ՏՈՐՆԱԴՈ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Նվիրվում է Վան Արյանին

Այս գրվածքը մի քիչ պատմվածք է, մի քիչ՝ էսսեաոճ հոդված, մի քիչ՝ հեքիաթ։ Երեքը միասին ու իրար մեջ ես եմ՝ Նորայր Մարտիրոսի Ադալյան հեղինակս, ծնված 1936 թվականի հուլիսի 30-ին Սիմֆերոպոլ քաղաքում, վաղուց Երևանի բնակիչ, հասցես՝ Քաջազնունի փողոց 9, բնակարան 49, բջջային հեռախոս՝ (091) 88-92-35։ Ոչ, փառք Աստծո, դաշնակցական չեմ, այլ՝ պատկանում եմ աշխարհում ամենամեծ և ազնիվ կուսակցությանը՝ անկուսակցականների կուսակցությանը։ Բարև, ծանոթ ու անծանոթ, հարազատ և օտար մարդիկ։
Այստեղ Աֆրոդիտե է հերոսներից մեկի անունը, նույն ինքը՝ Միլոսյան Վեներան, չմոռանանք, նրա մտքով էլ չի անցնում, որ օլիմպիական ծագում ունի և Զևսի դուստրն է, բայց ապրում է սովորական և աննկատ կյանքով։ Ես սիրում եմ նրան, եթե անգամ դուք չսիրեք և նույնիսկ ատեք բութ ու կույր, նախանձ ու թունավոր ատելությամբ։ Կարող եք նաև ինձ թշնամանալ, որ նրան սիրում եմ։ Շատ կանայք ու բազմաթիվ տղամարդիկ, մարմնով և հոգով լինելով գաճաճ, իրենց հսկա են կարծում, իրենց ցույց տալիս իբրև ոչ պակաս Աֆրոդիտե և Ալեն Դելոն։ Սա կատակերգություն չէ, այլ՝ դրամա։
Պատմվածքից առաջ եղել է հեքիաթը։ Այսօր շատ պատմվածքներ հեքիաթ են, ինչպես, օրինակ, Հեմինգուեյի «Կլիմանջարոն»։ «Տորնադոն» էլ կարդացեք որպես հեքիաթ։ Իսկ էսսեն հեքիաթախոսք մտազննություն է և որոշ ընդհանուր եզրեր ունի պատմվածքի հետ։ Մի փոքր չափազանցնեմ՝ նաև վեպի, փիլիսոփայության, դրամայի, բանաստեղծության, երաժշտություն ներքին շնչառությամբ, արտաքին կառուցվածքով նկարչություն։ Վկա՝ իսպանացի Օրտեգա-ի-Գասեթը և մեր Կոստան Զարյանը, որոնք հոգևոր համախոհ եղան ու նայեցին նույն ուղղությամբ՝ դեպի ուր է գնում բազմազգ մարդկությունը և գնո՞ւմ է արդյոք, թե՞ կանգնել ու շուրջն է նայում մոլոր հայացքով։
Ազնիվ խոսք, չգիտեմ, թե Աֆրոդիտե գեղեցկուհին քանի տարեկան էր։ Չէ, ինչ եք ասում, հազիվ լիներ քսանութ, լավ՝ երեսունչորս, գումարած էմբրիոնային ինն ամիսները։ Նրա ծննդաբերության գիշերը Խաղաղ օվկիանոսում ոռնաց տորնադո պտտահողմը, և օվկիանոսը փոթորկվեց, ալեկոծվեցին Երկիր մոլորակի բոլոր ծովերն ու օվկիանոսները։ Երեխան ծնվեց փոթորիկներից։ Աֆրոդիտեն չդիմացավ այդ ալեկոծումներին, թեև փորձառու լողորդ էր, արդեն հաջողությամբ ծննդաբերել էր երեք արու զավակ, շնչահեղձ եղավ, սպիտակ կետաձուկ Մոբի