Չառլզ ՍԻՄԻՉ

Չարլզ Սիմիչը ամերիկյան ճանաչված բանաստեղծ է։ Ծնվել է 1938թ․ Բելգրադում, 1953թ․ տեղափոխվել է Չիկագո։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանը։ Նյու Հեմփշիրի համալսարանի ամերիկյան գրականության պաշտոնաթող պրոֆեսոր է եղել։ Բնավել է Ստրաֆորդում, Նյու Հեմփշիր։ Արժանացել է մի շարք մրցանակների․ PEN–ի միջազգային մրցանակ թարգմանության բնագավառում, Պուլիցերյան (1990) – Ուոլիս Սթիվենսի  (2007) մրցանակներ։ Մահացել է 2023թ․։

«Չարլզ Սիմիչի գրվածքները մեծ հաջողության են հասել, դրանց ոճը թարմ է, առողջ, նա հարմար մարտընկեր է աշխարհի համար», –ասել է իռլանդացի անվանի բանաստեղծ Շեյմուն Հինին։

 

Խոտի դեզը

Կարո՞ղ ես արդյոք գտնել նրա մեջ

Այն ծղոտիկը, որ ցավեցրեց

Մեջքը մայրիկիդ:

 

Թռչունները մթնշաղում

Ադամ Զագաևսկուն

Արևամուտը լճակի վրա

Նրանցից մեկին ստիպեց ճչալ,

Իսկ մյուսներին՝

Միանալ նույնպիսի թախիծով:

«Մինչևիսկ հավքերն են արհամարհում պոեզիան»,-

Հիշում եմ, ինչ-ո8 մեկն ասաց,-

Հազիվ լռել էր,

Ստվերները հա երկարում էին՝

Մարելով հրդեհը ջրերի,

Սակայն  ինչպես էլ մենք սպասեինք`

Շունչներս պահած,

Ո՛չ մի դժգոհանք չլսվեց երբեք

Նրանց բներից:

.

Ամառնամիջի խնջույք

Ահա և ես՝ գրեթե կույր զույգ աչքից,

Կիսախուլ, կիսակաղ,

Մի քիչ գժոտ, բերանիս՝փրփուր,

Վախկոտ, կծկված ճիճու,

Որ սողում է դիակիդ մեջ, օ՜ ճակատագիր՝

Մշակում դժոխքդ, դուրս է թքում քեզ:

 

Կանխազգում եմ, թե կուզես կենալ հավերժ

Անհավատալի և անմեկնելի,

Սոսկ հիացական, որպեսզի կարենամ հետո էլ

Հագենալ քո քաղցր տեսքով,

Հյութալի, ծաղկապատ մարգագետիններով,

Գիշերվա աստեղաց խնջույքով քո ուրախ:

 

Ոսկերիչների փողոցը

Հարյուրավոր այս պատուհաններից

Ամեն մեկն ինչ է անում ոսկու հետ,

Որ հալչում է նրանց մեջ այս առավոտ,-

Պատկերացնել իսկ դժվարանում եմ:

 

Ես վարվում եմ՝ նման ապագա կողոպտչի՝

Մտապահելով նրանք, որ բաց են,

Վարագույրները մի կողմի  քաշած`

Ոտից գլուխ մերկ մեկը,

Ում, գուցեև, հենց նոր չնկատեցի:

 

Աստ, որտեղով  ոչ ոք  չի քայլում հիմա,

Իսկ երբ քայլում է, զգո՜ւյշ է անցնում,

Որ հանկարծ չդիպչի կշեռքին,

Երբ այն կշռում է

Մարող փոշեհատիկներն արևալույսի:

 

Մոթել  «Պարադիզ»

Միլիոններ են մեռած: Եվ ոչ ոք մեղավոր չի:

Ես դուրս չեկա իմ համարից: Նախագահը

Խոսում էր պատերազմից, իր սիրած խմիչքից:

Իմ զարմացած դեմքն

Արտացոլվել էր հայելում,

Ասես կրկնակի մարած դրոշմանիշ:

 

Ես վատ չէի ապրում, բայց կյանքն անտանելի էր:

Այդ երեկո շատ զինվորներ կային,

Ճանապարհին շատ գաղթականներ:

Եվ նրանք բոլորն անհետացան,

Հենց որ մատները սեղմեցին կոճակները:

Պատմությունը լիզեց իր արնածոր շուրթերը:

 

Վճարովի ալիքով ցույց տվին կնոջն ու տղամարդուն,

Նրանք անկշտորեն համբուրվում էին,

Իրար շոր  պոկում:

Իսկ ես նստել մութի մեջ

Եվ  անջատելով ձայնը` նայում եմ էկրանին,

Ուր չափազանց կարմիր ու չափազանց վարդագույն ներկեր կային:

Գրադարանում

 

Օկտավիային

 

Կա այսպիսի մի գիրք՝

«Հրեշտակների հանրագիտարան»:

Ոչ ոք այն չի բացել վերջին

Հիսուն տարում. կազմը խրթխրթաց,

Էջերի եզրերն սկսեցին փշրվել: Ես կարդացել եմ,

Որ հրեշտակները երբեմնի քիչ  չէին, քան թե

Միջատները:

Երկինքը մթնշաղին

վխտում էր հրեշտակներով:

Որպեսզի նրանց դու քշեիր, ստիպված

Երկու ձեռքերդ պիտ թափահարեիր:

 

Այսօր արևը պայծառ լուսավորում է բարձր լուսամուտները:

Գրադարանում լուռ է:

Հրեշտակներն ու դիք

Փորփրում են հատորների խավարում,

Ուր ոչ ոք երբեք աչք չէր ածել:

Մեծագույն գաղտնիքները բնակվում են

Դարակի վրա, որի մոտով միսիս Ջոնսը

Երթի է ելնում, ամեն օր, շրջայց անելով:

 

Նա բարձրահասակ է և այդուհանդերձ

Հակում է գլուխը, կարծես  թե ականջ է դնում:

Գրքերը  խոսում են շշունջով.

ինչի՞ց, ես չեմ լսում, բայց նա՝  լսո՜ւմ  է:

 

Անջատ ճշմարտություններ

 

Գիշերն իջավ առանց

Մեզ հարցնելու:

Իմ աչքերը ցավում էին

Թերթերին անվերջ նայելուց:

 

Դեռ կարող էինք տարբերել

Մի քանի ծեր ծառ մեր բակում:

Նրանք ընդունում են եղածն, ինչպես կա:

Անջատ ճշմարտությունները

Նրանց չեն հուզում:

 

Դրա ետևից պիտի վազենք, ասի,

Ու գաղափար իսկ չունեի, ինչ նկատի ունեմ:

Անխուսափելի գալուստը,

Ի՜նչ արտասովոր երանություն:

Ու գաղափար իսկ չունեի՝ նա ի՜նչ նկատի ուներ:

 

Թարգմանեց Շանթ Մկրտչյանը

Անգլերենից տողացին՝ Արամ Արսենյանի