Դո՛ւ անեզերք խաղաղություն,
Որ փարվեցիր լույսի պես,
Իբրև հոգուս՝ հոգուդ-անցում,
Լուռ մտքերով դեպի քեզ։
Ու ձանձրույթս փարատեցիր,
Ու խոհերս հասկացար,
Ու տենչանքս իմ ցանուցիր,
Ի մի բերիր ծայրեծայր:
Ավելին էր՝ քան խոստումդ
Հայացքիդ մեջ անարատ,
Արժե՛ր, արժե՛ր զուսպ խնդումդ՝
Իբրև փոխկանչ ու անավարտ։
***
Արեգակնա լույսը վկա,
Հանդերձանքով զառ ու շքեղ
Սեր էր կապել հենց ինձ վրա,
Ադամորդին ամենագեղ:
Երազիս մեջ փախա հեռու,
Փախա վազքով, որ չտեսնի՝
Ո՜նց եմ լացում՝ կանգնած հեռվում,
Որ գուրգուրեմ, թե որ հասնի:
Ա՜խ, երազ էր, եկավ ասի,
Սիրտդ քնքուշ ջերմին կարոտ՝
Թե մի՛ մեռիր դու անոթի,
Սիրո քաղցից դռներիս մոտ:
***
Զրույցս քեզ հետ շշունջ էր քամու,
Հազիվ լսելի, նույնիսկ թվացյալ,
Որ ունկդ թաքուն քամում էր, քամում,
Արդյոք ճի՞շտ էր սա, թե՞ խաբկանք դարձյալ:
Ոչինչ չասացի, սիրտդ գրկեցի,
Ու ինձ հետ տարա մի հեռու անձավ,
Ու քեզ պահեցի սրտիս մեջ գերի,
Մինչ նոր հանդիպում, սրտի՛ս սիրեցյալ:
Վախով ապրում են երկու սրտակից,
Համահունչ երկու բաբախյուն՝ շա՜տ ուշ,
Իրարից հեռու ու իրար դրկից,
Սիրո չլսված շշունջի վերհուշ:
Զրույցս քեզ հետ շշունջ էր քամու,
Հազիվ լսելի, ասես թվացյալ,
Թույլ խոստովանանք, ա՜խ, որի հանուն,
Քամին խոսք առավ, սրտի՛ս սիրեցյալ:
***
Եվ ինչների՞ս է պետք մեզ զգայարանը այն,
Որով ուրիշների մտքերն ենք մենք կարդում,
Որով տեղյակ ենք մենք ցանկությունից միայն,
Բայց սերը մեր քնած չենք բանեցնում արթուն:
Եվ ինչների՞ս է պետք մեր զգաստությունը ձիգ
Եվ սթափությունը՝ սառ հոգիներիս կառչած,
Երբ հարկավոր է մեզ մի արթնացման հրձիգ,
Կյանքում վերջին անգամ, որ չուշանանք հանկարծ:
Եվ ինչների՞ս է պետք այս խաղարկումը թե,
Էլ ինչ սիրազեղում գերեզմանի շեմին,
Երեկ այնտեղ տեսա երկու սիրող սրտեր,
Իրար սիրով տարված, հեռու մեր շիրիմից:
***
Փո՛ւյթ չէ, որ կյանքս տարել է շատը,
Հուշերս արթուն հիշեցնում են ինձ,
Սրտով եմ ապրել և՛ սեր, և՛ թախիծ,
Փո՛ւյթ չէ, որ կյանքս տարել է շատը:
Շատը հոսել է, քիչն է մնացել,
Փո՛ւյթ չէ, խաբվեցի ումո՜վ և ումի՜ց,
Ինչքա՜ն կորցրի ու գտա նորից,
Շատը հոսել է, քիչն է մնացել:
Փո՛ւյթ չէ, թե որքան երկար է կյանքդ,
Կարևորը փուչ բանից չտրտմես,
Քեզնից սեր ծնես, աշխարհով ցփնես,
Փո՛ւյթ չէ, կարճ, երկար սիրով տքնանքդ:
***
Մենք բոլորից առավել ուզեցինք մեռնե՛լ,
Բայց տեր աստված չլսեց թախանձանքը մեր,
Մենք ուզեցինք համրանա՛լ եզերքին այս սուրբ,
Բայց տեր աստված գողացավ շշուկները նուրբ:
Մենք ուզեցինք չսիրե՛լ, չտրվե՛լ սիրված,
Բայց ո՞վ թողեց մեզ հանգիստ անդորրին մերված,
Մենք ուզեցինք տառապե՛լ ստվերների ցավից,
Բայց քամին էր, որ քշեց Սև հեռաստանից:
Մենք ուզեցի՛նք….բայց ի՞նչ փույթ, ինչ ենք մենք ուզում,
Երբ կան անթիվ հրայրքներ ու սիրո հուզում:
էլ չենք ուզում մենք ոչի՛նչ այս կյանքից խելառ,
Բա՛ց թող, բա՛ց թող ղեկը քո՝ հիմա՛ր նավավար:
***
Միայնությունս այս,
Ինձ պարուրած գրկին,
Ինչպես վերջին հարգայց՝
Սիրեկանի նախկին:
Ինչպես փոշոտ մի լաթ՝
Հնոտիքից հանած,
Փաթաթեցի հանդարտ,
Որ մեջքս տաքանա:
Ու վայրկյանում արագ
Գլխի ընկա սառած,
Մաշված լաթով բարակ
Միայնությունն առա:
Հիմա թքած ունենք
Մենք աշխարհի եռքին,
Միայնություն երկու՝
Քայլում ենք մեջք մեջքի:
Ես՝ մարդեղեն, նա՝ ոչ,
Մահճում ամուսնական,
Ես չեմ կանչել անկոչ
Եվ ո՛չ մեկին այսքան, և կարոտո՛վ անգամ:
***
Աշխարհը ու մենք՝ դեմ դիմաց,
Ու կյանքը ողորկ է ու մեղկ,
Ճչո՜ւմ եմ, ապրի՛ր իմ կենաց,
Անհույս օրերի լույս սիրերգ:
Մենք դո՛ւրս ենք հաշվից նորընտիր,
Էլ չե՛ն սպասի մեզ՝ նրբանցքից,
Էլ չե՛ն համբուրի անխտիր,
Եկող – գնացող տարանցիկ:
Մենք դուրս ենք հաշվից, -ա՜խ ամո՛թ, –
Խեթում է վրադ մի պառավ,
Հենց նա՛, ով չառավ սիրո հոտ
Ե՛վ վարդից, և՛ մարդուց անառակ:
Ափսո՜ս ու ավա՜ղ եմ ճչում,
Ե՛վ նրան, և՛ ինձ, այս ջանքի՛ն,
Ո՛չ սեր, ո՛չ քնքշանք անրջուն,
Ջանադիր օրվա հաշվարկին:
Է՛լ երբեք չեն սպասի դարձիդ,
Է՛լ երբեք աչքերով չեն կանչի,
Աշխարհն է փոխվել մեծ քաղցի
Չեղարկված սերերի տենչից։