Դիքը պատառ-պատառոտեց նրա դեռևս ողջ մարմինը, և նա, մեռած, ճչաց ու խելագարվեց անտանելի ցավերից։ Նրան նույնիսկ Զևսը չկարողացավ փրկել։ Երբ օվկիանոսը խաղաղվեց, ջրասույզները այս ու այնտեղ շատ որոնեցին նրան, օրեր ու դարեր շարունակ, բայց չգտան, որովհետև չկար ու չկար։ Ահա քեզ մի հեքիաթ, որ գոյություն չունի հազար ու մեկ հեքիաթագրքերում։
Ոչ Ադալյանիս կարծիքով, այլ՝ բնագետների ու ֆիզիկոսների՝ պտտահողմը, որ կոչվում է տրոմբ կամ տորնադո, մթնոլորտային մրրիկ է, առաջանալով ամպրոպային ամպերում՝ իջնում է երկրի մակերևույթ՝ օվկիանոսների, անապատների, անտառների, քաղաքների վրա, ամենուրեք։ Բարձրությունը՝ 800-1500 մետր։ Ունի վերին ձագարաձև ու ներքին շրջված ձագարաձև լայնացումներ։ Սովորաբար շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։ Օդի պտտման արագությունը վայրկյանում մի քանի տասնյակ մետր է։ Տրամագիծը չափվում է հարյուրավոր մետրերով։ Գոյատևման ընթացքում պտտահողմն անցնում է 40-60 կիլոմետր։ Իր կառուցվածքի և հզոր գործողության շնորհիվ նա կարող է շարժական ու անշարժ բազմաթիվ երևույթներ ոչնչացնել։
Տիկին Աֆրոդիտեն վաղուց չկա, կարծես երբեք էլ չի եղել, մանավանդ նրա գերեզմանը խորհրդավոր ու անհատակ օվկիանոսն է, որին հնարավոր չէ մոտենալ։ Բայց անունն ու գործը ապրում են՝ հարազատ մայր և իր նման գեղեցկուհի դուստր։ Գործն է անմահ, նույնիսկ ոչ բառը, եթե բառը ճիշտ և տեղին ես ասում, դա էլ է գործ։ Աշխարհում քիչ է պատահում, որ մայր և դուստր մեկ մարմին ու բնավորություն լինեն, մեկ ծաղիկ, մեկ և նույն սերը։
Սիմոն Երանոսյանը կնոջ մահից անմիջապես հետո սև հագավ և երկար ժամանակ չգիտեր ինչ անուն տալ աղջկան։ Մի անքուն գիշեր մտածեց՝ Աֆրոդիտե, մոր անունը։ Հարևան Գագոն, որ նույնպես սևավորվել էր՝ ոչ այնքան Սիմոնի սուգն ու մենակությունն արտահայտելու, որքան իր, հարևանի այս մտքին դեմ գնաց.
– Մեռածի անուն մի՛ տուր, երեխան մեղք է,- իրականում փորձեց Սիմոնի աչքին անմեղսունակ երևալ։
– Դու ասա։
– Լավ, թող քո սրտով լինի։
Մարդ չիմանա, աչքից հեռու և ամեն ականջին խուլ։ Գագոն սեփական կնոջից, երեխաներից և Սիմոն Երանոսյանից գաղտնի սիրահարված էր հարևանուհուն, Աֆրոդիտեն էլ չգիտեր, որ նա խելագարվում է իր համար, պատրաստ է Սիմոնին սպանել. ես պատկանեմ միայն իրեն, որպես ծաղիկ հոտոտի, շնչի, խմի իմ մարմինը, մեռնի, ապրի ու մեռնի։ Երեխային տալով մոր անունը՝ Գագոյի քունը փախավ՝ բա որ մի ուղիղ գիծ քաշեն իմ և մեռածի միջև, աշխարհն իմանա… Ինչ ասել կուզե՝ սա վախ էր, իսկ ով սիրուց վախենում է, նա սիրում է միայն իրեն։
– Հարևան ջան, արի անունը փոխենք։
– Բայց ինչի՞։
– Եսիմ։
– Ոչ։
– Գոնե մի քիչ։ Արֆո։ Համարյա՝ Աֆրոդիտե։ Ազգանունն էլ Գարունյան։ Ծաղիկ ու սեր,- վերջին երկու բառի վրա Գագոն լեզուն կծեց։- Ի՞նչ սեր, հարևան ջան… Բոլորս էլ մի օր մեռնելու ենք…
– Արֆո՞… ի՞նչ ես խոսում,- բարկացավ Սիմոնը,- իմ երեխան աֆրիկացի չի, մաքուր հայ։
– Ներողություն, հարևան ջան, ուզում էի ասել՝ Արփի։
– Էդ ուրիշ բան։
Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում, չգիտեմ որ թվականին, մոռացել եմ, ասացի կույս թե անկույս մատուցողուհուն՝ դու այնքան գեղեցիկ ես, ինչո՞ւ չես սիրում ինձ։ Նա ժպտաց՝ դու իմ սրտում տեղ չունես։ Հարցրի՝ իսկ ո՞վ կա քո սրտում։ Պատասխանեց դարձյալ ժպտալով՝ ես։ Մի օր էլ, չեմ հիշում եղանակը, գարո՞ւն էր, ձմե՞ռ, աշո՞ւն, թե՞ ամառ, նույն պողոտայում ինձ անսովոր կոպտությամբ կանգնեցրի մի անցորդ մարդու, որը զբոսնում էր իրենից խոշոր շան հետ։ Նա ավելի կին էր, քան տղամարդ, հովանոց թարթիչներ կապույտ ու կանաչ աչքերի վրա, ոնց որ Վանա կատու, արհեստականորեն փքված շուրթերով, ոսկե շղթա ու խաչ սիլիկոնե կրծքերի ծոցում, մերկ մարգարիտ պորտը, թեև ուշ աշուն էր, գրեթե ձմեռ, և Արաբիայի անապատում վնգստում էր կայծակ տորնադոն։ Նրան ասացի՝ ես չեմ սիրում քեզ։ Իսկ նա ասաց՝ ես սիրում եմ բոլորին։ Ինչպե՞ս կարող էի չասել՝ որտեղ բոլորն են, ես չկամ։ Ես շրջվեցի և Հյուսիսային պողոտայից հեռացա, այլևս երբեք ու ոչ մի դեպքում, թեկուզ մեռած, չվերադառնալու։ Հավատացեք, նա ես չէի՝ այս պատմվածքի հեղինակը, այլ՝ ձեզնից մեկը, որ առավել ճշմարիտ է ինձնից։
Գագոյի Վարդանուշ անունով կինը, որ ահագին հեռու էր վարդից ու նուշից, աշխարհի բարուն ու չարին անտեղյակ, մի կատարյալ տնային տնտեսուհի, մաքրության գիժ, ամբողջ ժամանակ լվանում էր նույնիսկ մասմաքուր հագուստ ու անկողնու պարագաներ, սեղանի սփռոց, վարագույր ու սրբիչ, շաբաթը մեկ համեղ բորշ եփում, որ ուտում էին ամբողջ շաբաթ, գիտեք՝ բորշը հաջորդ և մյուս օրերին ավելի է համովանում, գիշերը խոր ու խռմփան քուն մտնում Գագոյից առաջ և արթնանում նրանից հետո։ Նրանց և Աֆրոդիտե-Սիմոն ամուսինների ննջարանների միջև ընդամենը մի հաստ ու բարակ պատ կար։ Երաժշտական հատուկ լսողություն պետք չէր ունենալ՝ լսելու՝ ինչպես է Աֆրոդիտեն երգում, պար ու պար գալիս Սիմոնի գրկում։ Սակայն Վարդանուշը, հակառակ Գագոյի, նման լսողություն չուներ, նրա ականջին հասանելի էին միայն Երևանի թափառական շների հաչոցն ու կատուների մլավոցը։ Իսկ Գագոն… օ՜… պատի այն կողմից եկող ձայներից չէր քնում, աչքերը փայլփլում էին։
Գագոն կարող էր հիանալի կլառնետիստ կամ թմբկահար դառնալ, բայց գնաց դարձավ սուպերմարկետի հաշվապահ։ Փող էր տակով արել, երկու տարի ընկել Կոշի բանտ, որտեղ սիրային նամակներ էր գրում առ Աֆրոդիտեն։ Հետո, երբ համաներումով ազատվեց և տուն վերադարձավ, ավելի ոգևորված էր գիր անում, որովհետև Աֆրոդիտեն ցերեկն իր աչքի առջև էր, իսկ գիշերը՝ պատի ետևում։ Իր սրտի խոստովանանքները չէր տալիս նրան, պահում էր գետնափոր մութ նկուղում գտնվող պապենական սնդուկի մեջ, որի ծանր ու ժանգոտ կողպեքի բանալին ամբողջ աշխարհում միայն ինքն ուներ։ Ոչ, Գագոն չէր կարդացել Ումբերտոյի վեպը, կյանքում ոչ մի վեպ չէր կարդացել, անգամ չգիտեր, որ աշխարհում վեպեր կան, գրողանուն մարդիկ, դերասան, նկարիչներ, նրա ականջը փակ էր ամեն գիտելիքի նկատմամբ, միայն սիրտն էր բաց սիրո առջև, զգայուն սիրտ, որ բնությունն էր դրել նրա մեջ, ոչ Աստված, այլ՝ բնությունը։ Այստեղ փոքր մարդու ենթագիտակցային մեծ սերն էր սրտատրոփ երգում։ Հետևաբար նա մեծ էր։ Աշխարհում փոքր մարդ չկա, բոլորն էլ մեծ են ու նշանավոր, բայց չեն գիտակցում։ Մարդ՝ նշանակում է մեծ։ «Մեծ»-ը «մարդ» բառի հոմանիշն է և նույնանիշը։
– Տեսնես՝ սնդուկում ի՞նչ կա, ոսկի՞,- մի օր հետաքրքրվեց Վարդանուշը։
– Սատկած կատու,- շփոթվեց Գագոն,- մեռած պապիս ու ավելի մեռած տատիս սուրբ ոսկորները։
Վարդանուշը սատկած կատվից շատ էր վախենում, մանավանդ՝ տատ ու պապի, թեկուզ սուրբ, ոսկորներից և այլևս նկուղ չիջավ, էլ հարց ու փորձ չարեց դագաղ սնդուկի վերաբերյալ։ Կարևորը համեղ բորշն է, իսկ բալը՝ թանկ։
– Նուշավարդ, կյանք,- Գագոն փորձեց կնոջը ցույց տալ, թե միայն նրան է սիրում, տաք ու փափուկ բարձ դնել գլխի տակ,- սիրուն ջան, գիտե՞ս…
– Չգիտեմ։
– Մեր տղան արդեն ութ տարեկան է, նա հարուստ ապագա ունի։
– Ո՞նց…- Վարդանուշը քիչ մնաց հուզմունքից լաց լիներ։
– Հենց նոր լսեցի։
– Ի՞նչ լսեցիր, դե ասա…
– Բոլոր երեխաները նրան ասում են դոդ։
– Հաստա՞տ։
– Քո արև։
– Տեսնո՞ւմ ես՝ ինչ եմ ծնել։
– Թանք յու, սիրելիս,- այս անգլերենը Գագոն սովորել էր բանտում։
Հանկարծ Վարդանուշն անհանգստացավ.
– Բա որ մի օր փոշմանեն ու Նիկո ասեն, ի՞նչ ենք անելու։
– Բերանդ խերով բաց, կնիկ։ Աստված չի թողնի։
– Աստված կա՞ որ։
– Կա, ոնց չկա։
Գագոն աստվածավարի համբուրեց կնոջը, ցույց տալով, թե Աստված, անշուշտ, գոյություն ունի, Աստվածը ինքն է և թույլ չի տա, որ որևէ մեկն այսօր ու հազար տարի հետո Դոդը փոխարինի Նիկոյով, չեմ թողնի աշխարհը մեռնի։ Իրականում Գագոն օնլայն համբուրել էր Աֆրոդիտեին՝ նրանից առնելով իր սիրո կարոտները։
Անգամ պրոֆեսոր բնագետներն ու ֆիզիկոսները չեն կարող ճշգրիտ ասել, թե որ օրն ու ժամին կլինի տորնադո, ինչպես նաև երկրաշարժերի ու հրաբուխների դեպքում։ Բոլորը բավարարվում են մոտավոր ու մակերեսային ենթադրություններով։ Այս բնական աղետները գաղտնիք են։ Գիտե՞ք ինչն է ամենամեծ գաղտնիքը։ Մարդը, նշանավոր թե փոքր ու աննշան մարդը։ Դու, նա, ես։ Մարդն զգացմունքների ու մտքերի ծով է, և եթե փորձես այնտեղ լողանալ, խեղդվելու ես անտարակույս։ Հետևաբար, ինձ մի մեղադրեք, որ այս գրվածքում ու այլուր ես ամբողջական խոսք չեմ ասում մարդկանց մասին։ Իմ մեղքերն ու սխալները ձեզանից լավ գիտեմ և թող ես դատեմ ինձ։ Չէ, սրանք հեքիաթի տող ու բան չեն, ոչ էլ՝ պատմվածքի, ևս մի պահ հայտնվեցի էսսեի դաշտում։ Տեսեք, արդեն գնում եմ դեպի պատմվածքն ու հեքիաթը։
Մութ երկնքում ամպերի խլացուցիչ որոտ և կուրացնող կայծակներ։ Սառն անձրև ու կարկուտ։ Ցուրտ քամի։ Տորնադո։ Լույս օրը խավարեց։ Փողոցից փողոց սողացող պտտահողմի մահացու ձագարը պոկում էր շենքերի տանիքները, դուռ ու լուսամուտ, տապալում արձաններ, էլեկտրասյուներ ու հաստաբուն ծառեր, ամեն բան հողին խառնում։ Հրդեհ։ Անցորդներից շատերը մեռան։ Երբ վերջապես օրը լուսացավ, և լռեցին ու անշարժացան բոլոր ձայները, քաղաքը նմանվում էր հյուսիս-հարավ տարածվող հսկայական գերեզմանոցի։ Վեհաշուք հրապարակում, որը նույնպես տակնուվրա աղավաղվել էր ու դարձել անճանաչելի, պատռված զգեստով մի սևաչք տղա դողացող ձայնով երգում էր «Դլե յաման»։ Նրա կրծքին ձեռագիր թուղթ կար, որի եզրերն այրված էին. «Այստեղով անցել են քրիստոնյա թուրքերը»։
Լինում է չի լինում կամ ժուկով ժամանակով աշխարհում Արփի անունը վրան մի օրիորդ է լինում, մոր՝ Աֆրոդիտեի պես գեղեցիկ ու հմայիչ։
Մի ակնթարթ կանգ առնենք՝ ետ նայելու։ Երանոսյան Սիմոնը մահացավ։ Նրանից առաջ ու հետո ոչ ևս եղան Վարդանուշն ու աստվածային Գագոն։ Իր վերջին շնչում Վարդանուշը իջավ նկուղ, մոտ գնաց սնդուկին, որի կափարիչը բաց էր, Գագոն մոռացել էր փակել, մեկ ու մեկ հավաքեց ամուսնու բոլոր նամակները, բարձրացավ ճաշասենյակ, շուռ ու մուռ էր տալիս, հոտոտում, բայց չկարողացավ որևէ բառ կարդալ, որովհետև անգրագետ էր։ Գերեզմանում Գագոն տխրեց՝ սերս գաղտնի մնաց, կուզենայի մարդկությունն իմանար։ Աշխարհի հյուսիս-արևմտյան կողմում պտտահողմից ավելի մահացու պատերազմ է։ Հյուսիսը ինձ ու ձեզ սպառնում է ատոմային ռումբով։ Չկա խաղաղություն ձիթենիների տակ։ Չկա և չի լինելու։
Հեքիաթ չկարծեք, հիմա ձեզ մի բարոյական տորնադո եմ ներկայացնելու, որը շատ ավելի ողբերգական է ու կործանարար ամեն հասարակության, ազգի ու պետության համար, քան ֆիզիկական պտտահողմը։ Արփին սովորում էր համալսարաններից մեկի իրավաբանության ֆակուլտետում, որտեղ դասախոսում էր ալեհեր պրոֆեսոր Էրդողանը, բավականին գեղեցիկ մի տղամարդ։ Ընկեր Էրդոն ոչ միայն բարձրակարգ իրավաբան էր, միջնադարյան ու ժամանակակից իրավունքի ճանաչված մասնագետ, այլև հայ ժողովրդի ու թուրքերի պատմությունը գիտեր շատ պատմաբաններից ավելի, նա հավանաբար կդառնար Թուրքիո նախագահ, եթե կիսով չափ նաև հայ կամ քուրդ չլիներ։ Շարունակե՞մ։ Իհարկե։ (Մեր դարում այնքան դժվար է որոշել մարդու պատկանելիությունն այս կամ այն ազգին, արյան հետազոտություններն էլ ոչ միշտ են ճշմարիտ պատասխան տալիս։ Ո՞վ ես, թաթարամոնղոլ ռուս կա՞յսր, թե՞ ռուս թաթարամոնղոլ, այստեղ կրոնները ոչ մի նշանակություն չունեն)։ Ընկեր Էրդոն նաև արվեստների տեսաբան էր և գործող արվեստագետ՝ նկարիչ, ճարտարագործ, բանաստեղծ, փիլիսոփա, դերասան, մանկավարժ, թարգմանիչ։ Չեմ հասկանում, ինչո՞ւ նրան ակադեմիկոս չեն կարգում։ Նախանձո՞ւմ են, թե՞ հեռացել են արժեքայնության չափանիշերից և հայտնվել տգիտության խոր փոսի մեջ։ Չբացառենք, գուցե պրոֆեսորը սուտ է, չկա, գոյություն չունի, ինչպես շատերը։ Ավելորդ չի լինի, եթե մի քանի գունագծեր էլ ավելացնեմ նրա այս անշրջանակ դիմանկարին։ Օ՜, նա խորամանկ է, սև կարդինալ, նյութապաշտ, հիմնականում խաղում է մութ կուլիսներում և հազվադեպ, միայն իր շահի թելադրանքով հայտնվում լուսավոր բեմահարթակի վրա։ Եվ, թերևս, նրա ներքին մարդուն ամենաբնորոշ գիծը… Ասե՞մ, թե՞ չասեմ։ Լավ, ասեմ իմացեք՝ նա կնամոլ է և շատակեր։
Տորնադոն այսպես շարունակեմ։ Պրոֆեսոր Էրդոն անմիջապես նկատեց իր ուսանողուհու կանացի բարեմասնությունները և ցանկացավ սիրել նրան, որը տարիքի առումով իրեն աղջիկ կգար, եթե ոչ՝ թոռնուհի։ Քննության թե ստուգարքի ժամանակ նրան ամենաբարձր գնահատականն էր տալիս, եթե նույնիսկ պատասխանը լինում էր հազիվ բավարար։ Մի քանի անգամ քննություններն անցկացրեց իր քաղաքամերձ ամառանոցում և բնակարանում, որն զբաղեցնում էր Պուշկին փողոցի նորակառույց բազմահարկ շենքի արևերես յոթերորդ հարկի եվրոպական կահավորանքով մի քանի սենյակ։ Ոչ, չուներ պաշտոնական կին, դրա կարիքը չկար, քանզի նանարներն ու կանայք ոչ ձմռան ձախորդ օրերի, այլ ամռան պտտահողմի նման գալիս էին և ուրախ ու երջանիկ անցնում։ Նա ամեն օր, ճիշտ ժամը երեքին «Թուրքիշ» ռեստորանում ճաշի էր նստում և կարդում, պայմանական ասեմ, որ ոչ ոք չնեղանա, «Ամոթալի դար» թերթի քաղաքական լուրերը՝ ով մեռավ, ում դատեցին, ինչ են գողացել, գույք պարտքի դիմաց, հարբեցող Մարիա, Հռոմի ստատուտ, հոգով և հավատով շուռ տված Սերգո, Տրամպ-Բայդեն, բաջի Սիմոնե, զուռնաչի կուսակցություն, ցար ու ցարիզմ, քանի՞ հատ Պուտին, փող-ապրանք-փող, գազանանոց և այլն։ Եթե կա Պուտին, ուրեմն՝ ապագա չկա,- մտածեց պրոֆեսորը։ Բայց երբ գառան խորոված էր ուտում, լավատես ու հեռատես դարձավ՝ կա, ո՞նց թե, կա ապագա։
Իհարկե, գլխավոր նշանով՝ բարոյապես, անկախ Պուտինից, Երկիր մոլորակն ապագա չուներ, որովհետև Էրդոն Արփիին գիրկն առավ և կրքից կուրացած՝ փորձում էր նրան մերկացնել։
– Չէ, ընկեր Էրդողան, չէ… թող… չէ… խնդրում եմ…,- վախի բղավոց արձակեց աղջիկը և կիսամերկ դուրս պրծավ նրա ձեռքերից։
Պրոֆեսորը վիրավորվեց, մինչ այդ ոչ ոք նրա հետ այդպես չէր վարվել, բոլորն էլ կեղծ դիմադրությամբ և անկեղծ սեթևեթանքով ինքնամատուցվում էին։
Հաջորդ անգամ, քննություն հանձնելուց առաջ, աղջիկը օր-գիշեր պարապեց, նրա պատասխանը գերազանց էր, սակայն արժանացավ անբավարար գնահատականի։ Այսպես եղավ ամենասարսափելի պտտահողմի վերջը։
Օրիորդ Արփին այս տորնադոն պատմեց իր դասընկեր Արմենին ու լաց եղավ։ Արմենը քառասունչորսօրյա պատերազմում էր եղել, «Հերոսության համար» շքանշան էր կրում, իր մարտական հրացանը իբրև հիշատակ տուն էր բերել և կախ տվել ճաշասենյակի պատից։ Հաջորդ իսկ օրը, երեք անց կես, նա գնաց «Թուրքիշ» ռեստորան, որտեղ պրոֆեսորը, «Ամոթալի դար» թերթն աչքի անցկացնելով, արդեն ուտում-խմում էր, գլխիվայր շուռ տվեց ճաշասեղանը, թերթը խփեց նրա երեսին և ռեստորանով մեկ սպառնալից գոռաց.
