ՀՈՄՈՍԻՆԹԵԶ / Զավեն  ԲԵԿՅԱՆ

Թեև չեմ տեսնում
խնձորի կլոր
տիեզերքի մեջ
ճառագող կորիզների
համաստեղությունը,
բայց զգում եմ աճը․․․

Լույսը ներծծվում է
տերևի մեջ –
ու ծնվում-կանաչում է
քլորոֆիլ։

Աստծո միտքը սուզվում է
իմ էության մեջ –
և արարչությունն է
շարունակվում․․․

* * *

Բերանքսիվայր էի այդ պահին,

ողբացյալ անհույս ու անաղոթք,

հոսում էր արցունքս աղի…

 

Աղաչում էի աղերսանոք

աղարձանի բառերով ու

մրմունջով անամոք,

ետևում

թողած քաղաքները մեղքերիս,

ահառած, թե ինձ կների՞…

 

Անպարագիծ էր, անպատկեր էր, համակ լույս էր,

բարբառեց մեղմ ու թաթավուն․

«Ետ մի նայիր, որդիս, հեռավորդ

հեռվում է արդեն։ Անցել ես տղմուտը,

զատել ես լույսդ ու մութդ։

Իմ շեմին

հասած անմեղն ես դու հիմա…»։

 

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Բերանքսիվայր էի, ու դեռ

հոսում էր արցունքս, թեթև․․․

 

* * *

 

Բանաստեղծություն,

թույլ տուր ծվարեմ

տապանիդ մի անկյունում,

մինչև որ այս կյանքի

ջրերն անցնեն։

 

Իջևանատան պես,

այստեղ շատ է ժխորը,

ամեն մեկն իր ուղտն է

գովում ՝ձեռքերը

թափահարելով անհիշատակ

մեռելի պես –

թող հանդարտվեմ քո

ներհուն բացվածքի մեջ։

 

Ես հացի պես կիսվեցի

քեզնով՝ ամենեցու հետ,

բայց քաղցած մնացի ինքս, ավաղ,-

աշխարհը՝ սո՜վ…

 

Մի լուսնոտի պես ենք

ապրում այս օրերը`

անցնելով աշխարհի

եզրով վտանգավոր –

սթափեցրո՜ւ ինձ անդենական

լուրթ ջրերի վրա…

 

 

ՄՈԴԻԼԻԱՆԻ

 

Հզոր, աղեղնածիր ցատկը հովազի,

շանթի պես, մի պահ օդում։

Այդ պիսակավոր մո՜րթը, որ

աստղազարդ երկնքի է նման,

որ փայլատակում է ցատկի մեջ…-

Եվ, օ, սքանչելի վիթ, դու իր որսն ես…

 

Նա հովազի նման ցատկեց Գեղեցիկի վրա,

որ իր որսն էր Աստուծով, նա

ցոլացրեց իր տաղանդը պիսակավոր,

աստղազարդ երկնքի նման, խառնվելով

Երկնքի կտավին` նա որսա՜ց…

 

Բայց տեսնողներ են եղել, թե ինչպես է

բորենին հետևում հովազին,

որ հոգնած, վիրավոր տանում է իր որսը,

ինչպես է բորենին հետևում հովազին,

որ հետմահու իրենով անի որսը։ –

Այդպես մի նկարավաճառ կրնկակոխ հետևում էր

քաղցած, մերձիմահ հիվանդ նկարչին…

 

 

ԱՍՓՈԴԵԼ — ՄԱՀՎԱՆ ԾԱՂԻԿ

Քո պսակն է

իջնում

շորորապտույտ,

թերթիկներով՝ գունատ՝

ինչպես վերջին ցանկությունը

մահամերձ մի ծերունու…

Եվ հնչում է ձայնը տերունի

թովիչ ու

թաթավուն ․

«Ընդունիր

ահավասիկ սույնը՝

դրասանգը

հովիտների հանդերձյալ,

անարև ու անբույր։

Մինչև որ

զգենաս

Լռության

Խույր…»։

 

 

ՄՆԵՄՈԶԻՆԵԻՆ։ ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ

Տիտանուհի՜,

ուղարկի՜ր վերստին, աղաչում եմ,

քո ինը դուստրերից

այն չքնաղ յոթներորդին,

որ գա ինձ հանի

այս թևաթափող ունայնությունից

ու տող առ տող հինի

գորգն իմ զվարթության՝

գլխագրերով տերունական

ու բոլորգրերով ծաղկահյուս…

Զի հիմա կույրի պես եմ

շոշափում արծաթադրամը

բանաստեղծության և

իր հնչյունը լսում խո՜ւլ,

օտար հեռուներից

մոռացության…

 

ՍԻԼԵՆԻ  ՀԻՄՆԸ

 

– Օրհնյա՜լ լինես դու, ով Սեմելե,

դշխոդ անզուգական, սիրեցյա՜լդ Զևսի,-

ոգորում էր Սիլենն՝ ուժայրը՝ գինու փարչի

պռունկը շոյելով,- փառավորյա՜լդ…

Դու մեր տեր Դիոնիսիոսին որթատունկերի

թփուտների մեջ ծննդաբերեցիր, այնպես չէ՞…

Եվ քո ստինքներից գինի էր հոսում, ոչ թե կաթ՝

սրբազան ծննդկանիդ շուրթերին…

Եվ ահա մեր թիրսոսները պտտահողմի մեջ են

Քաոսի, և ահա մենք երթի մեջ ենք Տարերքի,

և ահա մեզ է գալիս միանալու

հարբած ու տռփոտ ձայնարկություններ

բացականչող այծամարդկանց ստվար մի խումբ… —

Ու մենք կվանկարկենք դողէրոցքով սրբազան

անունները քո և քո որդու…

… Դեռ չէր լսվել քայլերի ձայնը

մարմարասրունք Ապոլլոնի, դեռ

նրա քնարի արձակած մեղեդու ձայնից

չէր հանդարտվել գինու

եռքը փարչերի մեջ…

 

ՆԵՐԲՈՂ  ԱԿՍԵԼ  ԲԱԿՈՒՆՑԻՆ՝ ԴՊԻՐԻՆ  ՀԱՎԵՐԺԱԳՆԱ

 

Եղբայրության ընկուզենիների

խշշոցի տակ, ծալապատիկ նստած —

զույգ հանճարնե՜րդ նաիրյան, Հրազդանի ձորում,

գետի ափին համեստ սուփրա գցած… Ուր որ է՝

կգա ուստա Մարգարը՝ թևի տակ մի բոխչա

համադամների և դուդուկն իր

հրաշագործ, բայց ավաղ՝ արտասվաբեր…

 

Իսկ այդ ե՞րբ էր Տերյանը

եղել Երևանում

ու լսել, թե ինչպես է

Ասոն լացացնում «Մեին»… Դուք

ի՞նչ էիք զրուցում

կերուխումի արանքում ՝ ո՜վ գիտի…

Բայց ձեր լռության մեջ,

Չարենցի մտորմունքում

Աբովյանը գնում էր դեպի լյառն Մասիս,

իսկ քոնում ՝վեպիդ հղացքի մեջ

դեռ Դորպատի գլուխն էր ամբողջանում…

 

Չգիտեի՜ք, որ երկուսդ էլ

Խաչատուրի պես գնալու եք առ խաչելություն

մի անագորույն… – Եվ նույն այդ Հրազդանի ձորում

գնդակահարության ժամին,

վերջին կամքի մի թախանձանքով,

ծխախոտի մնացորդը պիտի երկու ծեղով

պահեիր մատներիդ մեջ՝ ևս մի քանի վայրկյան

կյանքդ երկարացնելու համար… Իսկ մարմինը

խաչյալ Չարենցի մի երեկո

հացի մեքենայո՛վ պիտի դուրս հանեին բանտից՝

դեպի անհայտություն — զի հացը՝

ա՛յդ էր մարմինն իր տանջահար,

ինչպես որ ասված էր Գրքում…

 

Սակայն, ախ, հուր հավիտյան

Ալպիական մանուշակն է վառվում հայոց

Օլիմպոսի կատարին՝ իբրև անմատչելի

մի էդելվեյս ծաղիկ՝

աստվածային ժայռածերպերի մեջ… —

և դուք՝ Ակսել, Եղիշն ու դու,

այնտեղ եք՝ հավերժության մեջ,

ձեր զրույցով հավերժական…

 

 

ԳՐՔԵՐԸ

         Օ՜, գրքերի աշխարհը —  տիեզերք է անեզր…

                                     ԵՂԻՇԵ  ՉԱՐԵՆՑ

 

Երբ բրայլյան տեքստ ընթերցող

կույրի մատների պես

հերթական արհավիրքն է

շոշափում լեռնաշղթաները Երկրի,

արթնանում է դժոխքի պատմությունը —

և դարերի հեռու հորիզոնում

բարձրացող Ալեքսանդրիայի այրվող

գրադարանի ծուխը

ձգվում է դեպի Բեռլինի հրապարակ,

ուր… Եվա Բրաունի տեառնընդառաջի

խարույկի  համար հավանաբար՝

Հիտլերը գրքեր էր

այրում հոծ կույտերով…

Բայց գրքերն այրվում են նաև չընթերցվելո՜ւց ՝

ներքուստ, մանկան պես մի խռոված…

 

 

ԽԱՐՏԱՔԱՐԸ ԺԱՄԱՆԱԿԻ

 

Դու որ խարտաքարի պես

պտտվում ես խելագար

խելագար անհագ

դու որ խարտաքարի պես

պտտվում ես անողոք

քար մեր որ հերկիրս ես

 

Սրաթև ճիչ էի

հավալուսնի սրաթև խենթ

դուրս թռած թավուտներից

լուսնալույսը թրատելով

սրաթև ճիչ էի

 

Ինչու հնձեցիր դու

թևերս ինչու բութ

կասեցնում ես թռիչքս

խարտելով ո՜վ

երկնաքարդ անողոք

գեհենի հուր խրձեր

ցփնելով շուրջբոլոր

 

Խարտաքարդ անհագ

խարտաքարդ անհոգ

քար մեր որ հերկիրս ես

 

 

* * *

Չասեք, թե հոգնել է,

երբ մի քիչ հետ քաշվեմ,

ինչպես ծովը տեղատվության ժամանակ՝

մակընթացությունից առաջ, ինչպես Աստված՝

Իր խոկմանց մեջ, «Եղիցիից» առաջ,

ինչպես ամպն անձրևաբեր՝ երաշտի բավիղները

տնտղելիս։

 

Չասեք՝ սպառվել է,

թե դադար տամ մի քիչ,

որ ասքի մեղուն իր թավամազ ոտքերով շոշափի

պսակաթերթ ու առէջ՝ փոշոտումը նախքան ։–

 

Զի «Այբ»-ից մինչև «Բենը»  և՛ս

կարող է… ինն ամիս տևել

(արտաքուստ՝ կարճ ժամանակ մի)։

Այդպես կարճ մի պահի

հեքիաթասացն առկախում է իր պատմությունը,

մինչև որ Բանի ստորգետնյա ջրերը վրա հասնեն

ու սնուցեն աղբյուրն իր խոսքի։

 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ

ԳԵՐՀԶՈՐ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԻ ՈՒՂԱՐԿԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

 

