Ֆոլիկ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
Ֆոլիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ծննդյան 90-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

Չարենց-Նամե
Որքան ըմբոստ ու ցասկոտ,
Այնքան խոնարհ, մարդամոտ,
Որքան տենդոտ, մոլեգին,
Այնքան պարզ ու անմեկին:
Կա՞ր բանաստեղծ իմ երկրում՝
Այսքան վսեմ ու տխուր,
Քեզ՝ մերօրյա Խաչատուր,
Որտե՞ղ փնտրեմ, ո՞ւր ես, ո՞ւր։
Դու ժողովուրդ, դու՝ անհատ,
Այսքան հայտնի ու… անհա՞յտ,
Դու՝ մեր անմեռ հոգեհայր,
Քեզ ո՞ւր տարան, որ… չեկար:

Մենք
Մենք Նոյի հետ որդիաբար
Ցամաք իջանք առաջինը,
Մասիսների գմբեթի տակ
Տուն շինեցինք առաջինը:
Բերք ու բարիք արարեցինք
Շատերի մեջ առաջինը,
Նենգ Բելի դեմ ըմբոստացանք
Ու հաղթեցինք առաջինը:
Մենք Հիսուսի սուրբ ծնունդը
Ողջունեցինք առաջինը,
Նարեկացին Աստծո հետ
Զրույց բացեց առաջինը:
Մոլորակի երթն անտես
Մենք հասկացանք առաջինը,
(Ինչո՞ւ իրար չհասկացանք,
Ափսոս, նորից առաջինը):
Ցավ ու դավի որոգայթում
Խճճվեցինք առաջինը,
Եվ զոհերի սուրբ սեղանին
Հայտնվեցինք առաջինը:
Թիթեռների պես Փարվանա՝
Հուր ենք փնտրում առաջինը,
Կրակվում ենք բոցերի մեջ,
Վահագնանում առաջինը:
Բարեկամին թե օտարին
Ձեռք ենք մեկնել առաջինը,
Չար ու բարու մարտադաշտում
Մարդացել ենք առաջինը:

Հայրենի գյուղ
Թեև եղել եմ քաղաքներում մեծ,
Նրանց շառաչուն հևքով եմ հարբել,
Բայց ինչ թաքցնեմ, ասում եմ անկեղծ.
Ինձ քո զովաշունչ սարերն են կանչել:
Երբ լողացել եմ շոգին ամռան
Օտար գետերում՝ խոր ու լայնահուն,
Ինձ գիրկն է կանչել ձայնով անվարան
Սարերիդ դստրիկ գետակդ անանուն:
Զբոսնել եմ երբ զով այգիներում,
Ծառուղիներում՝ ճոխ ու գեղեցիկ,
Ինձ հով են արել ամեն մի քայլում
Քո բարդիները՝ դալար, սլացիկ:
Դե՛, աղջիկներ եմ տեսել նազելի,
Հրապուրվել եմ նրանցով հանկարծ,
Բայց թե չեմ գերվել, պաշտել եմ էլի
Քո աղջիկներին՝ պարզ ու ամոթխած:
Ահա թե ինչու, գյո՛ւղ իմ հայրենի,
Ես ուր էլ լինեմ, դեպ քեզ եմ վազում,
Ինչ հոգ, որ չկա քարե անունդ
Աշխարհին նայող նախշուն քարտեզում:

Եկե՛ք
Դուք, իմ գյուղից հեռու ապրող
Լա՛վ մարդիկ,
Թե ձեզ մի օր նեղացնի
Ինչ-որ մեկը նենգամիտ,
Եկեք-տանեմ գագաթները
Իմ զովասուն սարերի:
Կզրուցեք, կուրախանաք
Սարվորի հետ սրտաբաց,
Հետո կուզեք հյուր մնացեք,
Կուզեք՝ նորից իջեք ցած:
Սարում ապրող իմ այս մարդիկ
Միշտ անկեղծ են ու բարի,
Նրանց սրտից ձեր սրտերի
Ցավը, անշուշտ, կմարի,
Կհամոզվեք, որ աշխարհում
Դեռ մարդիկ կան անթերի:

