Րաֆֆի, 1835, գյուղ Փարաջուկ, Սալմաստի գավառ, Պարսկաստան։ Լեզվաբան Աճառյանի «Անձնանունների բառարան»-ում այս անունը ներկայացված է «Ռ»-ով՝ Ռաֆֆի։ Ո՞վ սկիզբ դրեց տառերի այս տարբերությանը։ Չգիտեմ և չեմ ուզում իմանալ, դուք էլ մի հետաքրքրվեք, քանզի դա բնավ կարևոր չէ, կարևոր է, թե ինչ կա տառի տակ ու մեջը, իսկ մեր աստվածայինի պարագայում գոյություն ունի մի ամբողջ անընդգրկելի աշխարհ։
Տվյալ շարադրանքը, համոզված եմ, որ առնվազն մեկ-երկու մարդ կարդալու են, եթե կուզեք, պատմություն համարեք, ինչ մտքներովդ անցնում է՝ ասեք, ես, ճիշտ թե սխալ, պատմվածք եմ դիտում, որ տեսա իմ առաջին իսկ օրը՝ հուլիսյան շոգ կեսգիշերային երազում, և քունն աչքերիցս փախավ, էլ մինչև լույս չքնեցի, երբ բոլորդ մեռած քուն էիք մտել։ Ահա արդեն 90 տարի է` չեմ քնում և ցերեկ-գիշեր տեսնում եմ նրան, կարծես նա մարդ չլինի, այլ` Աստված։ Բայց մարդ է, ավելի բարձր, քան Աստվածը, որովհետև Աստծուն էլ մարդն է ստեղծել, եթե կուզեք՝ ամբողջ աշխարհը՝ երկիր ու երկինք, եթե նա չլինի՝ աշխարհը չի գիտակցվելու։ Րաֆֆի, 25 ապրիլ, 1888, Թիֆլիս։
Աշխարհում երկու կարևոր թիվ կա՝ ծննդյան և մահվան թվականները։ Սա չի վերաբերում միայն մարդուն, այլև՝ բնությանն ու տիեզերքին, նրանք էլ են ծնվում մեռնելու հեռանկարով։ Երբ ես ծնվեցի, մարդն ինձ ասաց՝ «Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը»։ Այս ու այն կողմ նայեցի, որ իմանամ՝ ով այդպես խոսեց և տեսա նրան՝ Րաֆֆուն, կանգնել էր համանուն լեռան ստորոտում, կրծքին սեղմած սուրբ մատյան՝ իր ժողովրդի հազար ու հազար տարիների պատմությունը, և նայում էր լեռն ի վեր՝ նրա հավերժական ձյուներին։ Շատ հետո, համալսարանում ուսանելիս, մեկ ուրիշ հայ մարդ ինձ պիտի խոսեր հետևյալ գոյաբանական փիլիսոփայությունը՝ «Արարատի ծեր կատարին դար է եկել վայրկյանի պես ու անցել, դու էլ նայիր ու անցիր»։ Սա Արարատյան դաշտ ու լեռան պատկերի ոսկետառ մակագրությունն է։
Հայոց գրականությունն ու հատկապես կերպարվեստը հաճախ են նկարագրել Արարատյան դաշտը։ Սակայն և ոչ մի տեղ այն այնքան առինքնող չէ, մեզ հարազատ, մեր իսկ արյունը, որքան Րաֆֆու նկարահանդեսում։ Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտները շուտով պիտի մթագնվեն մահաբեր իրադարձություններով և Սամվելի ողբերգությամբ։ «Այժմ կասեմ քեզ, սիրելի Աշխեն, թե ինչո՞ւ համար եկա կամ ո՞ւր եմ գնում։ Երկու սիրելիներ դրած են իմ առջև. մեկը վտանգի մեջ գտնվող հայրենիքը, մյուսը վտանգի մեջ գտնվող կինը՝ դու։ Երկուսն էլ ինձ համար հավասար չափով պաշտելի են… Երկուսի ձայներն ևս կոչում են ինձ։ Երկար ես տանջվում էի այն մտքով, թե դեպի ո՞րը դիմեմ։ Երկուսի համար ևս ես ուխտել եմ անկեղծ անձնազոհություն։ Բայց իմ զգացմունքները դժվարացնում են ինձ վճռել, թե որի՞ն պետք է նվիրել առաջին զոհը, դու ցույց տուր ինձ ճանապարհը, թե դեպի որը գնամ…»։ Այս հոգեվիճակը, կարծում եմ, հայկական ռոմանտիզմի ամենառեալիստական էջերից մեկն է զտարյուն ռոմանտիկական վեպում. անցյալում ծանոթ-ընկեր-ակադեմիկոս, ինչ ուզում ես ասա, ով ուզում ես եղիր՝ բարձր ու կատարյալ ռոմանտիկան կարող է լինել և է ավելի իրապաշտ, քան ռեալիզմը, որին մի ընդհանուր հիմունքով նստեցրել ենք գլխներիս` որպես արժեքայնության մեկ ու միակ չափանիշ։ Սամվելը կանգնած է «լինել թե չլինել» ողբերգական երկվության առջև, ինչպես Շեքսպիրի Համլետը։ Նա հայերիս գրականության Համլետն է իր տառապալից կյանքով։
Չգիտեմ։ Սա կարծես պատմվածքի նման չէ։ Բա ի՞նչ է։ Դուք էլ չգիտեք։ Եկեք առժամանակ նրան համարենք ժանրից դուրս անժանրային շարադրանք։ Ես չեմ նեղանում։ Դուք ինչո՞ւ նեղացաք։ Օրեր են, անց կկենան, Գիքոր ջան։
Թե՛ անցյալի և թե՛ նորօրյա ամերիկյան գրականությունը համաշխարհային անունների պակաս չունի, որոնք խթանել են մարդկության հոգևոր զարգացումը։ Այստեղ հետաքրքիր իրողություն կա. երբեմն գուցե հաճախ կազմավորվելով դրսային, հատկապես եվրոպական ներգաղթ ուժերից՝ նրանք կարճ ժամանակում՝ ընդամենը մի քանի հարյուրամյակ, որն իսկապես շատ կարճ է գրականության անտառի լիարժեք ծաղկման համար, ստեղծեցին չասեմ՝ ազգային, քանզի սա առնվազն հազարամյակ է ենթադրում, ասեմ՝ խիստ ինքնահատուկ, անշոշափելի հասարակական կուլտուրա։ Նույն բանը տեղի ունեցավ նմանապես երաժշտության, կերպարվեստի ու ճարտարապետության ասպարեզներում, ինչու չէ՝ նաև բնական ու հումանիտար գիտությունների։ Հարց. ո՞րն է այս երևույթի հիմքը։ Կարծում եմ, Ամերիկայի օվկիանոս կյանքը, որը պայման և ուղենիշ դարձավ նրա այսօրինակ մշակույթին։
Չարլզ Բուկովսկին (1920-1994), հրեական որոշ արմատներով հանդերձ, ինչպես բազմաթիվ գրողներ ու արվեստի մարդիկ ամբողջ աշխարհում, տիպաբանությամբ կատարյալ ամերիկյան գրող է, թերևս ավելի, քան որոշ բնիկներ։ Հայերեն Բուկովսկի չունենք։ Այժմ իմ ձեռքի տակ են նրա երկու գրքերը ռուսերեն թարգմանությամբ ու ծանոթագրություններով՝ «Փոստատուն» վեպը և «100 գլխավոր գրքեր» մատենաշարով հրատարակված «Պատկերներ բլոկնոտից» էսսեների ժողովածուն՝ կյանքի, մարդկանց ու գրականության բազմազան երևույթների վերաբերյալ։ «Այս գրքերը պետք է կարդա յուրաքանչյուր մարդ»,- ազդարարում է մատենաշարը և նշում իր կողմից արդեն հրատարակված մի քանի երկեր, այդ թվում՝ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Դրայզերի «Ամերիկյան ողբերգությունը», Դոստոևսկու «Ապուշը», Գյոթեի «Ֆաուստը», Դանթեի «Աստվածային կատակերգությունը» և այլն։ Բուկովսկու ներկայությունն այս շարքում արդեն իսկ բարձրագույն գնահատական է նրան։
Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը։ Գուցե գիշեր էր, շատ մութ և անվերջանալի, ծով անձրև էր թափվում երկիր և այստեղից բարձրանում երկինք, կայծակ ու որոտ, այս պատմվածքը կար ու չկար, ես դու էիր, ոչ ոք չէր ծնվել, ես ու դու կանգնած էինք լռության պատի առջև, գոյություն չուներ մի տղամարդ, որ Շամիրամին հղիացներ՝ աշխարհ բերելու այր մի Մաշտոց անվամբ։
Բուկովսկին անցյալ դարի թերևս ամենամոդեռն գրողն է՝ իր գեղարվեստական և մտազննիչ երկերով, և վստահաբար նայում է գալիք ժամանակների հոգևոր դաշտերին։ Այս «մոդեռն» բառը մշակութային ասպարեզում ապրող պահպանողական հայերիս աչքի փուշն է, և չկան ակնաբույժներ՝ մեր աչքերը փրկելու կուրացումից։ «Մոդեռն»-ը ստեղծագործական ոճ է, նշանակում է նորագույն, արդիական, ոչ թե անցյալ ժամանակ, այլ՝ զարգացող ներկա։ Պարույր Սևակը բացառություն եղավ, մի հոդվածի շրջանակում նա ասաց, թե աշխարհի զարգացումներից մշտապես ետ ենք մնում, երբ վերջապես հասնում ենք, աշխարհն արդեն նոր որոնումների ու հայտնությունների մեջ է։ Եվ բանաստեղծությամբ խոստովանեց՝ ինձ ծեծել են ու հալածել, բայց ոչ թե ինձ, այլ՝ այն տեղը, ուր կանգնած եմ եղել մեկ րոպե առաջ, մեկ րոպե հետո առաջ եմ անցել։ Իմանանք, որ մոդեռնիզմը հարյուր ու ավելի տարիների ճանապարհ է անցել և արդեն իսկ դասական երևույթ է, մի զգալի չափով նաև Չարլզ Բուկովսկու շնորհիվ։
Ինչո՞ւ հանկարծ ու անտրամաբանորեն Բուկովսկուն ներառա Րաֆֆու պատվին նվիրված այս շարադրանքում։ Հավատացեք, անսպասելի չէ և միանգամայն տրամաբանական, որովհետև Րաֆֆին էլ, հատկապես պատմավիպասանության ժանրում իր նախորդների համեմատությամբ եղավ նորաոճ ու արդիական անշուշտ ոչ իբրև մոդեռնիստ, սա այդ ժամանակ հնարավոր չէր անգամ երազում զգալ ու տեսնել, այլ՝ իր ռոմանտիզմով, որը ոսկե թագով մի Արարատ է մեր գրականության մեջ։ Մեկ ուրիշ Արարատ՝ Հովհաննես Թումանյանը, նրան ասաց. «Անմահ հոգի՛, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը… Ո՜վ անհանգիստ հոգի»։ Ի՞նչ է սա։ Գովասա՞նք, սովորաբար գովասանք են անում նրանց, ովքեր օր ու գիշեր անհիմն սպասում են դրան, փոխանակ հաշտվելու սեփական միջակության հետ ու հանգիստ խղճով ապրելու մինչև իրենց ժամանակի վերջակետը։ Ձոնե՞րգ է։ Չգիտեմ։ Համենայնդեպս երգ չէ։ Կարծում եմ այս մի քանի տողը կատարյալ վիպասանքի շրջանակում պատմական զրույց է երկու Արարատների միջև՝ ի լուր հայության։
Րաֆֆու գրականության մարդկային հարաբերությունները և պատմողական շերտն ունեն ծայրահեղ լարված ընթացք, լի անորոշությամբ, սպասումով, հարցեր՝ առժամանակ առանց պատասխանի, ու պատասխան, որը նոր հարցեր է առաջացնում, սրանք նրա գրական արվեստի յուրահատկություններից են, ներհատուկ հատկապես «Սամվել» վեպին։ Եթե Րաֆֆին միայն այս վիպասանությունը ստեղծած լիներ, դարձյալ նրան պիտի ասեի Արարատ։ Իրականում, ըստ Փավստոսի, որից Րաֆֆին քաղել է իր վեպի նախահիմքը, Սամվելն սպանում է հայրենիքը դավաճանած խորթ մորը, իսկ Րաֆֆու պարագայում՝ հարազատ։ Սա շատ կարևոր ազգային-գաղափարախոսական շրջափոխություն է, մեզ համար մշտապես արդիական, նաև այսօր ու այսօր, որով գրողը հայրենասիրությունը դիտում է ժողովրդի էքզիստենցիալ նպատակների դաշտում։ Իրական պատմությունից այս ակնհայտ հեռացումը, պատմության մոդեռնացումը նմանապես բխում են Րաֆֆու գեղագիտական մտածումներից, ըստ որի՝ պատմական դեպքերը ևս պետք է ներկայացնել ժամանակակից խնդիրներին ի պատասխան։ Իսկ նրա բոլոր գեղարվեստական երկերում և հոդվածներում խոսքն ուղղվում է ոչ միայն իր ժամանակի մարդկանց, այլև գալիք սերունդներին։ Նա անժամանակյա է, ինչպես Մաշտոցը, իսկապես անմահ, անհանգիստ հոգի։ «Ինչ մարդ որ չէ ճանաչում և չէ սիրում յուր ազգությունը, նա վերջանում է մարդ լինելուց»։ Այս ասելով՝ Րաֆֆին նկատի ունի նախ և առաջ մեզ, մեր պատմության ազգադավերին, որոնց հետնորդները ներկայումս էլ դավում են Հայաստան երկիր ու հայ ժողովուրդ։ Նշեցի, որ Րաֆֆին մոդեռնիստ չէր և չէր կարող լինել, քանզի ապրում ու գործում էր այլ ժամանակաշրջանում, սակայն նորարար էր, մեծ նորարար։ «Որպիսի սաստիկ զորությամբ նորությունը կմարտնչի հնության հետ,- գրում է նա,- ի սկզբանե անտի այս երկու նախանձավոր թշնամիներն յուրաքանչյուրն առանձին խումբ որոշած մարտ կմղեն, այլ առաջինն միշտ հաղթող գտնվել է»։ Բնության մեջ ևս Րաֆֆին տեսնում է հնի ու նորի մշտակա պայքար։ Րաֆֆու նորարարությունը մարտնչեց ամենադժվար ու ահեղ ճակատամարտում՝ հարազատ ժողովրդի հոռի բարքերի դեմ։ Շատ զգուշորեն ասեմ՝ ամեն նորարար քայլ, մանավանդ հոգևոր-մտածական մակարդակում, սնում է մոդեռնիզմի բովանդակությունը՝ նրա արվեստի կիրառության միջոցները շրջանցելով կամ ի վիճակի չլինելով այդ միջոցներից օգտվել…
Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը։ Արևի առաջին ճառագայթների ներքո՝ Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողքերով, որ աչք էին շլացնում… Փչում էր մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում էին, դալար խոտաբույսերը ծփում ու ծածանվում էին, և դաշտի խաղաղ տարածությունը օրորվում էր սքանչելի ալեկոծությամբ։ Սա այնքան հայտնի բնապատկեր է, «Սամվել» վեպի ամեն տեսարան, որ կարիք չկա դրանց չակերտի կամ փակագծի նշաններ հագցնել։ Սրանք մեր բնությունն են, մեր արևը, մեր երկինքը, մեր օդն ու ջուրը, մեր անունը։ Մենք ենք, ընթերցող, դու, ես, նա, բոլորս՝ առանց պայմանականության ու չակերտավոր վարտիքի։
Հետևաբար, նույն մոտեցմամբ էլ շարունակեմ։ Երկու սուրհանդակներից մեկի ձին սևագույն էր, մյուսինը՝ կապուտակ… Նրանք, երկու մոլորակների նման, թեև գնում էին միևնույն ուղղությամբ, բայց այնպիսի զուգահեռական գծերով, որ բնավ միմյանց չէին հանդիպում։ Երկուսն էլ ճանաչում էին միմյանց։ Այս սևագույն ձիուց այնքան տպավորվեցի, որ մտքիս եկավ մի պատմություն իմ երիտասարդ տարիներից։
Ես դավայաթաղցի եմ։ Ո՞վ Դավայաթաղից չէ։ Բոլորս էլ ծնվել ենք, ապրում ենք կարճ թե երկար և մեռնում ենք Դավայաթաղում, որ աշխարհ է աշխարհի մեջ։ Դավայաթաղում էին ապրում նաև հնակարկատ կոշկակար Սիմոնը և նրա կին Օլգան։ Նրանց տափարակ կտորով խրճիթ-տանը, որ բաղկացած էր մութ նախասենյակից, բայց բավականին լուսավոր հյուրասենյակ ուներ, որը նաև ննջարան էր, երկու գիրք կար՝ հնամաշ «Աստվածաշունչ»` Սիմոնի ձեռամբ կաշեպատված, և Րաֆֆու «Սամվել» վեպը՝ հրդեհից այրված բազմաթիվ էջերով։ Այս փաստով է արդարացված ու տրամաբանական Սիմոնի և Օլգայի պատմության ներմուծումը շուտով ավարտվող կամ չավարտվող պարականոն գրվածքիս տարածք։ Դավայաթաղի տներում զուգարան չկար, բնակիչները դատարկվում էին բակային փայտաշեն շինվածքներում։ Ջուր չկար, ջուրը բերում էին գլխավոր փողոցների` հազիվ ծորացող աղբյուրներից, որոնց գլխին մշտապես հերթ էր լինում։ Գիշերները՝ մութ, որ շատ նպաստավոր էր սիրային գործողությունների համար։ Դավայաթաղցին երջանիկ մարդ էր իր ունեցած-չունեցածով։ Ամենաերջանիկը՝ Սիմոնն ու Օլգան։
Կա՛նգ առ, ով ժամանակ։
Օլգան մի քանի տարի առաջ Երևան եկավ Սիբիրից՝ հանդիպելու Թաթուլ հորը, որին տեսել էր միայն լուսանկարում։ Աքսորյալ եղած տարիներին Թաթուլը հաճախ լինում էր ամուրի Շուռայի տանը, և անվերջ խմում էին կարտոֆիլից քաշած կնոջ օղին՝ թթու վարունգ ու կծվահամ սոխ ծամելով։ Նրանց այդ հարբած մտերմությունից ծնվեց Օլգան։ Աղջիկը գիտեր հոր հասցեն ու հեռախոսահամարը և երբեմն զանգահարում էր նրան։ Հայր, քեզ ինչո՞ւ էին աքսորել։ Ես ի՞նչ իմանամ, աղջիկ ջան, ռուսական ցարին հարցրու։ Էլի խմո՞ւմ ես։ Թարգել եմ, բայց որ գաս, միասին կխմենք։ Կարոտել եմ քեզ, հայր։ Ես էլ։ Ինձ հայերեն սովորեցրու։ Մեռնեմ քեզ։ Օլգան՝ ճերմակ վարդի պես բացված բուրյան վարդ, շուտով արժանացավ հայ տղաների ուշադրությանն ու սիրուն, որոնցից մեկն էլ Սիմոնն էր։ Շատերը ցանկացան նրան կին ունենալ, բայց դա հաջողվեց միայն Սիմոնին։ Նրանց հարսանիքին Թաթուլը երջանկությունից խմեց ու հարբեց։ Սիմոն-Օլգան արդեն երեք տարի ամուսնացած էին, բայց կինը չէր հղիանում, հակառակ երեխա ունենալու նրանց երազելի ցանկության։ Առավոտ էր, Արարատյան դաշտի լույս ու պայծառ առավոտներից մեկը, երբ Օլգան ասաց՝ Սիմ, հղի եմ։ Սիմոնն ուրախությունից մի արջի պես այնքան ամուր գրկեց կնոջը, որ քիչ մնաց նրան ու երեխային խեղդեր։ Զգույշ, Սիմ, մեղք ենք։ Սիմոնն ավելի սիրեց նրան, և օր չկար, որ մի հարյուր անգամ չասեր՝ իմ սև շոկոլադ։ Նա սև շոկոլադ շատ էր սիրում և անվերջ համբուրում, լիզում էր նրան, սև, իմ սև շոկոլադ, միայն իմը։ Երեխան աշխարհ եկավ ոչ թե ինն ամիս հետո, այլ` տասնչորս։ Օլգան հղիության լուրն ամուսնուն արել էր ենթադրաբար, այնինչ դեռ հղի չէր՝ թվացյալը իրեն ու աշխարհին ներկայացնելով իբրև իրականություն։
Այս պատմությունը ճշմարիտ է ավելի, քան բոլոր ճշմարտությունները միասին վերցրած, ահա թե ինչու ես այն տեղավորեցի «Գրողի պատվին» գրվածքի մեջ։
Օլգայից ծնված երեխան սևամորթ էր, ածուխից առավել սև, ծնողները՝ կատարյալ սպիտակամաշկ։ Սա դարձավ բուռն քննարկումների նյութ հատկապես քաղաքական շրջանակներում։ Ոչ ոք չէր կարողանում բացատրել սև-ի ու սպիտակ-ի այս հակադրության միասնությունը, ո՛չ գիտականորեն ու ո՛չ էլ բարոյապես։ Աշխարհը մի՞թե գլխիվայր է եկել, և հեռու չէ երրորդ համաշխարհային պատերազմը։ Գեղեցկուհի Օլգային խնայեցին, իսկ Սիմոնը բերման ենթարկվեց ԱԱԾ հարցաքննության։
– Սիմոն, երդվիր, ասելու ես միայն ճշմարտությունը։
– Ես ազնիվ մարդ եմ։
– Հավատում ենք, բայց կասկածում։ Դու հա՞յ ես։ Ո՞վ է պապդ։
– Րաֆֆին։
– Ինչո՞ւ և ինչպե՞ս ծնեցիր սևական մանչուկ։
– Ես չէ, Օլգան։
– Արտաքին ուժերի միջամտություն է եղել, որ սպառնալիք է մեր պետականությանը։
– Օլգան բարոյական կին է, մտքով էլ չի անցնի դավաճանել ինձ։
– Փողը փակ դռներ է բացում։
– Ասե՞մ… Ես շատ եմ սիրում սև շոկոլադ։ Օլգայի հղիության ամբողջ ընթացքում ես նրան ասում էի՝ սիրելիս, դու իմ սև շոկոլադն ես, այնքան կրկնեցի, որ մեր երեխան նրա ծոցում աֆրիկացի դարձավ։
ԱԱԾ-ականները շփոթված իրար նայեցին։
Եղնիկը ջուր է խմում գետակից։ Որսորդական հրացանի փողն ուղղում եմ նրան, նշան բռնում։ Մատս մահվան պես սառը ձգանի վրա է։ Հանկարծ, մտքափոխ լինելով, օդ եմ կրակում։ Ահեղ ձայնից եղնիկը վեր է թռչում և մի քանի քայլ վազելով` տապալվում գետնին։
Ձա՜յն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես,//Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս.//Շարժեցե՜ք, զեփյուռք, ալիքը վետ-վետ,//Խառնեք արտասուքս այս ջրերի հետ։
Այստեղ պատմվածքը կանգ է առնում՝ հարյուր տարի հետո դարձյալ քայլելու դեպի Աֆրիկա, որտեղ Հեմինգուեյի Կլիմանջարոն է և գիշատիչ կաթնասունների ցեղից՝ շերտավոր բորենին, որը սնվում է դիակներով ու լեշերով։
