Թերևս կարելի էր երկրորդել տարածված մտքին, թե՝ գրողը, եթե իսկական գրող է, ապա անկախ սեռային պատկանելությունից, գրող է, և դրա ապացույցները բազմաթիվ են։ Սակայն այս պարզ ճշմարտությունն աներկբա ընդունելուն ներքուստ ինչ-որ բան դիմադրում է, դեռ չգիտակցված ու մտազգեստ չհագած ինչ-որ բան… Փորձեմ այդ «ինչ-որ» բանը ճզմելով դուրս բերել ենթագիտակցական խորքերից ու հասկանալ։ Փորձեմ վերադառնալ այն ժամանակները, երբ աշխարհում մայրիշխանություն էր։ Երևի այն ժամանակ էլ բուռն բանավեճեր են եղել, թե արդյոք տղամարդը, որն արժեքավոր է միայն որպես սեռական շահագործման օբյեկտ, որպես սերմնակիր և բեռնակիր, կարո՞ղ է բարձունքների հասնել ժայռապատկերման վեհագույն արվեստում, արդյոք նրա ստեղծած կոշտ ու կոպիտ ժայռապատկերները կարո՞ղ են համապատասխանել ժայռապատկերման բարձր չափանիշներին, և այլն…
Հետո, պատմական որոշակի փուլից սկսած՝ աշխարն անցել է հայրիշխանության, ու արական գործոնը դարձել է գերիշխող բոլոր ոլորտներում, և հիմա որոշ անհատներ լրջորեն փորձում են տարանջատել կնոջ և տղամարդու ստեղծած գրականությունը՝ հընթացս մտորելով, թե արդյոք կինը, որն արժեքավոր է սեռական շահագործման, եփել-թափելու ու որդեծնության սերմին հող ծառայելու համար, կարո՞ղ է բարձունքների հասնել բարձր գրականության վեհագույն արվեստում, արդյոք նրա ստեղծած փափլիկ ու լացկան տեքստերը կարո՞ղ են համապատասխանել գրականության բարձր չափանիշներին…
Երկար մտորելուց հետո հասկանում ես, որ սա հավի ու ձվի պատմության պես մի բան է, այն տարբերությամբ, որ հավով պատրաստված ուտեստներ ըմբոշխնելիս հավի համուհոտն ես առնում, ձու ուտելիս՝ ձվի, և որքան հրաշալի է, որ դրանք տարբեր են։ Բայց մի բան էլ կա, որ անհնար է հաշվի չառնել՝ «բաղադրատոմսն» ու պատրաստման արվեստին տիրապետող «խոհարարը», որ մշտական կերպափոխման մեջ է… Կինը հող է, տղամարդը՝ սերմ, և երբ տղամարդն է արարում, նա սերմ է գցում հողի մեջ ու ծլելուց հետո խնամում, աճեցնում է՝ կերպափոխվելով, վերածվելով կնոջ՝ ըստ հայրիշխանության չափանիշների։ Իսկ երբ կինն է գործի անցնում, ապա նա հենց իր ընդերքում է որոնում ու գտնում այն սերմը, որը շատ վաղուց իր ներսի մի անկյունում ընկած էր անխնամ, բայց դեռ կենսունակ, ու չէր ծլարձակել։ Գտնելու ընթացքում դառնալով յուրտեսակ «այր»՝ գտած սերմն ավելի պարարտ տեղ է տեղափոխում, հետո նորից կերպափոխվում, վերածվում է հողի, ծլեցնում, ու նոր միայն աճեցնում ու խնամում է իր Արարումը՝ նորից վերածվելով կնոջ (ըստ հայրիշխանության չափանիշների)…
Կանայք կերպափոխման դաժան մի փուլ ավելի են անցնում։
Չարչարանքներիդ՝ ապաշխարանք, սիրելի Կանայք, հրաշք է, որ կաք։