Հովվական երգ
Ոչխարներն իմ անմեղ
Քշեմ սարերը ծանոթ,
Կարոտել են ինձ այնտեղ
Վայրի ծաղիկ, կանաչ խոտ:
Երեկո ու առավոտ,
Բերեմ հոտս դեպի կիթ,
Տեսնեմ ոտքերը շաղոտ
Այն աղջկան՝ սարի վիթ:
Չթե գոգնոցը հագին՝
Գա կթելու ծաղկի կաթ,
Հենված ընկեր-մահակին՝
Նայեմ աչքին՝ իր սև սաթ:
Իսկ գիշերները կապույտ
Այն աչքերը հոգուս մեջ՝
Վառեմ սիրո թեժ խարույկ,
Փչեմ շվիս սիրատենչ:

Հնձած արտը
Հնձած արտը նիրհել է լուռ,
Չի սվսվում էլ զեփյուռից,
Չկա, սակայն, սրտում մրմուռ՝
Քաղված, տարված իր հասկերից:
Չէ՞, հասկերը մարդը տարավ՝
Հեզ մշակը բերրի արտի,
Արտի սրտում չկա էլ ցավ,
Մարեց պարտքը հպարտ սրտի:
…Երնեկ ես էլ այս արտի պես
Մարդկանց տայի երգեր ու ասք,
Շռայլեի բերքերս այնպես,
Որ չմնար ինձ ոչ մի հասկ:
Չէ՛: Թող ինձ մնա գոնե մի հասկ
Այդ ոսկեվարս, գանգուր արտից,
Որ գարնան հետ նորից բերեմ,
Արտն ու երգս հասկավորեմ…

***
Խի՛ղճ իմ, խի՛ղճ իմ,
Մնա այսպես
Քո կոչումին հավատարիմ:
Սրտիս շեմին այնպես հսկիր,
Որ փոքրոգի խոհերն օտար
Ներս չխուժեն անանցագիր:
Դու ինձ գիտես, մարդ եմ, էլի՛,
Հարկ է լինում նաև քնել,
Բայց քեզ քնել չի՛ կարելի:
Զգո՛ն, զգո՛ւյշ հերթապահիր,
Որ ինչքան էլ տարիքս աճի,
Քանի դեռ կամ այս աշխարհում,
Չհանդիպեմ քնած խղճի:

Կանանց
Դուք՝ մայր, դուք՝ քույր, դուք՝ սիրած,
Այս մարդկային աշխարհում
Դուք և՛ մարդ եք, և՛ աստված:
Ա՛խ, ձեր մասին, ձեր մասին
Այնքան երգեր են ասված…
Դուք՝ պարզապես, տիեզերք,
Դուք՝ աստծո ստեղծած,
Որ ձեզ մի օր ստեղծեց,
Ինքն էլ մնաց զարմացած:

Իմանայի…
Իմանայի աշխարհն այս էր,
Կմնայի մորս մեջ,
Իբր եկա, որ ամոքեմ
Հազարահոգս մորս խեղճ:

Մինչ որբության դարուփոսից
Կյանքի ճամփա ես գտա,
Շուրջս կարծես ամայացավ,
Տեսա՝ մայրս էլ չկա:

Անխոս ցավից մոլորվեցի
Ճամփաների հանգույցում,
Չհասցրի մորս հասցնել
Գոնե մի բուռ հատուցում:

Իմանայի վերջն այս էր,
Կմնայի մորս մեջ,
Իբր եկա, իմ արևով
Ջերմացնեմ մորս խեղճ…

Թե ուզում եք…
Թե ուզում եք ձեր աչքերում
Մարդիկ բարին տեսնեն սրտանց,
Մի՛ մոռացեք այս աշխարհում
Մո՛ր աչքերով նայել մարդկանց:

Թե ուզում եք ձեր սրտերում
Բույն չդնի չարը հանկարծ,
Մի՛ մոռացեք այս աշխարհում
Մո՛ր մեծ սրտով զգալ մարդկանց:

Թե մի օր էլ պետք գա մի տեղ
Սփոփելու մեկին լացով,
Ապաքինեք ամենադեղ
Մոր ծով սրտից քամված լացով:

Հրաշք լիներ
Հրաշք լիներ, որ մի օր
Այս աշխարհի տիրակալները բոլոր
Ցած իջնեին իրենց գահից մեղսավոր
Ու մայրերին, լոկ մայրերին կարգեին
Մեր տառապած մոլորակին թագավոր:

Թե կատարվի այս հրաշքը զորավոր,
Եվ մայրական խի՛ղճը դառնա թագավոր,
Էլ աշխարհում պատերազմներ չեն լինի,
Որդեկորույս մայր ու հայրեր չեն լինի:
Դուք՝ չարագործ տիրակալներ հին ու նոր,
Ձեզ էլ, ա՛խր, մայր է ծնել ինչ-որ օր,
Էլ ինչո՞ւ եք սանձազերծում կռիվներ,
Կյանքն իզուր դարձնում գեհեն ահավոր:
Օրոր
Դրսում կապտավուն գիշերն է մնջել,
Պարուրել շուրջը թափանցիկ քողով,
Թռչուն ու ծաղիկ լռել են, քնել,
Կեսգիշերային անտարբեր քնով:

Լոկ հարևանիս ջահել հարկի տակ,
Որպես ժամապահ դեռ լույսն է հսկում,
Ու նորածինը այս շեն հարկի տակ
Մինչև ուշ գիշեր լալիս է, ճչում:

Օրոր է ասում մայրը սիրասուն,
Մանկան ձայները տանում անտրտունջ,
Մինչև բալիկը, բալիկն անքուն
Թողնում է լացը, քնում անմրմունջ:

Քնե՞լ է արդեն… Թող խաղաղ քնի՝
Վաղվա գալիքը հոգում անթեղած,
Մինչդեռ մայրիկը՝ ականջը ձայնի,
Նիրհում է՝ գլուխն օրոցքին հենած:

…Ո՞ւմ չես կախարդել, մայրակա՛ն օրոր,
Մայրական հայացք՝ միշտ նուրբ ու անեղծ,
Քո մեջ են ապրում սերերը բոլոր,
Դու՝ տաղանդավոր, անտիպ բանաստեղծ:

Նկարիչը
Ցանկացավ մի օր նկարիչը ծեր
Վրձին ու ներկով խիղճը նկարել:
Նկարը տևեց օրեր, տարիներ,
Ու վերջում տեսավ… կին է նկարել:

Քնքշությունն ուզեց վրձնել,
Նրբին գույներով նկարեց անվերջ,
Երբ հեռվից նորից նկարին նայեց…
Մի կնոջ պատկեր տեսավ նրա մեջ:

Խաղաղություն ու արև նկարեց,
Երգն ու հույզը վրձնեց սիրով,
Բայց ահա նորից, ինչ-որ հրաշքով
Ողջը դուրս եկավ կնոջ կերպարով:

Բազմեց աթոռին, խորհեց նա երկար,
Գաղտնիքի մասին դիմեց գույներին…
…Կապույտ շորերով նկարից իջավ
Մանուկ օրերի իր ընկերուհին:

Կառամատույցի գնչուհուն
Դի՛ր, գնչուհի՛, ձեռքս ափիդ,
Գուշակիր բախտս անփույթ,
Կարևոր չէ՝ խոսքերիդ
Ո՞րն է ճիշտը, որը՝ սուտ:

Կյանքիս գիրքն անշտապ
Թերթի՛ր զգույշ, էջ առ էջ,
Ձեռքս անխոս թող մնա,
Երկար մնա ափիդ մեջ:

Ես էլ բախտդ գուշակեմ
Աչքերիդ մեջ կանացի,
Գուցե գտնեմ պատասխան՝
Անպատասխան մի հարցի…

– Քեզ սիրո՞ւմ է մի Ուրիշ,
Դու սիրում ես Ուրիշին,
Քո սիրելի Ուրիշին
Տիրելու է մի Ուրիշ…

Սիրո խրթին ճամփեքին
Ե՞րբ է եղել ուղենիշ,
Ավա՜ղ, չկա, գնչուհի,
Սիրո արդար չափանիշ…