Որքան ուզում ես՝

գերհզոր աստղադիտակներ ուղարկիր

տիեզերք՝ կիկլոպյան հսկա՜,

խուզարկու կենտ աչքի պես –

միևնույնն է,

մենք Ներսում ենք՝

մանր՝ ներսի՛ց ենք նայում։

Մենք մի խեղճուկրակ

ծիկրակողն ենք ընդամենը

Աստծո պահմտոցու,

մոլորակների շուրջպարի ․․․

Բայց որ մեծահոգաբար

մեզ նաև աչք է տրված՝

քիչ բան չէ, իհարկե ․․․

Զի բզեզն, օրինակ,

ցանցկեն աչքերով իր

ոչինչ չի տեսնում

խոտից բացի։

Միայն մայիսյանը՝

ճախրող բզեզ,

մի քիչ երկինք ունի

իր աչքերում ․․․

 

ԿԵՆԱՑ ԾԱՌԻ ՎՐԱ

 

Կենաց ծառի վրա

մեր տիեզերքները ևս սկսվում են

Մեծ Պայթյունով – բողբոջն

ալևս չի դիմանում մեր գեղեցկության

ճնշմանն ու պատառոտվում է՝

մեզ դուրս թողնելով, – և մեր պսակը

շքե՜ղ փռվում է արևի տակ, բոլորովին մերկ,

ինչպես նուդիստ գեղեցկուհին՝ ծովափերին ․․․

 

Այնուհետև մեր ծաղկի վրա մեղուների պես

հրեշտակներն են գալիս իջնում,

բերելով շնորհ ու ճակատագիր —

նայած՝ ով՝ ինչ միրգ պիտի հասունացնի․․․

Եվ վերջում, ավաղ, մի ձեռք քաղում է մեզ,

ասում են՝ հատկապես կանուխ՝ լավերին ․․․

Իսկ վատերին թողնում է հավքերի ճռաքաղին,

կամ այնքան, որ ․․․ չիր դառնան անմխիթար ․․․

 

 

 

* * *

 

<<Եվ ինչու՞ ես գրում

բանաստեղծություն,

Սեն-Ժոն Պե՛րս>>։—

Պատասխանեց․

<<Մի այլ,

լավ կյանքով

ապրելու համար․․․>>։

 

Ինչպես կարմրախայտի պատսպարվելը

լեռնային զով ջրերում,

ինչպես տեսողությունը պարտիզպանի՝

ծաղիկների հետ դրասանգված —

ապրեցի ես բանաստեղծության

մխիթարանքում  ընկղմված․․․

 

Եվ թեթև՜ էր դույզն ինչ

կյանքն այդպես։ Եվ հուսանք,

որ հեռացումն է՛լ  թեթև

կլինի, հանց աղոթքը

Աղոթարանի ստորոտին,

լուսնաշող համբարձվող․․․

 

 

ԷԼԵԳԻԱ

 

Այնժամ,

երբ մեր ճակատագրի

Յանուսը երկերեսանի

իր դեմքով աջակողմյան

մեր ապագային էր

հայում,—

երկերեսանիները գաճաճ,

հավակնություններով

իրենց նայիվ,

մթագնեցրին այն․․․

 

* * *

 

Աշխարհում հիմա Քաոսի ժամանակաշրջանն է,

երբ բոլոր վհուկները մեծ ու փոքր, այսերն ու հտպիտները

անձրևաորդերի պես դուրս են սողոսկել երկրակեղևի անցքերից

ու մտել իրենց կատարածուների մաշկի տակ —

թուրք ու թաթար և սլավոն անլվա —

և Լույսի զարմերն ամենուր հանձնված են կտտանքների ․․․

 

Բայց ի վերջո բարձրանալու է պայծառ արեգակը Կարգի —

և Լույսի ու Խավարի առճակատման դաշտում

մեղմ տարածվելու է շամանդաղը Հազարամյա Խաղաղության,

և Քրիստոս Ճառագայթը նորից ու մեկընդմիշտ

խաղալու է անդաստաններում ցորենի հասկերի հետ,

ոսկեզօծելով բերքն ու բարին Նոր Աշխարհի ․․․