․․․Ասել են և դեռ ասում են՝ կինը առեղծված է։ Ինչքան հեշտ է, չէ՞, մի բանի մասին ասել՝ առեղծված է ու հանգստանալ․․․ Բայց մինչև այս բառը գտնելը ի՜նչ գլուխներ են կոտրվել, ի՜նչ պատերազմներ են մղվել․․․ Դժբախտաբար թե տիեզերքի բարի կամքով հիմա հասել ենք այն պայծառ մտքին, որ չարժե ինչ-որ մի կնոջ պատճառով պատերազմ մղել մի ուրիշ երկրի թագավորի դեմ։
Իսկ ո՞վ է կին գրողը․․․ Վեճ ունեմ բոլոր նրանց հետ, որ ասում են, թե կարիք չկա, նույնիսկ սխալ է կին գրող-տղամարդ գրող տարբերակումը․․․ Այս միտքը ոչ մի հակաճառության չի դիմանում։ Նույնիսկ տանում է դեպի համասեռամոլության մացառները։ Կինը և տղամարդը հավասար են շատ ու շատ հարցերում։ Ե՛վ նա, և՛ մյուսը ոչ միայն մտածելու իրավունք ունեն, այլև չմտածելու իրավունք չունեն․․․ Այլ բան է, որ մտքի թռիչքների հարցում մեկը կարող է արծվի, մյուսը սոխակի, այն մեկը կկվի չափ ուժ ու խելք ունենալ․․․ Բայց կին գրող, որ արծվի ճախր ունենա․․․ մատների վրա կարելի է հաշվել․․․ Ձի, ա՛յ ձին ամենալավ օրինակն է։ Կին գրողն էլ, ինչպես և տղամարդ գրողը, կարող է գեղեցիկ լինել, քաջ լինել, հավատարիմ կամ անհավատարիմ լինել իր սկզբունքներին, ինչպես և ձին։ Անհայտ է կարծեմ՝ Պեգասը արո՞ւ էր, թե՞ էգ, ինչպես և մեր Քուռկիկ Ջալալին։ Ինչ էլ որ էին՝ երկուսն էլ հզոր էին․․․ Աստվածային բնույթ ունեին։ Սա այն կատարելությունն է, որի դեպքում էական չէ սեռը։ Բայց մի Պեգաս, մի Քուռկիկ Ջալալի․․․ (Խոսքը Երվանդ Քոչարի կերտած ձիու մասին չէ, իհարկե)։ Էպոսում ասվում է, որ Իսմիլ Խաթունի հրամանով փորձում են Քուռկիկ Ջալալուն մերձեցնել իրենց զամբիկներին, բայց ստացվե՞լ է․․․ Դեղձուն Ծամը՝ Դավթի տատը, Ձիուն դիմելով, ասում է․ «Իմ Դավիթ հեր չունի՝ անես հերություն, իմ Դավիթ մեր չունի՝ անես մերություն»։
Ոմանք նույնիսկ դեմ են «ուհի» ածանցին, որը նաև դեմք է կերտում, կերպար է․․․ Որքան էլ որ աշխարհում սոպրանիստները ոմանց հմայել ու հմայում են իրենց ձայներով, սոպրանոն մնում է կանացի ձայն, իսկ բարիտոնը, տենորը և մանավանդ բասը՝ առնական․․․
Աշխարհում կար Իմմա Սումակ, և հիմա էլ կա մի հայուհի՝ Միլեն Կալլե Կարանյան, որ ծնվել է Գյումրիում, որ ունակ է երգելու թե՛ կանացի, թե՛ տղամարդկային, թե՛ թռչնային, թե՛ ամպրոպային ձայներով։ Մեր այս աղջիկը կարողանում է կատարել կանացի և տղամարդու օպերային արիաներ։ Բայց չեմ հիշում՝ եղե՞լ է մի տղամարդ, որ այս հատկություններով օժտված լինի։ Նա ճանաչվել է աշխարհի ամենահզոր ձայնը, 11 համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Երգում է գրեթե բոլոր ժանրերով, ամենատարբեր լեզուներով։ Վիվալդիի բոլոր չորս եղանակներն է երգում, գեղեցկուհի է, խելքի տոպրակ, գրում է իր երգերի բառերն ու երաժշտությունը։
Այսօր մեր Ազգային բանակում հարյուրավոր աղջիկներ ու կանայք են ծառայում, երբ նրանց զորակոչվելը կամ պատերազմի մասնակցելը միանգամայն կամավոր է։
Եթե գանք ֆիզիկականին, ապա Հռիփսիմե չքնաղ կույսը ոչ միայն իր գեղեցկությամբ, այլև մկանների ուժով տապալեց Տրդատի նման հուժկու, անհաղթ այրմարդուն և ոչ թե Շամիրամի կամ Իսմիլ Խաթունի շամբշոտությամբ։
Եթե կարդում ենք ու չենք կռահում՝ գրողը կի՞ն է, թե տղամարդ, ուրեմն, կեղծելու ունակությամբ երկուսն էլ զորեղ են՝ չեն զիջում մեկմեկու․․․ Բայց, ուզենք թե չուզենք, պետք է խոստովանենք, որ չեն ծնվել Բեթհովենի, Բախի, Կոմիտասի նման մեծ կին կոմպոզիտորներ, Չարենցի չափ հզոր բանաստեղծուհի․․․
Դե՛, արհեստական բանականությունն էլ, ճիշտն ասած, կնոջ թափի բան չէ․․․ Թեև մեր տված հարցերի պատասխաններն անմիջապես ստանում ենք կանացի ու տղամարդկային ամենաբազմագույն և ամենաբազմերանգ ձայներով։
