Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՄԽԻԹԱՐԱՆՔ ԸՍՏ ԳՈՇԻ

Վերջերս համահայկական ֆորումի գրական հարթակի հյուր, մոսկվացի իրավաբան և գրող Ռուբեն Մարկարյանն ինձ նվիրեց Մխիթար Գոշի առակների իր թարգմանությամբ ռուսերեն գիրքը։
Ընթերցելով՝ ես կրկին ըմբռնեցի այն պարզ իմաստը, որ դարերի փոշին անհնար է ծածկի գրողի անմեռ խորհուրդը՝ պարփակված գրի սուղ տողերում, դա առակ լինի կամ թե բանաստեղծություն։ Եվ գիրքը 10 կամ 20 դար հետո էլ մարդկանց փոխանցում է իր լույսը և ամեն ժամանակ արդիական է թվում։ Հիշենք նաև, որ Գոշը աստվածաբան էր, սրբազան, գրել է «Դատաստանագիրք» և Երևանի Մատենադարանի բարձունքից արձանացած, ձեռքերն իր գրքին դրած՝ ցուցանում է բոլորիս, ապա և ջրին ու հրին, լինել օրինական, առաջնային օրենքի կարգով՝ ամբարիշտ, իրենց մեջ և ուրիշների դեմ կռիվ ունեցողները՝ իշխան լինեն թե ռամիկ, ընդունեն՝ Տեր Արքա Աստվածն է դատավորը։ Ապա այդպես է Աստծո արարածի ցանկալի բնույթը։
Ծառի բունը իրեն եղջյուրներով զարկող ոչխարին հորդորում է՝ մի՛ վնասիր քեզ։
Այս առակաց ժողովածուն հարկ է, որ կարդան ռուս և ուկրաինացի դաժան, եղբայրասպան կռվազանները, կռիվ հունցող եվրոպացի պաշտոնյաները, Մերձավոր Արևելքում դարավոր պայքարից չհոգնած ազգերը, անշահախնդիր, ուրիշների մարտերից հանածո և հող հայթայթողները։
Պատերազմ և պատարագ բառերն իրար հետ չշփոթել, ատելությունն ու մեղքը չեն վերածվի սիրո, որքան էլ գրաբար, երգեցիկ, ոսկեղենիկ հայերենով աղոթենք, հաճախ լուռ, դարավոր կամարների ու խաչափառ գմբեթի հետ ներքին զրույցով ենք հասնում համասփյուռ սիրո։
Առաջին հերթին Մխիթար Գոշը Մատենադարանից քարեղեն, ուղիղ կեցվածքով մեզ է հուշում՝ եկեղեցականներն, իրար ծվատելով, մեր հինավուրց, Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցուն են հալածում։
Օրինապահ, օրինապաշտ իշխանավորներին հորդորում է քար չնետել Օրենքի անիվների տակ։
Դատաիրավական մեր աշխարհը, եթե ցանկանա, կարող է թերթել բազալտե «Դատաստանագիրքը», և Գոշը, վստահ եմ, նրանց հետ եղբայրաբար կմրմնջա, ձեռքը կդնի նրանց գլխին ու ուսերին, ինչպես Ռեմբրանդտի անառակ որդու հայրը։
Եվ դու, Գրող, ժամանակի մատաղացու աղալեզ, ինքդ դաս մի՛ տուր, իբրև այն ծառը, ինքնակեզ մի առակ գրի՛ր քո իսկ անառակության ապաշխարանք։
Կարո՞ղ ես լինել միաժամանակ և՛ բանաստեղծ, և՛ իրավաբան, և՛ սրբազան, և՛ աստվածաբան, և՛ հաշտարար դատախազ, և՛ Մատենադարանի բարձունքից աչեղ հետևող մշտարթուն քարարձան։ Հիշի՛ր, քո քանքարը քարից կարծր և հարատև կլինի, եթե…
Սրա պատասխանը ես չունեմ, ներիր, Տե՛ր, եթե-ով կասկածանոք եմ բարբառում, առայժմ անձս վերին ճշմարտության վճիռ չի կայացնում, և չեմ էլ կարող, կարող եմ լոկ ասել՝ ժողովուրդն ինքն իրեն հարկ է չտրոհի տարատեսակ ժողովուրդ կոչված խմբերի։
Արքան և Դատավորը Դու ես։