Զավեն ԲԵԿՅԱՆ / ԱՐԴԻ ՄԵՐ ԱՐՁԱԿԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Արդի հայ պոեզիայի մասին բավականաչափ շատ բան եմ ասել, այդ ամենն ամփոփված է անցյալ տարի լույս տեսած իմ «Բանաստեղծության «ներսն» ու «դուրսը»» գրքում։ Հիմա՝ մի «նաբրոսկա» արձակի մասին։
Մեր արձակն աղքատ է՝ հայտնի բան է, Հրանտ Մաթևոսյանն էլ է կարծեմ այդ մասին ասել, աղքատ՝ ոչ քանակի առումով, մենք Հմայակ Սիրասի, Գարեգին Բեսի և պատմավավերագրավեպեր բխող գրական «կոնվեյերների» և այլնի պակաս չենք ունեցել։ Ունեցել ենք լեզվաոճական «հրավառություններ» – Եղիշե, Դերենիկ Դեմիրճյան, Աբիգ Ավագյան, Վիգեն Խեչումյան։ Հրանտին առանձնացնում եմ, քանի որ բացի ասածս «լեզվաոճականից», «Ան համաշխարհային մակարդակո՛վ գրականություն կշինե»,- Վիլյամ Սարոյան։
Արդ, հիմա նորագույնի մեջ ի՞նչ ունենք։ Լևոն Խեչոյանինը էլի՛ «լեզվաոճական հրավառություն» է։ Գրականություն շարունակեց «շինել» Վարուժան Այվազյանը, բայց չընկալվեց, ստվերում մնաց… Այնուամենայնիվ, ա՛յդ ճանապարհով պիտի գնա մեր արձակը։ Սամվել Մկրտչյանը թարգմանեց Ջոյսի «Ուլիսեսը», որպեսզի, երևի, նաև այս հարցում օգտակար լինի։ Ավելին, այս տեսակետից՝ պետք է թարգմանել նաև Ջոյսի «Ֆինեգանի հոգեհացը», որովհետև… որովհետև… ըստ Նաիրա Համբարձումյանի մի արտահայտության՝ «մարգինալ արձակը», այս սոցռեալիզմը, վավերագրական աղտեղությունը նորից սկսել է բազմանալ մանրէի պես և… ուտել մեզ, քանզի գրաքննադատների գրական անտիբիոտիկ սինթեզող փաղանգն անհետացել է, ցավոք սրտի… Ո՞ւմ է պետք ձեր «գլխով անցածի» շարադրանքները, իմ, մյուսի, էն մեկելի գլուխներով քի՞չ բան է անցել՝ երևի ավելի հետաքրքիր սյուժեներով, ռա՛դ արեք վերջապես ձեր տատերի-պապերի մասին անողորմահոտ-ողորմելի շարադրանքները, ԻՆՁ ՄԵԾ ԱՐՁԱԿԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՍՔ տվեք, եթե չեք կարողանում, սսկվե՛ք հավիտյանս հավիտենից…

ԻՆՉ ՆՇԱՆԻ ՏԱԿ Է ԳՐՎՈՒՄ ՕՐՎԱ ՊՈԵԶԻԱՆ ԵՎ ԻՆՉՈՒ
Թե ինչու է ինքը բանաստեղծություն գրում «ինքնահարցին», Սեն-Ժոն Պերսը «ինքնապատասխանում» է մոտավորապես այսպես. «Մի այլ, ավելի լավ կյանքով ապրած լինելու համար»։ Այդ ի՞նչ «ավելի լավ կյանք» է։ Նիցշեն է օգնում դա հասկանալ, մոտավորապես այսպես, ասում է՝ մենք արվեստով զբաղվում ենք, որպեսզի չմեռնենք ճշմարտությունից։ Մենք հիանում ենք մարդու մարմնի կերտվածքով, ձևերով, բայց դրա «հատույթը»՝ մերկ ճշմարտությունն ահավոր է – ներքին օրգաններ, աղիներ, եթե ավելի խորանանք՝ ասկարիդներ, երիզորդեր… Չզզվեցնեմ։ Իսկ Պիգմալիոնը նույնիսկ ընդամենը արտաքին կերպին չէր ուզում վերադառնալ՝ իր քանդակած կնոջ քանդակը կենդանացնելու առումով։ Դոստոևսկին ասում է՝ գեղեցիկը կփրկի աշխարհը, բայց բանից պարզվում է, որ գեղեցիկն աշխարհի հետ բոլորովին կապ չունի, այն ինքն է հուսահատ ջանքեր գործադրում՝ փրկվելու աշխարհից… Պլատոնը սույնը ընդամենը ստվերների աշխարհ է համարում՝ Իրականի ստվերի, Իրականն Այլ տեղ է։ Հետագա ողջ խորաթափանց, լուրջ իմաստասիրությունը աշխարհին նայում է Պլատոնի ակնոցով – Հեգել, Շոպենհաուեր, Շելինգ, Շտայներ, Հայդեգեր… Արևելքի իմաստունների մոտ էլ է այդպես – աշխարհը «մայա» է, չարագուշակ ցնորք… Այն գուցե Բրահմանի երազն է, ընդսմին՝ վատ երազը, որից մի օր Բրահմանը կցնցվի և կարթնանա – և վերջ, այլևս աշխարհ չի լինի, հավանաբար…
Քսաներորդ դարի համաշխարհային արձակը ընթացավ, գրվեց Դոստոևսկու «նշանի տակ», լուրջ, հարգարժան պոեզիան՝ մեծավ մասամբ՝ Հյոլդեռլինի։ Աշխարհում աղետալի բաներ են կատարվում, աղետներ՝ աղետաբնում։ Մարդն է փոխվում, մարդը՝ աշխարհը մեքենայացնողն ու ավտոմատացնողը, մեքենայականը փոխադրում է իր մեջ, ուղեղը «մեխանիկականանում» է, մարդու գիտակցությանը, գիտակցության օրգանին արտաքին աշխարհն այլևս չի հետաքրքրում, նա՝ ուղեղն, անցնում է «ներքին ինքնաբավարարման», նրա համար այլևս միևնույն է՝ բավարարվել արտաքին աշխարհի ազդակ-գրգիռ օպերացիաներով, թե ներքին՝ «սեփական», այսինքն՝ վիրտուալ։ Մեծից փոքր սմարթֆոնների, վիրտուալ սարքերի զոհն ենք։ Հենրիկ Էդոյանի բանաստեղծություններից մեկի հերոսը համացանցից է իմանում, որ արդեն գարուն է եկել – կլանված է վիրտուալով, պատուհանից դուրս նայելու ժամանակ կամ հավես չունի։ Մարդը դառնում է պրագմատիկ, «սթափ»՝ արդեն «օյաղ»՝ պոեզիայի, արվեստի ու առհասարակ բոլոր նման «զիզիպիզի» բաների հանդեպ, դառնում է սուր զգացումների սիրահար, նրա բթացած նյարդերի վրա արդեն կարելի է ազդել միայն սուր, «նաղդ» բաներով – հիմա արդեն դժվար է, անհնարին է «համակարգիչ բզբզող» դեռահասի «ցիստայավորված-զրահապատ» նյարդային ռեցեպտորների վրա ազդել Մեծարենցի «Ջուրը ցայլքեն ծաղիկ-ծաղիկ կկաթի՝ վճիտ, ինչպես լուսե արցունքը մանկան…» բանապատկերով: Դրանից է, որ այսօրվա՝ նորօրյա մեր պոեզիան ընթանում է Բուկովսկու նշանի ներքո, կողքի մյուս ամերիկացուն՝ ներհունին՝ Էմիլի Դիքինսոնին նայող չկա…
Հիմնականում «ռեպ» է գրվում։ Ցավոք սրտի, գրվում, տպագրվում և «հարգվում է» սիրային պոեզիայի մի տեսակ, մի արատավոր տեսակ, որը մարմնատենչական է, եթե կարելի է այսպես ասել, և հորինվում է քրիստոնեական հավատի ատրիբուտիկայի վրա։ Օրինակ, Քրիստոսի կերպարը ներառվում է «հաց-մարմին» քստմնելի ակտի արծարծման մեջ։ Եթե «Երգ երգոցից» ես զուգորդումներ անում, դա հասկանալի է, իսկ հավատի «շինանյութերը» պոռնոգրաֆիկ պոեզիայի մեջ ներքաշելը ստորություն է։ Դա ինչո՞ւ է արվում։ Հոգեբանականի վարկածը ես ունեմ – մեղքը «թեժանում է», երբ այն խառնում են սրբությանը – երևի հատկապես ուրիշ է վայելքը, երբ կինը սիրեկանի հետ դավաճանում է մի իրավիճակում, երբ կողքի սենյակում քնած է ամուսինը (այս նատուրալիզմի համար ներողություն եմ խնդրում, բայց այն ասելիքս լավ է բացատրում): Այսքանը, այդ կեղտի վրա շատ չկենտրոնանաք…