ՎԱՎԵՐԱԳՐՈՒՄԻ ԱԶՆՎԱՇՆՈՐՀ ՀՄԱՅՔԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Կարդում էի «Մեծաց շարունակվող զրուցաշար» գիրքը, ժամանակ առ ժամանակ դադար էի տալիս ու մտածում` արդյոք այս գրքի ինքնավստահ, հաստատակամ, նպատակամետ, խոսքի արժեքը գիտցող հեղինակ-հարցախույզը իմ ճանաչած փխրուն սրտով, մեղմաբարո Լուսինե Թոփուզյա՞նն է, և ինքս ինձ համար մեկ անգամ ևս հաստատում էի` ամենաուժեղ բանը աշխարհում միտքն է, որ կարող է ընդգրկել նույնիսկ անընդգրկելին: Զրույցների, դիմապատկերների և խոհերի այս ժողովածուն ամենևին էլ պատահական չէ, որ սկսվում է «Մտավորականը մտավոր բովանդակություն է բերում ազգի ապագայի համար» վերնագիրն ունեցող զրույցով, որը կարծես գրքի բնաբանը լինի:
Գիրքը տարբերվում է նմանատիպ ժողովածուներից նրանում զետեղված հարցազրույցների երկխոսության բարձրամակարդակ կուլտուրայով, նպատակին ընթանալու արդարացված անկեղծությամբ:
Լուսինե Թոփուզյանը 51 լույսի ճանապարհ է ներկայացնում գրքում` որպես ազգային մտավոր մշակույթի, լեզվի, արվեստի հոգևոր արժեք: Նա, ճիշտ է, իր առջև խնդիր չի դրել աշխարհայացք դաստիարակելու, բայց տարբեր աշխարհայացքներ կրող անձերի, ազգային խոհաբանությունը ներկայացնելու պարտականություն է իրեն վերապահել: Գիրքը ինքնին արդեն պատմություն է, որպես հայ իրականության վերջին շրջանի մշակութային դաշտի կենսագրական մի էջ, որն ապահովում է ազգի լինելիության անպարփակության միֆը: Այստեղ, ի հաստատում խոսքիս, ըստ տրամաբանության, պետք է թվարկեմ Լուսինե Թոփուզյանի «կերտած» կերպարները, սակայն նրանք բոլորն այնքան վառ անհատականություններ են, որ կա՛մ բոլորին պետք է նշեմ, կա՛մ էլ պետք է բավարարվեմ մեկ հավաքակական Հայի կերպարով: Այս ժողովածուն լրագրող-հրապարակախոսի կողմից հայ հոգևոր միջավայրից հավաքած նեկտարն է: Նա մեղվի ժրաջանությամբ օր օրի հավաքել ու կայացրել է մի հավաքապատկեր, որն արտահայտում է արդի նկարագիրը հայկականության` լուսավորված «Հայաստանը իմ սերն է» հավատո հանգանակով:
«Մեծաց շարունակվող զրուցաշարը» Հայաստանի մշակույթը պահող անհատականությունների խոհահամայնապատկեր է, ավելի ճիշտ` նրա մի մասը, քանի որ այն հեղինակի նախաձեռնումի` եռահատորի առաջին մասն է: Լրագրողուհին վարպետորեն լրագրային «հարց ու պատասխան» տեքստերին նրբորեն գեղարվեստական երանգ է տալիս, թեկուզ երբ հարց է ուղղում առօրյա կյանքում, որը երբեք ու երբեք հնարավոր չէ շրջանցել, սոցիալական վիճակից հոգնած, անգործությունից, ամենաթողությունից հիասթափված, իրականության մասին, երկրի ցավով տառապող, ինտելեկտուալ ազգային մտածողին, և նա չգիտի` ինչ կարծիք-դիտարկում է անելու իր զրուցակից-մտավորականը, բայց հաստատ համոզված է և ակնկալում է հոգս թեթևացնող մի բան, որ դրանով իսկ անուղղակի կերպով զրույց-դեղատոմս առաջարկվի` մարդկային հոգին խաղաղելու համար:
Լուսինե Թոփուզյանը լավ է հասկանում հարցի արժեքը, ուստի` իր հարցազրույցներում դրանք տրվում են պատասխան հորդորողի պես, և զրուցակցին տանում է անկեղծության, ձև ու կաղապարներից դուրս ինքնարտահայտման: Նա հարցադրումները ժամանակից դուրս չի դնում և անհոգի դիտորդի կեցվածքով չի նայում իրականությանն ու աշխարհին, սովորական աշխատանքային պարտականության պես տրաֆարետային մտածողությամբ չի գրում: Նա պարզապես ապրում է Աստծու պարգևած կյանքը և անսեթևեթ, մի օբեյկտիվ ջերմեռանդությամբ վավերագրում է, վերջին հաշվով, իրենով նաև պայմանավորված ու արժևորված իրականությունը, որի փայլուն հաստատումն է «Մեծաց շարունակվող զրուցաշարը»: Լ. Թոփուզյանը մտերիմ է եղել Սիլվա Կապուտիկյանի, Անահիտ Սահինյանի, Սերո Խանզադյանի, Մկրտիչ Սարգսյանի հետ… Այս ցանկը այնքան երկար է, որ կարելի է շարունակել ու շարունակել` ներառելով նաև թատրոնի, երաժշտարվեստի և մշակույթի մյուս ոլորտների հայտնի դեմքերին: Ի դեպ, նրանց վերաբերյալ նյութերը գրքում ոչ թե լսածի կամ կարդացածի արդյունք են, այլ հեղինակի ու Մեծերի միջև եղած մտերմության տրամաբանական շարունակություն` դիմապատկերի, խոհերի, հարցազրույցի ձևաչափով, որոնց անաչառությունը նշույլ իսկ կասկածելի չէ:
«Մեծաց շարունակվող զրուցաշար» ժողովածուում զետեղված բոլոր նյութերը ունեն փոքրիկ նախաբան, որտեղ Լ. Թոփուզյանի գրիչը աչքի է ընկնում սեղմագրությանը տիրապետելու, խոսքը հակիրճ ու դիպուկ ձևակերպելու ունակությամբ: Ընդհանրապես, Թոփուզյանի գիրը, ինչպես Ռուզան Ասատրյանն է գրում. «Կարդացվում է մեկ շնչով ու ակնածանքով»: Գրքում զետեղված գրախոսականում Հովհաննես Պապիկյանը նշում է. «Լուսինե Թոփուզյանը, լինելով գրականագետ-մշակութաբան, իր գրքում հրապարակախոսության թեմատիկան փաստագրային է դարձնում (զգացմունքային պատկերմամբ), ներկայացնում է օրախնդիր, լուծում պահանջող հարուստ հարցադրումներ, որոնք հուզում են ընթերցողին: Եվ, այդուհանդերձ, այն սկզբունքներով են առաջնորդվում հարցերը, որոնք օպերատիվ են, կրում են մասնագիտական բնութագրումներ…»:
Իհարկե, նման հետաքրքիր ու արժեքավոր գիրքը կարելի էր ավելի բարձր որակով և տեխնիկական թերություններից զերծ հրատարակել, բայց և այնպես, լավ է, որ այն լույս է տեսել ու սկսել է ապրել իր ուրույն կյանքը: Գրախոսությունս ավարտում եմ Լուսինե Թոփուզյանի հեղինակային խոսքով. «Հուսանք` հաջորդ երկու հատորների համար ևս բարի ժամանակներ կգան, ուր դարձյալ հայոց նշանավոր մեծերի ասելիքն ու խոսքը կլինի, ովքեր Հայրենիքի ու մշակույթի հանդեպ իրենց տաղանդավոր գործը, արժեքավոր նպաստն ու ձեռագիրն են թողել ժողովրդին ու հավերժին` ի շահ հայոց հոգևոր ոսկե գանձերի…»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։