Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆ / Հայ գրականությունն այսօր, խնդիրներն ու դրանց հաղթահարման ճանապարհները*

 

XXI դարը արագության, տեխնոլոգիայի դարաշրջան լինելուց բացի, կարելի է անվանել նաև հոգևոր արժեքների կորստի ժամանակաշրջան: Բայց ինչպես և բոլոր ժամանակներում, գիրքը դեպի մարդ տանող ճանապարհն է: Գիրքը մարդու փնտրտուքն է: Ինչքան աշխարհը փոքրանում է՝ շնորհիվ տեխնոլոգիաների, այնքան դժվար է գտնել ու տեսնել մարդուն այդ սահմանափակ տարածքում, որ ժամ առ ժամ կծկվում ու փոքրանում է:
Ի՞նչ է կարդում աշխարհը, ի՞նչն է պահանջված:
Աշխարհը գնում է դեպի արձակ, դեպի վեպ, վիպական տարածք: Հայ հեղինակները վերջին տարիներին ևս շատ հաճախ անդրադառնում են վեպի ժանրին: Այսպիսով՝ հաճախ փոքր արձակի ժանրից անցում են կատարում դեպի ավելի մեծ տարածություն՝ գերապատվություն են տալիս վեպին, որ ենթադրաբար պիտի լուծի որոշակի գեղարվեստական խնդիրներ, նաև, հաջողելու դեպքում՝ որոշակի ճանաչում բերի հեղինակին թե´ հայկական գրաշուկայում, թե´ ոչ հայալեզու ընթերցողներին ներկայանալու հնարավորություն ունենա (քանի որ վեպի՝ թարգմանվելու հնարավորությունն ու հավանականությունն ավելի մեծ է, քան գրական այլ ձևերինը):
Արձակը գերիշխող ժանրն է այսօր: Ինչո՞ւ է առաջատար։
Հրատարակչական շուկայի տեսակետից՝ արձակն է ամենավաճառվողը։ Վեպերը, նովելները, միկրո-նովելները (flash fiction) կազմում են գրքերի շուկայի ավելի քան 70 %-ը։ Ընթերցողներն ավելի շատ պատմություն են ուզում կարդալ, ոչ թե ձևական լեզվական փորձ (ինչը բնորոշ է չափածոյին)։ Արձակն ապահովում է ժանրերի բազմազանություն, այսպես՝ վեպի մեջ այսօր խառնվում են գիտաֆանտաստիկան, սոցիալական դրաման, միստիկան, ինքնակենսագրությունը, էսսեն… գրեթե ամեն ինչ։ Արձակը թեմատիկ բազմազանություն է ապահովում նաև. կարող է անդրադառնալ սոցիալական, քաղաքական, հոգեբանական, թեմաներին՝ առանց չափածո ձևի սահմանափակումների։
Հետաքրքիր և ոչ անկարևոր փաստ է նաև «Նոբելյան միտումը». վերջին տասնամյակում գրեթե բոլոր Նոբելյան մրցանակակիրները արձակագիրներ են կամ արձակի և դրամատուրգիայի ժանրում՝ զուգահեռաբար ստեղծագործողներ։
(Բացառություն են՝ Լուիզ Գլյուկը՝ բանաստեղծ, և Բոբ Դիլանը՝ երգերի հեղինակ։)
Չափածոն (բանաստեղծություն) վերափոխման, վերաիմաստավորման փուլում է:
Սոցիալական մեդիան (օր.՝ Instagram poetry, TikTok poetry) նոր հետաքրքրություն է բերել բանաստեղծության հանդեպ: Այսպես կոչված “insta-poetry” ձևաչափը հասանելի է լայն ընթերցողին՝ ոչ ակադեմիական լեզվով։ Դա ոչ միանշանակ է ընդունվում դասական բանաստեղծության ու տաղաչափության համակիրների կողմից: Բանաստեղծությունը եղել է, կա որպես բողոքի, ինքնության, ազատության խոսք, դրան զուգահեռ՝ իր մատուցման մեջ վերափոխվում է փերֆորմանսի (spoken word, slam poetry, performative reading)՝ վերածվելով բեմական ձևի։ Ասպարեզ են գալիս նոր անուններ, որ բերում են նոր լեզվամտածողություն, չափածոն հաճախ խառնվում է արձակին՝ ձևավորելով «պոետիկ արձակ» եզրույթը:
