ԿԱՐ, ՉԿԱ ՄԻ «ՀՐԱՇԱԼԻ ԱՅԳԵՊԱՆ»
Անունը Հրաչյա էր, Հրաչյա Հովհաննիսյան: Ինչ-որ մեկը նրա ձեռքի ափի գծերով գուշակել էր, որ ապրելու է 93 տարի, ինքն էլ երեխայի պես թեև հավատում էր, բայց մի անգամ ասաց. «Է՜, չեմ ուզում զառամյալ ծերունի դառնալ, մեջքս ծռած, ուսերս կախ մի կերպ քայլել ու տրտնջալ, թե` ինչո՞ւ ես ջահել չմեռա»: Ապրեց 78 տարի, բայց ծերունի չդարձավ, հոգով, մտքով, երազանքներով մնաց ջահել, կյանքը սիրող, բայց և մի անփարատելի մտահոգությամբ, որի առանցքը հայրենիքի ճակատագիրն էր, Արցախի վաղվա օրը: …Հետադարձ հայացքով ժամանակը գնահատելիս, հիրավի, կարելի է հարաբերականորեն երջանիկ համարել անցյալ դարի 60-80-ական թվականները, մինչև երկրաշարժ, Սումգայիթ: Այո՛, մեզանում նույնպես առկա էին վիթխարի տերության բոլոր թերությունները, բայց և մշակույթի բնագավառում տեղի ունեցավ մի իսկական հեղափոխություն: Եկեք վերհիշենք, թե այդ երեք տասնամյակում զարգացման ինչպիսի չտեսնված թափ առան գիտության, գրականության, երաժշտության, կերպարվեստի, թատրոնի ու կինոյի, ճարտարապետության, հայագիտության, պատմագրության և հարակից մյուս ոլորտները, այն էլ` սոցիալիստական ռեալիզմի գաղափարախոսության դագանակի տակ: Եկեք հիշենք ու վերակենդանացնենք այդ բնագավառները ներկայացնող մեծանուն գիտնականների, գրողների, կոմպոզիտորների, նկարիչների, դերասանների, բոլոր-բոլորի երանելի կերպարները: Բայց ո՞ր մեկի: Աստված իմ, մենք իսկապես հարուստ, մեծահարուստ էինք ու դեռ չէինք էլ իմանում մեր ունեցած հարստության գինը: Ու այդ հարստության ընդերքում ծովանում էր ամենաթանկ արժեքը` անկախության հույսը, որի ջահակիրը մտավորականությունն էր:
Մի հզոր ընտանիք էր Հայաստանի գրողների միությունը:
Առաջամարտիկները (թող ինձ ներվի) բանաստեղծներն էին: Տաղանդավոր երեք սերունդ շարունակում էր հերկել Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի ու Չարենցի թողած բարեբեր արտը: Ավագ սերնդի ներկայացուցիչները, պատերազմի բովով անցած, մի նոր որակ հաղորդեցին պոեզիային. Հովհաննես Շիրազ և Համո Սահյան, Սիլվա Կապուտիկյան ու Հրաչյա Հովհաննիսյան, Վահագն Դավթյան ու Պարույր Սևակ, մյուս բոլորը, ամեն մեկը մի տրիբուն, ովքեր հայրենապաշտությունը հասցրին երկինք, սերը, բարությունը, ազգային անանց արժեքները, մարդկային առաքինությունները սերմանեցին ժողովրդի մեջ:
Նրանց ստեղծած համահավաք հզոր սիմֆոնիայում լսելի է յուրաքանչյուրի ինքնատիպ ձայնը, այդ թվում նաև «Հրաշալի այգեպան» Հրաչյայի խոնարհ ու հպարտ, քնքուշ ու մարդասեր ձայնը: Նրա ծննդյան 100-ամյակը լրանում է դեկտեմբերի 8-ին:
Հրաչյա Հովհաննիսյանի առաջին գործերը տպագրվել են 1935 թվականին, «Պիոներ կանչ» թերթում և արժանացել պատանի ստեղծագործողների հանրապետական մրցույթի առաջին մրցանակին: Գնահատողներից մեկը եղել է Աղասի Խանջյանը:
Պատերազմից վերադառնալուց հետո, մինչև 1991 թվականը իրար հաջորդել են տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուներ («Հրաշալի այգեպան», «Ծովի լռությունը», «Վայրի վարդ», «Արևոտ կղզու երգը», «Իրիկնային ղողանջ» և այլն): Առանձին ժողովածուներ և ամբողջական շարքեր տպագրվել են խորհրդային և արտասահմանյան ժողովուրդների լեզուներով: Գրել է նաև արձակ: «Ոսկե ամպ» հուշագրական վիպակում նկարագրված են ոչ միայն իր մանկության ու պատանեկության հիշարժան դրվագները, այլև ժամանակի մարդկային հարաբերությունները, բարքերը, ուսումնական առօրյան, քաղաքի մշակութային կյանքը, և այս ամենը` հյութեղ լեզվով, տպավորիչ պատկերներով, կարոտով: Պատերազմի դժոխքով անցած մարդու հոգում անջնջելի են մնում հակամարդկային այդ երևույթի դաժան պատկերներն ու պատճառած ցավը: Վկայությունը նրա «Պատերազմի դեմքը» վիպակն է, որը լույս է տեսել նաև ռուսերեն:
Բանաստեղծի ստեղծագործական ժառանգության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում հրապարակախոսությունը: «Մոտիկն ու հեռուն», «Ժամանակի շունչը», «Պոեզիայի մշտադալար ծառը», «Հուշերի երեկո», «Անկախության պերճանքն ու խեղճությունը» ժողովածուներում զետեղված բազմաթիվ տեսական հոդվածները, դիմանկարները, էսսեները ներկայացնում են ժամանակի գրական կյանքի ընթացքն ու պատկերը, գրչակից ընկերների, համաշխարհային ակնառու դեմքերի ստեղծագործական ժառանգության վերլուծություններն ու արժևորումը, հուշերը Իսահակյանի, Դեմիրճյանի, Զորյանի, Սարոյանի և էլի այլ մեծերի մասին: Դրանք մնայուն գործեր են մեր կյանքի, պատմության այդ հատվածը ուսումնասիրողների համար:
Այսօրվա հնչեղություն ունի Հովհաննիսյանի «Անկախության պերճանքն ու խեղճությունը» ուսումնասիրությունը, որ առանձին գրքով լույս է տեսել 1994-ին: Անկախության գաղափարը, որ դարերի ընթացքում խմորվելով 1991-ին դարձավ իրականություն, պատմական եզակի, երկնառաք հնարավորություն էր հայոց փայփայած երազանքը իրականացնելու, Երկիրը համայն հայության հայրենիքը դարձնելու, շենացնելու համար: Սակայն… Ասպարեզ իջած «շինարարները» բավարար կամք, փորձ, գիտելիք չունեցան նպատակը ճիշտ հունով ուղղորդելու, և եղավ այն, ինչ եղավ: Ինչևէ:
Այս հակիրճ խոսքով կամեցա հարգանքի տուրք մատուցել մեր երևելի մտավորականներից մեկի, իմ երկարամյա բարեկամի` Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակին: Նա էլ իր գրչակից ընկերների, մտավորականության սերուցքը ներկայացնող մարդկանց պես մորմոքվում էր առկա սխալների պատճառով, բայց փարված էր մնում իր միակ սիրուն.
Խոստովանում եմ քեզ, իմ հայրենիք,
Իմ ծիրանավոր, իմ լուսակամար,
Որ դու եղել ես միակ ու մերիկ
Ամենաբարձր սերը ինձ համար:
Տարաժամ վախճանից առաջ (22 նոյեմբերի, 1997թ.) բանաստեղծն իր ամենօրյա գրառումների տետրում գրել է. «Տարիների մուժը դանդաղորեն լցվում է մեր կյանքի հովիտը: Բայց այնտեղ, այդ հովտում մեզ դեռևս ժպտում են լուսացող բացատներ, ուր ցրված են մեր երջանկության, սիրո, հավատի, հույսի ու ցավի ծաղիկները»:
Ես սխալվեցի այս փոքր-ինչ ցաքուցրիվ հոդվածի վերնագիրը գրելիս` «Կար ու չկա…»: Կա՛, ինչպես կան բոլոր դարերում ապրած և մեզ ու գալիք սերունդներին ուղեկցող հայոց մեծերը, որոնց թողած ժառանգությունից, անհատնում հարստությունից սնվել ու սնվելու ենք:
Ռայա ԽԱՍԱՊԵՏՅԱՆ
Հրաչյա Հովհաննիսյանը բնության երգիչ է, իր բնավորության պես խրոխտ, ազնիվ ու շիտակ: Ես ուշ զգացի, որ նա հենց այդ բնավորությունն է բերում պոեզիա, ինչը դժվարին, բայց լիաբուռն վարձատրվող ճանապարհ է:
ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ
Հրաչյա Հովհաննիսյանն իր երգերում այնքան է զգայուն, այնքան է բանաստեղծ, որ ուզում ես բացականչել.- Ի սեր Աստծո, բանաստեղծ, մի՛ եղիր այդքան բանաստեղծ… Ուրիշ բանաստեղծներին գուցե չսազեր այս «գերբանաստեղծականությունը», Հրաչյա Հովհաննիսյանին սազում է: Նա չի թողնում, որ ընթերցողը տրտնջա, նա ընթերցողին առնում է իր բանաստեղծական ընթացքի մեջ և սահում առաջ:
… Բանաստեղծը գիտե իր գործը: Նա գիտե ամենաանհնարավորը դարձնել տենչալի (անլո՜ւր, անհնարի՜ն…), ընթերցողի սրտի միջով անցնելու համար: Նա գիտե սիրել և գիտե սիրո գինը:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ
***
Ափսոս չէ՞, Մարգո, այս երեկոն…
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
Հիշո՞ւմ ես, Մարգո, այն երեկոն,
Ես նստել էի քո սենյակում,
Իսկ դու մարմարյա մատներով քո
Դաշնամուր էիր լուռ նվագում:
Եվ ստեղները նրա ճերմակ
Ցոլք էին տալիս կիսամթնում,
Աստվածային էր նվագն այն պահ,
Որ աստղերից էր կարծես իջնում:
Իսկ ես, այնժամ դեռ մի պատանի,
Տարված խոհերով լույս ու անվերջ…
Հալվում էր ֆոնին պատուհանի,
Վեներան` ոսկի փայլերի մեջ:
Շոպենի վալսն էր ծփում մեզ մոտ,
Նվագում էիր դու վերացած,
Եվ լսում էի ես երազկոտ`
Գլուխս անխռով կրծքիս կախած:
Պատանի էի… Օ, սերն այնժամ
Անչափ մաքուր էր` որպես երկնի
Առաջին ձյունը, որպես շուշան,
Որպես չգերված մի աղավնի:
Հոգսեր չկային… Եվ իմ սրտում
Ծնվում էր սերը վաղնջական,
Եվ լայն էր աշխարհն ու վարդագույն,
Եվ ժպտում էի բոլոր մարդկանց:
Այդ սերը մնաց իմ մեջ անմահ,
Լուսափայլ, որպես նոր տարվա տոն,
Պատանեկություն, օ, չքնաղ պահ…
– Հիշո՞ւմ ես, Մարգո, այն երեկոն:
***
Ինձ քուրմ լինելու տենչը չի հուզում
Կամ ալաբաստրե հուշարձանն անձիս,
Ես ոլիմպիացու տիտղոս չեմ ուզում,
Չի գայթակղում ինձ փառքի դափնին:
Անդարձ զոհում եմ ես ինձ իմ երկրի
Փառքի, փրկության դրոշին պայծառ,
Գարնան մի ծաղկի, մի կաթիլ ջրի,
Մի բուռ հայրենի իմ հողի համար:
ՎԱՅՐԿՅԱՆԸ
Այս վայրկյանին ծերանում եմ
մի վայրկյանով,
Այս վայրկյանին դեպի մահն եմ
մի քայլ անում,
Այս վայրկյանին գուցե
մի նոր ախոյանով
Իմ հների հայտնի
շարքն է ավելանում:
Այս վայրկյանին գուցե
քամին սանձակոտոր
Հին տնակիս դուռն է ծեծում,
վայում բակում,
Այս վայրկյանին գուցե
անհայտ ու սև բոթով
Փոստատարն է իմ հասցեով
ճամփան թեքում:
Այս վայրկյանին գուցե մեկը,
թունոտ ու չար,
Զրպարտում է ինձ
նամակով մի անանուն,
Այս վայրկյանին ուրիշ մի տեղ,
հավանաբար,
Ոտքի տակ են սերս տալիս,
ամբաստանում:
Այս վայրկյանին գուցե այնտեղ,
սրտիս խորքում
Լուռ ծնվում է իմ քաղցկեղը
դարանակալ,
Այս վայրկյանը, ի՜նչ իմանամ,
գուցե թաքուն,
Պատրաստվում է սրտիս
վերջին բաբախը տալ:
Բայց ես գո՛հ եմ, գո՛հ եմ,
գո՛հ եմ այս վայրկյանից,
Գոհ եմ, քանի հավերժի
մեջ վայրկյանը կա,
Թող սատանան վայրկյան
հետո հոգիս տանի,
Եվ դու դառնաս իմ
խնդության վերջին վկան:
Եվ դու դառնաս
իմ խնդության վերջին վկան,
Մի խնդություն, որ
թափվում է ինչպես ջրվեժ,
Այս վայրկյանը եթե դառնա
վերջի՛նն անգամ,
Պետք էր միայն այս
վայրկյանի համար ծնվել: