ՇՆՈՐՀԱՎՈՐԵՄ  ՄԵՐ  ՔՈՒՅՐ  ԿԻՆ  ԳՐՈՂՆԵՐԻ  «ՄԻԱՄՍՅԱ  ՏՈՆՆ» ՈՒ  ԱՍԵՄ…/ Զավեն ԲԵԿՅԱՆ

Մի գրագետ, հիմա, ափսոս, չեմ հիշում՝ ով, հեգնական արտահայտություն է արել Ախմատովայի հասցեին, թե վերջինս ստեղծագործական ներշնչանքի պահին իր վրա զգացել է ոչ թե Աստծո, այլ`… իր սիրած տղամարդու հայացքը։ Իբր թե դրանով փորձել է ակնարկել, որ Ախմատովայի պոեզիան «կանացի» է ու սնվում է զուտ կանացի զգացմունքներից, այլ` ոչ թե «Մուսայի նեկտարից» կամ տերունական ամբրոսից։ Սա, իհարկե, վիրավորական ու անվայել գնահատական է, սակայն պետք է ասել, որ կին գրողների ստեղծած գրականությունն, այնուամենայնիվ, զիջում է «արականին»` թե՛ դիմանկարների առատության ու նշանավորության, և թե՛ ստեղծածի կարկառունության առումով։ Օրինակ, հայ պոեզիայի մեջ, Սահականդուխտից մինչև Սիլվա Կապուտիկյան, քանի՞ կին գրող ունենք (թող կին գրողների ու ֆեմինիստների «հարձակման թիրախ» չդառնամ, մանավանդ, որ կանանց միամսյակի «վտանգավոր հատվածում» ենք գտնվում… սա՝ կատակի կարգով)։ Դպրոցական տարիներին ես Աղավնի եմ կարդացել ու հասկացել, որ կին գրողների թվում է՛լ «արծվնակներ» կան (Արծվնակն իր ինքնակենսագրական վեպի «կրակուպատիժ» հերոսուհին է ՝ եթե հիշում եք)։

Կին գրողների ստեղծած գրականությունն ունի հոգեբանական այնպիսի նրբերանգներ, ներկապնակի այնպիսի գույներ, որոնցից զուրկ է այսպես ասած տղամարդկայինը։ Հանճարի ուժի դրսևորման օրինակնե՞ր եք ուզում՝ կտամ, օրինակ՝ Մարինա Ցվետաևայի, Էմիլի Դիկինսոնի անունները։ Մեր ժամանակներում, գոնե մեր գրականության մեջ, կարծես թե կին գրողներն ավելի շատ են, քան տղամարդ գրողները։ Սա ոչ միայն քանակ է, այլ նաև որակով աչքի ընկնող ստեղծագործություններով է վկայված։ Եվ կին գրողները, բարեբախտաբար, իրենց  տղամարդ արվեստակիցների պես կռվազան էլ չեն՝ հանուն փառքի դափնիների… արյուն ու թանաք թափող…