Հայ պոետները ևս արձագանքում են այս միտումներին, ինչը արտացոլվում է նրանց ստեղծագործության մեջ, սակայն, ի տարբերություն արձակագիրների, բանաստեղծները շատ ավելի քիչ հնարավորություններ են ունենում թարգմանվելու՝ պայմանավորված թե՛ թարգմանական բարդությունների հետ, թե՛ վերոնշյալ հանգամանքից ելնելով (չափածոն չի վաճառվում այսօր, ուստի, մեծ հաշվով, հետաքրքիր չէ գրահրատարակչին):
«Արդյոք աշխարհը ճանաչո՞ւմ է հայ հեղինակին» հարցադրումը սկսենք մեզնից. արդյոք ճանաչո՞ւմ ենք մեր կողքին ապրող հեղինակներին:
Մենք ունենք ասելիք աշխարհին, այդ ասելիքը մեր մասին է՝ մեր փոքրիկ երկրի ու յուրաքանչյուրիս փոքր ու մեծ պատմությունների մասին է, որ կարող է հուզել աշխարհին: Մենք ունենք հրաշալի տաղանդավոր հեղինակներ՝ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից: Ցավոք, աշխարհը չի ճանաչում նրանց: Բայց մինչ աշխարհին ներկայանալը եկեք հասկանանք, մենք մեզ ճանաչո՞ւմ ենք, ինչպե՞ս անենք, որպեսզի շնորհալի հեղինակները նկատվեն, տեսանելի դառնան:
Այսօր ինֆորմացիոն այնպիսի բազմազանություն է և այնպիսի ժամանակաշրջան, որ հաճախ բարձր գոռացողը կամ աննկուն ինքնագովազդվողը մի քանի անգամ ավելի արագ է նկատվում, տպագրվում, անգամ՝ թարգմանվում… Միշտ չէ, որ տաղանդավոր հեղինակը նաև տաղանդավոր բլոգեր է կամ պիտի լինի այդպիսին, ու տվյալ դեպքում գրական դաշտի մյուս օղակները պիտի օգնության գան, նրան՝ նրա ստեղծագործությունը տեսանելի դարձնելու համար: Հակառակ դեպքում տաղանդը միշտ կուլ է գնալու պայքարող աննահանջ միջակությանը:
Վերջին տասը տարիների ընթացքում փորձում եմ ուժերիս ներածին չափով և իմ հնարավորության սահմաններում այդ կամուրջը ստեղծել հեղինակի ու ընթերցողի միջև. առցանց «Մշակութային Փազլ» հարթակում մոտ հարյուրի հասնող զրույցների միջոցով ներկայացրել ու ներկայացնում եմ հայ ընթերցողին նոր հրատարակվող գրքերը, ժամանակակից հեղինակներին, մարդկանց փորձում ուղղորդել դեպի գիրքը: Ի վերջո, մենք հենց ընթեցողի կարիքն ունենք ամենից առաջ: Այս ընթացքում ցավով նկատել եմ, որ մենք չենք կարողանում (կամ չենք ուզում) տեսնել դիմացինին, մեր կողքին ապրող մյուս՝ գուցե շատ տաղանդավոր և ներուժ ունեցող հեղինակին, քանի դեռ շատ կենտրոնացած ենք մեր և միայն մեր հաջողության հասնելու գործընթացի վրա, որ մեզնից չափազանց ժամանակ ու ռեսուրս է խլում: Սա նաև մեր փոքրաթիվ ազգ լինելու գործոնով է պայմանավորված, կարծում եմ:
Պատճառները շատ են և խորքային, արժե մտորել դրանց շուրջ:
Այսօր ունենք գրական մամուլի պակասություն՝ գործող մի քանի անուն թերթ, ամսագիր, ինչպես՝ «Գրական թերթ», «Գրեթերթ», «Կայարան», «Նորք», գրական առցանց կայքեր՝ «Գրանիշ», «Գրողուցավ»: Այս քիչ քանակի դեպքում անգամ ունենք տպագիր և առցանց փակվող կայքեր՝ «Անդին», «Մշակութային հրապարակ» (հավելված)…
Տպագիր գրական մամուլի դեպքում հաճախ ամիսներ անց են արվում առցանց տեղադրումները, առցանց հարթակներում կան տեխնիկական սպասարկման բացեր, որոնց պատճառով հաճախակի հայկական առցանց այս կամ այն կայքն անհասանելի է դառնում: Այդպիսով՝ Հայաստանում և արտերկրում ապրող ընթերցողը զրկվում է գրական մամուլին առցանց հետևելու հնարավորությունից: Իսկ գրական մամուլը գրական դաշտի համայնապատկերն է:
Մանկագրության դաշտում վիճակն ավելի տխուր է: Մանկապատանեկան գրական հարթակներն անուշադրության են մատնված կամ առհասարակ վտանգված է նրանց լինելիությունը՝ «Ծիծեռնակ» (Անուշ Վարդանյան) – տպագրվում է, «Աղբյուր» (Թադևոս Տոնոյան) – տպագրվում է ոչ կայուն պարբերականությամբ՝ բարերարների աջակցությամբ, «Հասկեր» (Սուսաննա Հարությունյան) – կայքը այս պահին անհասանելի է՝ ֆինանսական աջակցության բացակայության պատճառով:
Դեռ չունենք համակարգված և կայացած գրող-հրատարակիչ-գրական գործակալություն համակարգ: Կա դրական շարժ, անշուշտ, գործող մի քանի գործակալություն, որ հնարավորինը անում են դեպի հայկական գրաշուկա արտերկրի հրատարակիչներին բերելու և հայ հեղինակին դրսում ներկայացնելու համար, բայց դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու այս ասպարեզում:
Գրական մրցույթներն ու մրցանակաբաշխությունները պիտի կոչված լինեն բացահայտելու նոր անուններ՝ իհարկե, նաև չանտեսելով վաստակաշատ հեղինակներին: Բայց պիտի լինի հստակ քաղաքականություն՝ ոգևորելու, նկատելու շնորհալիներին, որոնք վաղը կարող են ըստ արժանվույն ներկայացնել հայ գրականությունը միջազգային հարթակներում:
Այդպիսի նախաձեռնությունները պիտի ամեն կերպ խրասխուսվեն, լուսաբանվեն, ինչը ոչ միայն կնպաստի հեղինակների «տեսանելիությանը», այլ նաև առողջ մրցակցության հնարավոր ուղիներ կբացի, ինչի կարիքը շատ կա այսօր: Պիտի թե՛ պետական, թե՛ մասնավոր (հովանավորչական) հիմունքներով մրցույթները շատանան, այստեղ նաև հնարավորինս ներգրավվեն հայ համայնքները, գրականության հանրահռչակմամբ հետաքրքրված մեկենասները:
Ինքս այսպիսի նախաձեռնություններից մեկի՝ «Տոնապետ» գրական մրցույթի ժյուրիի անդամ եմ:
Տոնապետ գրական մրցույթը, որ փոքր արձակի՝ պատմվածքի ժանրի խթանմանն է ուղղված, գործում է արդեն երեք տարի և բացի երեք հիմնական մրցանակային տեղերից, ունի մինչև 25 տարեկան երիտասարդների համար – երիտասարդական մրցանակ: Մրցույթի հայտագրումը այս պահին շարունակվում է, մինչև 2026 թ. հունվարի 31 կարող են դիմել հայերեն ստեղծագործող հեղինակները: Ողջունելի է, և սպասված են նաև արևմտահայերենով ստեղծագործությունները, քանի որ գնալով պակասում են արևմտահայերեն ստեղծագործող հայ հեղինակները:

