Լիլիթ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ո՞վ է կին գրողը հարցից բնության հոտ եմ առնում, և դա ինձ դուր է գալիս։ Ենթատեքստում թաքնված տարբերությունը՝ կին գրողի և տղամարդ գրողի, առհասարակ՝ կնոջ և տղանարդու միջև ճշմարիտ է ու տիեզերքի պես հավերժական, որքան էլ ինձ այսօր չծիծաղեցնեն գենդերային հավասարության և հատկապես՝ ստեղծագործական ասպարեզում նկատի ունեցող  մունետիկները։

Ես, իհարկե, զերծ կմնամ այս տարբերության գրականագիտական և մշակութաբանական մաշված ցանկը կրկնելուց, կասեմ իմ բանաձևը, որը գլխումս ծագել էր պատահաբար, տարիներ առաջ, երբ ծովափնյա հանգիստը վայելելով, միաժամանակ երկու գիրք էի կարդում՝ մոտավորապես նույն բովանդակության, բայց տղամարդ գրողի և կին գրողի կատարմամբ։ Հետագայում բանաձևը փորձարկել եմ թե դասականների, թե ժամանակակիցների, թե հանճարների և թե տաղանդազուրկների նկատմամբ․ արդյունքը գրեթե միշտ նույնն է։

Տղամարդը գրում է․ ես և աշխարհը, ես և ծովը, ես և Աստվածը, ես և գարեջուրը․․․ Կինը գրում է․ աշխարհը և ես, ծովը և ես, Աստվածը և ես, գարե․․․ լավ, թող լինի՝ շամպայնը և ես։ Ու սա ամենևին էլ առաջնահերթության մասին չէ, սա կյանքին ուղղված հայացքի մասին է․ մեկը՝ ներսից դուրս, մյուսը՝ դրսից ներս։ Տղամարդ գրողը միշտ ունի իր կղզին, կին գրողը՝ երազանքը կղզու մասին։ Տղամարդը եթե նստում է գրելու, վստահ է, որ դրսում ամեն բան իր տեղում է մնալու՝ չէ՞ որ ինքը զբաղված է, և, ուրեմն, աշխարհը մի քանի ժամով ինքնուրույն պիտի կայունությունը պահպանի՝ առանց իր մասնակցության։ Կինը երբ նստում է գրելու, սրում է իր բոլոր զգայարանները՝ չէ՞ որ դրսում հազար ու մի բան կարող է կատարվել, իսկ ինքը, անտեղյակ ու անհոգ, հանկարծ չի հասցնի իմանալ, կանխել, վնասազերծել, փրկել, կերակրել, բուժել, մի խոսքով՝ մասնակցել։ Տղամարդ գրողի մուսան միշտ իր ծոցագրպանում է, կին գրողինը՝ լուսամուտագոգին․ ծալած ծնկներին դունչը հենած սպասում է, մինչև շշուկով կանչեն, ինքն էլ թաթերի վրա կամացուկ մոտենա հավաքովի փխրուն կղզուն ու պատմի լուսամուտից տեսածը․․․

Ես սիրում եմ այս բոլոր և մյուս տարբերությունները՝ հակառակ դեպքում ո՛չ բնությունը իր համն ու հոտը կունենար, ո՛չ էլ տաղանդավոր տղամարդ գրողներով շրջապատված տաղանդավոր կին գրողը կփայլեր, եթե վստահ չլիներ, որ լուսամուտից աշխարհը ավելի լավ է երևում, քան ծոցագրպանից։