Արթնացավ ու գնաց զուգարան՝ որոշակի տարիքում անհրաժեշտություն է, զարմանքով նկատեց, որ գիշեր չէ, լույսը բացվել է, ավելին՝ 9.30. էր, կարող էր վեր կենալ, բայց անկողինը ձգում էր: Զուգարանից ննջարան մի քանի քայլն անցնելիս զգաց, որ տանը մենակ չէ, ալարելով անցավ բոլոր սենյակներով՝ դե ո՞վ կարող էր լինել: Ոչ ոք: Ոչ ոք: Ոչ ոք: Արցունքներն արդեն պատրաստ էին հոսել, պառկեց: Անհարմար դիրքով, բայց զգաց, որ իրեն չի մտահոգում, մեջքի ցավը չի շամփրում ոտքից-գլուխ: Դե լավ, մի քիչ պառկի-վեր կկենա: Դիրքը կարևոր չէ: Մորը նորից բժիշկ էր պետք, ավելի ճիշտ՝ պիտի անալիզները վերցներ ու տաներ բժշկին: Փողոցն ամայի էր, տրամվայ եկավ, վազեց ու նստեց: Նույնիսկ չհասցրեց համարը նայել: Վագոնում մարդ չկար, տրամվայը ուղիղ սլանում էր, ապակուց այն կողմ մանրամաղ ձյուն էր: Մտքերը չէին հավաքվում, ուզում էր մոտենալ վագոնավարին հարցնել, տրամվայն ո՞ւր է գնում ու ինչո՞ւ կանգառներ չկան, բայց ոտքերը չէին շարժվում: Հանկարծ հիշեց, որ 30 տարի է՝ քաղաքից հանել են տրամվայները, նույնիսկ գծեր չկան, բայց ինքը տրամվայում էր: Ձյունը չէր ուժեղանում, մշուշ էր ու մռայլ լույս: Տրամվայը կտրուկ կանգ առավ, իջավ ու հայտնվեց լաբորատորիայի առաջ: Հետո երկար ետուառաջ էր անում միջանցքում, սպասում էր բուժքրոջը, ոչ ոք չկար: Մրսում էր, սեղանիկի վրա էլեկտրական թեյնիկ կար, թղթե բաժակներ ու թեյ, անհարմար էր, բայց շատ էր մրսում, կգային, կվճարեր թեյի համար: Թեյնիկը միացրեց ու սպասում էր՝ ջուրը տաքանար: Ձայներ լսեց՝ դրսից, ինչ-որ մեկը բղավում էր, որ ներսում մարդ կա, պետք է դուռը բացել: Թեյի բաժակը ձեռքին՝ նստեց երկար նստարանին, արդեն ուշանում էր, մայրը չէր հավատալու, որ անալիզներ վերցնելը այդքան երկար է տևում: Բայց ի՞նչ աներ՝ մարդ չկար, որ տար, իսկ ինքը չէր կարող այդքան դարակների մեջ գտնել մի քանի թերթիկ, որ որոշելու էին՝ ինչ անել կամ չանել: Երբ սկսեցին դուռը կոտրել, հասկացավ, որ հենց միջանցքի դռան մասին է խոսքը: Եթե դուռը փակ էր, ո՞նց ինքը ներս մտավ: Հասկացավ, որ որոնում են իրեն ու գողի տեղ են դրել: Միջանցքում ու սենյակում մի քանի տեսախցիկ կա, թող ստուգեն՝ ի՞նչ է գողացել: Եվ ընդհանրապես՝ որտե՞ղ են աշխատողները: Ի՞նչ պատմության մեջ ընկավ՝ տրամվայը, փակ դուռը, ո՞նց անցավ ինքը ներս, եթե դուռը փակ էր, ու ինչո՞ւ է փակ, եթե… Արթնացավ, հաստատ՝ մենակ չէր: Ինչ-որ մեկը վերմակը դարձրել էր պատյան՝ ձեռքերն ու ոտքերը անշարժացել էին, խայտառակ լռություն էր՝ ոչ մի ձայն, ոչ մի շշուկ, թվաց՝ պարզապես խլացել է: Նույնիսկ շնչառության ձայնը չէր լսում, թեպետ վերջերս անընդհատ խզխզում էր շնչելիս: Բայց ես չեմ շնչում՝ հասկացավ միանգամից: Սրտի ձայնն էլ չլսեց: Մոր մահվան թերթիկում երկու բառ էր՝ «Սրտի կանգ», ու ոչ մի բացատրություն՝ ինչի՞ց: Ես մեռնում եմ: Իսկ դուռը փակ է, ու ոչ ոք բանալի չունի: Դուռը կոտրելու են: Երկաթե դուռ է՝ չեն կարողանալու… Կտակ չեմ գրել, տունն անտերանալու է… Գրքերը մնացին, այդպես էլ հրատարակչին չտարավ, հրատարակիչ էլ չգտավ: Բայց պատրաստ են տպագրության, ո՞վ է հրատարակելու, ո՞ւմ է պետք: Համակարգիչը հին է, դեն կնետեն, ու վերջ: Բառերը ճչացին: Հասկացավ, որ եթե հենց հիմա ոչինչ չանի, հեռանալու է նրա հետ, որ աննկատ է գալիս ու մենակ չի մնում երբեք: Լավ, մնամ՝ ի՞նչ եմ անելու: Երեկ գնացի գերեզմաններ, հասկացա, որ տանն եմ: Քարի վրա, որտեղ հայրս ու մայրս էին, իմ նկարն էլ տեսա, թեպետ գրանիտի վրա ոչինչ չկար: Բայց տունը լուռ ճչում էր՝ ես մաքուր եմ, ես լիքն եմ, ես օտարների չեմ ուզում, որ գալու են, ամեն ինչ քանդեն, դեն շպրտեն՝ քո հագուստները, քո իրերը, քո սիրելի մասունքները նետեն աղբամանը: Եթե ոչ հենց հիմա, 40 օր հետո՝ հաստատ: Ես չեմ ուզում անտերանալ, դատարկվել, ուրիշինը դառնալ: Ես սովորել եմ քեզ, դու չես կարող ինձ դավաճանել: Դու ընդամենը 60 տարեկան ես, դու ծեր չես, դու հիվանդ չես, դու հոգնել ես ապրելուց: Ընդամենը: Կանցնի: Դու հոգնել ես մենակությունից: Դու հոգնել ես դատարկությունից: Զգաց, որ սառել է, թեպետ մարմինն անշարժ էր, բայց զգում էր, որ սառում է: Հետհաշվարկը տրված է, դու ունես 7 վայրկյան, եթե ոչինչ չանես, հեռանում ես մահվան հետ, եթե անես, մահը մենակ է հեռանում: Բայց ի՞նչ անել: Ու՝ ինչո՞ւ: 7՝ իսկ ո՞վ է գնալու գերեզմանները մաքրելու: 6՝ գոնե ԳՐՔԻ երկրորդ մասը հրատարակեիր: 5՝ ինչո՞ւ ես վախենում կտակ գրել, տունդ իրավունք ունի տեր ունենալու քեզնից հետո, 4՝ իսկ եթե այնտեղ չհանդիպե՞ս նրանց, ում սիրում ես, ինքդ էլ չլինես, այստեղ գոնե կարողանում ես սիրել ու հիշել: 3՝ հասկացավ, որ պիտի բացի աչքերը ու ունի որոշում կայացնելու միայն երկու վայրկյան: Բացեց: Անշարժությունը մնում էր, առաջինը աշխատեց սիրտը՝ խլացնող աղմուկ էր, հետո տեսավ վարագույրների միջից սենյակ լցված լույսը՝ աչքերը ծակում էր… Փորձեց շարժվել, ոտքերը ծանրացել էին, ձեռքերը ավելի շարժուն էին, միանգամից վերադարձավ մեջքի ցավը, գլուխը ցավից ճաքեց: Վերջ՝ կյանքը շարունակվում է: Պետք է վեր կենալ: Ինչո՞ւ բացեցիր աչքերդ: Մահի՞ց վախեցար: Ապրե՞լ ես ուզում: Չէ, ծարավ եմ: Ջուր եմ ուզում… Իսկ գուցե պեպսի-կոլա:
Կարդալ նաեւ․․․
ԷԼԴԱ ԳՐԻՆ / ԱՆՁՐԵՎԻՑ ԾՆՎԱԾԸ (Էդգարի հիշատակին)
Այն ժամանակ դա թերակղզի չէր, ինչպես հիմա, այլ կղզյակ Սևանա…
Չեղարկված կյանք / Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Տղան չէր համարձակվում ձեռք շոյելուց այն կողմ անցնել:…
ԵՐԿՈՒՍԸ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ / Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ
Բանաստեղծ ընկերոջս՝ Արմեն Մարտիրոսյանի հիշատակին – էս որտեղի՞ց հայտնվեց: Ջուլիան…