ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԴՐՎԱԳՆԵՐ
ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅԻ ԳՐԱԽՈՍԱԿԱՆՆԵՐԻՑ
Նրա յուրաքանչյուր գործ ապրված տառապանք է՝ բյուրեղացած իբրև բանաստեղծական գեղեցկություն:
«Անմահության համանվագ» պոեմը հարուստ է բանաստեղծական բացառիկ գյուտերով: Բարքեր, սովորություններ, պարտադրված հանձնառություններ, կոշտ ու կոպիտ գործընթացներ ու համատարած գեղեցկություն, նկարեղեն պատկերներ և արևաբույր հայրենի եզերք:
…Այդ համատարած գեղեցկության մեջ թերություն նկատելը, մեղմ ասած, հավկուրություն է, իսկ ավելի ստույգ՝ մեծամտության սինդրոմով ախտահարված, ինչպես Օշականը կասեր, «Բանաստեղծից մեծ երևալու. սնափառություն»:
Շնորհակալություն, Տիգրա՛ն – պարգևած վայելքի համար:
ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ
***
…Բանաստեղծի իր կոչման, պոետների շարքում իր ունեցած առաքելության և նույն այդ առաքելության դժվարանցանելի ճանապարհի մասին առավել քան անմիջական ու տիպական պատկերներով է ներկայացրել հենց ինքը՝ Տիգրան Գրիգորյանը.
Ես պոետ չե՛մ…
Ես ներդաշնակ մա՜հն եմ կյանքի…
Կամ որ նո՛ւյնն է,
Եթե ասել՝
Թե արքա՛ն եմ պոետների: («Անտերության գահին»)
Ճշմարիտ պոետներն իսկապես իրենց միջով են անցկացնում կյանքի, մահվան ու անմահության գոյաձևերը՝ որպես մարդ անհատին անհրաժեշտ եռամիասնության պարտադիր պայման: Տիգրան Գրիգորյանի դեպքում՝ կյանքի հրով անցած են «Ես ներդաշնակ մահն եմ կյանքի» խոսքերը, ուստի, եռամիասնության մեջ գործող ներդաշնակության համաձայն՝ մահվանից հետո սկսվում է անմահությունը: Արքա պոետներին հասու ճանապարհ է սա, որի գահը ոչ թե գրասենյակներում կամ դահլիճներում է, այլ՝ «Երկնավորի» մոտ…
ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ
***
…Կարդալով «Հավիտենության ճանապարհին» ժողովածուն՝ գալիս ես համոզման, որ այն գրվել է Ակսել Բակունցին և Համո Սահյանին հարազատ միջավայրի ու հեղինակի ապրած ժամանակի հզոր ազդեցությամբ:
…Տիգրան Գրիգորյանն իր ներաշխարհում կրելով ոչ սովորական մարդուն՝ նրան անվանել է տիեզերաճեմ: Ընթերցելով «Ինչպես գտա ինձ» ենթավերնագիրը կրող շարքը՝ համոզվում ես, որ նա հենց այդ ոգեղեն ոլորտներում էլ գտել է իրեն:
Տիգրանի թարգմանած բոլոր գործերը և հատկապես «Սև մարդը» վստահաբար կարելի է դնել հայ թարգմանչական արվեստի լավագույն նմուշների կողքին:
ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ
ՑԱՎԱԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Արդարության ձայնն, անկասկա՛ծ,
Խենթությո՜ւնն է…
Դժբախտաբար,
Ո՛չ միշտ է նա կարողանում
Հասկանալի լեզվով խոսել:
ԱՎԵՏԻՍ
Նաև հասկացա, որ հայրենիքը
Նա է միշտ մարդու,
Որտեղ կարծես թե՝
երջանի՛կ էլ է
Մարդը հետմահու…
ՈՂԲԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Առաջին սե՛րս հավատի՜ ծով էր…
Որտեղ ապրեցին բոլո՜ր հույսերս…
Իսկ հետո՝ սերս մի փոթորի՛կ էր…
Որից փրկվեցին միա՜յն… հույզերս:
ԻՆՁ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՊՈԵՏ ՁԵՎԱՆԱԼ
Ես ի զորո՛ւ չեղա կարոտներով սնվել…
Տենչանքներից հյուսված
սո՜ւտ երազներ մանել…
Ցավն իմ երկինք հանած՝
էությա՛նս փարվել.
Խեղանդամվա՜ծ հույզի
խորհուրդներում թաղվել…
ՃԱՀՃԱՏԵՆԴ
Կյանքը՝ կեղծիքի ճարպիկ սովորույթ:
Ճշմարտությանը… առա՜ջ են տալիս:
Արդարությունը՝ թշվա՜ռ ավանդույթ,
Որ հոգեհացի՛ պահին է գալիս:
Սուտ հոլովույթն այս՝ զխտվո՜ղ ոչինչ է,
Խիղճը դահի՛ճ է, իսկ պատիվը՝ բի՛ճ…
Սերը մոլորվա՜ծ հավատի ճիչ է,
Իսկ համբերությունն՝ ուզվորի մահի՛ճ…
Լրիվ օտա՜ր մի խորթ երևույթ եմ…
Ոչ մեկի ցավը չի՜ հասնում սրտիս…
Ի՞նչ ես, Արարի՛չ, արել իմ գութը…
Մի՞թե կորե՜լ է… ցնդե՛լ է հոգիս:
Հեռո՛ւ ինձանից: Այս ի՞նչ արցունք է…
Մի՞թե աճյունս հողի՜ն են տալիս…
Կա՜նգ առ, սատանա՛:
Հոգի՛ս ինձ հետ է…
Աստղերն էլ անհո՜ւն
թախծից են լալիս…
Կյանքը՝ կեղծիքի մի կո՜ւռ սովորույթ:
Արդարությո՛ւնը շատ ուշ է գալիս:
Ճշմարտությունը՝ հորա՜ծ ավանդույթ՝
Հոգեհացին են բուռ-բուռ շաղ տալիս…
ԿԱՐՈՏԱԽՏ
Նվիրում եմ կնոջս՝ Անժելային
Քաղցրանո՜ւշ, լուռ գիշեր է լուսնոտ…
Գրգա՜նք է ծործորում աստղերից…
Էլի նույն խելա՜ռն եմ երազկոտ՝
Չի՛ փոխել այս կյանքն ինձ գեթ մի քիչ:
Ինձ գգվող կարոտնե՜րը կանանց
Հուլացած իմ հոգին բարուրել,
Ուզում են համոզել, որ իրենց
Հմա՜յքն է այս կյանքը հորինել…
Փաղաքուշ հույզերի՜ց մանկացած
Ու, ասես, անտեղյակ փորձանքին՝
Պատրաստ եմ վերստին խենթացած
Հավատալ սե՜ր կոչված պատրանքին…
Աստղազա՛րդ, լո՜ւյս գիշեր է լուսնոտ…
Ախ, ո՜ւր էր՝ միշտ մանուկ մնայի՝
Աստծո չափ գթառա՜տ ու սրտոտ,
Սրբի չափ միամի՛տ լինեի…
ՈՐԴՈՒՍ
Իմ աստղահա՛մ բալիկ,
Իմ հույսերի գալիք,
Ճշմարտության իմ հուն…
Տիեզերքի իմ տո՛ւն:
Դու՝ իմ արյան մորմո՛ք,
Իմ կենդանի ցնորք,
Ողջ իղձերս պահած՝
Հրաշագեղ իմ Տո՛րք:
Ես՝ երբեմն գծուծ,
Անտանելի մի այր,
Դու ինձ որդի՛ եղար,
Նաև եղար ինձ հայր…
Արարչական իմ դո՛ղ,
Ամենամե՜ծ իմ տող,
Անմահության իմ բո՛ւն,
Հավերժության իմ հող…
Իմ սրբությո՛ւն սրբոց,
Սիրո իմ ե՜րգ երգոց,
Իմ գորովանք ու գո՛ւթ…
Ու իմ Գլուխգործոց:
* * *
Նվիրում եմ Ֆելիքս Բախչինյանին
Ոչ մի գո՛ւթ… Ոչ մի կա՜նչ… Ո՛չ մի իղձ…
Քա՛վ լիցի… Քանի՞ մեկ մոլորվեմ…
Հերի՜ք է, սի՛րտ կոչված, խղճա՛ ինձ…
Թո՛ղ մի քիչ ապրելը սովորեմ…
Խեղճ հոգի՛ս թող մի քիչ ուշքի գա…
Թող նորից հույսե՜րս օրորեմ…
Ու հաճախ` թող թվա՛մ բացակա…
Միա՜յն թե ապրելը սովորեմ…
ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ԱՂԵՐՍ
Ցերեկը՝ լո՛ւյս լինի,
Երեկոն՝ հո՛ւյս լինի,
Գիշերը՝ կա՜նչ…
Քեզ ականջ դնո՛ղ լինի,
Աստղադո՜ղ… ու հող լինի.
Բի՜լ անրջանք…
Հոգիդ անքե՛ն լինի,
Հավատդ շե՜ն լինի,
Կյանքդ՝ հորձանք…
* * *
Ես սիրո հոգնակի ձևերը ժխտում եմ՝
Անսահման երանի տալով
միշտ ողջ նրանց,
Ովքեր այս օրերի
խունացած թախծի մեջ
Պատրա՜ստ են նոր
սիրո պատրանքից խենթանալ…
* * *
Ճակատագիրս անչափ վաղ ծռվեց…
Փողոցը դարձավ իմ բախտի հունը…
Ու հոգիս այնքա՜ն մենակ դեգերեց,
Որ տիեզերքը դարձավ իր տունը…