Թարգմանություններ հայերենից դեպի այլ լեզուներ. իմ դիտարկումները վերաբերում են Իսպանիային ու իսպաներենին, գուցե մյուս երկրների դեպքում այլ՝ ավելի հուսադրող պատկեր կլինի:
Չնայած իսպաներենն աշխարհում ամենամեծ աշխարհագրությամբ և թվով ընթերցող ունեցող լեզուներից է (500 միլիոն մարդ խոսում ու կարդում է իսպաներեն), մեր թարգմանությունները դեպի իսպաներեն ոչ թե քիչ են, այլ՝ մատների վրա կարելի է հաշվել:
2024 թ. Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի հայագիտական ամբիոնի հետ համատեղ՝ հայ մշակույթի մասին դասախոսությանը և կլոր սեղանին նախորդող ամիսների ընթացքում ուսումնասիրում էի ու փորձում գտնել իսպաներեն թարգմանված և եվրոպական գրաշուկայում, գրադարաններում, առցանց կայքերում առկա հայ գեղարվեստական գրականությունը: Ուսումնասիրությանս արդյունքում ցավալիորեն շատ տխուր փաստեր պարզ դարձան. ունենք հատուկենտ հեղինակներ, որ թարգմանվել են իսպաներեն:
Առկա թարգմանված hայ գրականությունը՝ իսպաներեն.
Լևոն Խեչոյան, Հովհաննես Երանյան- “El alambre no se percibia entre la hierba”, պատմվածքների ժողովածու (թարգմանիչ՝ Ալիս Տեր-Ղևոնդյան), Մերի Սուքիասյանի թարգմանությունները Չարենցի պոեզիայից, Թումանյանի հեքիաթները՝ Հասմիկ Բաղդասարյանի թարգմանությամբ, «Ժամանակակից հայ արձակ»` “La aldea escondida”. Սուսաննա Հարությունյանի՝ «Ագռավները Նոյից առաջ» (թարգմանիչ` Վարդան Մաթեոսյան), «Հայ գրականության անթոլոգիան» (թարգմանիչ՝ Անի Խաչատրյան, Բարսելոնա), Րաֆֆու «Կայծերը» (թարգմանիչ՝ Բերգ Աջեմյան), «Լեզուն նաև հրդեհ է» բանաստեղծական անթոլոգիան (թարգմանիչ՝ Ալիս Տեր-Ղևոնդյան, Երևան), Սլավի Ավիկ Հարությունյանի բանաստեղծական ժողովածուները (թարգմանիչ՝ Նարինե Այվազյան)։ Դանիել Վարուժանի բանաստեղծությունների «Կարմիր հողը» անթոլոգիա (թարգմանիչ` Մարիա Հովհաննեսյան, Մարիա Անխելս Անգլադա)։
Հայերենից դեպի այլ լեզու որակյալ թարգմանություն ունենալու համար մենք պիտի լեզվակիրներ ունենանք, որ մայրենիի մակարդակով տիրապետի տվյալ լեզվին, այս դեպքում՝ իսպաներենին, հրատարակչություններ, որ հետաքրքրված են հայ գրականությամբ, գործակալներ, որ կապահովեն այս կապը ու կդառնան կամուրջ գրողի ու այդ հրատարկչության միջև: Այս պահին մենք ունենք բազմաթիվ թարգմանություններ իսպաներենից դեպի հայերեն, բայց հակառակը շատ աղքատիկ է դեռ: Հուսամ, պատկերը առաջիկայում կփոխվի:

Թարգմանական ծրագրեր և թարգմանված գրքերի
ճակատագիրը՝ առաջ և հիմա
Վերջին երեսուն տարիների ընթացքում արված թարգմանությունների մեծ մասը տվյալ երկրի հայկական համայնքների տարածությունից դուրս չի եկել, ցավոք, մնացել է համայնքի ներսում: Վերջին մի քանի տարիներին ընդամենը հայ գիրքը սկսել է ներկայացվել միջազգային գրական ցուցահանդես-վաճառքներում և գրքի փառատոններին: Պետական մշակութային քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը պիտի դառնա թարգմանական գրականությունն ու դրա հանրահռչակումը: Այսօր անհրաժեշտություն են բոլոր դրամաշնորհները, որ տրվում են տարբեր լեզուներով թարգմանական ծրագրերին, բայց առաջնայինը և թիրախայինը (հայերենից այլ լեզուներ) պիտի լինեն այն լեզուները, որ ունեն ընթերցողական և գրատպության մեծ շուկա՝ անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, չինարեն և ճապոներեն: Քանի որ այդպես միանգամից մեծանում է ընթերցողական համայնքի աշխարհագրությունը:
Ալբաներեն թարգմանությունն էլ ողջունելի է, իհարկե, բայց եթե նայենք վիճակագրությանը.
▪ ըստ ընթերցողների թվի՝ անգլերենն ու չինարենը առաջատար են,
▪ ըստ գրքերի քանակի և թարգմանությունների՝ անգլերենը, ֆրանսերենը և գերմաներենն են առաջատար,
▪ ըստ ընթերցանության մշակույթի՝ ճապոնացիները, գերմանացիները, ֆիններն ու հոլանդացիները համարվում են ամենաակտիվ ընթերցող ազգերը,
▪ ալբաներենը և ռումիներենը համարվում են փոքր գրական շուկաներ՝ ընթերցողների քանակով և հրատարակությունների ծավալով,
▪ բայց վերջին տարիներին երկուսն էլ ունեն զարգացող թվային ընթերցանություն (օր.՝ e-book, Wattpad, տեղական օնլայն գրադարաններ)։

Նոր իրականություն և խնդիրների լուծման հնարավոր ուղիներ
Այսօր համացանցի, արհեստական բանականության դարաշրջան է, ինչը թելադրում է նոր պայմաններ, նոր մարտահրավերներ, դրանցից մեկը նաև արագությունն է. հասանելիությունը, հարմարավետությունը, որ ևս այսօրվա ընթերցողի պահանջներից է:
Պիտք է ստեղծել հայերեն (որ կներառի մի քանի լեզուներով թարգմանություններ) հարթակ, որտեղ լինի գրականությանը վերաբերող բազմաշերտ ինֆորմացիա` մի քանի պանելով, ինչպես օրինակ՝ հեղինակներ, գրական ստեղծագործություններ, նոր գրքեր, առցանց երկխոսության, քննարկումների հնարավորություն և այլն: Այս ամենը պիտի լինի հասանելի ու ոչ շատ խուճուճ, որպեսզի հեղինակները ակտիվ լինեն, տեղադրեն իրենց գործերը, գրքերի առցանց տաբերակները: ժամանակի պահանջն է, որպեսզի լինեն առցանց պահոցներ, որոնք նաև լինեն գրական գործակալությունների և հրատարակչությունների տեսադաշտում: Սրանք արդեն մեծածավալ և ներդրումային նախագծեր են՝ թարգմանական գործընթացին զուգահեռ, որ հուսով եմ կմտնի պետական մշակութային քաղաքականության մեջ: Անհատները կարող են մի ծաղկով գարուն բերել, բայց որպեսզի ամբողջ դաշտը ծաղկաշատ լինի, պիտի լինի համակարգված մոտեցում:

*Հայ Արվեստի և Մշակույթի համաժողով, բանախոսություն (հատվածաբար)