– Ես քո մերը… Քեզ էլ կսպանեմ, եթե մի անգամ էլ Արփիին ձեռք գցես, հասկացա՞ր, թուրք։
Այդ թե հաջորդ տարի կեսգիշերին պրոֆեսոր Էրդողանը քնեց և առավոտյան չարթնացավ։ Բրդե ներքնակն ամբողջովին մեզի մեջ էր։ Դատական բժիշկը շոշափեց, հոտ առավ ու եզրակացրեց՝ վախից է միզել, մեռել է միաժամանակ սրտի և ուղեղի լայն ու խորը կաթվածի հետևանքով։ Երբ պատրաստվում էին նրան թաղել, լողացրին, սափրեցին, կոստյում հագցրին ու փողկապ, փակ աչքերին՝ ակնոց, կոստյումի ծոցագրպանում գտան ուսանողների անուններով մի երկար ցուցակ, որոնք նրան կաշառք էին տվել դրական գնահատականի դիմաց, ուրիշներն էլ դեռ նոր պիտի տային։ Օրիորդի անունն այդ ցուցակում չկար։ Երբ նրան գերեզման էին իջեցնում, եղավ կրկնակի պտտահողմ, դժոխքում և դրախտում ապրող բազմաթիվ կմախք հանգուցյալներ օդ բարձրացան։ Երբ շիրիմը ծածկվեց տասնյակ ծաղկեպսակներով, մինչև ուշ գիշեր խոսք խոսեցին պրոֆեսորի գործընկերները, հասարակական կազմակերպություններ, եկեղեցին, կուսակցություններ, նրա անցյալ թե ներկա ուսանողուհիները։ Բոլոր ելույթներում մի ընդհանուր ճշմարիտ գնահատական կար՝ դարի մարդ։ Շատ ժամանակ չանցած՝ նրա անունով կնքվեցին փողոց, գրադարան ու դպրոց։ Նրա ծննդավայր Միրզա գյուղը դարձավ Էրդողագրադ, որ գողություն էր Լենինգրադից։
Ոչ, սա էսսե, հեքիաթ կամ պատմվածք չէ, այլ՝ մեկ ուրիշ բան, չգիտեմ ինչ, դուք ասեք։ Գուցե տորնադագի՞ր։
Հիշո՞ւմ եք, նշել եմ, պտտահողմը գոյանում է ամպրոպային ամպերի շփումներից։ Տարվա մեջ լինում են ժամանակներ, մեզ մոտ՝ հատկապես ամռանը, երբ երկինքը իր լույս օրերում կապույտ է, խաղաղությունից ավելի խաղաղ, գիշերները՝ զարդարված անհաշիվ աստղերով, որոնք քեզ երգ են շշնջում սիրո մասին։ Այս եռանկյուն գրվածքում ևս մրգաշատ, բուրյան ու արևշատ անդորր ամառ էր, երբ օրիորդ Արփին և Արմենն ամուսնացան նաիրցիներին հարազատ կարգ ու օրենքով՝ եկեղեցի, հավատարմության երդում, մի բարձի ծերանալ, ազնիվ դատավոր լինել, խելացի, ներողամիտ տղամարդ ու կին։ Երբ սիրում ես մարդկանց, տնային թե վայրի կենդանիներ, ծառ ու ծաղիկ, ծերությունն ո՞ւմ շունն է։
Արմենը նայում էր կնոջը, ինչպես արևին են նայում, որից աչքերը կուրանում էին, այնքան էր սիրում նրան, որ սկսեց կասկածել՝ արդյոք նա չի՞ դավաճանում ինձ և այլոց է լույս տալիս իր լույսով։ Կասկածանքը հետզհետե խորացավ։ Մի՞թե որքան սիրում են, այնքան ավելի են խորասուզվում կասկածի ծովը, թող հոգեբաններն ասեն, շատ կուզեմ իմանալ։
– Էլ Էրդողանիդ մոտ չգնաս,- մի օր, մի անձրևային օր ասաց Արմենը,- քեզ ու նրան կսպանեմ։
– Պրոֆեսորը վաղուց մեռել է,- ասաց Արփին։
– Գիտեմ,- ասաց Արմենը,- բայց նրա նմանները միշտ հարություն են առնում, գալիս են ուրիշ անուններով, նրանք անմահ են…
Ամբողջ գիշեր գայլի նման ոռնում էր մահացու պտտահողմը, կայծակներ էին պայթում, ձյուն, կարկուտ ու անձրև, աշխարհի վե՞րջն էր, թե՞ նոր սկիզբ։ Արփին զենքի կրակոցը չլսեց, որովհետև այն խլացուցիչ ուներ։
Գորգապատ հատակին երեսնիվայր ընկած Արմենի կողքին հրացան կար։ Կինը վերցրեց զենքը և կախեց ճաշասենյակի պատի նույն մեխից։ Կախված հրացանը մի օր դարձյալ կրակելու էր, սակայն ոչ ոք չգիտեր՝ ո՛ր ժամին և ում վրա։
2023 թվականի դեկտեմբերի վերջն էր։ Մի քանի օրից Ամանոր կլինի մեր երկրում։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։