ԽՈՀ-ԱՆՈՑԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՐԱՍԵՂԱՆ ԵՐԲԵՄՆ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Բարձրյալը տղամարդուն ու կնոջն ստեղծեց որպես միմյանց լրացնող մեկ ամբողջություն՝ ներդաշնակորեն միմյանց լրացնելու առաքելությունն ունեցող տարբերություններով, որոնցում բարձրի-ցածրի, լավի ու վատի խնդիր, առավել ևս՝ մրցակցություն չպետք է լիներ: Տղամարդուն ուժն ու վճռականությունը, մահվան, դրա վտանգների դեմ վահանվելու կարողությո՛ւնն ավելիով տրվեց, կնոջը՝ փխրունությունը, հուզականությունն ու ոգեղենությունը: Գիտակցությունը հավասարապես երկուսինն էր՝ ամեն անհատի քիչ կամ շատ չափով շնորհված: Այո, որոշ երանգներով տարբերություններ կան և պետք է լինեն, բայց միայն ուժի և մեղմության հավասարակշռության պայմանով: Դրանք երբեք պատճառ չպետք է դառնային անհաշտության և բախումի, այլ` միավորվեին մոլորակի, կյանքի հանդեպ պատասխանատվության հրամայականով:
Սակայն մարդը խախտեց այդ հավասարակշռությունը, ինչպես միշտ՝ ձգտելով ավելիին, քան իրեն տրված էր: Այր մարդն իր ուժն օգտագործեց ո՛չ անհրաժեշտ չափերի մեջ, ո՛չ պահանջվող տեղում: Դա պատճառ դարձավ, որ բռնությունն անսանձ կերպով տիրի մոլորակին: Կնոջ՝ բնազդով շատ բան ընկալելու, զգալու, քնքշանքով ամենակոշտն անգամ փափկեցնելու, վտանգները հեռվից-հեռու՝ պատերի ներսում էլ տեսնելու հնարավորությունները, որոնցով միայն կմեղմանար հակառակ սեռի հաճախ ավելորդ ու հախուռն էներգիան, կամ ճիշտ ուղղորդում կստանար, մնացին ԽՈՀ-անոցի ներփակ տարածքում: Կինը «օջախի կրակը» վառ պահողն էր, երեխաներին մեծացնողը, տղամարդուն կերակրողը, չնայած կարող էր ավելին անել: Եվ այդ ավելիի համար գործունեության տեղ չգտնելով, նրա ներքին եռանդն ու մեծ գործերի միտված էներգիան հաճախ վերածվեցին մանր, անտեղի չարության և բամբասանքի:
Բարձրյալը մարդն արարեց «Իր պատկերով և նմանությամբ», ասել է, թե՝ տեր կարգեց նաև արարման հրաշքին: Կին թե տղամարդ հավասարապես կրողն էին այդ նվիրումի, դարձյալ, իհարկե, որոշ յուրահատուկ երանգների տարբերությամբ, որոնցով լրանում էր, իր լիարժեք տեսքն ստանում ստեղծագործության կտավը: Բայց խաթարված մարդ-ամբողջը կրկին դուրս եկավ իր սահմաններից՝ գրականությունն ու արվեստը երկար ժամանակ հիմնականում՝ իր հնարավորությունների գերազանցությամբ առաջնորդվող տղամարդու մենաշնորհն էին: Կին գրողները և ստեղծագործողները ասպարեզից դուրս էին մնում այն նույն պարզ պատճառով, որ կինը «օջախի կրակը վառ պահողն էր, երեխաներին մեծացնողը, տղամարդուն կերակրողը», որ նա լավ կարողանա պաշտպանել ընտանիքը, աշխատել և… ստեղծագործել: Կինը ժամանակ և հնարավորություն չուներ գրիչ վերցնելու, նստելու գրասեղանի, նկարակալի դիմաց և ինքնամոռաց տրվելու արարումին: Իսկ հոգսաշատ օրվա մեջ գտնված ակնթարթներում մեծ գործեր չեն ստեղծվում: Եվ նաև, դեռ ոչ հեռու անցյալում, առանձնացվում էր կանացի գրականությունը, դրան ցածրացնող պիտակներ էին տրվում:
Ժամանակները փոխվեցին, և փոխվեցին հնարավորությունները նաև, չնայած յուրաքանչյուրի հոգսն ու գործը, բնականաբար, հիմքում պետք է գրեթե նույնը մնային և՝ մնացին: Մենք այսօր ունենք հիանալի կին գրողներ՝ մեղմի, զգացմունքայինի հետ նաև ներքին ուժով օժտված, որովհետև խախտված է «աշխատանքի» նախկին բաժանումը, և գլխիվայր շրջված աշխարհում անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել վտանգներին դիմակայելու բոլոր հնարավորությունները, հաշվի առնել իմաստության, արարման ուժն իր գիտակցության մեջ կրող Մարդո՛ւն՝ կին լինի, թե տղամարդ:
Ամեն դեպքում, այսօր շատ է պետք, որ կինն ամենուր՝ իր գիտակցության, ստեղծագործական կարողությունների չափով, ներկա լինի այրերի կողքին՝ իր անհրաժեշտ լրացումը բերելով Մարդ-ամբողջությանը:
Միայն այդ կերպ թերևս ամեն բան իր բնական հունը կգտնի:
