Նա կանգնեց մայթի վրայ և նայեց իր կեանքի ընթացքին: Պայծառ բան չտեսաւ: Որոշեց փոխել այդ ընթացքը: Նա կեանքը միշտ պատկերացրել էր որպէս բազմահուն մի ճեպուղի, իւրաքանչիւր հուն կերտելով իր ուրոյն ճակատագիրը: Այլ խօսքով, ամէն մի ճանապարհ տանելով դէպի մի որոշ ու անորոշ ապագայ: Փորձենք, ասաց ինքն իրեն, անորոշ ապագան անորոշ ներկայ որոշ տաղտուկից գերադասելի է: Եւ այսպէս, փոխանակ քաղաքամիջի իր գրասենեակն ուղղուելու, նա ինքնաշարժի գլուխը դէպի արևմուտք դարձրեց, բռնեց համար 90 մայրուղին և ոտքը սեղմեց վառելահեղուկի լեզուակի վրայ: Հոկտեմբերեան առաւօտ էր և գոյների հրդեհը սկսուել էր կառուղին եզերող անծայրածիր անտառում: Նա մի արտասովոր թեթևութիւն զգաց, խինդի պէս մի բան, որը ներսում ծաղկելով արտացոլուեց նրա գունատ դէմքի վրայ: Ինքնաշարժի արագութեան հետ զուգընթաց` մէկ առ մէկ նա ձերբազատւում էր անցեալին կապող բազմահազար ցանցերից: Յաջորդ պահին ազատութիւնը ներս խուժեց ինքնաշարժի պատուհանից, կառուղու յարատև վազքից, հողից, ընդերքից, երկնքից ու անծանօթ տարածութեան խոստումից:
Մի քանի շաբաթ առաջ, Սեպտեմբերի 22-ին մի հրաշալի բան պատահեց: Այդ օր արևադարձը կրկին այցելեց: Արեգակը կրկին խաչաձևեց երկնային միջօրէականը և շարժուեց դէպի հարաւ: Այդ օր ցերեկն ու գիշերը հաւասարուեցին: Այդ օր սկսուեց աշունը, թերևս տասը միլիարդերորդ անգամ: Հիմա աշունը թառել էր ճանապարհի երկայնքին, շրջակայ ծառախիտ բլուրների և մարդկանց շունչի վրայ: Եւ այն, ինչ որ թախծոտ էր, լաւ էր, հասուն ու խոհեմ: Իր վրայից հինաւուրց պատմութեան հոտ էր գալիս: Մարդկանց մեծ մասի ներաշխարհում մի-մի աշուն էր նստած: Բայց այս պահին այդ չէր կարևորը, այլ այն, որ անծանօթ անորոշը զգլխիչ էր հորիզոնի գլխին կանգնած սիրոյ պէս: Այդ պահին նա կարող էր հազար ու մի կեանք ապրել, հազար ու մի ճակատագիր ստեղծել: Նա կարող էր մեքենայի դունչը աջ դարձնել և մի այլ տեղ հասնել, քան այն, ինչ ծրագրել էր մի վայրկեան առաջ: Նա հաւատում էր այն տեսութեան, որ եթէ անապատում աւազի մի հատիկ տեղից շարժուի, ապա շատ հաւանաբար այդ չնչին գործողութիւնը կարող էր պատճառ դառնալ, ասենք, հիւսիսային բևեռում վիթխարի սառցակոյտերի բախման:
Նա նոր նկատեց, որ աշնանամուտը շարունակւում է որպէս անվերջանալի մի ծէս: Եւ այդ օրուանից ի վեր ամէն մի երևոյթ նրա՛ն էր յիշեցնում: Նրա՛ն էին յիշեցնում արուեստի որևէ գործ, երաժշտական որևէ կտոր, բնութեան զարթօնքն ու թօշնումը, նոյնիսկ օդանաւերը, որոնց մէջ բանտարկուած ժամերը նրան հասնելու աւետիսն էին խոստանում: Այդ բոլորով հանդերձ, աշունը իր ակօսներն էր պեղում Ամերիկայի հիւսիսային շրջաններում` Մէյն ու Վըրմոնթից մինչև Մօնթանա, Օրէգոն, ու Ուաշինգտոն նահանգ:
Աշնանամուտին հեղեղները շարժուեցին: Երբ արևը թեքուեց դէպի հարաւ, տիեզերային եռանկիւններ ու խորանարդներ գոյացան, տարածուեցին, ալիքաւորուեցին անհունում: Եւ մինչ երկնային մարմինները շարունակեցին իրենց քաոսային երթը, յանկարծ ամպերը կուտակուեցին և տեղատարափի փոխուեցին: Նա, Վահրամը թէ Վահանը վայրկենական խուճապի մատնուեց: Անձրևը այնքան սաստիկ էր, որ նա կորցրեց իր տեսողական դաշտը: Կուրացաւ, գորշացաւ: Նրան թուաց, թէ ընկել է անվերջանալի մի փակուղու մէջ և որ ինքնաշարժը իր ուրոյն ինքնութեան ձայնն է հետապնդում` միանգամայն ինքնաղեկ ու ինքնավստահ: Նա կորցրեց իր ինքնութիւնը: Չիմացաւ ո՛վ է, ո՛ւր է գնում և ինչո՛ւ: Անձրևը ծովի վերածուեց, շառաչելով և հարւածելով ինքնաշարժի ապակե վահանն ու պատուհանները: Նա ապրեց այն, ինչ որ ապրել էր նախածննդեան կեանքում: Ամբողջովին բնազդ ու տպաւորութիւն:
Մի պահ կամ մի ժամ ետք, անձրևը կտրուեց և արևը շարունակուեց: Դիմացի միապաղաղ համատարած հարթութեան միջից յանկարծ մի սպիտակ քաղաք գոյացաւ ապակեպատ շինութիւններով: Ահա այն քաղաքը, որին երազել եմ ամբողջ իմ կեանքում, մտածեց նա և ուրախութիւնից սկսեց ճչալ ու խելագար բացականչութիւններ արձակել: Աշունը ամենագունեղ եղանակն է, երբ բնութիւնը տագնապից տագնապ է անցնում և վառում ազդանշանային իր բոլոր լոյսերը: Աշնանն է նաև, որ հասնում է բերքը և խորանում սէրը: Աշնան մտորումները աւելի ծանր են ու անկեղծ: Աշունը յուռթի այգիների խոստումն է և զգայարանների սրութեան զենիթը, երբ ամէն ինչ բոյր է, հեշտանք ու հառաչանք: Իսկ երբ բերքահաւաք էր, Կոմիտաս Վարդապետը կանգնեց հնամենի նշենու տակ և մտիկ արաւ.
Մեր բաղը ծառ ա,
Ձեր բաղը քար ա,
Ես քեզ չեմ առնի
Իմ աղբօր ծառայ:
Մեր բաղը վարդ ա,
Ձեր բաղը յարդ ա,
Ամէն բան գիտեմ,
Ի զուր մի՛ ջարդա:
Արևմտեան կիսագնդում աշնանային արևադարձը խորհրդաւոր խաղեր էր խաղում: Նա մտածեց, որ եթէ ինքնաշարժի ուղղութիւնը փոխէր և արեգակնային խաւարման հակառակ ծիրը բռնէր, ի վերջոյ գարնան կը հանդիպէր: Նա անմիջապէս հեռու վանեց այդ միտքը և որոշեց ըմբոշխնել աշնան կարմիր հոգեվարքը, որը փաստօրեն այնքան հոգեվարք չէր, որքան հասուն սերմերի կուտակումը հասկերի մէջ: Եւ միանգամից գոյապաշտական ընտրութիւնը գլուխը բարձրացրեց: Հազար ու մի ուղղութիւն: Հազար ու մի ճակատագիր: Ո՞ր ճամբան բռնել: Արևմուտքում թերևս մի կին է սպասում: Արևելքում գուցէ կամուրջը քանդուել է: Ո՞վ գիտէ ինչ անակնկալներ կան աջին ու ձախին: Մօտեցաւ քաղաքի գլխաւոր զարկերակին: Վեր նայեց: Գորշ շինութիւնների զանգւածը սպառնում էր իր գլխին թափուել: Աւելի մօտեցաւ, նայեց, շօշափեց, հոտոտեց, իմացաւ, որ իր քաղաքն է վերադարձել, երբ առաւօտեան փախել էր այդ քաղաքից: Ո՞վ կարող է ասել թէ ինչպի՜սի գաղտնիքներ կան աշնանային արևադարձի խտացող ստուերներում:
«Մի մարդ ու մի երկիր եւ այլ պատմուածքներ» ժողովածուից. 1994 թ.