ԼԵՎՈՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ / ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ

Լեւոն-Ջավախյան

Տպագրվել է՝  14 մարտի 2008 թ., Գրական թերթ

«Լինում է, չի լինում մի երկիր է լինում: Այդ երկրի բնակիչները խոսում էին նույն լեզվով: Եվ այդ լեզվով խոսողները իրար չէին հասկանում»:
Դընի Դոնիկյան

Կյանքը նման է մի հեքիաթի, որ սկսվում, բայց չի ավարտվում: Աստված գիտի, այս աշխարհում ո՞րն է իրական և ո՞րը` ոչ: Խնդիրը հավատքի մեջ է: Իմ հեքիաթը նոր է սկսվում: Ամեն ինչ հոսում է, գնում, անդառնալիորեն հեռանում, սակայն պահեր կան, որ ես հաճույքով հետ կվերադարձնեի: Նոբելյան մրցանակիս մասին վաղուց եմ գրել: Մեկ էլ եմ գրում: Ձմռան մի օր Վերնիսաժի ճանապարհին հանկարծ մտքովս անցավ պարզել, վերջ ի վերջո այդ մրցանակը ստանալո՞ւ եմ, թե` ոչ… Իսկ այդ հարցին պատասխանելու ամենապարզ միջոցը ձեռքիս ձնագնդիկն էր… Հեռվում մի բարակ էլեկտրասյուն կար, որին դժվար թե որևէ մեկը կարողանար ձնագնդով դիպչել: Ասի, թե կպավ` կպավ, թե չկպավ, ուրեմն` վերջ, ես էդ մրցանակից ձեռ եմ քաշում: Մեղքս ինչ թաքցնեմ. գցելս ու կպցնելս մեկ եղավ: Մյուս օրը Գրողների միությունում հերթ էր: Բոլորը ձնագնդիկ էին շպրտում: Հերթով գալիս նշան էին բռնում… Բայց իմն ուրիշ էր: Ծննդյանս օրից գլխիս վրա պեծիկ ունեի: Դեռ էն գլխից ճակատագիրը գլխիս նշան էր դրել: Մայրս ասում էր` տղես նշանավոր է լինելու… Էնպես որ, էդ միությունից էդ մրցանակին միայն ես էի հասու: Եվ պատահական չէ, որ Նոբելյան մրցանակը հատկապես ես կպցրի: Հիմա էական չէ, Շվեդիայից եմ ստանալո՞ւ, թե՞ բախտից: Էականը այն է, որ դրան հավատում էի: Էնպես որ, փառքը ընկել էր ետևիցս: Էդ մասին միամտություն ունեցա խոստովանելու չարչի ընկերոջս` Վարոյին:
– Վարո՛,- ասի,- էլ պրծում չունեմ, փառքը ընկել ա ետևիցս…
Ասաց, բերանը մոտեցնելով ականջիս.
– Զգույշ, հանկարծ աբգոն չանի…
Երևակայի, իմ ինտելեկտուալ շրջապատից միայն նա ինձ սթափության կոչ արեց: Ես էլ կարծում էի իսկական Լևոնը ես եմ: Ախ, այդ ընտրությունները… Ախ, այդ կեղծարարները… Եվ դրան հաջորդող ժողովըրդական հուզումները… Պարզվում է, Լևոն կար, որ հազար ինձ պես Լևոն արժեր… Դա իմացա Ազատության հրապարակում: Մի ժամանակ այն կոչվում էր Թատերական: Ութսունական թվականներին, չգիտես ինչու, Թատերական ասելիս իմ ընկեր Սեյրան Խաթլամաջյանի դիտմա՞մբ, թե՞ պատահմամբ, բառամիջի հնչյունը ձևախեղվելով լեզվից սպրդում էր… Ասում էր` Թաթարական… Թաթարա…, կներեք, Թատերական հրապարակում ժամանակ առ ժամանակ կըրքեր էին բորբոքվում: Այնտեղ ազատություն էին աղերսում… Այդ օրն էլ նույն գործի վրա էին: Մարդիկ ծով էին տվել լուսնաձև հրապարակում: Ճառերն ու կոչերը հաջորդում էին միմյանց: Նորույթը գեղարվեստական մասն էր: Մոլագար երաժշտությունը խլացնող ուժգնությամբ ականջներից հոսում էր ներս` ցնցում ուղեղը, ապա վիժվելով մարմինն ի վար` ընկնում ոտքերը: Անկարելի էր ռիթմի հարվածին դիմադրելը: Հրապարակն ինքնամոռաց ուրախության մեջ էր: Խելահեղ երգն ու պարը ազատություն էին տալիս մարմնին` անգործության մատնելով ուղեղը: Դա հղի էր անկանխատեսելի հետևանքներով: Սակայն այդ պահին խաղաղություն էր: Գորշ զանգվածը հանդարտ ծփում էր: Ինքը դեռ չէր երևացել: Փոքր-ինչ այն կողմ ամբոխը կոհակվեց: Ահռելի ալիքը դեպի մեզ էր գալիս: Տարօրինակ զգացում էր: Մոգական ոգի էր թևածում գլխավերևում: Ժամանակն էր: Օդը շիկացել էր, խոսքը պապանձվել` շունչը մարում էր… Ձեռքերով հյուսված երկու շղթա զուգահեռաբար մխրճվեցին ամբոխի մեջ: Կենդանի շավիղ էր բացվում: Անսպասելի հայտնվեց ինքը` չորս մատների արանքում պահած անբաժան մուշտուկը: Քամուն տրված մազերը կնգուղի նման կախվել էին ծոծրակին, բացելով ճաղատը: Օդը պայթեց ծափերից ու բերանբաց կանչերից: Նա գնում էր ծափողջույնների տարափի տակ կծկված, մուշտուկը ամուր սեղմած բերանին: Մարդիկ ուժգին իրար էին զարկում ափերը: Սիրտս ահ ընկավ: Հանկարծ ձեռքները չջարդեին:
– Լե-վոն…, Լե-վոն…,- թնդում էր համազարկը:
Երևի Հիսուսի հայտնվելը Երուսաղեմում էն գինը չուներ, ինչ նրա հայտնությունը Ազատության հրապարակում: Քայլում էր մռայլ ու շտապ, ապավինած ծխախոտի գլանակին: Վա՞խն էր ուղեկիցը, թե՞ հըրճվանքը` դժվար է ասել: Նա հավատում էր ինքն իրեն: Նրան հավատում էին նրանք: Նա էր կենդանի աստվածը: Նա` ազատությունը… Ազատությունը ամբոխի մեջ: Ահա նա` մուշտուկը ձեռքին… Նրբագեղ ծխում էր: Հավատը զորավոր էր: Այն մեռելին էլ կյանք կտար: Լևոնը տասը տարվա քաղաքական դիակ էր: Հավատը նրան կյանք էր տվել: Հիմա նա կենդանի կուռք է: Մարդիկ նայում էին մի ուղղությամբ, նրա ուղղությամբ: Նրանք իրենց իղձերի շավիղն էին հարդարում: Միայն թե, գտնվել էր մեկը, որ նրանց հետ չէր:
– Պռովոկատոր ա,- ասում էին,- հատուկ ուղարկված…
– Ինչի՞…,- հետաքրքրվեցի:
– Ասում ա,- ասացին,- ժողովուրդն առանց սերուցք` մածուն ա, առանց սերի… Յուրաքանչյուրն, ասում ա, պետությունը պիտի փնտրի ավելի շուտ իր մեջ, քան նախագահի… Այլակերպ, ասում ա, մենք ժողովուրդ չենք, ամբոխ ենք…
– Նա էլ իր կարծիքն ունի,- ասի:
– Դե, թող ուրիշ տեղ գնա,- ասացին:
– Ինչի՞ որ…
– Այստեղ գալիս են նրանք, ովքեր կարծիք չունեն,- խորհըրդավոր բացատրեցին, ապա մեկը մատը տնկեց դեպի հարթակը,- Ահա մեր կարծիքը…
– Լե-վոն…, Լե-վոն…,- մոլեգնում էր հրապարակը:
Ծառերը, թփերը, շներն անգամ կարծիք չունեին:
– Լե-վոն…, Լե-վոն…,- վանկարկում էին:
Մինչդեռ, Լևոնը մատ էր թափ տալիս: Եվրախորհրդին տասը օր ժամանակ էր տալիս: Կա՛մ իրեն նախագահ են ճանաչում, կա՛մ թե վերջ, հետագայի մասին թող իրենք մտածեն…
Ակամայից հիշեցի Ապարանի ուլտիմատումը: Ապարանը Չինաստանին պատերազմ է հայտարարում: Չինացիք աշխարհի քարտեզը նայում են, նայում, բայց էդպիսի պետություն չեն գըտնում: Ի վերջո, Հայաստանի դեսպանատան միջոցով ճշտում են Ապարանի ստույգ տեղը: Ահաբեկված դելեգատ են ուղարկում Ապարան: Պատվիրակները գալիս են տեսնում մի բուռ ժողովուրդ: Բայց ի՞նչ իմանային, թե էդ բուռն ինչի է ի վիճակի: Նրանց դիմավորում է Ապարանի ծերակույտը: Մեջքները արևին տված՝ թզբեհ էին գցում: Չինացիք իրենց երկրի կարգով, ձեռքները կրծքներին ծալած, շարվում են նրանց առաջ: Ասում են, դո՞ւք եք մեզ պատերազմ հայտարարել: Ասում են, ասենք թե` հա… Չինացիք կարկամում են, ասում են, բայց լա՞վ եք մտածել:
Դուք ինչքա՞ն կլինեք, հարցնում են ծերերը: Ասում են` մի երկու միլիարդ էլա կլինենք, էլի… Պառավները տարակուսած իրար են նայում: Պատվիրակները էստեղ սրտապնդվում են, ասում` ինչա՞, փոշմանեցի՞ք… Չէ՛, հա…, սթափվում են ծերերը, պրոստը մտածում ենք, թե էդքանիդ որտե՞ղ ենք թաղելու…
Հիմա Լևոնինն ա… Վերջնագրերով է խոսում…
Նա էլ էր Լևոն` ես էլ… Երկու Լևոն մի կաթսայում ո՞նց եփվեին…Այդ օրը ես իմ անունը կորցրեցի: Այլևս ես անանուն, դատարկ մարդ էի` դատարկ օդի դեգերող… Ո՛չ անունս կար և ո՛չ էլ ամանումը… Ոնց որ անգլուխ ոտնավոր… Նա որ կար` ես ի՞նչ անեի… Գրոշի արժեք չունեի: Ո՞ւր մնաց` Նոբելյանը… Ես էլ ինձ` էսա հա, դափնիների վրա էի պատկերացնում… Այնուհետև, դժվարն ինձ գտնելն էր: Որտե՞ղ էի ես: Իմ մե՞ջ, թե՞ ինձնից հեռու` դրսերում… Նայում եմ ներսս` ոչինչ չեմ տեսնում… Նայում եմ հայելու մեջ: Միևնույնն է, ես այնտեղ չէի: Բայց ինձ նայում` ուրիշին էի տեսնում… Կարո՞ղ է, չէ՞, էդ ուրիշն ես էի, թե չէ ինչո՞ւ էր նա իմ հայելու մեջ… Իսկ անդրադարձում ՀՀՇ-ի Գևորիկն էր: Նա, ով իր քաղաքական կյանքը սկսել էր ՀՀՇ-ից: Այն ժամանակ բոլորն էին ՀՀՇ: Հետո նա դադարեցրեց իր անդամակցությունը ՀՀՇ-ում, որովհետև բոլորն էին դադարեցրել: ՀՀՇ-ի Գևորիկը հիմա Հանրապետականի Գևորն է: Իմ դեմքի դիմաց նրա դեմքն էր. հագած-կապած` «Առաջ, Հայաստան» եռագույն ժապավենը պարանոցին բաց թողած, սիգարը վեհորեն մի կողմ թեքած, քայլերը լայն-լայն ձգելով, փորը «Առաջ, Հայաստան» կարգախոսից էլ առաջ գցած` գալիս էր, ոնց որ օլիգարխ… Գալիս էր իրեն բաց թողած, հաստատուն քայլերով, ասես նախագահական ընտրություններում ինքը միայնակ էր հաղթել, և որ կարևոր է, իր հարազատ կուսակցությանը` ՀՀՇ-ին չէր հաղթել…
Հետո էլ ասում էին գիժ է: Այդ գիժը առաջինը ձեռք բարձրացրեց «սրբության սրբոցի»` կոմունիստական վարչակարգի վրա: Գևորիկի անվրեպ ձեռքով կոտրվեց Խորհըրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանի անձեռնմըխելի գլուխը: Առաջինը այդ գիժն էր ընտրել խփելու ճիշտ տեղն ու ժամանակը: Հիմա քարերը հավաքելու ժամանակն է: Հիմա այդ գիժը հազար մեր պես խելոքի դաս կտար…
Հայելի իմ, հայելի, ո՞վ է մեր միջի Գևորիկը… Միգուցե, Տիգրան Կարապետովի՞չը… Նրա տեղն էլ հեռուստացույցի մեջ է: Դա է նրա հիմնական բնակատեղին: Ահա նա, նստած իր աշխատասենյակում: Նրա երկու կողմերում մարդաբոյ խաչեր են, իսկ մեջտեղը` թիկունքում, ավելի մեծ խաչ` յարալու Հիսուսը վրեն խաչված…
Ես ես չեմ: Ես Գևորն եմ Հանրապետական կուսակցությունից, ես Կարապետովիչն եմ Հանրային հեռուստատեսությունից… Իսկ գլխիս մեջ խառնիխուռն ձայներ են. «Ընտրու… Ի… Ով այստեղ չի` տականք է… Թշն… մի… Առնետավազք… Ղարաբաղյան կլանի մոնղոլ-թաթարական լուծը… Ուստի… Չեմ հրաժարվել ղարաբաղյան հարցի լուծման իմ նախկին ծրագրից… Գը…Դավաճան … Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացում… Բո… Ավազակապետություն… Այստեղից ինձ միայն ձեռքերի վրա կարելի է տանել` այն էլ նախագահական նստավայր… Քոչա… Կազմաքանդում… Ու… Եղեռնի ճանաչումը մեր խնդիրը չէ… յուն… Սերժ… Մենք հաղթել ենք… Մինչև վերջ… Պայքար, պայքար…»:
Կարո՞ղ է` սա ես եմ… Հարթակի վրա… Չէ… Հա… Ի՞նչ իմանայի… Կարո՞ղ է, չէ՞… Ազատության հրապարակում մեզ փոխս են գցել…
Վիճակը տագնապալի էր: Վերջում պարեց ինքը: Այն նման էր հրեշի անճոռնի գեղգեղանքի: Բայց չգիտես ինչու մարդկանց սրտերին աստծո դյութական թովչանք էր թվում: Հետո ճայթեց փոթորիկը: Զանգվածը կատաղի գրոհեց: Մոլեգնում էր ամբոխի տոռնադոն: Փոթորիկը ափ էր նետում փայտի կտորներ, երկաթի ձողեր, կենցաղային իրեր, քարի բեկորներ, դյուրավառ շշեր… Ոստիկանական լեգեոնը վահանները պարզած ճգնում էր այդ ամենի տակ: «Օդին վրա լուսարձակ գնդակներով զինվորներ սկսին կրակիլ,- պատմում էր ֆրանսահայ լրագրող ընկերս` Վահե Տեր-Մինասյանը,- Ան ատեն ցուցարարները սկսին գոռալ, սուլել, ձեռների փայտերը թափահարիլ… Եվ մենք հասկացանք, որ քաքին մեջ ենք…»:
Ընկերս, որ հազար չափել գիտեր` մեկ կտրել, էդ գիշերվա թոհ ու բոհին եկել ինձ համոզում էր գնալ մարտադաշտ: Ասի, ա՛յ տղա, գլուխդ քո՞ր ա գալիս… Տեսնո՞ւմ ես` խփոցի ա… Ասաց, ժողովուրդը կրակի մեջ` դու քու մասին ես մտածո՞ւմ… Արի, արի, ինչ նրանց կլինի` թող էդ էլ մեզ լինի… Ասի, արա, քիչ ա Լևոնը անունս խլել ա, հմի էլ ուզում ես կյանքներս խլի՞… Ասավ, արա, տեսնես քու չափ Լևոնին ատող կա՞… Ասի, հա` հենա Մաթևոսը… Մաթևոսն ի՞նչ` ասաց: Մաթևոսն, ասի, ընտրությունների ժամանակ իր աղջկան ասում ա` աղջիկս, այսքան տարի է ես քո հայրն եմ, քեզ որևէ բան խնդրած կա՞մ… Ասում է, ո՛չ: Դե, աղջի՛կս, ասում ա, ինը թեկնածուներից ում ուզում ես ձայնդ տուր, միայն թե նրան չտաս… Եվ մյուս օրը, ստուգելու համար, աղջկան հարցնում է, ձայնդ ո՞ւմ տվեցիր… Ոնց որ պատվիրել էիր, հայր, ասում է աղջիկը խոնարհաբար: Հաջորդ օրը Մաթևոսը պատահաբար իմանում է, որ դստրիկը ստել է: Նրան կանչում է, ասում, չէ՞ որ ես քո հայրն եմ, աղջի՛կս, քեզ ընդամենը մի բան հորդորեցի, բայց դու դրժեցիր հորդ պատվիրանը… Ասում է, աղջիկ ջան, էդ ի՞նչ սատանա մտավ ականջդ, էդ ի՞նչ ձայնով խոսեց քեզ հետ, որ գայթակղվեցիր… Ասում է` Լևոն ավարասերի էն ցուրտ ու մութ տարիներին, երբ քեզ իմ շնչով տաքացնում էի ու իմ սրտով լուսավորում, հենց էն ժամանակ պիտի քեզ սատանայի գիրկը նետեի` ցրտի ու խավարի զնդանը… Ասում ու բարկությունից կարմրում էր…
– Մաթևոսն ո՞վ է,- ասաց ընկերս, որի ուշք ու միտքը դեռ հայրենակիցների հետ միանալն էր:
– Մաթևոսը,- ասի:
– Ավետարանի՞…,- ասաց:
– Չէ՛, հա,- ասի,- մեր բանաստեղծ ընկերը…
– Ի՜…,- բութ մատն և ցուցամատը չռեց ու կողքանց տնկեց,- քու տունը շինվի,- ասաց,- Արա, ես էլ ասում եմ Ավետարանից ա ասում… Արա, քու տունը թողած՝ Մաթոսին ես անցե՞լ… Դու քու մասին խոսի, որ էրկու էրեխանցիցդ էրկուսն էլ մի մարդու նման ձենները տվին Լևոնին… Դու քու դարդը լացի… Թե չէ ասում ես` Մաթոսը…
– Լե-վոն…, Լե-վոն…
«Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն»… Հավատը սարեր էր շարժում: Ո՞ւր մնաց, թե մարդկանց սրտերը… Նրան անվերապահորեն սիրում էին: Նա հիպնոսացնում էր… Բայց ինչպե՞ս… Հավանաբար, Լևոնի գլխին հոպոպի փոշի էր ցանված: Էն փոշուց…
Ժամանակին բարձր դասարանների ուսուցիչ էի: Մի աշակերտուհի ունեի, մինչև հիմա էլ ողջ-առողջ է, բայց էն ժամանակ առողջության հետ պրոբլեմներ ուներ… Դասի ժամանակ մեկ էլ ինքնուրույն ուշաթափվում էր: Դասարանի տղերքը նրան ուշքի բերելու համար էնքան էին վրեն ջուր շաղ տվել, երեսն ու ծոցերը մաժմժել, որ սաղ նրան սիրահարվել էին… Դասարանում էլ որձ չկար, որ նրա նկատմամբ անտարբեր լիներ… Մի մաթեմատիկայի դասատու ունեինք, ասում էր` էդ շան տղու աղջկա վրա ոնց որ հոպոպի փոշի լինի ցանած, սաղ վրեն սիրահարվում են…
Մեր առաջին նախագահն էլ էդ փոշուց զուրկ չէր… Սաղ վրեն սիրահարվում էին, դեռ ավելին` պաշտում… Միայն թե Լևոնի փոշու դոզան չափից շատ էր: Դրա համար էլ նրա սերը ավելի էր ուժգին ու կաթոգին: Սակայն ամեն ինչ իր ավարտն ունի: 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ամբոխի սիրտը կոտրվեց: Ութ սպանված և հարյուր վիրավոր… Լևոնի պաշտամունքը սասանվեց: Այլևս, նա ագռավը գլխին ծըրտած փողոցային լքված արձան էր, որը սակայն ասում էր, ազգովի եթե խնդրեք` էլի կգամ… Այն, ինչ սիրով էր արարված, սիրով էլ պիտի նորոգվեր: Բառ առ բառ, տող առ տող, էջ առ էջ հավաքեցի այս պատմությունը: Բայց դեռ չգիտեի կատարողին: Միայն մատնահետքերից ճանաչեցի: Ոչ մի կրիմինալ: Ձեռագիրս մատներիս դրոշմն էր: Ես գտել էի անունս: Ես գտել էի ինձ: Լևոնն ընկել էր… Կեցցե Լևոնը… Սրտի ցիրուցան բեկորներից սիրով ես էլի սիրտ էի հավաքում: Այն միայն սիրով կարելի էր միացնել: Նույնպիսի սիրով ես սրտաչափ պատմվածքներ եմ գրում, որ հետո նվիրեմ ուրիշներին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։