ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է թարգմանիչ, լեզվաբան
Վազգեն Համբարձումյանին
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
ՀԱՅԵՐԵՆԻ ՆՎԻՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԸ
Լրացավ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գուրգենի Համբարձումյանի ծննդյան 75-ամյակը:
Մեծանուն լեզվաբանը ծնվել է 1947 թ. հունիսի 20-ին, Արագածոտնի մարզի (նախկին Թալինի շրջանի) Մաստարա գյուղում: Գերազանցությամբ ավարտելով հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը՝ 1965 թ. ընդունվում է ԵրՊՀ բանասիրական ֆակուլտետ, որն ավարտում է 1970 թ.: Նույն տարում ընդունվել է ԳԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան՝ գրաբար մասնագիտությամբ: 1974 թ. աշխատանքի է անցել լեզվի ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից մինչև ինստիտուտի տնօրեն:
1979 թ. պաշտպանել է «Հովհաննես Մամիկոնյանի «Տարոնի պատմության» լեզուն և ոճը» խորագրով թեկնածուական ատենախոսությունը, իսկ 1991 թ.՝ «18-19-րդ դդ. գրաբարի գործառությունը և կառուցվածքը» թեմայով դոկտորական ատենախոսությունը:
Լայն են պրոֆեսոր Վ. Համբարձումյանի գիտական ուսումնասիրության շրջանակները: Հեղինակ է 20-ից ավելի մենագրությունների, գրաբարից նոր գրական հայերեն երեք ծավալուն գրքի թարգմանության (Հովհաննես Օձնեցի, Երկեր, Երևան, 1999, 312 էջ, Սիմեոն կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, 2003, 608 էջ, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ, Յաճախապատում ճառեր, Թեհրան, 2003, 360 էջ), հարյուրից ավելի գիտական հոդվածների և զեկուցումների թեզերի, որոնք լույս են տեսել հայերեն և այլ լեզուներով:
Նկատենք, որ թարգմանական այդ աղբյուրները կրոնաեկեղեցական և աստվածաբանական ոլորտում զգալի հետաքրքրություն են ներկայացրել: Այդ գրքերի թարգմանական արվեստի, լեզվի և ոճի վերաբերյալ հրապարակումներ են զետեղվել մամուլում:
Գրել է ուսումնամեթոդական ձեռնարկներ և ժողովածուներ («Գրաբարի ինքնուսույց» 1999, «Գրաբարի ձեռնարկ» 2004, «Լատիներենի դասագիրք» 2007, «Մայրենի լեզվի զրուցարան» 2007, «Հարյուր թելադրություն» 2010):
Վ. Համբարձումյանը մշակել է հայոց լեզվի քննությունների նոր հարցաթերթիկների (թեստերի) եղանակը, առանձին կամ հեղինակակիցների հետ կազմել երեք ժողովածու, որոնք հիմք են հանդիսացել հետագա կազմողների համար:
Վ. Համբարձումյանի մենագրությունները և գիտական հոդվածները վերաբերում են հայոց լեզվի ուսումնասիրության տարբեր բնագավառներին:
Ընդհանուր լեզվաբանության բնագավառում բավական ուշագրավ է Վ. Համբարձումյանի «Լեզու, ոճ, խոսք» հրապարակումը («Բանբեր Երևանի համալսարանի», 1981, 3, էջ 182-191), որտեղ գիտակարգային նոր մոտեցմամբ առաջարկվում է լեզու-ոճ-խոսք եռանդամ հակադրությունը, ըստ որի տրվում է ոճի միանգամայն նոր, տեսական առումով յուրօրինակ ձևակերպում:
Ուշարժան է հեղինակի «Լատինաբան հայերենի պատմություն» մենագրությունը՝ նվիրված 14-18-րդ դդ. իբրև գրական լեզու գործառած լատինաբան հայերենի ուսումնասիրությանը: Այստեղ առաջին անգամ հիմնախնդիրը քննվում է լեզվական փաստերի լայն ընդգրկմամբ, այլ ուսումնասիրությունների տվյալների ճշգրտմամբ:
2006 և 2015 թթ. լույս են տեսել բանասեր-լեզվաբանի «Ակնարկներ հայ բառարանագրության» ընդհանուր խորագրով աշխատության երկու հատորները, որոնցում ուրվագծվում են հայ բառարանագրության պատմության փուլերը, լիարժեք պատկերացում է ձևավորվում ձեռագիր բառարանների նոր տեսակների վերաբերյալ՝ բառակազմական բառարան, մատենակից բառարան, վանկաբառարան և այլն:
Գիտնականն զգալի քայլեր է կատարել հայերենի համեմատական-տիպաբանական ուսումնասիրության բնագավառում, որոնց լայն խորքով չեն անդրադարձել նախորդ ուսումնասիրողները՝ հայերենի ընդգրկումը լեզուների նոստրատիկ ուսումնասիրության ոլորտ և հայերենի ու ցեղակից լեզուների փաստական տվյալների տարբերակային ճշգրիտ քննություն:
Հնդեվրոպական լեզուների ոլորտում հայերենի և կելտական լեզուների ուսումնասիրությունը բացառիկ է համեմատական լեզվաբանության համար:
Նկատենք, որ հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում Վ. Համբարձումյանի գիտական դրույթներն արժանացել են ակադեմիկոս Գ. Ջահուկյանի ուշադրությանը, և դրանք տեղ են գտել «Ակնարկներ հայոց լեզվի համեմատական բառագիտության» երկու պրակներում (պրակ 1-2, 1998-2007):
Վ. Համբարձումյանը տարբեր տարիների եղել է Ազգային գրադարանի, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհուրդների, ԵՊՀ-ում գործող 009 և Լեզվի ինստիտուտի 019 գիտական աստիճաններ շնորհող ԲՈԿ-ի խորհուրդների անդամ: Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական խորհրդի և բանասիրական ֆակուլտետի խորհրդի անդամ է:
Լեզվի ինստիտուտի տնօրենի պարտականությունները կատարելիս Վ. Համբարձումյանի անմիջական մասնակցությամբ կյանքի են կոչվել շատ ծրագրեր: Նա խմբագիրն է «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի, որն ընդգրկված է ԲՈԿ-ի երաշխավորված պարբերականների ցանկում:
Գիտությանը մատուցած ծառայությունների համար նվիրյալ լեզվաբանն արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվոգրի (2003), ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի (2012), ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի:
Վ. Համբարձումյանի գիտական ղեկավարությամբ մեկ տասնյակից ավելի ասպիրանտներ և հայցորդներ ստացել են գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Նա մասնակցել է Հայաստանում և արտերկրում (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Լիբանան-Անթիլիաս) կայացած միջազգային գիտաժողովների, «Ջահուկյանական ընթերցումների»՝ ներկայացնելով լեզվական փաստերով ճշգրտված նոր խոսք:
Վ. Համբարձումյանը, գիտական աշխատանքին զուգահեռ, այժմ մանկավարժական ակտիվ գործունեություն է ծավալում: Մանկավարժական համալսարանի բանասիրական և օտար լեզվի ֆակուլտետների նրա ուսանողները մասնակցում են ուսանողական տարբեր գիտաժողովների, գիտական բանավեճերի ու քննարկումների:
Նա նաև հայկական ավանդական ընտանիքի հայր է՝ իր սիրասուն և խելացի թոռնիկներով: Ընտանիք, ուր ապրում և արարում են տարբեր բնագավառների գիտության դոկտորներ և թեկնածուներ:
Մաղթենք պրոֆեսոր Վ. Համբարձումյանին ամուր առողջություն, գիտական նորանոր հաղթանակներ՝ ի շահ հայերենագիտության:
Աշոտ ԳԱԼՍՏՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր