Պարույր Սևակի աբողջական կերպարը / ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Լույս է տեսել Դ. Գասպարյանի «Պարույր Սևակ։ Կյանքը և ստեղծագործությունը» մենագրությունը

Գրքեր կան, որոնց լույսընծայումը հայտնության պես է, որովհետև էապես ոգեղեն արժեք են և թանկ նվաճում։ Այդպիսի գրքերը նյութականացվող աշխարհում դառնում են ոգու հաց, հոգեկից ընկեր ու գրասեղանի զարդ։ Այդպիսի գիրք է Դավիթ Գասպարյանի՝ վերջերս լույս տեսած «Պարույր Սևակ։ Կյանքը և ստեղծագործությունը» մենագրությունը։

Դավիթ Գասպարյանը հայ քննադատության մեջ իր անհատականությունը հաստատած գրականագետ է, որի յուրաքանչյուր գիրք հայ գրական-մշակութային կյանքում իրադարձություն է և երևույթ։ Ինչի և ում մասին գրում է նա, գրում է միմիայն իրեն ներհատուկ ոգով ու ոճով, գրական-քննադատական իր սկզբունքներով ու դավանանքով, ճշմարտության անսքող և անսովոր բացահայտումներով՝ դառնալով անխարդախ հոգեմիջնորդը տվյալ գրողի և ժամանակի ու ընթերցողի։ Եվ դա հայ գրականության հնադարից մինչև նորագույն շրջան, Խորենացուց ու Նարեկացուց մինչև Տերյան ու Չարենց, Բակունց և Մահարի, Սահյան և Սևակ….

Ոչ բոլոր քննադատներին է ներհատուկ այն շնորհը, որով հասնում են  գրական ստեղծագործության ոգու միջուկին, վերծանում  անտեսանելին ու անճանաչելին։ Գիտնականի  համառություն է պետք նաև՝ գնալու  փակ ու կողպված փաստերի և իրողությունների հետևից՝ շրջանցելով պայմանական ուղեփակոցները՝  հանուն  ճշմարտության  և հանուն գրականության։

Ստվարածավալ՝ 712 էջից բաղկացած «Պարույր Սևակ։ Կյանքը և ստեղծագործությունը» մենագրությունը գրականագետի՝ տարիների ընթացքում գրած ուսումնասիրությունների  համահավաք մատյանն է՝ որպես միասնական ամբողջություն։ Գեղագիտական ու քննադատական խորատես հայացքով գրքում վերհանված է Պարույր Սևակի կյանքի ու ստեղծագործության համապատկերը՝ ընդգրկելով տեսանելի-անտեսանելի բոլոր շերտերն ու ենթաշերտերը։ Այստեղ 20-րդ դարի ստեղծագործ մեծ անհատի կյանքն է՝ հոգևոր պատմության և ներանձնական կյանքի թանկ գաղտնիքների բացահայտումներով, ժամանակի հետ սուր ընդդիմախոսության ու պոետական բացարձակ սխրանքի վերարժևորումով, գեղարվեստական ստեղծագործության և քննադատական մտքի անչափելի ու չափելի պարագծերի հայտնաբերումներով։

Գրքի տիրույթում և՛ Պարույր Սևակի կյանքի ու գրական ճանապարհի բացահայտումն է, և՛ գեղարվեստի գիտությունը, և՛ պոեզիայի համապարփակ քննությունը, և՛ քննադատական մտքի ուղղությունների վերլուծությունը, և՛ բանարվեստի օրենսդիրի, ավանդույթի ու նորարարության սահմանադիրի որոշարկումը, և՛ Պարույր Սևակ գրական երևույթի վերծանումը։

Գիրքն ունի նաև հավելված, որը ժամանակակցի վկայությունն է՝ Պ․ Սևակի դեմ հետապնդումների և նրա մահվան հանգամանքների վերաբերյալ։

Ուսումնասիրությունը պարունակում է հետևյալ գլուխներն ու ենթագլուխները։ Նախ՝ որպես ներածություն՝ իրար շարունակում են «Երկու խոսք», «Մուտք»,  «Մեծերի ժամանակը երբեք չի ավարտվում» բաժինները։ Հաջորդում է առաջին գլուխը՝ «Բանաստեղծի ծնունդը», որը ներառում է «Կյանքի ուղին» և «Գրական մուտքը» ենթագլուխները։ Տարողունակ է երկրորդ գլուխը՝ «Գեղարվեստի գիտությունը կամ՝ ինչ-ը, ինչպես-ը և որպես-ը», ուր քննության են առնվում հետևյալ հարցերը՝ գրական շրջադարձը և Պ․ Սևակի գործունեությունը, ծրագրային պոեզիա կամ ժամանակի շարժման և հոգու դիալեկտիկայի գեղարվեստական հայտնագործությունը, Պարույր Սևակը 1960-ականների գրական-գեղարվեստական համամիութենական տեսադաշտում։

Երրորդ գլուխն ամբողջովին բացահայտում է Սևակի պոեզիան և նրա  քնարական հերոսին, որ ինքը՝ բանաստեղծն է՝ «Մարդը ինքն իր առջև», «Սիրո հավիտենական երգը», ««Ես չեմ ամաչում իմ սիրո համար»․ Պ․ Սևակի կյանքի վեպը», «Մի՞թե դա էր պատգամում Պարույր Սևակը», ««Եղիցի լույս» կամ՝ ժամանակի դիմակավորված ու ողբերգական դեմքը», «Հայրենիք կամ՝ պատմությունը և 20-րդ դարը», ««Քարտաշը» անտիպ պոեմը», «Պ․ Սևակի ստեղծագործության պատմական նշանակությունը», «Պ․ Սևակի ստեղծագործության գնահատության հարցի շուրջ»։

Չորրորդ գլխում՝ «Թռչող նետի ուղղությունը»,  վերլուծվում-բացահայտվում են Պ․ Սևակի ստեղծագործական կապերը   հայ ու համաշխարհային գրականության հետ՝ Նարեկացի, արևմտահայ գրականություն, Չարենց, Շեքսպիր, Մայակովսկի, Թոմաս Էլիոթ, լատինամերիկյան պոեզիա, Մեժելայտիս։ Բաժինն ամփոփվում է Պարույր Սևակի թարգմանչական գործի վերարժևորմամբ։

Գրքի հինգերորդ գլուխն ընդգրկում է «Բանարվեստի օրենսդիրը», «Ավանդույթի և նորարարության սահմանը», «Տաղաչափությունը» բաժինները։

Վերջաբանում ընդհանրացվում է Պարույր Սևակ գրական երևույթը։

Ամեն ինչ այս աշխարհում ունի մարմին ու հոգի, և ինչպես գրականության, ընդհանրապես արվեստի համար կարևոր են միաժամանակ «ինչ»-ը և «ինչպես»-ը, այնպես էլ գրական քննադատության համար հավասարապես որոշիչ են բովանդակությունը և ձևը, նյութը և ոգին։

Դ․ Գասպարյանի այս գիրքը, ինչպես նրա մյուս գրքերը, առանձնանշվում է նաև կենդանի, պատկերավոր ու ոգելից ոճով, որը յուրահատուկ փայլ է հաղորդում խոսքի գիտականությանն ու փաստական  ճշգրտությանը։ Գիրը կամ ոճը որքան գիտական է, նույնքան հոգևոր է, և ինչքան առարկայական է, նույնքան ոգեղեն է։ Այո՛, քննադատությունն էլ պիտի ոգի ունենա, մտքի թև ու թռիչք, հակառակ պարագայում խոսքը դառնում է չոր ու անկենդան՝ վերապահված ոչ թե կենդանի կյանքին, այլ՝ ավելի շատ՝ գիտական արխիվներին։

Հաճելի էր ինձ այս մենագրությունը խմբագրել՝ վերստին հաղորդակցվել Պարույր Սևակի բանաստեղծական աշխարհին ու պոետական կյանքի հոգևոր ընթացքին, որի անմիջնորդ խոստովանությունն է գիրքը՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր ուզում են իսկապես ճանաչել ու զգալ Պարույր Սևակին, ըստ էության հասկանալ ու գնահատել նրան։

Նարինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բ. գ. թ., դոցենտ