ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆՀԳՄ վարչությունը

շնորհավորում է  բանաստեղծ

ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

ծննդյան 75-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

ՕՐՈՐՆ ԱՆՏԱՌԻ

Ես անտառում եմ ծնվել, մեծացել,

Անտառն ինձ համար վաղուց հայրական

Օջախ է դարձել:

Անտառն է քաղցր օրոր ինձ ասել,

Իր հեքիաթներն եմ մանկուց ես լսել:

Այդ հեքիաթներում շատ չարքեր կային,

Կային և դևեր յոթգլխանի,

Մայրս քշում էր միշտ նրանց հեռու,

Որ քիչ խաղաղվեմ ու քունս տանի:

Մեծացել եմ ես անտառի հացով,

Զարմացել հարուստ իր ունեցածով:

Ինձանից ոչինչ նա չի խնայել,

Մոր նման քաղցր աչքով միշտ նայել:

Խիտ, լայն սաղարթով ծառերի միջով

Նա պատուհան է ինձ համար բացել,

Որ իմ տնակից աշխարհին նայեմ

Ու ոչ մի բանից հանկարծ ետ չընկնեմ:

Առավոտ ծեգին, երբ երգչախումբն էր

Բարձրաձայն երգում` եկած հավքերի,

Անտառն իմաստուն տատիկի նման

Իսկույն լռում էր, որ երգը լսեմ,

Իսկ ցրտերն էին երբ վրա հասնում,

Ամպի հաստ շալն էր գցում ուսերիս`

Հանկարծ չմրսեմ…

Անտառում եղել է մի բանուկ կածան,

Այն ուղիղ պապիս հին տուն էր տանում,

Ուր որ պատի տակ տատիկս նստած

Հին ճախարակով իր թելն էր մանում:

Անտառում հաճախ, երբ մոլորվել եմ,

Թելի կծիկը ես բացելով եմ

Տան ճամփան գտել:

Ու տատիս գործած շորերն եմ հագած

Ես քաղաք մտել:

Քաղաքում, ինչ խոսք, լույսերը շատ են,

Իսկ թե հաջողվի անձրևից հետո

Դու անտառ մտնես,

Լայն տերևների ջրափոսերում

Պայծառ, լողացող աստղեր կգտնես:

Հենց այս աստղերի վառ լույսերով եմ

Ես իմաստնացել,

Անտառի լեզվով կյանքը դժվարին

Սերտել, հասկացել…

Հիմա, շատ վաղուց մեր հին անտառի

Կածանից մեկը ավաղ հատվել է,

Ու ես չեմ հասնում ոտքով պապիս տուն:

Ուր որ իմ տատի նույն

նստատեղին փշեր են աճում,

Իսկ մեր պատի տակ խաչքարը մամռոտ

Թաղված է հողում,

Անտառն իմաստուն սաղարթով իր խիտ

Փակում է դրանք, որ արհավիրքն այդ,

Որ սրտիս ցավն այդ նորից չտեսնեմ:

Միայն գիշերին, երբ ծղրիդներն են

Հեռվից ահարկու

Ծանր կռնչում,

Ցավից տնքոցն է առաջվա նման

Ծերացած պապիս ականջիս հնչում:

Դրա համար էլ, երբ որ անտառում

Կացնի թխկոցն է մահվան չափ դաժան

Շատանում հանկարծ,

Ինձ թվում է, թե իմ այնքան քաղցր

Մանկության անմեղ օրերի դիմաց

Դաժան, ահարկու հրեշ է կանգնած:

ՆԱՅԵԼՈՎ ԴԵՊԻ ԵՏ…

Մենք դարեր ի վեր թե հասկանայինք`

Խելքն է աշխարհի ուժն ամենազոր,

Որից մենք երբեք պակաս չունեինք,

Մեր բախտը ընդմիշտ կմնար մեզ հետ,

Ու այն չէր ընկնի օտարի ձեռքը

Դաժան ու անխիղճ.

Մեզ հենց դա էր պետք, և ուրիշ ոչինչ…

Թե չլինեինք այդքան մարդասեր

Ցեղերի հանդեպ անգամ մարդակեր,

Եթե լինեինք ոչ թե օտարին,

Այլ իրականում մեզ արժևորող,

Իրար նկատմամբ կամեցող, ներող,

Թե չկիսվեինք մենք հազար տեղից`

Ուժերը մեր զուր չտալով քամուն,

Թշնամուն թողած, չորոնեինք

Մեր մեջ թշնամուն,

Եվ ունենալով աշխարհին հայտնի

Իմաստուն մարդիկ,

Լուրջ զորավարներ` քաջ, հնարամիտ,

Ապավինեինք մեր բազկի ուժին,

Մենք կունենայինք փոթորիկներից

Նավը ափ հանող ընտրյալ սերուցք,

Մենք կդառնայինք թշնամուն սանձող

Մի հզոր բռունցք,

Մեզ հենց դա էր պետք, և ուրիշ ոչինչ…

Մեր բարձունքներից սառնասիրտ, ուշիմ

Թե ետ նայեինք, կհասկանայինք`

Ում ճանապարհ տանք`

անցնի մեր հողով,

Եվ ում թույլ չտանք` տիրանա զոռով,

Այդ դեպքում միայն մեզ չէին նայի

Որպես անզորի, գլուխ կտային

Ընդունված կարգով, ինչպես հզորին.

Մեզ հենց դա էր պետք, և ուրիշ ոչինչ…

Հիմա էլ կարծես դասեր չենք քաղում

Մեր սխալներից,

Մեր խարակները թողած անմշակ,

Անում ենք բաներ, չմտածելով,

Որ մենք այլևս

Դրանք ուղղելու չունենք ժամանակ:

Ուշքի գալ է պետք, խելքի գալ մի քիչ,

Որ կարողանանք ունենալ խելոք

Ու մեր պապերին արժանի սերունդ,

Տիրոջը խոնարհ ծառա քահանա,

Ուսյալ ուսուցիչ, հանճարեղ գրիչ

Եվ զորեղ բանակ,

Այնժամ կունենանք

Սուրբ Արարատի օրհնանքի ներքո

Հզոր հայրենիք.

Մեզ հենց սա է պետք, և ուրիշ ոչինչ…

ՈՐՈՆՈՒՄ ԵՄ ԵՍ…

Ամեն առավոտ, բացվող լույսի մեջ

Կորցրած հավատիս թելն եմ որոնում:

Բարի ու չարի այս խառը դարի

Պակասող արդար ձեռքն եմ  որոնում:

Այն տիեզերքի անմահության մեջ

Գլուխը կորցրած իմ մոլորակն է

Կարծես մոլորվում,

Իմ պատուհանից ներս ընկած լույսի

Նուրբ թելերի մեջ հույս եմ որոնում:

Ինձ եմ որոնում, որ մի օր հանկարծ

Չդառնամ հանկարծ` կարճացող ստվեր,

Մեր լեռների պես զորացած ոգիս

Չդառնա օտար, ու տունս` ավեր…

ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

Այս աշխարհի հետ ես ի սկզբանե

Կապվել եմ մի օր այն պորտալարով,

Որով կապված եմ ընդմիշտ մորս հետ:

Նրա միջոցով հասել եմ անհուն

Իմ տիեզերքին,

Աստղերը  կրակ դարձել են այնքան

Հարազատ ինձ, մոտ,

Որ կարողանամ իմ պատուհանից

Շոշափել նրանց ու բռնել ձեռքով:

Գույներն եմ պարզել, երանգները բարդ

Կապույտ երկնքում ես ծիածանի,

Արհավիրքներից, չարքերից փրկվել

Ես, յոթգլխանի:

Կարողացել եմ նաև հաշվարկել

Տեղն ու սահմանը իմ մոլորակի:

Այսպես եմ կապվել

Եվ Սուրբ Տիրոջ հետ,

Որն ինձ պահել է միշտ ակունքներում

Սիրո ու բարու, բերքի, բարիքի:

Մի պատառ հաց եմ կիսել նրանց հետ,

Որ ճիրաններից չեն փրկվել երբեք

Սովի, կարիքի:

Ու թեև մայրս շատ վաղուց չկա,

Սակայն կապված եմ

նույն պորտալարով

Մնում աշխարհին այս բարդ,

նաև` պերճ…

Աղաչում եմ, Տե՛ր, պահիր, պահպանիր

Սրբագործ կապով ինձ

ընդմիշտ քեզ հետ,

Չլինի այնպես` գլուխս կորցնեմ

Ու հանկարծ ցավ տամ

Նորից մորս խեղճ…

ՄԵՐ ՀԻՆ ԱՅԳԻՆ…

Միշտ աչքիս առաջ մեր հին այգին է,

Որն ուներ փոքրիկ փայտե մի հին դուռ:

Պապիս ասելով` բերքը առատ էր

Թե հազիվ մի բուռ,

Դժվար է ասել,

Բայց ամբողջ ձմեռ մեզ այն պահում էր,

Ու չէինք ընկնում երբեք դռնեդուռ:

Հիմա մեր այգին ունի տասը դուռ,

Բերքը առա՞տ է, թե՞ դարձյալ` մի բուռ,

Բայց ամեն անգամ մեզ այդ դռները

Տանում-գցում են հազար դռնեդուռ…

ԿՈՒԶԵՄ ՈՒՆԵՆԱՄ…

Մի կտոր երկինք, ամպի մի ծվեն,

Մի փունջ տաք արև, կռունկի սուրծայր

Տուն դարձող երամ կուզեմ ունենամ,

Երկինք նայելը ու աղոթելը

Որ չմոռանամ…

Քարափին կանգնած մի հզոր քարայծ

Կուզեմ ունենամ, որ զորությունը

Իմ չմոռանամ…

Մեր տան մեծ բակի թթենու ծառից,

Շորերս վրան փռած մի պարան

Կուզեմ ունենամ,

Որ մանկությունը իմ չմոռանամ…

Մեր տան մոտ` կալում,

երկու թուխ լծկան,

Խաղողի համն ու հոտը իմացող

Գինովցած հնձան,

Աստղերն իրար հետ բազում գույներով

Կապող ծիածան,

Դեպի տուն  բերող մի նեղլիկ կածան

Կուզեմ ունենամ,

Հայրենի տունս

Որ չմոռանամ…

ԻՄ ՔԱՂԱՔ

Այնքան ամուր ես մտել սրտիս մեջ,

Աղոթքի նման մտել հոգուս մեջ,

Դարձել ես ինձ հետ ապրող մի մարմին,

Քնում ես իմ մեջ, արթնանում ինձ հետ,

Այս ի՞նչ ես անում, իմ քաղաք, ինձ հետ…

Առաջին քայլը արել եմ քեզ հետ,

Առաջին երգն իմ գրել եմ քեզ հետ,

Իմ սրտի աղջկան գտել եմ քեզ հետ,

Մի տեղ գնալիս տանում եմ ինձ հետ,

Այս ի՞նչ ես անում,

իմ քաղաք, ինձ հետ…

Մոր նման անուշ սիրել ես դու ինձ,

Սուրբ Խաչի ուժով պահել ես դու ինձ,

Ընկերոջ նման կանգնել ես կողքիս,

Բիլազուկ դրել հոր նման ձեռքիս:

Այս ի՞նչ ես անում,

իմ քաղաք, ինձ հետ…

Իմաստուն ես, ոնց Սարը ալեհեր,

Արաքսի նման միշտ կայտառ, ջահել,

Դժվարին պահին ինձ հույս ես տալիս,

Խավարում անել ինձ լույս ես տալիս,

Հրաշքով գալիս,

Ինձ տեր ես դառնում.

Այս ի՞նչ ես անում,

իմ քաղաք, ինձ հետ…

ԹԱԳԱՎՈՐ ՀԵՐՍ…

Մի գյուղացի էր, իմաստուն մի մարդ,

Աղքատի տղա, իսկ հոգով աղա

Թագավոր հերս…

Երբ որ փոքր էի, մտածում էի`

Ինչպես է եղել իմաստուն հերս,

Չի գտել մի գահ ու նստել վրան,

Գուցե չի ուզել, գուցե, ինչ կա որ,

Չեն թողել նրան:

Հետո հասկացա` գահերը բոլոր

Զբաղված են միշտ,

Որտեղից գտներ նա թափուր մի գահ,

Որ նստեր վրան ու թագավորեր,

Աղքատի տղա, իսկ հոգով աղա

Գյուղացի հայրս:

Մի օր արթնացա ես գլխի ընկած,

Որ մեծ թագավոր լինելու համար

Մի տունն էլ քիչ չէ,

Ու շատ անսովոր մի սեղանի շուրջ

Կարգով ու փառքով հորս կարգեցինք

Մեր տան թագավոր:

Թագավորության

Ժամանակ նրա,

Մեր այդ մեծ տանը

Ոչ ոք չէր գտնի աղքատ, չքավոր,

Հարցերը բոլոր,

Ինչ դատ, դատավոր,

Նա էր որոշում`

Հերս թագավոր:

Երբ մոտենում եմ հորս տարիքին,

Նոր եմ հասկանում

իմաստուն միտքն այն

Մեզ շատ անսովոր,

Որ ով չի եղել

Թագավորն իր տան,

Չի կարող լինել

Երկրին թագավոր:

Երջանիկ էինք ապրում բոլորս,

Երբ մեր տունն ուներ նման թագավոր,

Երջանիկ էր նա իր թագուհու հետ

Տանն իր հասարակ,

Իմաստուն մի մարդ,

Աղքատի տղա,

Իսկ հոգով աղա

Թագավոր հերս…

ԶՈՒՐ ԱՓՍՈՍԱՆՔ

Ծառից ես մի ճյուղ կտրեցի մի օր,

Բայց կտրած ճյուղը

ո՛չ ինձ պետք եղավ,

Ո՛չ էլ օգտակար եղավ այդ ծառին:

Ես ափսոսանքով, մեղավորի պես,

Նայեցի ծառին,

Բայց ափսոսանքը արդեն ուշացած

Ո՛չ ինձ պետք եկավ,

ո՛չ էլ`  խեղճ ծառին…

***

Քարի մի կտոր պոկվեց մեծ ժայռից,

Գլորվեց ձորը:

Ժայռը վերևից խիստ ափսոսանքով

Նայեց ձորն ընկնող քարի ետևից:

Քարն ափսոսանքով

նայեց քերծ ժայռին

Խուլ ու մութ ձորից:

Բայց ափսոսանքը արդեն ուշացած

Ո՛չ ժայռին էր պետք և ո՛չ էլ` քարին:

Մի քարե  մեծ հոգս լոկ ավելացավ

Հոգնատանջ ձորին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։