…ԵՎ ՄԻՍՍ ԼԻՆ ԳՆԱՑ ՄԱՆՉԵՍԹՐ / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

 

Միսս Լին եկավ այն ժամանակ, երբ թերակղզու վերջին ծառն էլ տերևաթափ էր եղել, և սառը քամին փչում էր լճի դեմքին: Թե լիճն ամռանը հաճույք էր զգում քամու սյուքից, հիմա արդեն անբավական կնճռոտում էր դեմքն ու սրթսրթում էր միսս Լիի նման:
Միսս Լին… Մի բարակ անձրևանոց հագին, ոտքերին` բարակ զուգագուլպաներ, թեթև կոշիկներ… բրիտանական անգլերենի հնչյունները հոգու մեջ և լեզվի վրա, իսկ սրտի մեջ` անգլիական ազգի բարձր և անհաս լինելու ցնորքը: Նրանով լիներ` ողջ աշխարհին անգլերեն կսովորեցներ: Անգլերեն կսովորեցներ դպրոցի բոլոր ուսուցիչներին և նույնիսկ պահակ Սանոյին: Միայն հավաքարարներն էին նրա հետ հայերեն խոսում, մեկ էլ` վարորդ Օնիկը: Բայց խոսում էին այնպես, ինչպես ինքը` միսս Լին էր ուզում` անհոդ ու անդեմք, անհոլով ու անկապ, ասես հայոց լեզուն մեղավոր էր, որ Մանչեսթր քաղաքից բարեհաճել էր ինչ-որ Լի գալ Հայաստան: Ի հեճուկս բոլոր լեզվաբանների, նրանց բերանում հայոց լեզուն դառնում էր անհոդ, անհանգ, ասես նախամարդու լեզու:
– Միսս Լի ուզի գնա…
Վա՛յ, միսս Լի, վա՜յ… Եթե հիանում էր լճով, եթե չոր աշունը նրան հաճույք էր պատճառում, ապա լճի շուրջն ապրողներին նայում էր իր ազգի հարգն ու կարգն իմացողի պես: Ինքը բարձրաճաշակ ու բարձրակենցաղ եվրոպացի է, իսկ սրանք…
«Սրանց» ի՞նչ կար: Նրա հետ վարվում էին այնպես, ասես իրենց հարևանը կամ բարեկամը լիներ, որ մի քանի ամսով գնացել էր Մանչեսթր, իսկ հետո վերադարձել էր: Կամ` ով ուզում ես եղիր, ի՞նչ տարբերություն, բոլորի մեջ նույն մարդկային արյունն է հոսում:
Միսս Լին միանգամից լծվեց աշխարհն անգլիականացնելու վեհ գործին: Ախր նա Մանչեսթրի հայ համայնքի հետ պայմանագիր ուներ այն մասին, որ ինքնազոհաբար պիտի գա Հայաստան և այնտեղ երկու տարի աշխատի: Աշխատի հատկապես այս դպրոցում և մատաղահաս երեխաներին, որ «հայ» անունն են կրում, սովորեցնի Շեքսպիրի և Բայրոնի լեզուն: Հետո ի՞նչ, որ այդ մարդկանց կենցաղը նախնադարի է, հետո ի՞նչ, որ նրանց ոչ միայն տաք, այլև սառը ջուր չեն մատակարարում: Հետո ի՞նչ, որ ինքն էլ ստիպված էր լինելու լողանալիս ջուր տաքացնել ու լցնել վրան: Բա հայրենասիրությունն էլ ինչո՞վ էր արտահայտվելու: Հանուն անգլերենի և Անգլիայի…
– Վա՛յ, միսս Լի, վա՜յ…- ծիծաղում էին բոլորը:
– Վա՛յ, միսս Լի, վա՜յ,- բացահայտ ասում էին նրան:- Մեր երկիրն այս է, միսս Լի, մենք միշտ չէ, որ կարողանում ենք լողանալ, բայց ախր մենք էլ մարդ ենք, մեզ էլ է Աստված ստեղծել, մեզ էլ է մայր ծնել: Մենք էլ երկու ոտք, մի գլուխ և ամենակարևորը` տաք սիրտ ունենք:
– Այո, փա՜յց…- արևմտահայերեն արտասանությամբ ձգում էր միսս Լին և չէր շարունակում: Կամ այդքանով սպառվում էր հայերենի նրա իմացությունը, կամ էլ լռում էր, քանզի հարկ չէր համարում մեզ նման վայրենիներին մեր լեզվով բացատրել, որ լճի կողքին անջուր նստելը անխելք-անմտություն է: Չեմ կարծում, թե կասկածում էր մեր բնատուր խելքին, քանի որ տեսնում էր, թե ինչպես ենք արագ յուրացնում իր սովորեցրած անգլերեն յուրաքանչյուր բառը:
– Այո, փա՜յց…
Ո՞վ գիտե` այդ բառը սովորել էր Մանչեսթրի հայերից, որ կրկնում էր պատեհ-անպատեհ: Ինչո՞ւ էր եկել: Միայն նրա՞ համար, որ համայնքը նրան որոշակի ամսական էր խոստացել և տարվա մեջ մի քանի անգամ` ինքնաթիռի անվճար տո՞մս: Ո՞վ գիտե, նրան ոչ ոք կարգին չճանաչեց: Մեկ դժգոհ ու բոլորից նեղացած էր լինում, մեկ էլ բաց էր լինում և թույլ էր տալիս խենթություններ, որ տարիքն առած կինն իրեն թույլ չէր տա: Բայց ո՞վ իմանա, գուցե անգլիաներում կարգն այդպե՞ս էր: Նա զայրանում էր, որ մյուս դասատուները զանգից հետո մի երկու րոպեի չափ ոտքները կախ էին գցում, ինչ է, թե մի քիչ ուշ մտնեն դասարան, նա զարմանում էր, որ մենք դեռևս նախնադարի նման գրում ենք կավիճով:
– Այո՛, փա՜յց…- ծոր էր տալիս նա և մնացածը շարունակում էր իր մաքուր անգլերենով, որից ընդամենը մի երկու բառ էինք հասկանում:
Տուն էր վարձել քաղաքում, սովորական բազմաբնակարան մի շենքում, որի ճակատին ձևավոր ու գեղեցիկ գրված էր «Լոմբարդ»: Գրվածքն անգլերեն էր, ասես հենց միսս Լիի համար էին գրել, որ նա հեռուներից գար ու չմոլորվեր այս գավառական քաղաքում:
Նա չգիտեր, որ դա գրվել էր այն ժամանակ, երբ Հայաստանն իր կարծիքով թոթափել էր խորհրդային լուծն ու ապրում էր ազատ հովերով: Նորաթուխ ձեռնարկատիրոջը թվում էր, որ եթե ինքն անգլերեն լեզվով պատին «Լոմբարդ» գրի, անգլիացիները միանգամից կլցվեն այստեղ: Բա ո՜նց. կգան, կկարդան, կհասկանան, որ լոմբարդ է: Նա ի՞նչ իմանար, որ պիտի գրեր, մի որոշ ժամանակ հին ու նոր զարդեր ընդուներ ու… Ո՞վ գիտեր, թե մարդկանց չքավորությունն այս աստիճանի կհասնի: Լոմբարդը վաղուց արդեն չկա, բայց գրությունը հպարտ բազմել է պատին: Սկզբում միսս Լին էլ էր տարակուսում այդ փաստի առթիվ, բայց հետո սովորեց, կամ ավելի ճիշտ՝ հասկացավ, որ հեշտ չէ հայերին հասկանալը:
Ի՞նչ էր անում նա տանը մենակ, ոչ ոք չգիտեր: Գուցե քնում էր, կամ ամբողջ ժամանակ ուտում էր, կամ ռադիո էր լսում: Ախր նրա հայրենակիցներն ասում են. «Իմ տունն իմ ամրոցն է»: Տեսնես միսս Լին հասկանո՞ւմ էր, որ տունն իրենը չէ: Մացոյից վարձով վերցրած տունն ինչպե՞ս կարող էր ամրոց լինել նրա համար:
Ասում էին, թե նա հայերեն չգիտե: Բա որ չգիտեր, ինչպե՞ս էր խանութ գնում, ինչպե՞ս էր ծխախոտ առնում: Դպրոցում, չէ, դպրոցում չէր ծխում, բայց տանն, ասում էին, ծխում էր, նաև` իբր թե ամեն օր մի շիշ կարմիր գինի էր խմում, որ երակները չխցանվեն:
Վա՜յ, միսս Լի, վա՛յ, մենք որ ամեն օր կարմիր գինի չենք խմում, մեր երակները խցանվա՞ծ են: Մեր երկրում ո՞վ ժամանակ ու հնարավորություն ունի, որ մտածի իր մարմնի բոլոր մասերի մասին: Մարմին է, թող մի կերպ յոլա գնա, մինչև որ կյանքը մի քիչ լավանա, թե չէ… երակ, ստամոքս, խոլեստերին… Աղքատ երկրի արյունի մեջ ի՞նչ խոլեստերին:
– Այո, փա՜յց…- ասում էր միսս Լին ու անգլերենով շարունակում,- վա՞յ,- այսինքն` ինչո՞ւ,- որը վարորդ Օնիկը հասկանում էր իբրև հայերեն բացականչություն և փորձում էր նրան սովորեցնել, որ բացականչական նշանն այդ վանկի վրա չպետք է դնի:
– Լի ճիշտ չասել…- ժպտում էր նա և փորձում էր բացատրել, թե ինչպես ասի «վայը»:
Իսկ նա ծիծաղում էր և մտքում զարմանում այս մարդկանց այսքան բաց լինելու վրա: Ճիշտն ասած, չէր հավատում, որ նրանք այդքան բաց են ու իսկապես սրտամոտ: Ով գիտե, թե ինչ կա նրանց այդքան ուրախ ծիծաղի տակ: Նա աշխարհի շատ երկրներում էր եղել, բայց այսպիսի մարդկանց գրեթե չէր հանդիպել: Ո՛չ կարգին կենցաղ ունեն, ո՛չ փող, ո՛չ շքեղ մեքենաներ, բայց կարծես թե դրանից չեն տխրում ու չեն անհանգստանում: Ի՞նչ է եղել, որ… Մի անգամ ինքը նրանցից մեկին ասաց.
– Ես Մանչեսթրում երկու հարկանի տուն ունեմ, երկու լոգարանով, զուգարանի երկու կոնքով, երկու…
– Լի, դու քանի՞ հոգի ես,- հարցրեց կինը:
– Մի,- պատասխանեց ինքը հպարտությամբ:
– Բա երկու կոնքն ինչի՞դ է պետք,- ծիծաղեց կինը:
Լին չհասկացավ` կինն այդպես էլ չըմբռնե՞ց, թե՞ բանի տեղ չդրեց, և հասկացրեց, որ կարևորը կյանքում այդ չէ, այլ ուրիշ շատ ու շատ բաներ:
Վա՛յ, միսս Լի, վա՜յ: Տեսնես ինչո՞ւ էիր եկել Հայաստան: Արդյոք միայն նրա համար, որ քո այդքան շատ սիրած բրիտանական անգլերե՞նը տարածես: Ո՞վ գիտե, միսս Լի, ո՞վ գիտե: Մեր երկրում, քո հայերեն կիսատ-պռատ խոսքից դատելով՝ քեզ շատ քիչ բան է դուր գալիս: Ուրեմն՝ ինչո՞ւ ես թողել քո շքեղ տունը, նույնքան շքեղ մեքենան ու եկել Հայաստան: Թե հավատայինք սրան-նրան, քո գալու պատճառն այն էր, որ լրտեսեիր մեր երկիրը: Ես դրան չհավատացի: Գիտե՞ս ինչու: Չգիտե՞ս: Թե գլխի չես ընկնում, ասեմ: Մեր երկրում էլ ի՞նչ կա ձեզնից գաղտնի, որ իմանայիր, որ լրտեսեիր: Չհավատացի այդ մտքին, միսս Լի, բայց նաև չհասկացա քո գալու պատճառը: Ասում էին նաև` իբր սերն է քեզ բերել, հասցրել այս չոր ու ցամաք, սառն ու անհարմար երկիրը, ուր իրենք կարգին հաց չունեն ուտելու, բայց քեզ հյուրասիրում են լիուլի: Հա՛, սերը: Իբրև թե մեր երիտասարդ ուսուցիչներից մեկին ես սիրահարված եղել, երբ նա ձեզ մոտ` Մանչեսթրում է եղել: Թե այդպես էր, այնտեղ սիրեիր նրան ու չգայիր, հասնեիր Հայաստան:
Վա՛յ, միսս Լի, վա՜յ… Մենք այդպես էլ չհասկացանք քեզ, չնայած վստահ չենք, թե դու մեզ հասկացար:
Մեզ համար ձմեռն անակնկալ չէր, ոչ էլ` չսպասված: Հերթական ձմեռն էր, պիտի գար, մեր կյանքից ինչ-որ բան առներ ու տաներ անվերադարձ: Գիտեինք` լեռնաշխարհի ձմեռն ինչ է, և ամեն տարի մեր ուժերի ներածին չափով պատրաստվում էինք դրան:
– Ցուրտ է,- ասում էինք,- կմրսես, ախր, Լի,- իսկ դու մտքիդ մեջ ձեռ էիր առնում մեր անհասկացողությունն ու ասում էիր.
– Չէ, փա՜յց…- իբր չենք հասկանում, թե որքան կարևոր է սպորտով զբաղվելն ու մաքուր օդում զբոսնելը:
Զբոսնելն` զբոսնել, բայց դրա համար ժամանակ ու հավես է հարկավոր: Ախր մեր հոգսերը շատ են, և ձմեռը` խիստ: Դու քայլում էիր ու թարգմանի միջոցով հասկացնում, թե ժամանակին թենիս ես խաղացել, և հիմա հին օրերի կոփվածքը պահում է քեզ: Իբր մենք հետամնաց ենք ու չենք կարողանում հասկանալ, որ սպորտը կարևոր է առողջության համար:
– Թենիս լավ,- մեզ նման, իբր մեր լեզվով բարեհաճում էիր խոսել դու, չնայած, երբ դրսից ներս էիր մտնում, քո թեթև կոշիկների մեջ լիքը ձյուն էր լինում և բարակ գուլպաներդ` թաց-թաց: Նավթի վառարանը տաքացնում ու չէր տաքացնում քեզ, գուլպաներդ չորանում ու չէին չորանում, իսկ դու ծիծաղում էիր մեր անհանգստության վրա: Մտքիդ մեջ ձեռ էիր առնում, երբ փորձում էինք սովորեցնել քեզ` արդեն վաթսունին մոտ անգլուհուդ:
– Լի, տաք հագնել, ախր` ցուրտ:
– Ցուտ է, ցուտ է, – ձեռ էիր առնում մեր չիմացությունն, ու ակնոցդ փայլում էր անգլիացի ազգի գերազանցության գիտակցությունից: Չգիտեմ, ինչին վերագրեմ արարքդ. քո ուժերի նկատմամբ ունեցած անսահման վստահությա՞նդ, անհասկացողությա՞նդ, թե՞ չափազանցված արժանապատվությանդ:
Ասում են` ձմռան ցրտին Մացոյից վարձած քո «ամրոցում» հինգ օր հոսանք չի եղել: Դու գլխի չես ընկել փչացած ապահովիչը փոխել, ոչ ոքի չես դիմել ու… մրսել ես:
Վա՛յ, միսս Լի, վա՜յ… Չլինի՞ կարծում էիր` Անգլիայում ես գտնվում, և համապատասխան ծառայությունները… Չէ, միսս Լի, մեր երկրի բնակիչը հնարամիտ ու ձեռներեց պիտի լինի: Մեր երկրի մարդը մենակ չէ, մենք ապրում ենք ձեռք ձեռքի տված և ինչ-որ հիմար ապահովիչի պատճառով չենք սառչում: Մենք օրնիբուն իրար բամբասում ենք, սուրճ ենք խմում իրար հետ, իրար նախանձում ենք և հարկ եղած ժամանակ օգնում ենք միմյանց: Իսկ ապահովիչը… Կամ մենք ենք նորոգում կամ հարևան ու բարեկամ ենք կանչում:
Դու քեզ չէիր տեսնում մրսելուդ օրը, իսկ մենք տեսնում էինք: Գլխարկը գլխիդ էիր քաշել, ծածկել դեմք ու ականջ, ակնոցդ փայլում էր խեղճացած, կամ ավելի ճիշտ, դադարել էր փայլելուց, ձեռնոցներիդ մեջ փայտացել էին մատներդ, որպես անլուցկի մնացած մոմեր:
– Ցուտ է,- ասում էիր այս անգամ արդեն առանց ծաղրելու,- ցո՜ւտ է…
Մեր բժիշկներին վերևից չէիր նայում այլևս, այլ ուզում էիր, որ մի ճար անեն ատամներիդ չխկչխկան դողը վերացնելու համար: Սակայն նույնիսկ այս անգամ չդադարեցիր անգլիացի լինելուց.
– Մեր դեսպանին կանչեք,- ասացիր` կարծես բժիշկները քեզ դեղի փոխարեն թույն պիտի ներարկեին:
Եվ երբ դեսպանը եկավ, նրա մոտ խեղճանալով լաց եղար: Ա՜յ քեզ միսս Լի: Մեր` քեզ երկարած ձեռքերը չէիր տեսնում և դեսպան էիր կանչել: Հետո մեր բժիշկներին երկարացրիր փաստաթղթերդ.
– Ես ձրի բուժվելու իրավունք ունեմ,- ասացիր,- ապահովագրված եմ:
– Ի՜նչ ապահովագրություն,- ծիծաղեցին մերոնք,- մեր երկրում մարդն իրավունք չունի հիվանդանալու, իսկ եթե հիվանդանա էլ, անվճար բուժվելու իրավունք չունի: Փողը տուր, սրսկենք:
Իսկ դու չցանկացար աշխատած այդքան փողերիցդ մեկ դոլար անգամ զոհել առողջությանդ համար, քանի որ դու ուրիշ կերպ էիր դաստիարակվել, և քո երկրում ուրիշ կարգ էր գործում:
Հետո մտածեցիր ու գերադասեցիր վերադառնալ Մանչեսթր, քանի որ քեզ համար ինքնաթիռի տոմսն անվճար էր, քանի որ այնտեղ քեզ էին սպասում քո երկրի որակյալ բժիշկները, քո զույգ զուգարանակոնքերն ու զույգ լոգարանները: Բայց այդպես էլ գլխի չընկար, որ մարդ-արարածն աշխարհի վրա իրավունք չունի մենակ լինելու, չնայած նրան, որ միայնակ է ծնվում, և մենակ է մեռնում մեզանից ամեն մեկը: