ՀԳՄ վարչությունը շնորհավորում է Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն
ՄՈՎՍԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԳՐՈՂՆԵՐԻ ՆՎԻՐՅԱԼ ԲԱՐԵԿԱՄԸ
Հայ գրողները Ծաղկաձորը սիրեցին այստեղ իրենց ստեղծագործական Տան երկարամյա տնօրենի շնորհիվ։ Մեր աչքում և հոգում Մովսես Մանուկյանը Հայաստանի այս գեղատեսք անկյան խորհրդանիշն է՝ նրա հող ու ջրի, անտառների, ձորերի ու երկնքի, նրա արևի ու մեղմաշունչ քամիների, զովասուն առավոտների ու աստղազարդ գիշերների. ամեն ինչ Մովսես է խոսում։ Ծաղկաձորում կան շքեղ հյուրանոցներ, բայց նրանցից և ոչ մեկը չունի մեր գրողների ստեղծագործական օջախի հոգևոր մթնոլորտը և մարդկային հարաբերությունների մարդկային անմիջականությունն ու հարազատությունը։ Սա ևս գալիս է Մովսեսից. ինչպիսին նա է, այնպես էլ նրա կողմից արդեն չորս տասնամյակից ավելի ղեկավարվող Տունը, որն այստեղ դարձել է գիտամշակութային իրողություն՝ Օրբելի եղբայրների թանգարանի հարևանությամբ։ Հիմա մտքովս անցավ՝ Ծաղկաձորում ստեղծել կերպարվեստի թանգարան, լսո՞ւմ ես, Մովսես, որ ոչ միայն հայ, այլև հազարավոր օտար այցելուները հիանան ինչպես Հայաստանի բնությամբ, այնպես էլ նրա հոգևոր արժեքներով, համոզված եմ` շատ նկարիչներ ու դրսում արդեն գործող թանգարանները նվիրատվություն կանեն այս գործին։ Մովսես ջան, դա կարող է իրականանալ միայն Մովսես Մանուկյանի ջանքերով, չէ՞ որ նա բնիկ ծաղկաձորցի է, շահախնդիր մարդ` իր ծննդավայրի զարգացումով, և հոգևոր անձնավորություն։
Մեր Տանը կա հիանալի պայմաններում գործող հարուստ գրադարան, որի գրքերի մի մասը գրվել է հենց այստեղ։ Շատ գրողներ այստեղ են եկել ոչ թե հանգստանալու, այլ` ևս մի քանի էջ ավելացնելու արդի հայ գրականությանը, որի համար Մովսեսը ստեղծել է աշխատանքային նպաստավոր մթնոլորտ` դրանով իսկ մասնակից դառնալով գրական ընդհանուր գործին։
Ստեղծագործ մարդը երբեք չի դադարում աշխատել և երբեք չի հոգնում։ Մովսես Մանուկյանի աշխատանքը ևս անխոնջ ստեղծագործություն է՝ գրական, մշակութային, գիտական անհաշիվ միջոցառումների մտահղացումով և բարձրակարգ կատարմամբ։ Մովսես, դու տեսել-զգացել ես հոգևոր մարդկանց և նրանց գործերը, դու ականատեսն ես մշակութային բազմաթիվ իրողությունների, որոնք արժանի են գրավոր վավերացման, ուրեմն՝ գրիր տպավորությունների քո գիրքը, սիրելի բարեկամ, դա կլինի ականատեսի մի կարևոր վկայություն մեր բարդ ու երկարատև կյանքի բովից։
Նորայր ԱԴԱԼՅԱՆ
Ուզում եմ քեզ արժանի՝ կոնկրետ քեզ ներբող ուղղել, բայց, սիրելի՛ Մովսես, դրվատանքի ինչ խոսք էլ ասեմ քո լուսավոր ծնունդը շնորհավորելու համար, կվերաբերի մարդկային այն տեսակին, որ աշխարհ է գալիս շուրջը բարություն, գեղեցկություն, ընկերություն, սեր, բարոյականություն տարածելու խոստումով ու քայլ առ քայլ, կետ առ կետ կատարում է իր հանձնառությունը:
«Ոչ մի թիզական» ես քո և բոլորիս սիրած Ծաղկաձորի հարցում… Թեև միշտ չէ, որ կարողանում ես փրկել մեր երկրի այս փոքրիկ հատվածը անկուշտ, անհեռանկար ստահակներից, բայց այն, ինչ ժառանգել ես, պահում ես աչքի լույսի պես… Ամեն անգամ Ծաղկաձոր գալով՝ քո տնօրինած տարածքում մի նորություն ենք գտնում, մի գեղագիտական պրպտում, ու թեև դրանք շատ-շատ են, բայց էլի ու էլի զարմանում ես, թե ինչ տնտեսվարությամբ է գործում քո տաղանդը, թե ինչ նորանոր հնարներ ես գտնում ավելի գեղեցկացնելու այն, ինչն արդեն իսկ գեղեցիկ է:
Եվ ուզում եմ իմ գոհությունը հայտնել Աստծուն. քո խնամքին հանձնված պարտեզում է, որ բացվում են մեր գրողական թևերը, որտեղ մենք դառնում ենք մեր ինքնությանն այնքան, որքան որևէ այլ տեղում հնարավոր չէ, քանի որ շատ աղմկոտ ու շփոթեցնող է ամենուրեք…
Քեզ մաղթում եմ շա՜տ երկար ու առողջ կյանք, իսկ մնացածը Աստծո զորությամբ ինքդ կանես:
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քո տեղում, քո երկրի համար
Ծաղկաձորցի իմ առաջին ընկեր, դու էլ դարձար յոթանասուն տարեկան… դու, որ տարիքի խաբկանք ես ստեղծում բոլորիս համար այնքան, որքան անդադրում ես քո շարժով ու մտահոգությամբ, շրջագայելով ու դադարներով, իսկ հանգստի մասին էլ չեմ ասում, որովհետև այցելուն պիտի հանգստանա, դու տիրոջ նման քո տան մեջ հսկես… Մեկ-մեկ ինձ թվում է, թե Հրանտ Մաթևոսյանի Ռոստոմի պես ձին նստած անցնում ես թփից թուփ, քարից քար, ծառից ծառ, քո պտույտը տալիս՝ քո՛ տեղում, քո՛ երկրի համար՝ պահպանելով եղածը, որ չթալանեն ու ավերեն, չկացնեն անտառը, քանզի աչքը տեսածից է վախենում: Ցավոք, մշակութային մթնոլորտի կամավոր պահապանները սակավանում են, և դու քչերից, եզակիներից ես մնում հաստատակամորեն, որ տարիներով աշխատել է անդուլ, տղամարդավարի, մաքառել հանուն Ծաղկաձորի և ծաղկաձորյան մեր օջախի, հանուն բնության անաղարտության, որի հանդեպ ամեն մի ոտնձգության արձագանքել ես օրինապահ քաղաքացու նման՝ դիմելով օրենքին բարոյականության իրավունքով, բնապահպանի սիրով, պոռթկումով, պայքարով ու էներգիայով…
Գրողական մեր միջավայրը ձևավորել է քեզ երկար տարիների ընթացքում, և դու այլևս անտրոհելի ես մեզնից ու Ծաղկաձորից, գանձարանով քո տպավորությունների, որոնք առնչվել և առնչվում են մեր մեծերին, նշանավորներին, բազմաձայն խենթերի գույներին ու երանգներին: Եվ ես մտածել ու մտածում եմ, թե որտեղի՞ց այդքան սերը, ակնածանքն ու հարգանքը քո հանդեպ: Անխոս՝ սիրուց և նվիրումից: Այդ սիրուց բխած հոգատարությամբ, գրողների տան այցելուների վերաբերմամբ, իսկապես սեփական տանը հյուրընկալելու տրամադրություն ես ստեղծում՝ քո ամբողջ անձնակազմով: Եվ մի գաղտնիք էլ կա՝ անձամբ ես ճանաչում գրողներին ու նրանց ընտանիքների անդամներին՝ ընթերցելով նրանց բանաստեղծությունները, պատմվածքները, վեպերը… և դա դեռ բավական չէ, մրցանակ էլ ես շնորհում նրանց, ովքեր հարազատ հարկի տակ մի լավ գործ են անում:
Սիրելի և թանկ իմ ընկեր Մովսես Մանուկյան, շնորհավորում եմ քեզ հոբելյանիդ առթիվ, ուզում եմ քեզ միշտ տեսնել անդադրում շարժի մեջ և երջանկացած՝ հայրենանվեր վաստակով:
Քո՝ Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