակառակը։

Երգարվեստում Վահան Անդրեասյանի գործունեությունը նույնպես նշանակալի է․ բազմաթիվ ու սիրված երգերի խոսքեր ու երաժշտություն, արդյունաշատ համագործակցություն կոմպոզիտորների ու կատարողների հետ, հիշվող մեղեդիներ, թատերական երաժշտություն և այլ աշխատանքներ։

Եվ այս առումով կարևոր են ոչ միայն նրա գրքերի ու ստեղծած երգերի քանակը, այլև այն հետքը, որ թողել է իր ժամանակակիցների և ընթերցողների մեջ։ Վ․ Անդրեասյանի դեպքում այդ հետքը միատարր չէ։ Մի տեղում այն բանաստեղծության տող է, մեկ այլ տեղում՝ երգի խոսք, մեկ ուրիշ տեղ՝ երաժշտական, թատերական կամ հեռուստատեսային աշխատանքի հետ կապված հիշողություն, և այս ամենով էլ ձևավորվում է նրա ստեղծագործական դիմանկարը։ Այդ բազմազանությունն ինքնին նրա ստեղծագործական կենսագրության կարևոր առանձնահատկություններից է։

70-ամյակի առթիվ Վահան Անդրեասյանին մաղթում ենք ստեղծագործական վերելքներ, նոր գրքեր, նոր երգեր և ամենակարևորը՝ ներշնչանք, որն անհրաժեշտ է բառի հետ երկար ճանապարհ անցնելու համար։

Շնորհավոր․․․

Հ․ Համբարձումյան

 

Դժվար է ասելը՝ բանաստեղծությունը ո՞ր ժամանակներից զատվեց կրոնից,- կամ զատվե՞ց արդյոք (ես սա ասում եմ՝ մտքումս XX դարի մեծ բանաստեղծներից մեկի՝ շոտլանդացի Ու. Բ. Յեյթսի միտքը՝ «կրոնն ու բանաստեղծությունը նույնն են»),- սակայն նրանց գործառույթն, ըստ էության, մեկն է․ խոստովանության տանել մարդուն: Մեր անխոստովանանք ժամանակներում, երբ բանաստեղծությունը վերածվել է կյանքի երևույթների ու իրերի մասին լրագրության կամ պարզապես լուսանկարչության, Վահան Ադրեասյանը պահում է բանաստեղծության հոգևոր աստիճանակարգը: Չխորշելով վերջինիս ամենապարզ, ամենահասարակ, ամենամարդկային, գուցեև երաժշտի իր երբեմնի ձիրքից բխող «էստրադայնությունից»՝ նա իր բանաստեղծության մեջ երբեք շեշտը չհանեց մարդկային այն ապրումների վրայից, որոնք էլ հենց մեր առջև կանգնեցնում են մարդուն։

Ես, ճիշտն ասած, Վահան Անդրեասյանի հոգևոր կարգը չգիտեմ, որովհետև գիտեմ նրա բանաստեղծական կարգը․ դրանք, ըստ երևույթին, փոխարինում են իրար։ Եթե այդպես է, ուրեմն, ինձ մնում է նրա հոգևոր աստիճանը կռահել նրա բանաստեղծական սկզբունքներով․ անկեղծ, ազնիվ, ապրումներով լեցուն, ամեն մի զեղումից ու սեթևեթանքից զերծ անմիջականություն, ի վերջո բանաստեղծության բոլոր բաղադրիչներով գործող մի արվեստ։

Մենք մեր նոր բանաստեղծության մեջ (գուցե Մխիթարյաններից հետո)  մի դեպք ունենք, երբ հայ հոգևորականությունը մեզ լավ բանաստեղծ է տվել. այսօր հանիրավի մոռացության մատնված «Հովվական սրինգ» սքանչելի ժողովածուի հեղինակ Եղիշե Դուրյանին։ Վահան Անրեասյանով մեր բանաստեղծությունը մեզ մի լավ հոգևորական է տվել՝ ասես ի հավաստումն իմ այս փոքրիկ խոսքի սկզբում մեջբերված մտքի, որ, այո, «կրոնն ու բանաստեղծությունը նույնն են»։

 

  Հակոբ ՄՈՎՍԵՍ

 

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ

Կան անհատակություններ, որ առաքելությամբ են այս աշխարհում ծնվում, և նրանց կյանքը ի վերուստ տրված ուղով ընթանալն է: Այդպիսին է Տեր Թովմա քահանա Վահան

Անդրեասյանը: Նրա մեջ յուրօրինակ ներդաշնակությամբ են ապրում ու ստեղծագործում

գրողը, երաժիշտը և հոգևորականը:

Քնարական նրա բանաստեղծություններում մե՛կ աշխարհի դրախտն է շողարձակում, մե՛կ մարդկային կյանքի «ժանտ ալիքներն են վարարում», նրա ձայնը մե՛կ մի ուրիշ աշխարհից է լսվում, մե՛կ երկրային տառապանքների ռիթմով բաբախում, մե՛կ բնության տաճարում է մարդը հայտնվում, մե՛կ քաղաքային փողոցների լաբիրինթոսում: Երաժշտությունը մարդկային հոգու թրթիռներն է հնչեցնում: Թովմա քահանա Անդրեասյանի երգերը բառերի ու հնչյունների յուրօրինակ հյուսվածք են, իսկ սիմֆոնիկ, գործիքային և թատրոնի համար գրված  երաժշտությունը՝ մարդկային սրտերից վեր հառնող և տիեզերական անհունում հոգիները փառավորող ստեղծագործություններ:  Այն, ինչ բառերին չի տրվում, արտահայտվում է երաժշտությամբ, այն, ինչ երաժշտությամբ չի հնչում, աղոթքով է հառնում: Նրա թե՛ գրական, թե՛ երաժշտական ստեղծագործությունները «Ի խորոց սրտից» բխած երկեր են, որ միտված են ամոքելու մարդկանց երկրային տառապանքները և առաքելու «Լոյս ի խաւարի սրտից մթացելոց», որ «Սպառի աղջամուղջն, վերանայ մութն»:

Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդների հետ աշխատանքը Տեր Թովմայի հոգևոր գործունեության կարևոր մասն է: Աստվածաշնչյան ընթերցումները հաճախակի են վերածվում համաշխարհային գրականության, արվեստի ու պատմության մասին քննարկումների: Իր բազմիմացությամբ նա ոչ միայն կրթում է երիտասարդներին, դաստիարակում հայրենասիրական ոգով, այլև զարգացնում նրանց ստեղծագործական ունակությունները: Երիտասարդական ավյունով իրագործվող նրա բոլոր ձեռնարկները ուխտագնացություն են առ հոգևոր Հայրենիքը, միտված են զորացնելու երիտասարդների հայրենաշունչ հոգին և ուղղորդելու նրանց  դեպի Աստված՝  «Լուսաւորութեան և կենդանութեան, յարութեան և անմահութեան»:

 

Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