Գրիգոր Ջանիկյանն իր գեղարվեստական և վավերագրական գրվածքներով հաճախ է անդրադառնում 1915-ի Հայոց ցեղասպանությանը: Այս անգամ հայ ընթերցողին է ներկայացրել ծավալուն մի պատում` նվիրված Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին ու նրա սիրելի կնոջը` Մելինեին: Գիրքը, որն իր ծավալով վեպի ու վիպակի արանքում է, ունի բացառիկ ճանաչողական ու դաստիարակչական արժեք: Այն առանց քարոզի, խոսուն ու վավերական փաստերով մերկացնում է երիտթուրքերի և ընդհանրապես թուրքերի` հայերին բնաջնջելու քաղաքականությունը, միաժամանակ խստորեն քննադատում է ֆաշիզմն ու ռասիզմը: Սրանք մարդուն նրա աստվածային էությունից հեռացնող սոսկալի թերություններ են, որ խստորեն մերժում են մեր ազգային «Սասունցի Դավիթ» էպոսը և ընդհանրապես հայի հոգեբանությունը:
«Անավարտ համանվագ»-ը պատում է երկու հայի անունից` կնոջ ու տղամարդու: Երկուսն էլ` Մելինեն ու Միսաքը, ցեղասպանությունը վերապրած երիտասարդ հայեր են, որոնք հայտնվել են աշխարհի մշակութային կենտրոն Փարիզում:
«Անավարտ համանվագ» գրքում պարզորոշ երևում է Ջանիկյանի քաջատեղյակությունը պատմական նյութին, արևելահայ ու արևմտահայ գրականությանը, Ֆրանսիայի գրականությանն ու արվեստին, ինչպես նաև փարիզյան միջավայրին ու տեսարժան վայրերին:
Միսաք ու Մելինե Մանուշյաններին զուգահեռ տեսնում ենք նաև Շառլ Ազնավուրի հայրական ընտանիքը: Պարզորոշ է, որ Շառլ ու Աիդա Ազնավուրների ինքնակենսագրական գրքերը, որոնցից փաստեր հայտնվում են գրքի էջերում, քաջ հայտնի են Ջանիկյանին: Չմոռանանք, որ XX դարի երկրորդ կեսի ու XXI-ի առաջին երկու տասնամյակների ամենանշանավոր ու աշխարհահռչակ հայերից մեկը` Շառլ Ազնավուրը, իր արտասովոր երևույթ դառնալու գնահատականը դեռ պատանի հասակում ստացել է Միսաք Մանուշյանից: Վերջինս մարգարեաբար ասել է. «Շառլը կդառնա հայ ժողովրդի պատիվը և Ֆրանսիայի փառքը»:
Գրքի հեղինակը հրաշալի պատգամ ունի ամեն հայի, երբ ներկայացնում է Նեմրութ լեռան վրա հայ հեթանոս աստվածների արձանների հզորության ներգործուն ուժը և Միսաք Մանուշյանին համեմատում ամենազորեղ Արամազդի հետ: Գրքում Փարիզը պատկերված է XX դարի 30-ականների ու համաշխարհային պատերազմի տարիներին: Գրքի կերպարներից են փարիզյան հայ կյանքին գործուն մասնակցություն ունեցող Ավետիք Իսահակյանը` անհագ ընթերցողը, և տարածական նկարչության հիմնադիր Երվանդ Քոչարը, որոնք հետագայում վերադառնում են Խորհրդային Հայաստան ու այնտեղ ինչ-որ չափով զգում բանտարկված, հատկապես Քոչարը, և հայրենիքում ապրում մինչև կյանքի վերջը:
Ցավալիորեն պարզ է դառնում, որ ընդդեմ ֆաշիզմի դիմադրության առաջնորդ Միսաք Մանուշյանի խումբը, որը գրեթե հարյուրի հասնող բազմազգ վրիժառուների ըմբոստ բանակ էր, պատերազմի ավարտին դառնում է մատնության զոհ ու նահատակվում:
Սրտաշարժ է Միսաքի ու Մելինեի սիրո պատմությունը: Քանի-քանի անգամ Մելինեն վտանգել է կյանքը Միսաքին բանտում գոնե հեռվից տեսնելու համար: Իսկ Մանուշյանի` մահապատժից առաջ կնոջը գրած նամակը փաստում է այդ վեհ, իմաստուն տղամարդու անսահման սերը Մելինեի նկատմամբ. նա խորհուրդ է տալիս Մելինեին երջանկանալ մեկ ուրիշի հետ` հայրենիքո՜ւմ երջանկանալ: Ֆրանսիայի կառավարությունը Միսաք Մանուշյանին հետմահու արժանացնում է երկրի բարձրագույն` Ազգային հերոսի պատվին: Մելինե Մանուշյանը ամուսնու պատգամը կատարելով` գալիս է Խորհրդային Հայաստան, Երևանի կենտրոնում ստանում բնակարան, դասախոսում Երևանի պետական համալսարանում, սակայն զգում է արգելափակված, որովհետև իրավունք չուներ գնալ արտասահման: Երբ վերջապես թույլ են տալիս մեկնել Փարիզ, նա այլևս չի վերադառնում, որովհետև Ֆրանսիայի կառավարությունը Մանուշյանի այրուն նշանակել էր մեծ թոշակ, ու տարիների ընթացքում այդ թոշակը դարձել էր նշանակալի հարստություն, որով այրին կարող էր բարեկեցիկ ապրել մինչև կյանքի վերջը:
Գրքում դատապարտվում է մորթապաշտությունից ծնված ֆաշիստական գործակալ դառնալու իրողությունը, ինչպես նաև ներկայացվում է մինչև համաշխարհային երկրորդ պատերազմը Ստալինի լրտեսական ցանցին ոմանց անդամագրվելը և ֆրանսահայերի մեջ գործելը: Դատապարտվում է նաև 1946-47 թվականներին Հայաստան ներգաղթած հայերին Սիբիր աքսորելու ամոթալի երևույթը: Տեղին ու լիովին արդարացվում են Սողոմոն Թեհլիրյանը, Արշավիր Շիրակյանը և մյուս արդար վրիժառուները, որոնք երիտթուրքերի պարագլուխներին ոչնչացրին մեկ ու կես միլիոն անմեղ հայերին նահատակելու համար: Կան ահասարսուռ տեսարաններ, որտեղ ներկայացված են, թե ինչպես են թուրքերը վարվել անապատ քշվող հայերի հետ: Այրել են նրանց, հետո մոխիրը մաղել, որ գտնեն ոսկի, կամ թուրք զինվորները հայ երեխաների կտրած գլուխներով ֆուտբոլ են խաղացել:
Գ. Ջանիկյանը վավերագրքում օգտագործել է քիչ գործածական հույժ հայերեն բառեր` խուսափելով դրանց տարածված օտարաբանություններից: Օրինակ` արորդի, կեռախաչ, անճրկել, դեդևել, խլափեղկ, կոթառ, որմազդ և այլն:
Միսաք Մանուշյանի ու Մելինեի համար ցեղասպանությունը դեռ չէր ավարտվել, որովհետև ֆիզիկական փրկությունն ընթանում էր մշտական սովի, ռասայական խտրության, գաղթականի կարգավիճակի տխուր իրողություններով:
Թեպետ Ֆրանսիան Մանուշյանին արժանացրել էր Ֆրանսիայի Ազգային հերոսի պատվավոր կոչմանը, սակայն այդ կոչմանն արժանի հիշատակի հավերժացման գործում մեծ դեր է կատարել Մելինեն: 1978-ին մերձփարիզյան Իվրի-սյուր-Սենում բացվել է Միսաք Մանուշյանի գեղեցիկ դիմաքանդակով տպավորիչ հուշարձանը (գործ` ՀԽՍՀ ժողովրդական քանդակագործ Արա Հարությունյանի): Փարիզում կա փողոց Մանուշյանի խումբ անունով, շենքերի վրա` նրա անունով հուշատախտակներ: Օրինակ` մեկի վրա գրված է. «23 հրացանաձիգ զինվորներ և պարտիզաններ, որոնց հրամանատարն էր Միսաք Մանուշյանը, 1944-ի փետրվարի 21-ին գնդակահարվել են նացիստների կողմից»:
Միսաք Մանուշյանը նաև բանաստեղծ էր, սակայն հանապազօրյա հացը վաստակելու համար ստիպված էր բանվորություն անել, նույնիսկ բնորդ դառնալ նկարիչների ու քանդակագործների համար: Վերջին փաստը լիովին հաստատվում է այն լուսանկարով, ուր Միսաքը ամառային թեթև սպորտային համազգեստով է, և նրա համաչափ ու մարզված մարմինը հիշեցնում է հելլենական ատլետներին:
Մանուշյանին շատ բարձր է գնահատել XX դարի նշանավոր բանաստեղծ Լուի Արագոնը, որը նրան նվիրել է ջերմ բանաստեղծություն: Մանուշյանը հաճախել է Սորբոնի գրականության դասընթացներին, թարգմանել է ֆրանսիացի բանաստեղծներին հայերեն: Հրատարակել է «Ջանք» գրական-գեղարվեստական հանդեսը, «Զանգու» շաբաթաթերթը:
Ջանիկյանի «Անավարտ համանվագ» գիրքը յուրօրինակ նվեր է ֆաշիզմի դեմ նաև հայ ժողովրդի տարած հաղթանակի 75-ամյակին ու հիշեցում հայ ժողովրդի նոր բարձրացող սերնդին` չմոռանալ ցեղասպանությունն ու հիշել Նեմրութ լեռան վրա եղած հզոր հայ աստվածներին: