ԱՍՏԾՈՒՆԸ՝ ԱՍՏԾՈՒՆ, ԿԱՅՍՐԻՆԸ՝ ԿԱՅՍԵՐԸ, ՄԵՐԸ՝ ՄԵԶ / Անահիտ ԽԱՐՄԱՆԴԱՐՅԱՆ

Ձեռքով մի՛ դիպչիր մեղեդուն,
Մի՛ դիպչիր աստղերի շողերին…
Կայրվես դու շողերի բոցերից
Եվ գլխիդ փորձանք կբերես…
Ժողովրդական երգ

Ինքս ինձ վրա զարմանում եմ, երբ ամեն անգամ Ծաղկաձոր մեկնելիս առաջին զբոսանքս անցկացնում եմ ոչ թե մերձակա անտառում կամ ստեղծագործական տունը եզերող ծառերի հիասքանչ օղակում, այլ` քաղաքի կենտրոնական հրապարակում:
Այս տարի էլ իմ չգրված ավանդույթը չխախտեցի: Բայց որքան թախծոտ ու մտածկոտ գտա Լեոնիդ Ենգիբարյանին… Ես համոզված եմ, որ նրա հրաշալի քանդակը ստեղծվել է որպես թռիչքի մասին երազանքի ֆանտաստիկ մարմնավորում, որը կարելի է անվանել «Չվող Ենգիբարյան». իսկ նրա գլխավերևի հովանոցը կարծես այստեղ, այս հրապարակ է գաղթել Մերի Փոփինսի մասին կախարդական ֆիլմից, որը նույնպես հովանոցով էր չվում ու վերադառնում: Եվ գուցե ամենևին էլ պատահական չէ, որ Լեոնիդ Ենգիբարյանին կարող ես այցելել Ծաղկաձորում՝ ստեղծագործական տնից ոչ հեռու. ընդամենը տասը րոպե քայլելով՝ կհասնես մեծ արվեստագետի հուշարձանին, որը և՛ ձեռնածու էր, և՛ ծաղրածու, և՛ ակրոբատ, և՛ մարմնամարզիկ, և՛ անգամ` գրո՛ղ: Լեոնիդ Ենգիբարյանի հիասքանչ պատմվածքները՝ թախծոտ ու քնարական, զվարճալի ու արդիական, փիլիսոփայությամբ ու մտածումներով լի, նոթատետրի բոլորովին այլ էջ են, որի մասին այստեղ չպետք է խոսվի։ Սակայն նրա հուշարձանը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը այդքան մոտիկ լինելը չի կարող պատահականություն լինել՝ երազների, երևակայությունների ու երազանքների այդ բարձր, անհասանելի աշխարհում ոչինչ պատահական չէ։
Իսկ մեզ մոտ՝ ներքևում, մեր մեղսավոր աշխարհում, ցավալի պատահականություններ ու անբացատրելի թյուրիմացություններ են տեղի ունենում որքան ասես: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մի օր մեզնից և՛ Գրողների միության շենքը, և՛ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տունը խլելու այս անհավատալի լուրը կտարածվի… Եվ ոչ միայն մերը, այլև կպարզվի, որ Հայաստանի բոլոր ստեղծագործական միությունները բարձրագույն հրամանով «ենթակա են ազգայնացման»։ Գուցե սա ուղղակի ինչ-որ մեկի չար կատա՞կն է։ Կամ պարզապես ինչ-որ մեկի թերամտությո՞ւնը, թյուրիմացությո՞ւնը կամ, վերջապես, սխա՞լը: Անգամ բոլոր ստեղծագործական միությունների կոլեկտիվների ժողովները, քննարկումները, իրավական փաստաթղթերը, որոնք հաստատում են դեռևս անցյա՛լ դարից շենքերի պատկանելությունը ստեղծագործական միություններին, հսկայական թվով ստորագրություններով նամակները, դիմումները, այդ թվում՝ սփյուռքից, դեռևս չեն տալիս շոշափելի արդյունք:
Սակայն ինչպե՜ս են գրողները սիրում աշխատել Ծաղկաձորում։ Գրեթե բոլորը միշտ համատեղում են արձակուրդը ստեղծագործական աշխատանքի հետ, ինչը միանգամայն բնական է։ Ինչպե՞ս կարելի էր նման բան որոշել՝ հայ գրողին զրկել արդյունավետ աշխատանքի համար ամենահրաշալի պայմաններից։ Չէ՞ որ Ծաղկաձորի ստեղծագործական տունը նախատեսվել և կառուցվել է հենց ա՛յս նպատակով։
Ծաղկաձորը հայտնի է և՛ իր մաքրամաքուր օդով, և՛ շրջապատող անտառների, ծաղիկ-ծաղկունքի դյութիչ գեղեցկությամբ։ Վաղուց ի վեր այն եղել է մեր մեծ գրողների սիրելի հանգստավայրը, որոնք ստեղծել են բազմաթիվ գրական գլուխգործոցներ՝ շնորհիվ քաղաքը շրջապատող առանձնահատուկ կախարդական մթնոլորտի՝ ասես ձևավորված ստեղծագործելու, մտածումների, մտքի թռիչքների համար։ Իզուր չէ, որ հենց այստեղ է դեռևս 20-րդ դարում ստեղծվել Գրողների ստեղծագործական տունը՝ այնքան սիրելի և այնքան անհրաժեշտ բոլոր նրանց, ովքեր ունեն ամբողջ կյանքում իրենց ուղեկցող աշխատանքային գործիքները՝ թուղթն ու գրիչը (հիմա նաև՝ համակարգիչը), և որոնց բախտ է վիճակվել կրելու Գրողի բարձր կոչումը։
Հուսանք, որ Հայաստանի ստեղծագործական միությունների բոլոր շենքերը «սեփականաշնորհելու» ցանկությունն արժանի հանգուցալուծում կգտնի՝ գլխավորապես օրինական իրավական ձևակերպման տեսքով, և մեր Ստեղծագործական տունը՝ Ծաղկաձորի մեր հարազատ օջախը, կմնա մեր՝ բոլոր տեսակետներից, հատկապես՝ իրավական տեսակետից, նրա օրինական տերերի ձեռքերում։ Եվ սա միայն մեր՝ գրողներիս կարծիքը չէ, Սփյուռքի մեր հայրենակիցների, մոլորակի բոլոր ազնիվ ու արդար մարդկանց կարծիքն է, որոնք պատրաստ են աջակցելու մեզ:

Ռուսերենից թարգմանեց
Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։