ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԱՂՈԹՔ ՄԵՐ ՁԵՎՈՎ
Հայր մեր, որ երկնքում ես
Լսիր աղոթքն արցախեցու,
Վերադարձրու մեզ Արցախ
Ու թող ապրենք մեր երկրում:
Սուրբ թող լինի քո անունը
Մեր վանքերում, մատուռներում,
Մեր հայրական օջախներում,
Մեր պապական հայրենիքում:
Քո արքայությունը թող գա,
Արցախ աշխարհում բնակվի,
Դրախտ երկիրս ուշքի գա,
Քեզ հավիտյան երկրպագի:
Մեր հանապազօրյա հացը
Մեր քրտինքով կվաստակենք,
Նրանց, ում պիտի դու հաց տաս,
Մեր հացից բաժին կհանենք:
Թող որ եղած մեր պարտքերը
Մարենք մեր իսկ աշխատանքով,
Մեր բոլոր պարտապաններին
Թողնենք ազատ ամբողջ սրտով:
Եվ մի տանիր մեզ փորձության,
Մի թող մնանք փախստական,
Մի սպանիր հավատը մեր մեջ,
Թող միշտ աղոթենք առ Աստված:
Փրկիչ մեր, փրկիր մեզ չարից,
Աղոթքով դուրս գանք դժոխքից,
Սուրբ մյուռոնով օծիր դու մեզ,
Ձեռք բերենք ամենայն բարիք:
Քոնն է ողջ արքայությունը,
Դու ես ուժ տալիս բոլորին,
Ներիր բոլոր մեր մեղքերը,
Թող մեր հոգին լույսով լցվի:
Զորությունը, փառքը քոնն է,
Ապավեն եղիր հայ ազգին,
Չարից ազատիր Արցախը,
Տուր գիրկը Մայր Հայաստանի:
Տանը, դրսում, վանք, մատուռում
Կաղոթենք Տեր միշտ հայերեն,
Շնորհակալ ենք քեզանից,
Փառք քեզ հավիտյանս` ԱՄԵՆ…
Ո՞ՒՐ ԵՍ, ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅՐԵՆԻՔ
Թե ուզում ես երգդ լսեն՝
Ժամանակիդ շունչը դարձիր:
Եղիշե ՉԱՐԵՆՑ
Ժամանակի երգիչ դարձած`
Մոռացել եմ սիրո երգը,
Սիրող զույգը խռովել է
Ու մոռացել իմ հին երգը:
Ժամանակի երգիչ դարձած`
Մոռացել եմ գարնան երգը,
Ծառ ու ծաղիկ բողոքում են,
Չեն սփոփում իմ խոր վերքը:
Ժամանակի երգիչ դարձած`
Մոռացել եմ աշնան երգը,
Խռովել է աշունն ինձնից,
Չեմ տեսնում իմ այգու բերքը:
Ժամանակի երգիչ դարձած`
Մոռացել եմ մանկան ճիչը,
Մանուկները խռովել են,
Չեն տալիս իրենց քրքիջը:
Ժամանակի երգիչ դարձած`
Չեմ երգում մայրերի գովքը,
Բայց մայրերը չեն խռովում՝
Նույնն է իմ ու իրենց վերքը:
Ժամանակի երգիչ դարձած`
Փնտրում եմ իմ հայրենիքը,
Կարոտի ցավը տանջում է,
Մեզ տուն կտանի իմ երգը:
ԿԱՐՈՏՍ ՉԻ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ
Ձմռան ցրտից ուշքի եկել,
Բողբոջել են ծառերը,
Ձյունը հալել, կանաչել են
Քիրս ու Մռավ սարերը:
Ձյան հալոցքից վարարել են
Թարթառ, Կարկառ գետերը,
Կարկաչում են հանդ ու ձորում
Սառնորակ աղբյուրները:
Դայլայլում են Ղարաբաղի
Նախշուն զմրուխտ հավքերը,
Միապաղաղ անձրևում է
Մշուշապատ երկինքը:
ԿՐԿՆԵՐԳ.-
Օրը մթնում, լուսանում է,
Չկան երկրի տերերը,
Այդ հաճույքը վայելում են
Մեր տուն խուժած թուրքերը:
ԿԱՊՐԵՆՔ, ԿՏԵՍՆԵՆՔ
Արցախը ծաղիկ չէ՝ ում ուզես նվիրես,
Արցախը հաց չէ՝ ոնց ուզես խժռես,
Արցախը փող չէ՝ ոնց ուզես ծախսես,
Արցախը մարդ չէ՝ երբ ուզես սպանես:
Արցախը տարածք չէ, որ ուզես` գրավես,
Արցախը տուն չէ, որ ուզես` քանդես,
Արցախը կրակ չէ, որ ուզես` մարես,
Արցախը սիրտ չէ, որ ուզես` կոտրես:
Արցախը սեր է, որից դուք չունեք,
Արցախը կարոտ է, որից դուք զուրկ եք,
Արցախը հոգի է, այն սպանել չի լինի,
Արցախը սրբություն է՝ չարին չի ների…
Արցախը մերն է՝ կապրենք, կտեսնենք:
ՔԱՆԻ ՋԱՀԵԼ ԵՍ
Քանի դեռ շա՜տ-շա՜տ ջահել ես,
Թանկ ժամանակդ մի վատնիր,
Օրերը գալիս-գնում են,
Ուրիշներին մի նախատիր:
Վառիր սիրո հուր կրակներ,
Թե հարբում ես՝ սիրուց հարբիր,
Այս անծայրածիր աշխարհում
Որպես մարդ թասիբով ապրիր:
Լույս սփռիր մարդկանց կյանքում,
Մի խորտակվիր մեղքերի մեջ,
Առանց այն էլ բարդ է կյանքը
Հազար ու մի հոգսերի մեջ:
Բոլորիս մի կյանք է տրված
Աշխարհում ապրելու համար,
Մեկին` քիչ շատ, մեկին` շատ քիչ,
Ինքդ եղիր կյանքիդ հսկիչ:
Աչք կթարթես՝ չես հասկանա,
Տարիներդ թե ոնց անցան,
Քանի դեռ շա՜տ-շա՜տ ջահել ես,
Գործիր առույգ, գործիր անցավ…
ՀԱՅԻՑ ՀԱՅԸ
Հայից հայը դարեր ի վեր
Հազար տանջանքների միջով
Հայոց երկիր է կառուցել՝
Ինքնությունը պահպանելով:
Մոնղոլ, սելջուկ, թուրք, ազերի,
Միշտ աչք դրած մեր սուրբ հողին,
Գրոհել են՝ հետ շպրտվել՝
Ծարավ մնալով մեր երկրին:
Եվ մենք՝ Հայկի ժառանգներս,
Փողին մոլի սիրահարված,
Չենք գնահատում արժեքները՝
Չարի խելքին դատապարտված:
Մեր մագաղաթյա գրերը՝
Հայոց պատմության վկաներն,
Խունանում են պահոցներում
Ու շպրտվում աղբանոցներ:
Շատ վանքերում, մատուռներում
Էլ չեն ղողանջում զանգերը,
Աղում ու շեբել են դարձնում
Հազարամյա խաչքարերը:
Իսկ մենք, ստահակին խաբված,
Թիթիզությամբ ենք զբաղվում,
Անտեսում մեր ով լինելը
Ու չենք զգում՝ ոնց ենք մարվում:
Այլասերվում ենք ազգովի՝
Չունենալով ո՛չ ահ, ո՛չ վախ,
Աստված երբեք մեզ չի ների,
Թե ինքներս ուշքի չգանք:
ՄԵԶԱՆԻՑ ԽԼԱԾ ԱՐՑԱԽՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ
Իմ եղբայրների արյունով թրծված,
Ռումբերից ճաքած Սուրբ հողն եմ ուզում,
Պապերիս կերտած ու մեզ ժառանգած
Հայաշունչ հրաշք երկիրն եմ ուզում:
Մեր Գանձասարը, մեր Ամարասը…
Մեր կոթող «ՊԱՊԻԿ ՏԱՏԻԿՆ» եմ ուզում,
Մեր մատուռները, մեր խաչքարերը,
Մեր դարավոր ծառ՝ Սոսեն եմ ուզում:
Մեր աղբյուրները, մեր առուները,
Մեր խենթ Թարթառը,Կարկառն եմ ուզում,
Մեկ արևաշող, մեկ որոտացող
Հայրենի երկրիս երկինքն եմ ուզում:
Մեր քաղաքները՝ ջահել, գողտրիկ,
Մեր ավանդապաշտ գյուղերն եմ ուզում,
Քիրս ու Մռավի լանջերը ծածկած
Մեր հեքիաթային անտառն եմ ուզում:
Աստված մեր, քեզնից շատ բան չեմ ուզում,
Մեզանից խլած Արցախն եմ ուզում,
Ուզում եմ հալալ ապրել իմ երկրում,
Ու երբ մահս գա, մեռնեմ իմ հողում…
ՏՈՒՆ ԵՄ ԳՆՈՒՄ
Գնամ իմ հայրենի գյուղ,
Տանս դռնով ներս մտնեմ,
Աստծո համար մոմ վառեմ,
Որ ինձ նորից տուն բերեց:
Մտնեմ այգիս անտեսված,
Շոյեմ ամեն ծառ ու թուփ,
Որ այս գարնանամուտին
Բողբոջ տեսնեմ ու զարթոնք:
Թեքվեմ աղբյուրի ակին,
Կում-կում ջուր խմեմ մաքուր,
Թուշս դնեմ մայր հողին
Ու վայելեմ քաղցր քուն:
Կրակ անեմ օջախում,
Ծուխը ելնի երդիկից,
Տան պատերը տաքանան,
Ձյունը հալվի տանիքից:
Նստեմ, մի նամակ գրեմ՝
Ձայն տամ արցախցիներին.
Դեմքով շրջվեք Արցախ,
Վերադարձեք հայրենիք…
