Ասի՝ գործի գնամ, ու պատկերացրեք ուրախությունս, երբ դեռ ոտքս կանգառ չդրած՝ ավտոբուսն եկավ։ Դե առավոտները գալու պահով էս վերջերս բողոքելը մեղք կլինի, ինչը որ չես ասի, իհարկե, երեկոյան տուն հասնելու մասին։ Բայց դե, բեր նախ բարով-խերով տեղ հասնենք, իսկ ետ գալը թողնենք լուսավոր ապագային, հիմիկվանից ուրախություններս չփչացնենք, էլի՜։ Սիրով «լի՜» կասեի, բայց վախենամ՝ տեղին չհնչի ու սխալ ընկալվի։ Ի՞նչ էի ասում… Հա՛։ Որ՝ երկու երնեկ մի տեղ չի լինում։ Ինչևէ։ Ուրախ-ուրախ բարձրացա ու լռվեցի առջևի դռան սարքի մոտ։ Զի, ինձնից գոհ, դեմ տված քարտիս ի պատասխան՝ սարքը կանաչ չծնգաց, այլ` կարմիր ղըժաց: Մի անգամ էլ փորձեցի. էս տնաշենը կա՛մ ղըժում էր կամ էլ թե չէ ձգում ու ձգում, վերջը՝ էլի ղըժում։ Քարտը ոնց մոտեցնում եմ, ճար չկա, խոսք հասկացնել չի լինում։ Ետևիցս էլ մի դիվիզիա մարդ դեռ պիտի ավտոբուս նստի։ Ասում եմ՝
– Վարպետ ջան, ամենաքիչը մի հինգ հատ տոմս կլինի քարտիս վրա, սրա հետ ո՞նց լեզու գտնեմ։
Չպատասխանեց: Հիմա ի՞նչ անեմ… Ասենք՝ սարք ա էլի, կարող ա դրա բզիկն էլ հենց ինձ վրա բռնեց, իսկ մյուսներին կթողնի, որ անցնեն։ Եվ քանի որ վարորդը դեռ լռում էր, ես էլ վազեցի, որ հաջողացնեմ տեղավորվել աչքովս ընկած ազատ նստատեղին՝ այն պարզ պատճառով, որ ժամանակ առ ժամանակ ճակատագրի մատուցած նման երջանիկ հնարավորությունից հրաժարվելն ավելի մեծ մեղք է, քան առանց վճարելու երթևեկելը կամ չաշխատողից աշխատել պահանջելը։ Իսկ աթոռ ձեռքից բաց թողնելը կարող է, օրինակ, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ ստեղծել: Դե ինքներդ էլ եք հասկանում, որ միանգամայն բանական ու տրամաբանական էր ինձ էդ ազատ տեղը գցելը, քանի դեռ նստաթոռներից էլ չէի մերժվել։ Ու հենց նստատեղին հպվելու էն երանավետ պահին էլ վարորդը թե՝ գնացեք, ետևի սարքով փորձեք։ Մի պահ կարծեցի՝ աշխարհը փուլ եկավ գլխիս…
– Ո՜չ,- ճչացի մտքումս։- Հաստատ՝ ո՛չ։
Ու, առանց երկար-բարակ մտածելու, պինդ սեղմվեցի նստատեղին, բռնակն էլ իջեցրի ու ինձ հավերժ բանտարկեցի էդ աթոռում։ Թվաց, թե կյանքի մի մեծ փորձություն հաղթահարված է, և կարելի է մի փոքրիկ ակնթարթ շունչ քաշել, մինչ հայրենակից ուղևորները կհենվեն գլխիդ կամ ուսերիդ, իսկ նրանց պայուսակներն ու արմունկները կսկսեն բզել քեզ… Բայց էդ անտեր սարքը ձայնը չէր կտրում ու չէր կտրում, շարունակում էր մի հանգի ղժժալ, ձգել, հերթ գոյացնել, ավտոբուս սպասեցնել, և դա դեռ բոլորը չէ։ Կարելի էր փակել աչք ու ականջ… Սակայն ավտոբուսը ամեն կանգառում մի ժամ կանգնում էր…
Չնայած երկու կանգառը, իհարկե, բավական եղավ, որ վարորդը հասկանա, թե բանն ինչում է, բայց, մտքովն իսկ չանցկացնելով աշխատող սարքի կողմի դուռը բացել, որ էդ անտեր գործը մի քիչ գոնե տեղից շարժվի, զանգել էր կենտրոն ու երկու ժամ զրից էր անում առ այն, որ էդ վալիդ էր, ինվալիդ էր, ինչ էր, քարտ չի ընդունում. ջղայնացել, քարտերը մերժում ա, միայն հեռախոսների հետ ա խոսում։ Վարորդի խոսակիցը երևի պատասխանում էր.
– Համե՞…
Վերջը վարորդն ասաց՝
– Դե հմի էդ ա։- Ու հեռախոսն անջատեց, ի՛ր ավտոմատը միացրեց:
Մեր օրերին համահունչ ու սարքին ներդաշնակորեն զուգահեռ՝ ամեն ավտոբուս բարձրացողի, ամեն վճարել փորձող-մերժվողի հետ սկսեց կրկնել.
– Էս մեկը քարտ չի վերցնում, գնացեք մյուսով ստացեք։
Ա՛յ քեզ… բա՜ն։ Ու ամեն կանգառում փակ է պահում հենց են դուռը, դեպի որն ուղղորդում է, որ մարդիկ գնան ու վճարեն։ Բայց մտքով անգամ չի էլ անցնում, որ փոխարենը կարելի է հենց էդ փչացածի դուռը փակած պահել, աշխատողինը բացել, որ բարձրացողը այդ կողմից տեղում վճարի, անցնի առաջ՝ եթե տեղ կգտնի, իհարկե։ Ու չմոռանամ ասել, որ ավտոբուսն արդեն լցվել է, շուտով ասեղ գցելու տեղ չի լինի։
Դե պարապ, անհոգ, ուրախ ժողովուրդ, էդպիսի՞ փորձություններ է հաղթահարում ամեն աստծո օր։ Փոխանցել-մոխանցելով, իրար վրայով անցնել-չանցնելով` վճարելու ձևը գտնում էին։ Ով որ սովորաբար չէր վճարում, նրանք էլ էին աշխուժացել: Չէ՜, մտքներովդ չանցնի, թե վարորդի հոգուն վերջապես հասավ ու համարձակվեց աշխատող սարքի կողմի դուռը բացել: Չէ՜՜։ Էդ դուռը սրբորեն փակ էր պահում՝ ուշադրությունը կենտրոնացնելով միայն անպիտանի վրա ու նրա հետ մի հանգի կրկնելով՝
– էս մեկը քարտ չի վերցնում, հետևից ստացեք
– Հը՞…
– Ծընգ:
– Ղը՛ժ:
– Գնացեք, մյուսից ստացեք:
– Ղըը՜ժ…
– Ով քարտով ա, գնացեք հետ, մյուսից ստացեք:
Մի աղջիկ սուսուփուս իջավ ու մայթին խելոք կանգնած նայում էր, թե փակ դռան ետևում քանի մարդ կտեղավորվեր, եթե բացվեր, ու ինքը ներս խցկվեր։ Մի կին, առջևի դռների մեջ մնացած, ոչ առաջ էր անում, ոչ ետ։ Մինչև որ մի պինդ հրոցով առաջ մղվեց, իսկ նրա տեղում հայտնված կինը իրավիճակն անմիջապես իր ձեռքն առավ, զի նրա նման խեղճ չէր:
– Ազիզ,- ասավ,- ազիզ, մի քիչ ետ գնացեք, մեջտեղը ազատ ա, ես տեսնում եմ, որ տեղ կա:
Բայց չհամոզեց: Փոխարենը վարորդը, շատ գրագետ հայերեն, ասաց.
– Վերև արի, որպեսզի դուռը կարողանամ փակել:
Չէ՛, չէ՛, չասաց, թե հարգելի տիկին, հազար ներողություն ձեզ անհանգստություն պատճառելուս համար, խնդրում եմ, նեղություն քաշեք, ըմբռնումով մոտեցեք իրավիճակին և բարի եղեք, գնացեք այդ հարաբերականորեն ազատ տեղի դռնից բարձրացեք, որպեսզի քիչ թե շատ հնարավորություն ունենաք ավտոբուս խցկվելու։
Տիկինը թեթև ձգվեց կամ մի քիչ էլ առաջ «խորացավ», և դուռը փակվեց։ Ա՛յ հենց այդ պահին էլ շատ վտանգավոր վթարային իրավիճակ ստեղծվեց, ու բոլորս մազից պրծանք։ Քանզի ավտոբուսը, որ խաչմերուկ էր մտնում, փորձեց թեքվել և հայտնվեց դիմացից եկող մեքենայի հարվածային գոտում. երկուսն էլ կտրուկ արգելակեցին՝ դիմացից եկողը արագ կողմնորոշվելով, որ ավտոբուսին բախվելուց փրկվելու շանս չի ունենա, ավտոբուսը՝ հերթական անգամ թքած ունենալով, թե ուղևոր է տեղափոխում, ոչ թե բեռ: Իսկ ավտոբուսի ներսում թափ էր առնում տոմս ստանալու հոգսով քարտափոխանցման-ստացման մեջ խրված ուղևորների եռուզեռը:
– Երեխեք ջան, սա էլ փոխանցեք:
– Ազիզ, ստեղից էլ վերցրեք, էս առաջինը չի աշխատում։
– Հետևից ստացեք, սա չի աշխատում:
Ու այսպես՝ ամենաքիչը երկու ժամ, որովհետև կոնկրետ մեր ավտոբուսը ամենաերկար երթուղով ընթացող, քաղաքի բոլոր փողոցներն ու ծակուծուկերը մտնող, ամենաանլվա ու ամենադանդաղաշարժ տրանսպորտն է։ Իսկը էն, որ ասում են՝ գնաս-չհասնես, տեսնես-չուտես, նայես-չհագնես, քչքչա-չխմես: Բայց դե ո՞ւմից եմ դժգոհում կամ ինչի՞ց… Նստել ենք՝ քաշում ենք։ Ինչ մեղքս թաքցնեմ, ես եմ ընտրել ու իմ ոտքով էլ նստել: Ուղղակի դա միակ մարդ տեղափոխող տրանսպորտային միջոցն է, որը աշխատավայր հասնելու համար ես կարող եմ մեր տնից նստել։ Դե լավ, որ ասել, ասել եմ, մինչև վերջ պատմեմ:
Համբերությունս ի վերջո հատավ ու վարորդին խնդրեցի, որ էդ չարաբաստիկ սարքն հանգիստ թողնի ու էն մյուս սարքի դուռը բացի, որպեսզի հա՛մ ճխտված ավտոբուսից առաջինը իջնո՛ղը իջնի ու տեղ ազատի բարձրացողի համար, հա՛մ էլ գործն ավելի արագ արվի, ու մարդիկ էդքան չնյարդայնանան՝ ո՛չ էդ չարաբաստիկի ղժղժոցից, ո՛չ գործից ուշանալուց, ո՛չ էլ իրենց կյանքն այդպես անփառունակ խորտակելուց։ Էլ չեմ ասում, որ պետական կարևորության հարց է, չէ՞, որ աշխատողը ժամանակին և չխեղված հասնի աշխատավայր:
Վարորդը շարունակում էր բոլորին բացատրել, որ առջևի սարքը չի աշխատում, պիտի գնան ետևից ստանան։ Եվ քանի որ մենք, չհաշված որոշ առկայծումներ, սրբություն սիրող ազգ ենք, ետևի դուռը մնում էր անձեռնմխելի փակ։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հիշատակեմ, որ վարորդը ժամուկեսի մեջ կենտրոնի հետ կապվելու և սարքը շտկել տալու մի երկու փորձ էլ արեց՝ հեռախոսազանգին ամեն անգամ նոր արձագանքողին նորից ու նորից բացատրելով, թե սարքը չի աշխատում՝ հեռախոս ընդունում է, քարտ՝ ոչ: Խնդիրը տեղ հասավ, թե ոչ՝ չգիտեմ, բայց, ո՜վ զարմանք, մեկ էլ ի՜նչ տեսնեմ. կանգնելուն պես ավտոբուսի երկու դռներն էլ սկսեցին միաժամանակ բացվել. իջնողն իջնում էր, բարձրացողը էլի հիմնականում բարձրանում առջևի դռնով։ Սակայն, միևնույն է, վարորդի ու անսարքի զուգերգը նույն համառությամբ կրկնվում ու կրկնվում էր, որովհետև հետևելով կարգուկանոնին ու անտեղյակ-անտեղյակ` ուղևորները առջևի դռնից էին բարձրանում: Մեղավորը ես եմ, որովհետև վարորդին ասացի՝ ետևի դուռը բաց, բայց չասացի, որ առջևինը փակած պահի:
