Գրականություն կա, որ անսահման սեր ու բարություն, քնքշանք ու կարեկցանք է սփռում շուրջբոլորը։ Ահա այսպիսին է Դարիկո Խաչատրյանի պոեզիան։ Իսկ սա բխում է ոչ թե այն ելակետից, թե գրողը աշխարհի, կյանքի ու իրականության հետ բախում չունի, հաշտ է, երկյուղած է և այլն, այլ` այն փիլիսոփայական հայեցակարգից, որ մարդը հաղթահարել է իր կրքերը, բնազանցական վիճակները, սոցիալ-հասարակական ներքին բախումների թնջուկն ու վեր է այդ ամենից, մտել է մի մաքուր ու անապակ աշխարհ, մետաֆիզիկական մի այլ հարթություն։ Դարիկո Խաչատրյան բանաստեղծը անվերապահ հավատում է բառին և նրան է ապավինում։ Բառը ոչ միայն հաղորդակցման միջոց է դառնում արտաքին ու ներքին աշխարհի հետ, այլև կեցութաձև։ Բառը շնչավորվում է, կյանք առնում, դառնում աղոթք համամարդկային։ Ահա այս կեցութաձևն էլ դառնում է գոյիմաստ ու իր փիլիսոփայական-պոետական, տեսական ու գեղագիտական հարցադրումներով ամփոփվում Դարիկոյի «ԳՈՅԻՄԱՍՏ» գրքում։ Այս գրքով հեղինակը մի կարևոր հուշում-քայլ է կատարում արդի հայ պոեզիայի համապատկերում։ Վերջին տարիներին հայ պոեզիայի ամենացայտուն առանձնահատկություններից մեկն այն է, որ գրողը չափազանց եսակենտրոն է։ Պատահական չէ, որ ես-ն այնքան ուժգին է արտահայտվում, որ հաճախ պոեզիան վերածվում է սուբյեկտիվ ապրումների ու մտքերի մի անվերջանալի շղթայի։ Սա մյուս կողմից գուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօրվա գրողը, մտավորականը, մշակութային գործիչը քաղաքական «վառ» արտահայտված կերպարների համեմատ ստվերված է, և նույնիսկ կարելի է ասել` կյանքի լուսանցքում է հայտնվել։ Ուստի, պարզ ու բնական է, որ գրողն անընդհատ իր մասին հիշեցնում է։ Սակայն Դարիկո Խաչատրյանը հաղթահարել է ես-ի հեգեմոնիան, եսակենտրոնությունը` անձնականից սահուն անցում կատարելով անանձնականին, մասնավորից մղվելով դեպի համայնականն ու արարչական ամենեցունը։ «Երբ համոզվեց,//Որ խաբվել է ինքն իրենից,//Իր հորինած հեքիաթներից,//Օտար դեմքին՝ իր ժպիտի//Գեղեցկատես արտացոլքից-//Մնաց մենակ ու անպաշտպան՝//Քամիների դեմ հանդիման…»: Գիրքն ունի երեք բաժին՝ «Կարոտի անձրև», «Արծաթե աղոթք», «Ափսոսանք»։ Սրանք սոսկ բաժանումներ չեն, այլև՝ հայեցակարգեր, որոնց շնորհիվ հեղինակն ամբողջացնում է իր ասելիքը։
«Կարոտի անձրև» բաժնում հետաքրքիր իմաստավորում ունի կարոտը։ Վերջին տարիների գրականության ու նաև կյանքի ամենաերևացող հատկություններից մեկն այն է, որ իրերը ավելի են կարևորվում, քան անգամ մարդիկ, արտաքինը նախընտրելի է դարձել էությունից, առարկաներն ապրում են մարդուց էլ լավ պայմաններում, արհեստականությունն արդեն բանականության սահմաններն է անցել։ Եվ այստեղ խելացի մարդու համար հարց է առաջանում՝ այդ իրերի ու առարկաների, արտաքին պաճուճանքների, արհեստական իրողությունների տակ ի՞նչ իմաստ կա։ Ահա այդ իմաստի գոյությանն է կարոտում Դարիկո Խաչատրյան բանաստեղծը։ «Շունչը տարածվեց, գրկեց Գողգոթան,//Ապշած ներկաներին, ապա գնա՜ց-գնաց՝//Տիրելու, շնչավորելու բոլոր անապատները,//Երկարաձգելու կարոտն ու իմաստը կյանքի,//Տեսնելու վերընձյուղված ճյուղերը մարդկային հոգու…»: Դեպի աստվածաշնչյան հոգևոր լինելության հղումը պատահական չէ։ Դարիկո Խաչատրյանի համար բառը՝ աղոթքի պես է հնչում, որտեղ իմաստ կա, հոգու լիցք կա, կենսականություն ու շունչ կա։ Այս փիլիսոփայական հարցադրումներն առարկայանում են «Արծաթե աղոթք» բաժնում։ Ընդհանուր առմամբ, աղոթախոս բանաստեղծուհի է Դարիկո Խաչատրյանը, բայցև այս աղոթքը ես-ից դուրս է, ուղղված է Աստծուն՝ հանուն մարդու, հանուն կյանքի, հանուն մոլորակի։ Ապրելով աղոթքի պես՝ խոսքը կորցնում է իր նյութական իմաստավորումները, ստանում հոգևոր շնչառություն և ապրում, ապրում, ապրում՝ մարդկանց կյանք բաշխելով. «Ու… Ցո՜ւրտ, սարսո՜ւռ, մենության խաչ,//Առանց լույս ու ծփանք-սփոփանքի,//Ո՞ւր մնաց, Տե՜ր, ո՞ւմ տվեցիր՝//Անչափելին իմ այն, սե՜րս մաքուր…»: Գրքի այս բաժինը երկիմաստ է։ Մի կողմից այն կարելի է դիտարկել իբրև սիրերգություն, մյուս կողմից՝ սիրո հաղթանակով պսակված մարդերգություն։ Սերն այս բաժնում անձնական տիրույթից անցում է կատարում դեպի համամարդկային ու անանձնական՝ մեծարենցյան «Տուր ինծի Տեր»-ի անչափելի տարածքներ։ Յուրաքանչյուր բանաստեղծություն հենց այս երկու իմաստային ելակետներն ունի։ Այնուհանդերձ բանաստեղծը պատասխանատվություն է կրում լինելության համար։ Այդ մոլորությունների՝ չարի, մութ ուժերի ու սահմռկեցուցիչ իրողությունների դեմ չի չարանում բանաստեղծը։ Նա բարձր է կանգնած չարից ու բարուց, նա դատավոր ու հավատաքննիչ չէ, նա նախ և առաջ մարդ է ու սոսկ ափսոսանք է ապրում։ Ահա, գրքի երրորդ՝ «Ափսոսանք» բաժնում այս ապրումներն են հյուսվում. «Որոնման շրջապտույտ, տեսնե՛ս, ի՞նչ ես բերել։//Ինքնությունս հորիզոնը խլեց, տարավ//Կենսատարածքն այն,//Ուր քամիները ծնվում են հանկարծ՝//Անթիվ հավքերի, հրաշք թևերի թևաբախումից։//Անձնական ապրումների խոստովանանքը//Ձև է դառնում անկատարի մեջ,//Իմ ընկալման նախատեսակը խաթարվել է//Երկնքից թափվող արճճահոտից,//Հեքիաթ չէ կյանքը, որ կախարդանքը անհետ չքացնի//Մարդկային հոգու սև անապատը…»: Կյանքի ու մահվան սարսափներից ու ցնցումներից դուրս գտնվող Դարիկո Խաչատրյանի բանաստեղծությունները հնչում են աղոթքի պես, մարդու մեջ արթնացնում այն գոյիմաստը, որից թվում է, թե հեռացել է։ Վերականգնվում են մարդ-բնություն, մարդ-Աստված և մարդ-գոյիմաստ խաթարված կապերը։ Այսպիսով պետք է նշել, որ ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԳՈՅԻՄԱՍՏ» բանաստեղծական ժողովածուն մեր ժամանակների բարոյահոգեբանական աղարտված իրողությունների դեմ գրողի մեծագույն հաղթանակն է՝ հանուն մարդու, հանուն կյանքի ու հանուն մոլորակի բարօրության։
Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆ Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
