ԿԻՆԸ ՎԵՐ Է ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ/ Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Ես կնամեծար մարդ եմ, և այս հարցը ինձ իզուր ուղղեցիք, որովհետև իմ պատասխանը կարող է շատ անսովոր հնչել…

Կինը, անկախ նրանից՝ գրում է թե ընթերցում, միևնույնն է, հրաշալի ընդունակություն ունի գնահատել գրականությունը՝ սիրել, նույնիսկ սիրահարվել գրողին, բանաստեղծին, նկարչին, երգահանին և իր սիրով ճաշակ թելադրել… Եվ ահա թե ինչ է ասում անհայտ բանաստեղծը կնոջ մասին հինգ հազար  տարիների հեռվից. «Բաբելոնը մեծ քաղաք է, բայց ես քեզ եմ սիրում»: Ահա թե ինչ է անում կինը մեն-մենակ Մեծն Բաբելոնի հետ:

Կինը Աստվածորդի է ծնում, և պատկերացրեք՝ Քրիստոս-Աստված ծնելուց հետո Տիրամայրը նստի ու գիրք գրի։  Թեև ինչ-որ մեկը ժամանակների մեջ Տիրամոր անունից պարականոն Ավետարան է հորինել, ինչը, վստահ եմ, որ անհնարին է` Տիրամայրը առնչված լիներ այդ գրվածքին:

Կին գրող չի լինում, թողնենք բացառությունները, քանզի Կինն ինքը գրականություն է: Օրինակ, հայերեն անբարեհունչ է «բանաստեղծուհի» բառը, «նկարչուհի», իսկ «գրողուհի» բառը հնարավոր չէ արտասանել…
Քանզի կինը մայր է, քույր է, սիրուհի է. միշտ մտածել եմ՝ երբ կինը սկսում է ստեղծագործել, երգեր կամ հեքիաթ-պատմություններ է գրել, գրում է իր երեխաների համար, որ նրանք մեծանան ազնիվ, բարի, արժանապատիվ: Այնպես որ կին գրող չի լինում, քանզի Կինը բարձր է գրականությունից: Նա աշխարհ է եկել, որ իր մասին գրեն, նկարեն, երգով մեծարեն, որը միշտ հայտնվում է որպես Միակը, Բացառիկը, Անճանաչը:

Իսկ եթե կինը, ամեն դեպքում, սկսում է գրել՝ մանկան օրորոցից մինչև գրասեղան հաղթահարելով դժվարին ճանապարհը, նա պարզապես ուզում է փարատել իր սպասումը, մենակությունն ու սիրո կարոտը, որն անընդհատ նրան կանչում է:

Կինը չի կարող ամբողջությամբ նվիրվել գրականությանը, քանզի դա դեմ է իր Աստվածստեղծ էությանը, նույնիսկ վիրավորական, քանի որ իր հոգու չգիտակցված խորքերում ապրում է երջանկության այն հատիկը, որ շարունակ նրան անխոս հուշում է, որ իր մասին գրքեր պիտի գրեն, իրեն պիտի նկարեն, բոլոր երգերը պիտի նվիրեն իրեն՝ չէ՞ որ ինքը ոչ միայն մայր է, այլ նաև Մայր Հայրենիքն է:

Ի դեպ, կինը չի կարող լինել նաև փիլիսոփա. նա շատ է կապված առարկայական աշխարհին և իր բնազդով ավելի լավ է ճանաչում կյանքը, քան փիլիսոփա տղամարդը, ուստի, նրա մտքով չի էլ անցնում փիլիսոփայել: Քանզի նա Աստծո տված աշխարհը ուղղակի, թափանցիկ է տեսնում, առանց միջնորդի է ըմբռնում. նա բնատուր սովորեցնող է, սովորեցնում է նաև փիլիսոփայող տղամարդուն, չէ՞ որ ինքը այդ տղամարդու մայրն է, կինն է, դուստրը կամ սիրուհին:

Կինը տղամարդու նման չի մտածում կանգնեցնել ժամանակը, անվախճանականին քսվելու հուսահատ փորձեր չի անում, չի գրում իր անունը եկեղեցու պատերին, որ Աստծո տան հետ հավերժանա։ Կինը բնազդորեն անմահության ճամփորդ է, կինը մշակույթ է, իսկ մշակույթն արդեն անմահությանն առնչվող գիտություն է…

Թեև ես այսօր էլ հին խմբագրի անձանձրույթ իմ ուշադրությամբ շարունակում եմ հետևել մեր աղջիկների գրին… և շնորհավորում եմ բոլորի տոնը ու գլուխ խոնարհում իրենց անվախճան հմայքի առջև և դարձյալ, ավելացնելով, որ կինը վեր է գրականությունից, հիշեցնում եմ նաև, որ իզուր ինձ տվեցիք այս հարցը։