ԵՐԿՈՒ ԱՆԳԼԻԱԳԻՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ՝ ՀԱՅ ՆԱԽՆԻՆԵՐԻՆ / Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Թարգմանաբար ներկայացնում ենք երեք տարբեր սերունդների ամերիկյան բանաստեղծների մեկական գործ, որոնցում անդրադարձ կա իրենց հայ տատիկ-պապիկներին:

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

 

ՔԼԵՐ ՇՈՒ ԱԿՈՄԱՆԴՈ
Ծնվել է 1939-ին, Շվեյցարիայում, չինացի հոր և ֆրանս-հայկական ծագումով մոր ընտանիքում։ Թոռնուհին է Կոմիտաս Վարդապետի բարեկամներ, փարիզաբնակ դաշնակահարուհի Շուշանիկ Բաբայանի և երաժշտագետ Լուի Լալուայի։ 1959-ից բնակվում է ԱՄՆ-ում: Քալիֆորնիայի համալսարանում դասավանդել է արվեստի պատմություն և անգլերեն: Հեղինակ է «Սեր և գոնգեղ. հիշողություններ պատերազմի տարիներից» վեպի (1993, լույս է տեսել նաև ֆրանսերեն թարգմանությամբ), որը նվիրել է մոր և հայ մեծ մոր հիշատակին:

ՊԱՐԱՅԻՆ ԿՈՇԻԿՆԵՐ
Իմ տատիկը՝ Նանին, տասը տարեկան էր.
ապրում էր Վրաստանում, հին քաղաքում Թիֆլիս,
նվեր էր ստացել մետաքսե կոշիկներ,
որ գնար՝ մանակցեր պարահանդեսներին:

Պարեց ամբողջ գիշեր. մինչդեռ ձյուն էր դրսում.
տուն եկավ սահնակով՝ լծված ձիուկներին,
որոնց տաք ռունգերից գոլորշի էր ելնում:

Որ ցրտից չսառչի աղջնակը այդ խեղճ,
փաթաթեցին ամուր ծնողները նրան
աղյուսի պես ծանր մի հաստ վերմակի մեջ,
որ կարված էր արջի մորթուց հսկայական:

Արնաներկ պարային կոշիկները հագին,
ոտնաթաթերն ուռած՝ վերադարձավ նա տուն.
մայրը իր արծաթե մկրատով դերձակի
կտրեց այն մետաքսե կոշիկները իսկույն:
Նանին լացեց երկար՝ ոչ թե ոտքի ցավից,
այլ՝ իր պարի ընկեր կոշիկների համար:

Նա սիրում էր պարել, ու նվագել սիրեց,
ու գրավեց այդպես դաշնամուրը նրան:

Երբեք չեմ ունեցել պարային կոշիկներ,
երբեք չեմ գնացել շքեղ պարահանդես.
երբեք չէի փորձի պարել ամբողջ գիշեր,
բայց պարելուց ուռած, արյունոտված ոտքեր
թող որ ունենայի,
ու լինեի խիզախ
ու լինեի վայրի
իմ հայ տատիկի պես:

 

ԿԱՏՅԱ ՍՊԻՎԱԿՈՎԱ

Վլադիմիր Սպիվակովի և Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) երեք դուստրերից մեկը, անգլիագիր բանաստեղծ և կինոբեմադրիչ: Բնակվում է Նյու Յորքում: Նկարահանել է Արցախի մասին «Այն ամենն, ինչ ինձ պետք է» կարճամետրաժ կինոնկարը, որի ցուցադրումը 2024-ին Մարոկկոյի կինոփառատոնում արգելվել է Ադրբեջանի միջամտությամբ։

 

ԵՐԵՎԱՆ
Յասամանները դեպի դուրս են բացվում
մետաղե վանդակներից ծաղկանոցի.
էդգար ալան պոյի պատկերն է գետնանցումում.
Մի կին նուռ է ասեղնագործում սփռոցին:

Բակում արեգակն իր զգեստներն է կախում որպես շարոց.
պապ ու տատիս տանը նկարներն են իրենց ծնողների
ու նրանց ծնողների ու նրանցից հետո եկած այլոց.
վրան մուրճ ու մանգաղ՝ մի տետր դատարկ,
նոտաներ, սայաթ-նովա, յոգայի ձեռնարկ.
մահճակալի գլխին՝ երկու կարմիր կռունկ սավառնելիս.
պապ ու տատիս տանը փայտե դրվագազարդ գրասեղանին՝
սրված-թողնված են մատիտները բոլոր: