Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ասելիքից խոսք կամ գիր, և հակառակը, պայմանավորված է անձի անհատական մտավոր ունակություններով, որոնց դրսևորումները (մասնավորապես գրողների պարագայում) ամենևին էլ կախված չեն սեռական պատկանելիությունից, քանզի ոչ ոք  գրիչը թղթին չի շարժում այդ հանգամանքով պարտադրված: «Կին գրող» որակումը հասարակության մեջ առավելապես թելադրված է ազգային հոգեխառնվածքից ածանցվող վերաբերմունքով՝ իբրև բարդույթավորված կարծրատիպ, որը ժամանակի վերուվարում սովորությունների, ավանդությունների, նիստուկացի արդյունք է: Մեր իրականությունում կարծրատիպ ջարդող նախահարձակ գրի տերն է կին գրողը, որի մտաշարժն ինքնատիպ է և  ուղղորդված է կանացի առանձնահատկություններով (նշանակություն չունի՝ դրանք  առավելություններ են, թե թերություններ): Նրա խոսքն  օժտված է  ուրույն լեզվամտածողությամբ, ինչն արդեն նրբազգաց ձայն և գույն է, որով փետրավորված էլ ստեղծում է մտաճախրի գեղեցկությամբ գրականություն՝ փոխանցելով սերունդներին մարդկային ինքնության թևաբախումների հմայքը:

Մտքերիս հոսքն ինձ սևեռեց  ինքնության գաղափարին՝ իբրև  ազգային գիտակցության հիմնասյուն, որին հենված է ազգի հարատևությունը: Հայ կնոջ համար միշտ էլ երկնատու, բնազդին համահավասար պարտականություն է եղել ազգային ինքնության պահպանումն իբրև ընտանեկան մշակույթ: Պարզից էլ պարզ է՝ եթե կա առողջ ընտանիք, ուրեմն, կա երգ, մոր հոգուց հնչող օրորոցային, ասել է թե՝ կյանքամուտի օրհներգ, որ գորովալից կնոջ կրթահորդոր մաղթանք է: Ահա թե ինչու  կին գրողի գրչաշարժին  բնորոշ է օրորոցի ճոճքից եկող խոսքաբույր գուրգուրանքով ապրումը, որի հնչերանգների մասին կարելի է խոսել ու խոսել, բայց բավարարվենք նրան դիտարկելով որպես ազգային ինքնությունը պահպանող յուրատեսակ գրավականի:

Կոմիտասը նշել է, որ հայկական ժողովրդական երգերի նվիրյալ պահապանը մայրն է: Անտարակույս, կին գրողը, որ մայր է, քույր, սիրող կին, իր նրբավար բնույթով կարողանում է օջախի տաքությամբ պահպանել ազգային ինքնության հոգևոր կրակը և գրականություն դարձրած հուզաթրթիռով փոխանցել այն մատղաշ սերնդին: Ակամայից հիշեցի իրաքյան Քուրդիստանի Դըհոկ քաղաքի պոեզիայի փառատոնը, որին հրավիրված էի: Հակիրճ լինեմ ու մեջբերեմ «Արևաշող դրոշների  երկրում» ուղեգրությունից մի հատված. «…ինձ համար անակնկալը բացման արարողության ժամանակ բեմ բարձրացած աղջնակն էր, որը հպարտորեն դահլիճով մեկ հնչեցրեց՝ «Սիլվա Կապուտիկյան. «Խոսք իմ որդուն», և թևերը տարածելով՝ արտասանեց: Անսպասելիությունից ինձ թվաց՝ ձայնային խաբկանքի մեջ եմ, բայց կամաց-կամաց հասկացա, որ այն, ինչ կատարվում է իմ շուրջը, իրականություն է, ու ինձ պատեց հուզմունքը: Ես չգիտեմ՝ քանի անգամ եմ լսել կամ ինքս արտասանել, սակայն Մարիամիկ անունով աղջկա արտասանությունն ուրիշ էր. մի ինչ-որ վերերկրային բան էր՝ երբեք չմոռացվող: Կողքիս նստած էր Վարդգես Սարգսյանը (երկար տարիներ եղել է Դըհոկ քաղաքի կրթության և մշակույթի բաժնի ղեկավարը), և ես լսում էի, թե ինչպես էր նա շշուկով կրկնում Մարիամիկի խոսքերը՝ ալեծփելով հոգիս»: Այդ օրը հասկացա, թե ինչքան հզոր է կնոջ սրտի զարկերով գրված անգամ մեկ բանաստեղծությունը, որ կարող է աշխարհի ցանկացած ծայրում նորովի  ճանաչել տալ ու ապրեցնել քեզ քո ինքնությամբ:

Կին գրողին բնորոշող ցանկացած գնահատման մեջ առանց վերապահումների բարին գերակշռում է, կին գրողը մոգուհի է, «կին» բառը՝ հիացմունքի նշանակ: