ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԸ ԱԼԲԵՐՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ / Մագդա ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ

Վահան Տերյանի 100-ամյակին՝ 1985 թ.-ին, «Սովետական գրող» հրատարակչությունը լույս ընծայեց բանաստեղծի «Լիրիկա» ռուսերեն ժողովածուն: Գիրքը կազմողն Ալբերտ Նալբանդյանն էր:  Այնտեղ զետեղված էին տարբեր տարիների  հրատարակված  տեքստեր, օրինակ, «Стихотворения» ժողովածուից, որը  լույս է տեսել 1980 թ.  Լենինգրադում   («Բանաստեղծի գրադարան», Մեծ մատենաշար):  Գրքում նաև   առաջին անգամ  տպագրվեցին Գեորգի Կուբատյանի և Ալբերտ Նալբանդյանի թարգմանությունները: Այդ նոր թարգմանություններում Տերյանի պոեզիայի առանձնահատկությունները վերստեղծված էին  ավելի վառ, ավելի նրբորեն: Գրականագետ Տատյանա Գևորգյանի հարցազրույցը  Կուբատյանի և Նալբանդյանի հետ  տպագրվեց   «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում (1986, N 4):  Գևորգյանի այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով էր ղեկավարվել Նալբանդյանը՝ ընտրելով տեքստեր իր կազմած ժողովածուի համար,  Նալբանդյանը պատասխանել է. «Թարգմանությունը միայն այն ժամանակ կարող է համարվել իսկական գեղարվեստական թարգմանություն, երբ  դառնում է փաստ այն գրականության, որի լեզվով վերստեղծվել է: Տերյանը բացառություն չէ: Թարգմանել նրան, զուտ հետևելով տեքստին,  բայց ի վնաս բնագրի երաժշտականությանը, ի վնաս բուն պոեզիային՝ ոչ միայն անիմաստ,  այլև վնասակար գործ է»: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք Նալբանդյանի մոտ երբևիցե ցանկություն չի  ծնվել ամբողջովին թարգմանել Տերյանի որևէ բանաստեղծական շարք, օրինակ՝ «Մթնշաղի անուրջները», թարգմանիչը պատասխանել է. «…Իմ կողմից չէ նկատված այդ շարքի ընդհանուր շարժումը «Տխրությունից», «Էլեգիայից» մինչև «Գարնանամուտ»-ը: Բայց այդ շարժումը  ուղղագիծ և ակնհայտ չէ,  երբեմն  հազիվ նշմարվող է, և եթե իրար ետևից թարգմանում ես այդ շարքի մի քանի բանաստեղծություն, քեզ հանկարծակի սկսում է թվալ, որ քնարական հերոսի հոգեկան վիճակը մնում է անփոփոխ, որ փոխվում է միայն տեսանելի իրադրությունը, իսկ բանաստեղծի ձայնը հնչում է համարյա միալար…  Կարծում եմ՝ անհրաժեշտ է ընդմիջում, ժամանակ, որպեսզի կրկին կարողանաս նրբորեն ըմբռնել տերյանական ձայնի զգայուն ելևեջումները, իր հոգու ամենաչնչին շարժումները»:

Նույն տեքստում առկա են Նալբանդյանի տերյանական պոեզիայի զանազան խոր և նուրբ բնութագրումներ:  Այսպես, նա նշում է.  «Վահան Տերյանի քնարերգությունը  բարդ, երբեմն հակասական հոգեկան տանջանքների աշխարհ է, աշխարհ մի մարդու, որն ապրում է հարուստ ներքին կյանքով:  Իր բանաստեղծությունները կարծես թե հյուսված են կիսատոներից, նյուանսներից, տրամադրությունների և զգացմունքների  անսպասելի փոփոխումից: Միաժամանակ   դրանք  շատ  պարզ  են,  բնական:  Եվ  շատ  երաժշտական: Տերյանը շատ մեծ նշանակություն էր տալիս տողի հնչեղությանը:  Այդպիսի պոեզիա թարգմանելը անհավատալիորեն  դժվար է: Այն պահանջում է թարգմանչից ապրումների նույն չափը»:

Իսկ ընդմիջումը, որ հարկավոր էր Նալբանդյանին,  որպեսզի նա թարմորեն  ընկալի  և գեղարվեստորեն հարազատ վերստեղծի Տերյանի պոեզիայում արտացոլված  մտքերի, զգացմունքների, տրամադրությունների  բոլոր երանգները, բավականին երկար տևեց: 2006 թվականին, այսինքն՝ վերը նշված զրույցից 20 տարի անց, Երևանում,  «Լիտերա» հրատարակչությունում լույս  տեսավ  Ալբերտ  Նալբանդյանի  թարգմանությամբ  Տերյանի ժողովածուն: Այնտեղ զետեղված է 62 բանաստեղծություն  տարբեր շարքերից, ընդ որում, շարքերը չեն նշվում: Հետևաբար ամեն մի բանաստեղծություն ընկալվում է ոչ թե այս կամ այն շարքի համատեքստում, այլ՝ պարզապես որպես պոետական նմուշ:  Գրքույկի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ թարգմանությունները տպագրված են բնագրերին  զուգահեռ. բնագիր – թարգմանություն:   Եվ եթե դա արվում է հենց թարգմանչի կամքով, նշանակում է՝ նա  ներկայացնում է իր աշխատանքը ընթերցողական մեծ լսարանի դատին:  Երկլեզվանի ընթերցողը, կարդալով թարգմանությունը, կցանկանա համեմատել այն բնագրի հետ: Եվ ամեն անգամ  կհիանա և կզարմանա՝ նկատելով, թե որքա՜ն խոր և նրբորեն է վերստեղծել թարգմանիչը Տերյանի պոեզիայի էությունը: Ահա, օրինակ, «Էլեգիա»  բանաստեծության բնագիրը և թարգմանությունը.

Մեռնում է օրը: Իջավ թափանցիկ

Մութի մանվածը դաշտերի վրա:

Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ

Անտրտունջ նինջը մահացող օրվա…

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ

Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում:

Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,

Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,

Թախիծս խաղաղ անուրջի նման,

Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,

Էլ չեմ տրտնջում վիճակիցս ունայն…

Թարգմանությունը.

День умирает.  Медленная мгла

Ложится наземь невесомой пряжей.

Как тихо! Как спокойна и светла

Дремота вечереющих пейзажей!

Безмолвные не дрогнут тростники,

Застыли на воде их отраженья.

В раздумье небо, поле, гладь реки

И всё вокруг – ни звука, ни движенья.

Задумавшись, стою. Везде покой,

А в сердце горе или грусть – не знаю.

И не ропщу на свой удел мирской,

И прошлое уже не проклинаю.

Ինչպես տեսնում ենք, թարգմանության մեջ  բացակայում է բառացի ճշգրտությունը, սակայն մեր առջև գեղարվեստորեն համարժեք   տեքստ է,  ուր զարմանալիորեն հարազատ են վերստեղծվել բնագրի տրամադրությունը, հնչերանգային նկարը, պատկերավորությունը:

Հատկանշական է, որ Ա. Նալբանդյանը վերստին թարգմանեց Տերյանի նույնիսկ այն բանաստեղծությունները, որոնք արդեն թարգմանել էր Վալերի  Բրյուսովը: Բրյուսովի անունը  հայերիս համար սուրբ է: Չէ՞ որ նա ոչ միայն հայ պոեզիայի թարգմանիչ էր, այլև 1916 թ. Մոսկվայում լույս տեսած  «Поэзия Армении с древнейших времен до наших дней» անթոլոգիայի խմբագիր, փայլուն ներածական հոդվածի և ծանոթագրությունների հեղինակ: Սակայն Բրյուսովի որոշ թարգմանությունները զերծ չեն թերություններից:  Օրինակ՝ «Տխրություն» բանաստեղծությունը, որով  բացվում է «Մթնշաղի անուրջներ»  շարքը: Հիշենք «Տխրության»  երկրորդ տունը.

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,

Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին. –

Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց,

Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Ահա այս տունը Բրյուսովի թարգմանությամբ.

В пустынный простор бесконечных полей прошептала она, –

Не слово ль любви прошептала она задремавшим полям?

Остался в цветах этот шепот навек, словно отзвуки сна,

И шепот ловя, этот шепот святой, я склоняюсь к кустам.

Ինչպես տեսնում ենք, «прошептала»  բառը հայտնվեց և երկրորդ տողում: Իսկ «шепот» բառը  չորրորդ տողում  կրկնվում է:  Դա բառային իմաստով աղքատացրեց թարգմանական տեքստը, հեռացրեց բնագրի ոճից: Բացի այդ,  ինչո՞ւ այդ շշուկը մնաց «навек»: Եվ «словно отзвуки сна» համեմատությունը նույնպես անհասկանալի է. «отзвуки сна» չեն կարող մնալ ընդմիշտ: Այնպես որ իր գեղարվեստական մակարդակով այդ թարգմանությունը  ակնհայտորեն զիջում է բնագրին: Իսկ ահա ինչպես է թարգմանել այս տունը Ա. Նալբանդյանը:

И нежное что-то она прошептала  в закатные дали –

Полям и деревьям, уже погружённым в туман, в забытьё.

Тот шепот горячий цветы сохранили и мне передали,

И трепетом тайным, священным наполнили сердце мое…

Եվ այս տողերը ապացուցում են, որ գեղարվեստորեն  համարժեք թարգմանություն հնարավոր է ստեղծել: Համեմատելով բնագիրը և թարգմանությունը՝ ընթերցողը կզարմանա և կհիանա՝ նկատելով, որ Նալբանդյանի թարգմանությունները, լիովին բնական հնչելով ռուսերեն, միաժամանակ  շատ մոտ են բնագրերին՝ ոչ թե բառացիությամբ, այլ՝ հնչերանգային առումով, պատկերավորությամբ, տրամադրությամբ, բարեհնչությամբ: Ահա «Աշնան երգ» բանաստեղծության  սկզբնական տողերը.

Ցրտահար, հողմավար

Դողացին մեղմաբար

Տերևները դեղին,

Պատեցին իմ ուղին…

Նալբանդյանի թարգմանությունը.

От первой метели

Сады облетели,

И стали стелиться

Мне под ноги листья.

Թարգմանությունը բառացի չէ: Սակայն գեղարվեստորեն համարժեք է բնագրին: Տողերը հմայում են ընթերցողին իրենց երաժշտականությամբ: Տերյանի պոեզիայի հենց այդ հատկանիշը առանձնացրել և գնահատել են  Հովհ. Թումանյանը և Ավ. Իսահակյանը՝ ընդգծելով, որ երիտասարդ Տերյանը ոչ թե շարունակեց իրենց ավանդույթները, այլ՝ ասաց իր նոր խոսքը:  Իսահակյանը  «Հավերժ սիրելի Տերյանը» հոդվածում  (1955)  գրում էր. «Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով  երգեց և՛ սերը, և՛ հայրենիքը, և՛ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՛ նյութը, և՛ լեզուն: Հայ բառերին կարծես երաժշտություն ներշնչեց… Նվագայնություն, բանաստեղծականություն՝ ահա նրա պոետիկայի էությունը»:

Պատահական չէ, որ Տերյանի տեքստերի վրա հայ կոմպոզիտորները երաժտություն են գրել, և այդ երգերը շատ սիրված են: Սակայն երբ մենք  կարդում ենք Տերյանի այդպիսի տողեր  Ա. Նանբանդյանի թարգմանությամբ՝

Приду к тебе, когда ты будешь одинока,

И тихий вечер осенит тебя крылом,

И все мечты твои умрут в груди до срока,

И все стремления останутся в былом…

Կամ ՝

Боль, что терзает сердце, – неизбывна.

О где ты?  Всё сильней моя тоска.

Звучит твой голос нежно и призывно,

А ты недостижимо далека…

և շատ ուրիշ տողեր և բանաստեղծություններ  այդ գրքույկից, թվում  է, որ    դրանք էլ կարող են դառնալ ռուսական  ռոմանսների խոսքեր…  Այդքան նրբորեն է վերստեղծել Ա. Նալբանդյանը  Վահան Տերյանի բանաստեղծությունների նվագայնությունը:

Թարգմանությունների ևս մեկ բնորոշ գիծը՝ ըստ հնարավորինս՝  բնագրերի  ձևի, ռիթմիկ-հնչերանգային նկարի համարժեք վերստեղծումն է, իհարկե, ոչ ի վնաս տեքստի բնական  հնչեղության: Տերյանը հարստացրեց հայ պոեզիան նոր չափերով, ռիթմերով, այնպիսի ձևերով, ինչպես գազել, տրիոլետ… Տերյանի  օգտագործած բանաստեղծական ձևերի հարստությունն ու բազմազանությունը մանրամասնորեն ներկայացված և բնութագրված  են  ակադեմիկոս Էդ. Ջրբաշյանի «Վահան Տերյանի տաղաչափական համակարգը» (1995) մենագրության մեջ: Եվ Նալբանդյանին  հաջողվում է,  վերստեղծելով բնագրերի ձևի էական գծերը, այդ թվում և հանգի տեսակները, չկորցնել տերյանական տողերի գաղափարագեղարվեստական, էմոցիոնալ ներգործությունը ռուս ընթերցողի վրա:  Դրա  վառ  օրինակներից  են  և իր  թարգմանությունները  «Երկիր Նաիրի»  շարքից:

Առաջին  համաշխարհային պատերազմի և Հայոց Մեծ  Եղեռնի տարիներին  գրված այդ շարքում բանաստեղծը, ինչպես ինքն է գրել Նվարդ Թումանյանին ուղղված նամակում (1914, դեկտեմբեր),  արտահայտել  է ««Նաիրյան» հոգու բարձր տառապանքը»: Եվ   այդ թարգմանություններում Նալբանդյանը վերստեղծել է  Տերյանի բանաստեղծական ձայնի ամբողջ բազմազանությունն ու մոդուլյացիաների հարստությունը՝ ոչ միայն լիրիզմը, նրբությունը, հոգու ջերմությունը, այլև  միաժամանակ  ինտոնացիաների խրոխտ հնչեղությունն ու  կարծրությունը: Ահա «Իջնում է գիշերն անգութ ու մթին…» բանաստեղծության ավարտական տունը.

Ուխտավոր  անդուլ, դարերի ժառանգ

Մի հեգ նաիրցի ՝ գնում եմ անկանգ. –

Թող գուժկան գիշերն ահասաստ դավե –

Որքան մութը սև ՝ այնքան ես համառ,

Երկնիր, իմ երկիր, հավատով անմար,

Սուրբ է քո ուղին և պսակըդ ՝ վեհ…

Իսկ ահա այդ տողերի՝ Նալբանդյանի  թարգմանությունը.

Наследником столетий, пилигримом

В стремлении иду необоримом.

Пусть силы зла пророчат мне конец , –

Чем непроглядней  мгла, тем я упорней.

Страна моя, зажгись надеждой горней –

Священен путь, прекрасен твой венец!

Այնպես որ՝ Ալբերտ Նալբանդյանի թարգմանությունների շնորհիվ ռուս ընթերցողը կարող է ընկալել Տերյանի քնարերգության բոլոր մոտիվներն ու տրամադրությունները՝ սկսած սիմվոլիստականից մինչև քաղաքացիական-հայրենասիրականը և տրամադրությունների արտացոլման բոլոր բնորոշ եղանակները:  Իսկ երկլեզու ընթերցողը դժվար թե գտնի իր թարգմանություններում ինչ-որ բառ կամ պատկեր, որը խորթ կթվա տերյանական պոեզիային: Եվ դրանում է այդ թարգմանությունների անվիճելի գեղարվեստական   մնայուն արժեքը: