Բանաստեղծական տողի այլաբանությունն ու հոգևորի սուբլիմացիան / Սուրեն ԴԱՎԹՅԱՆ

 

Կարդում եմ Գագիկ Սարոյանի «Այլ» բանաստեղծական ժողովածուի այս պտտվող, այս փախչող, այս պսպղացող տողերը կամ գուցե խոսող թվագրված տեքստերը և փորձում այդ հոսքը կանոնակարգել, հասկանալ, չգիտեմ, միգուցե ավելի շատ զգալ, ապրել փոթորկի պես խելահեղ և ծաղկի պես քնքուշ զգացումները, որոնք և հոգևոր են, և մարմնական են, և ձկան պես խայտացող՝ իրենց հայեցողական խաղում, և ներանձնական են, և համամարդկային, և ազգային, և ոչ մեկինը չեն միաժամանակ:
Եվ այս կանոնիկ և անկանոն զեղումների տողատակերում այնքան սեր ու կարոտ և ուրախություն գտնելու հրաշք կա, որ անիրականը, իրական մարմին առած, ասես վերից իջնում, իր մեջ է առնում ընթերցողին, նրա հետ զրույցի բռնվում, և այստեղ բանաստեղծը չկա, ընթերցողը չկա, միաձուլման պահին անհետանում են բաժանարար գծերը, և մնում է միայն Սերն առ բնություն, կին, հայրենիք ու Աստված:
Ես անհայտ ծավալի մեջ եմ տեղավորել սիրտս//Թող այն տնքա և ծաղկի//Գիշերվա բողբոջի մեջ://Ես դիտել եմ կյանքը// Երազի այն կողմից…: (էջ 6)
Գրողը վեր է բարձրացել առօրյայից (երկրային ոլորտից) և անհայտ ծավալի մեջ է տեղավորել սիրտը՝ իրեն, աստվածային ոլորտի, անտեսանելի էներգիաների մեջ է ներթափանցել, այդ երևակայական բողբոջի մեջ, և այն կծաղկի, և բանաստեղծը կտեսնի կյանքը երազի այն կողմից, և տեղի կունենա ազատագրում մարմնականից, տառապանքներից, և լոգոսը կբացվի իր ողջ շքեղությամբ: Կատարսիսի հասնելու գեղեցիկ, անվերջանալի պատում է Գագիկ Սարոյանի պոեզիան, որը ինչպես Տիեզերք, ոչ սկիզբ ունի և ոչ էլ ավարտ:
Գիրքը կազմված է շարքերից, որոնց անունները իրար հետ առաջին հայացքից կարծես կապ չունեն, բայց այդ թվացյալ տարբերությունը ունի ներքին խորը կապ, ինչը մեկը մյուսից բխող` բանաստեղծի հոգեմտավոր զավակներն են, որոնք ինչքան էլ թվում է` անավարտ են, բայց և լրացնում են իրար հոգևոր դաշտից բխող դրական հույզերի և ապրումների մեկ ամբողջության մեջ:
Մի երգ//Վերափոխեց ինձ//Իմ աչքերը ծաղկեցին զարմանքից//Իմ սիրտը համակ հեկեկաց//Իմ հոգին գլորվեց առվի մեջ//Մի երգ ինձ տեղավորեց ցոլքի մեջ իմ աստղի…: (էջ 7)
Բանաստեղծի հոգուց ծնված մի երգ փոխում է նրա ներաշխարհը, և նա հայտնաբերում է իր միկրոկոսմոսի մեջ և՛ նույնականությունը այդ զգացման հետ, և՛ նրանում ներամփոփվելու երջանկությունը՝ որպես իր աստղի (հաջողության, փառքի): Եվ այստեղ նա հանկարծ տեսնում է, որ իր հոգևոր խորախոր մտորումները դեռ չապրված զգացմունքներ պիտի ծնեն, չտեսնված նվերներ պարգևեն իրեն.
Մի ինչ-որ լաց կա//Որ գալիս է անհայտ ծովերից//Անհայտ նավեր է նա իր հետ բերում://Տրտմության կարմիր առագաստները//Ծուլ ծածանելով//Սուրում են նրանք//Իմ երակների մութ կածաններով//Ու խոյահարում պատերը սրտիս://Ինչ-որ լաց կա, որ վերջ չունի…/: (Երգ 9)
Եվ այդ ամենից սիրտը հույս է տածում և ալեկոծվելով՝ նոր հույզեր է խորքից հանում, և դա այն անվերջանալի թախիծն է (ո՞վ եմ ես), որը մարդուն մարդ է պահում, չի թողնում խեղդվել անտարբերության ճահճում: Հետո մտքերի հարահոսը բերում է երգ 11-ին, որտեղ մահվան տեսիլքն աչքերին՝ մարդ-բանաստեղծն իրեն ընկալում է կես չոր, կես կանաչ ծառ, ապրող և մեռնող գոյ, որն ուզում է հասկանալ` արդյոք մարմնակա՞նն է հոգուն ապրեցնում, թե՞ հոգևորն է մարմնականին կյանք տալիս, թեպետ լավ գիտի, որ այդ երկու աշխարհները անբաժանելի են, որ կյանքը հիշողությունով չի ավարտվում՝ շարունակվում է:
Եկ քեզ համոզեմ//Քո ներսում կեցող երեխաներով//Եկ քեզ համոզեմ//Քո մեջ հարդարվող անմոռուկներով//Եկ քեզ շարունակեմ…/: (էջ 9)
Մետաֆորի ալգորիթմը կամ ներքին տեքստը, որն ամբողջովին հոգևոր է, թաքցնում է իր էությունը արտաքին թվացող իրերի, ապրումների մեջ, ասես ձուլվում է այդ պատկերում, և սովորական աչքը էլ չի տեսնում, չի ընկալում, որ այս ամենը հոգին է բեմադրում, նա է խոսում իր եռամիասնության հմայքով, որտեղ ժամանակի սլաքները ճկվել են դեպի դուրս, բայց և հրաշքով մնում են գրողի ներաշխարհի ծիրում:
Միայնակ ծառ էր (մարդ-հոգի)//Բաց դաշտի միջին (ներքին լանդշաֆտ, գործողության տարածություն)//Որոնում էր մեկին (ինքն իրեն, իր ներաշխարհի դուռը)//Որ իր շվաքի (իր հոգու գանձերը)//Զուսպ հանդերձները (հոգեմտավոր համեստ շնորհները)//Փռի ուսերին (տեր կանգնի իր ձիրքին, կամային հոգուն հասնի)//Որ թռչուններից երախտաբանի (վեր բարձրանա երկնային ոլորտ)//Որ խոսի Աստծո միայնությունից (հասնի բարձրագույն գիտակցության՝ Աստծուն, որն իր ներսում է: (էջ 29)
Ներաշխարհային այս մենախոսությունը հոգու երեք հատկանիշների ներդաշնակ մեղեդին է, որը Գագիկ Սարոյանի մոտ սիմֆոնիկ երկ է ասես, որում գերիշխում է մետաֆորիկ երաժշտությունը:
Բայց ո՞վ ինձ կասի//Ինչու է աստղը կաթում ջրերին//Իսկ գուցե դա էլ իր երազա՞նքն է…: (Երգ 37)
Աստղը բնորոշում է բարձրագույն գիտակցական ուժերը, որոնք տանում են դեպի գրողի ներքին հարստության բացահայտման, որին հասած մարդը փոխվում է` դառնալով իմաստուն, կարեկցող և սիրող: Գրեթե բոլոր շարքերում առկա են երկնային ոլորտը խորհրդանշող սիմվոլներ` թռչուն, արտույտ, աստղ, երկինք, կապույտ, Աստված և այլն:
Բանաստեղծները թաքցնում են ապրումները, խեղդում, աղճատում, որ ոչ մեկը չզգա թաքնաթաքուրը, իսկ Գագիկ Սարոյանը անվախ բացվել է ու ծաղկած բնության պես նվիրում է սեր, բուրմունք և արև, նա թաքցնելու ոչինչ չունի, նա ինքը Բնությունն է:
Քարե թռչուններ տեսա երազում//Ծլվլում էին վիհերից ելնող մառախուղի մեջ//Ո՞վ էին նրանք, որ իմ երազը տարրալուծեցին//Վաղանցուկ օրվա տվայտանքներում…: (Երգ 44)
Քարե թռչունը բանաստեղծի ճախրող հոգին է, որը ենթագիտակցությունից ծնվող տարաբնույթ ապրումներից ուզում է ազատագրվել և ամբողջանալ իր «Ես»-ում, իր տեսանող Ոգում, որը առօրյա հոգսերից փորձում է հեռանալ, բայց դեռ այդքան կամք չունի ինքնուրույն դուրս պրծնելու մարմնական, երկրային կանչող զգացմունքներից և մնում է որոնող հոգու տեսադաշտում:
…Նա մի արտույտ է//Առվույտի միջին//Ինձ հետ ծլվլում//Եվ բամբասում է մթնշաղներից: (Երգ 40 )
«Բարավորներ» շարքը ջրի պես հոսում է նախորդ շարքից և լցվում մեկ ուրիշ` «Էտյուդներ» շարքի մեջ, և այսպես ասես շարունակում մարդ-մոլորակ-տիեզերք պտույտը դեպի Արարիչ՝ դեպի Տուն:
Բանաստեղծը գիտի, որ հոգևոր ճանապարհ ընտրած ճգնավորները չեն մահացել, նրանց կենդանի խոսքը ջրի պես հոսում է և աղբյուրի մաքրությամբ երազներն էլ է մաքրում ու փոխում է այդ ջրից ըմպողի հոգևոր աշխարհը: Եվ Գագիկ Սարոյանը, որպես հայ գրող լինելով մայրենի լեզվի դեսպանն ու նվիրակը, ուզում է, որ աստվածային բառուբանը իր յոթը խորհրդով լցվի իր ներսը ու ամբողջովին մաքրի իրեն կասկածներից ու երկմտությունից:
…Հայրենական երգ//Յոթ պտղունց աղ տուր//Յոթ կթղա գինի//Յոթ մաղ արեգակ//Տուր՝ տանեմ-խառնեմ//Իմ կամուկացին… (էջ 26)
Մի էգ ձի տեա//Գետակի ափին//Պլշած դիտում էր//Ինքն իրեն//Կայտառ ալիքների մեջ//Եվ ձուկ էր խաղում//Նրա աչքերում…: (էջ 28, Երգ 2)
Կենդանիները բնորոշում են մարդու զգացմունքներն ու բնազդները: Ձին բարձր ինտելեկտի և բնազդային բանականության սիմվոլն է: Այստեղ բարձր ինտելեկտը բանաստեղծին առաջնորդում է նոր մարմնավորման, ճերմակ ճակատով զավակի ծնունդի, որի երակներով մաքրություն և անմեղություն է հոսելու, և փակվելու է շրջանը, և նա փառք է տալու Տիրոջը շնորհի համար: Շարունակելով հոգևոր որոնումները` Սարոյանը, որը արցախյան առաջին պատերազմի մասնակից հաղթող զինվորներից է, մոտենում է իր ապրումների գագաթնակետին, որտեղ հայրենիքն է` պատերազմից գլխահակ, պարտադրված պարտությամբ, հերոսների նվիրումով.
…Ես մի մատուռ տեսա//Ձորակի մեջ ցամաք//Ես մի մատուռ տեսա//Ճեղքած բարավորով…//Ա՜խ, ինչ մի կակաչ էր//Աճել նրա վերքերում//Ա՜խ, ինչ մի կակաչ էր//Տիրոջ տեսքով…: (էջ 45 Երգ 59)
Մատուռը Սուրբ Հայրենիքն է, որը դավաճանված է, և ճեղքվել է նրա տաճարի վերնասեմը, բայց, ո՜վ զարմանք, այդ արնածոր ճաքի մեջ կակաչ է աճել, և դա նահատակների արյունն է, որոնք կյանքները դրեցին հայրենյաց կռվում` հավատալով, որ իրենց զոհողությունը զուր չէ, և ապրելու են նրանց հիշատակները իբրև կարմիր կակաչներ մեր սրտերում և բորբոքելու են վրեժի ծարավը:
«Ծովեր» շարքը բանաստեղծի հոգևոր տարերքի ցուցիչն է: Ըստ Ֆրիդել Լենցի` «Ծովը առարկայական այսաշխարհայինի և հոգևոր այնաշխարհայինի միջև ընկած տեղատվության և մակընթացության մեջ ալիքվող հոգևոր աշխարհն է, որն իր անսահմանության մեջ ի հայտ է գալիս ծովի կերպարով»: Եվ այստեղ կարևորն այն է, որ հոգևոր ծովերում նավարկելիս բանաստեղծը պետք է կարողանա սովորել զերծ մնալ պատրանքներին տրվելուց և կամ էլ անկամ ծովի հատակը սուզվելուց:
Օ՜, ինչքան ծով կա//Էս կողմերում//Ու ծակ նավակ//Եվ երազն է լցվում նավակի մեջ…//Չխեղդվես հանկարծ էս ծովերում//Կասեն տեսեք, տեսեք//Երազամույն եղավ նրա հոգին//Ափ չունեցող ծովի//Ա՜փ չհասավ: (Երգ 19)
Տեքստը, այս դեպքում բանաստեղծական պատկերները, իրենց ներքին էության մեջ ամբողջացնում են զգայական էներգիայի վերափոխումը՝ սուբլիմացիան` ստեղծագործականի, և դա կատարվում է իմագինացիայի միջոցով, որի ժամանակ բանաստեղծը երևակայական ամբողջ պրոցեսը օգտագործում է իր տեսածը, ապրածը արտահայտելու համար: Իմագինացիայի ժամանակ գրողը, ինքնամփոփվելով, սուզվում է հայեցողության աշխարհ, որտեղ այն ամենն, ինչ հստակ տեսնում է մետաֆորների և սիմվոլների տեսքով և ապրում է ստեղծագործական էյֆորիա, նա նաև կարողանում է փոխանցել ընթերցողին` տեղափոխելով նրան մեկ ուրիշ աշխարհ: Նյութական աշխարհից զատված այս հոգևոր զեղումները հեռու են էստիմացիայից /նախասահմանում գնահատումից/, այսինքն` նրանք մահ չեն ներշնչում, այլ՝ ապրելու, արարելու լիցք են տալիս:
«Դիցաբանական ապագա» շարքում բանաստեղծի հոգու զգայական, մտածողական և կամային հատկանիշները մեկտեղված են որպես ասելիքի ինտերպրետացիա՝ մեկնություն:
Անվերջ քո մշուշի մե՞ջ լինել//Թե՞ սպասել քո կանչին//Փղձուկ է հիշողությունը կրծքի// Փղձուկ է ժամանակի լուսանկարը…: (էջ 126)
Գագիկ Սարոյան բանաստեղծի մոտ գիտակցությունը ամբողջովին չի հսկում հոգևորի ստեղծագործ ուժերին, որի շնորհիվ էլ բանաստեղծի մետաֆորային մտածողությունը հրավառություն է ապրում: Այն մագմայի պես դուրս է ժայթքում հոգու գագաթներից և ծածկում է էնտրոպիայի (փոխակերպման) քարքարուտները` ասես վերափոխելով մահվան հովիտները ծաղկուն օազիսների: Այստեղ, այս երևակայական մաքուր երկինքներում, բարձրագույն գերզգայական աշխարհում բանաստեղծը հասնում է հոգևոր նիրվանայի, որը նրա համար հնարավոր է նույնիսկ արտաքինից պարտադրված զգացմունքային մակընթացությունների անկառավարելի ալիքների հորձանուտում:
Կանխազգացում//Ես տարուբերեցի քամին իմ սրտի տերևներով…//Ես համընթաց գալիս եմ՝ դնելու իմ համբույրի կնիքը//Քո ցողունի կանաչ զարկերակին…//Իմ աղոթքը ցորենի հետ է//Մի կարմիր կակաչ//Իմ փոխարեն հատուցելու է քո կարոտը…: (էջ 130)
Բանաստեղծի գիրը հոգու շնչառության ռիթմն է բերում լույս աշխարհ: Այստեղ ամեն ինչ ֆիզիկական առումով և կա, և չկա: Միայն այստեղ է աբսուրդը իրական թվում և անհնարինը՝ հնարավոր: Բանաստեղծի հոգին տեսնում է և վերին աշխարհը, և ներքինը, և ծնունդը, և մահը, և նաև ափսոսանքով ընդունում է երկրային կյանքի անցողիկությունը:
Ճյուղի առավոտը քամու բերանում է պահում//Իմ սրտի քերականությունը/…Անասելի է բառը սրտի//Մի խորամանկ թակարդ է նա//Հայացք, որն ուղղված է յասամանի Աստծուն…//Տես, մեկը թաքնված է քամու ետևում//Տես, նա պատրաստ է գալու քամու հետ//Տես, իմ սիրտը իր ուսը դնում է//Քո կարոտի ծանրության տակ//Ու տրոփում: (էջ 131)
Ապրումից ապրում երևում է, որ նրա անհանգիստ հոգին, չհամակերպվելով անցողիկի գոյության հետ, դեպի աստվածային ոլորտներ է բարձրանում, բայց և գիտակցությունը ստիպում է նրան վերադառնալ զգացմունքային կյանք, այսինքն` ի շրջանս յուր՝ անցողիկին, որովհետև դեռ ճանապարհ կա անցնելու, որպեսզի գերզգայականի մեջ և անցողիկը վերապրվի:
Բանաստեղծի ֆիզիկական, եթերային և աստրալ մարմիններն՝ ասես առասպելական հսկաներ, կռվում են իրար դեմ, մեկ մարմնականն է հաղթում, մեկ մտավորը, և միայն հոգևորն է, որ իր մեջ է առնում անհաշտ երկու ուժերին ու ամբողջացնում գրողի էությունը` տարրալուծելով նրան թվագրած տողերի, տեքստերի ու ինքնության:
Բանաստեղծական տեքստը թաքնագիտություն է: Այն միայն այդ գիտության գործիքներով է հնարավոր բացահայտել: Եվ այն էլ` ոչ ամբողջովին, որովհետև ամեն բանաստեղծ, գրող, արվեստագետ ունի իր յուրահատուկ աշխարհը, և այդ աշխարհների դռները միշտ չէ, որ հնարավոր է նույն բանալիներով բացել:
Միջատների ճպուռ Աստվածուհուն տեսա//Մի ծաղիկ-մատուռից ըմպում էր երեկոն//Եվ սյուքը հիացած էր//Եվ ես՝ ապշած…: (էջ 138)
Հիմա բանաստեղծի հոգին կարողանում է զգացումների վրա նվագել, բայց սա վերջը չէ, նա դեռ ոգեղեն բարձրագույն տաղին չի հասել, նա դեռ տատանվում է ոգեղենի և զգայականի ոլորտներում, բայց մի բան աներկբա է, նա հասել է այն բարձունքներ, որտեղ զգայականը միշտ չէ, որ նրան առաջնորդում է, նա կամաց-կամաց կորցնում է առաջնորդողի իր դիրքերն ու նշանակությունը, և բանաստեղծը մոտենում է Ոգու ոսկեղեն դարպասներին՝ արարչական սքանչանքի հովիտներին:
Տես, կարմիրը բացարձակ-հեռվում կորած երազանք//Եվ կապույտը անսահման-հեռվում կորած երազանք…//Ում ցնորքը չի ցնդում-որպես կորած երազանք//Նա հոգի է վանդակում-որպես կորած երազանք…//Հեռվից, որպես երազանք…//Բարձրանում է երգը, տես, հեռվում կորած երազանք: (էջ 140)
Երևակայական այս աշխարհը, որը Գագիկ Սարոյանն է արարել իր հոգևորում, որպես հարահոս պրոցես ուժեղացնում է նրա ստեղծագործելու կարողությունները, քանի որ նա հասել է իմագինատիվ ճանաչողության սահմանին, իսկ այստեղ և միա՛յն այստեղ է հնարավոր մետաֆորը և սիմվոլը բանաստեղծական պատկերավոր մտածողությամբ արտահայտել: Բարձրագույն գերզգայական աշխարհում բանաստեղծը ապրում է և նաև վերապրում է սիմվոլները` վերափոխելով նրանց Լույսի, Սիրո և Կյանքի: Եվ այդ սիմվոլների շնորհիվ է, որ բանաստեղծական տեքստը ստանում է համամարդկային արժեք և ճանապարհ բացում դեպի մարդու էություն-հոգի` ստիպելով նրան վերապրելու մինչ այդ անծանոթ, անհնարին այդ ապրումը, որպես բանաստեղծական պատկերավոր մտածողության արգասիք:
Երազի աչքերի միջով//…Տեսա միայն ցողը կարծր, հուսամեռ խոտերին//Այլ միայնության ուրիշ մի պահի, տագնապներով//Երբ սիրտը սուզվում է իր քարի մեջ//Երբ պահը ծալվում է նամակի պես և ուղարկվում է//Մի թանկագին անհայտ շշուկով երազողի://Տես՝ հիշել եմ քեզ//Կանուխ թռչունի հետ//Տես՝ ողջ գիշեր թռչունը չէր քնում//Իր թևերը իմ ուսերից էին//Գծագրում երկնքի աստղագուշակ հոգին: (էջ 152)
Կ. Յունգը արքետիպը բնորոշում է, որպես ինտուիտիվ գաղափար կամ նախասկզբնական պատկեր կամ իմագո՝ պատկեր-պատկերացում: Իմ կարծիքով՝ արքետիպը այն նախասկզբնական սաղմնային միտքն է, որը բացահայտվում է իմագինատիվ (պատկերային. imagine) ճանաչողության միջոցով: Եվ այս միտքը երկրորդում է Գագիկ Սարոյանը, որին իմագինատիվ ճանաչողությունը հասցրել է հոգևոր և մտավոր ուժերի այնպիսի աճի, որ երևակայական դաշտում ապրումները` ի տարբերություն զգայական հայեցողության, որտեղ օբյեկտիվ իրականությունը բաժանված է սուբյեկտիվ իրականությունից, այստեղ գրողի ապրումները ասես միահյուսվում են տիեզերքը շարժման մեջ դնող եթերային ուժերին, որը հնարավորություն է տալիս բանաստեղծի տեսած հստակ կերպավորված պատկերները արտահայտել բառերով այնպես, որ այն կարող է իրականում էլ լինել և ապրել ինքնուրույն կյանքով: Եվ այստեղ է արարչական այն հրաշքը, որ բանաստեղծը առաջին անգամ իր իմագինացիաներից ծնված տեսապատկերները ընկալում է որպես օբյեկտիվ իրականություն և ներշնչված տեսածից` խոսքով փոխանցում է, ասես շարունակում է անտեսանելի արարչությունը, որտեղ չկա հատվածական բաժանումը, քանի որ Ամենը նրա մեջ է: Եվ հենց սա է բանաստեղծական հրաշքը, որում հավիտենական միկրո և մակրո կոսմոսները բացահայտում են իրենց էությունը՝ որպես անցողիկում հավերժականի և հավերժականում անցողիկի դրսևորում:
Անլսելի ստվերը թվում է//Հառաչում է գետը//Եվ ձկները նետվում են//Ցոլքի մեջ ազատ//Ազատ են, թվում է, անլսելի://Պահը հիշողության մեջ է իմ ու քո…//Դա ես դեռ գրելու եմ քեզ//Դու թվում ես, և ես քո մասին մտածում եմ//Եվ ես դա դեռ ճչալու եմ//Երբ ձկները նետվելու են//Ցոլքի մեջ ազատ//Անլսելի//Ես հիշում եմ քեզ: (էջ 153)
Հոգու աչքերով տեսած սիմվոլիկ կերպարները՝ մետաֆորները, այնպիսի ոգեղեն ապրումներ են արտահայտում, որը ֆիզիկական աշխարհում հնարավոր չէ զգալ և իրագործել, քանի որ այն սովորական մարդկային զգացողության համար անհասանելի է: Դա է պատճառը, որ բանաստեղծի այս բարձրագույն գերզգայական ապրումները հասկանալու համար սովորական ընթերցողը պետք է ձերբազատվի առօրյա զգացողություններից, իր ներաշխարհում նոր դուռ փնտրի, որ կարողանա վերապրել բանաստեղծական միստերիաները:
Ըստ Ռուդոլֆ Շտայների` գրողի հոգին ապրում է մետաֆորներով, բայց նրան դեռ հասանելի չեն բարձրագույն հոգևոր ոլորտները, քանի որ նրա որոնումները չեն ավարտվել, և նա պետք է զարգացնի ոգեղեն ճանաչողության այնպիսի գործիքներ, որ լիովին ըմբռնի իմագինացիոն ապրումները: Հասնելով այդ ոլորտին` նրա զգայական աշխարհը և պատկերացումները ձեռք են բերում որակական նոր հատկանիշներ: Մարդու էության արական և իգական սկիզբները դառնում են բանաստեղծի գաղտնագրերի բացահայտման բանալիները: Ճանաչողական պրոցեսը վերածվում է արարչական կամ բեղմնավորման պրոցեսի:
Հոգին իր խորքում կին է, և այն, բեղմնավորվելով համաշխարհային ոգով, պտուղ է տալիս կյանքի բարձրագույն բովանդակությանը: Կինը դառնում է այդ խորքային հոգևորի խորհրդանիշը: Եվ այսպես է բանաստեղծ Գագիկ Սարոյանի մոտ. ամեն ինչ պտտվում և տատանվում և ամբողջանում է կանացի սկզբում: Մարդ-բանաստեղծը կարող է հասնել գոյության գաղտնիքներին միայն այն ժամանակ, երբ համակվի «հավերժ կանացիությամբ»:
Մի բան շշնջա//Խուլ անտառահարս//Մի բան շշնջա//Բացատների մեջ//Մակաղող Աստծուն… (էջ 55)
…Թվաց՝ սերը ինձ//Վերափոխել է//Ծով է դարձրել… (էջ 42)
Բանաստեղծը սեփական հոգու խորքերում այդ «հավերժ կանացին» է փնտրում: Նրա հոգու կապը հավիտենական արժեքների հետ նրան դարձնում է սիրահար կյանքին, բնությանը և անդրանցական այն բնությանը, որը վեր է սովորական մարդկային մտածողությունից և ապրումներից: Եվ դա է պատճառը, որ բանաստեղծ Սարոյանը ոչ թե վերնագրեր է դնում բանաստեղծություններին, այլ՝ թվանշաններ` ասես հուշելով, որ հավիտենական կանացիի հետ միաձուլման պրոցեսը, նրա որոնումները շարունակվում են, ավարտ չունեն, ինչպես արարչական ամեն մի գոյություն՝ շնչավոր թե անշունչ, տիեզերքում և նրանից դուրս, և դա այս դեպքում բանաստեղծությունն է:
…Գուցե մի խորունկ//Ծով է մոլորվել//Սրտիս ձորերում//Հենց տեսնում է քեզ//Լացը գալիս է//Քո սրտի անուշ կարկաչոցներից//Գուցե մի որբ է//Ծովի չափ մի որբ//Հենց տեսնում է քեզ//Իր մորն է հիշում՝ ծովե արցունքով… (էջ 99)
Անցավորի մեջ ճանաչելով հավիտենական Սերը՝ բանաստեղծը լավ գիտի, որ այս թանկ, անկրկնելի ապրումներից հետո նա պիտի վերադառնա առօրյա կյանք, որտեղ նվիրական գտածից ոչինչ չկա, բայց կա անտեսանելի հոգեմտավոր այն կապը, որը նրան ուժ է տալիս ապրելու, մաքառելու` ոտքերի տակ հողը զգալով, որովհետև նա տեսել է անտեսանելին, գրկել է հոգով անընդգրկելին և հիմա պիտի ապրի այդ ամենով:
Ես համոզված եմ, որ իմագինատիվ ճանաչողության երկինքներում ճախրող բանաստեղծ Գագիկ Սարոյանը կշարունակի մեզ ներկայացնել հոգևոր պոեզիայի նորանոր գոհարներ: