ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻ ԻՆՔՆԵԿ ՊՈԵԶԻԱՆ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Տպագրվել է Հենրիկ Էդոյանի «Հայացք ոչ մի տեղից» բանաստեղծությունների գիրքը: Ընթերցելիս ակամայից մտքերով նույնանում ես Հենրիկ Էդոյանի հետ. «Ամենադժվարը աղոթքի սկիզբն է,/մնացածն արդեն հոսում է ինքնիրեն»: Բանաստեղծությունների ժողովածուում ընդգրկված վաթսունութ բանաստեղծությունները միասին մեկ ամբողջական բազմաշառավիղ խոհեր են, թեև անոտացիայում գրված է. «Ժողովածուն ընդգրկում է հեղինակի 2023 թվականին գրված ստեղծագործությունները» (բացառություն են կազմում «Երկակի շարժում» (1971 թ.), «Անձրև» (1967 թ.), «Երուսաղեմի ճանապարհը փակ է» (1967 թ.) գործերը), և ինչպես նման դեպքերում ասում են, թանաքը դեռ չչորացած` բանաստեղծությունները գիրք են դարձել՝ թարմ շունչ հաղորդելով արդի գրական միջավայրին:
Տեքստընթաց ձևավորվող բանաստեղծություն. Հենրիկ Էդոյանի ինտելեկտուալ բանաստեղծությունն առաջին հայացքից ժամանակի պարույրները շոշափող արձակ(ված) տողերի համախումբ է, որում իրար մեջ խտացող, մեկը մյուսի տեղը գրավող, հաստատող ու բացասող, վեր ելնող ու փարվող տողեր են՝ օձիքը վեր ձգած պարադոքսալ տրամաբանության թևաբախումով, որն էլ ոգեձևում է խոհազգայական անվերջ մի ճանապարհ. «Ասվող բառերը//տարբեր են մեկը մեկից, նույն խոսքի//շրջանակում, փշրվող ապակի,//որի վրայով//անցնում ես ոտաբոբիկ,//և երբեք տեղ չես հասնում» («Փշրվող ապակի»), բայց անմիջապես հաջորդ իսկ բանաստեղծության մեջ («Մոռացված հասցե») Հ. Էդոյանը անկանխատեսելի ու անկառավարելի բանաստեղծին բնորոշ խոստովանում է. «Ինձ տրված էր հասցեն, բայց ես այն մոռացել եմ», իսկ որի
«…թիկունքում կանգնած մի ստվեր,//որը ոչ խոսում է և ոչ էլ լսում, բայց հասկանում է՝//թե ինչ է ասվում», բերում է խոսքը ու արարում է Հենրիկ Էդոյանին հատուկ անպարագիծ պոեզիա, որը միֆ է «Ո՜չ այստեղ,//ո՜չ այնտեղ, գուցե ո՞չ մի տեղ», ուր բորբոքված ուղեղով աշնան գույների մեջ է. «Դու, շեքսպիրյան ճակատագրից խոցված,//ոչ լինելու մեջ ես և ոչ էլ չլինելու»: Հենրիկ Էդոյանի «Հայացք ոչ մի տեղից» գիրքը զերծ է զեղումներից ու սենտիմենտալությունից: Պոետը հավատարիմ է մնում իր էլեգանտ ու մտավեհ, իրականությունը շարժման մեջ տեսնող ու զարգացման ծիրում վերարժևորող պոետական նկարագրին, ինչն էլ հոգևոր այն թթվածինն է, որ սնում ու նրան պահում է ժամանակի շնչառության հետ դաշն։ «Նախնական ճանապարհով//գնում եմ ինչպես//հիվանդանոցից դուրս ելած մի հիվանդ://Օրը փողփողում է ինչպես պարանին//նետված սպիտակեղեն: Դարավոր մի արձանի//ստվերն է ընկնում վրաս: Եվ աղոտ մի աստղ//հետևում է ինձ ինչպես հավերժն ինքը» («Ես գոհ չեմ խոստումներից»): Ծանրաբարո, ազնվական պոետի մտահայացքը ինչքան էլ հավասարակշռված լինի ու իրավիճակից բխող, այսպես թե այնպես նրա համար մնում է երազը փրկագին, որը մանկան փակ կոպերի լապտեր – խոսքի պես գիշեր ու ցերեկ խավար է ցրում հույսաշողով. «Անամոք//մի գիշեր, աչքեր ինքնասույզ (կլինե՞մ ես այնտեղ,//կունենա՞մ փրկության հույս): Կունենա՞մ մի ափ//գիշերվա եզերքին: Իմ ձեռքին տպվում են//պատկերագրեր, որոնց նշանները պետք է//մեկնաբանել: Ես իմ մթության մեջ//իմ օրն եմ բացում, մեռած գեղեցկության մարմինը//կենդանացնող, որ լույս է տալիս, բայց չի//ջերմացնում, ինչպես մի հին երգ, մահվան//շշուկներից//դուրս ելնող մի լուսին, աչքերը ինքնասույզ-// (Կլինե՞մ ես այնտեղ, կունենա՞մ փրկության հույս» («Հայտնություն»): Հենրիկ Էդոյանի հայացքը շարժուն է, ու պատահական չէ, որ վաղեմի գրված «Երկակի շարժում» բանաստեղծությունը զետեղվել է գրքում, քանզի այն ներդաշնակ է թե՛ ոճով, թե՛ ասելիքով, թե՛ նպատակով և, ինչու չէ, ժամանակի տևողության մեջ վկայում է նաև Էդոյանի աշխարհայացքի և մտածողության սկզբունքներին հաստատակամ լինելը «(երբ անհաստատ է անցյալում ինչ-որ բան,//ապա դա անհաստատ է նաև ապագայում)». «Քունը արթնացումն է՝ թե նայես երազի միջից,//անմահի տեսանկյունից՝ ծնունդը մահն է,//երբ նայում ես դրսից – կլոր է գնդակը,//թե ներսից ես նայում – գնդակը երկինքն է նույն,//երեխան իր խաղի մեջ տեսնում է նրան// և՜ դրսից, և՜ ներսից, կեսօրվա լույսի տակ»: Հ. Էդոյանի համար հայացքը ներքնատեսությամբ հառնողի թռիչքի մեջ մոռացություն է, մոռացությունն էլ նոր թռիչք է դեպ արգանդ – գերեզմանոցը, ուր հավաքում ես քո հառնող ծաղիկների սերմերը իմաստության. «Երբ հոգիները ճանապարհում են նոր հոգուն//դեպի երկիր, նրան թաղում են մի կնոջ//արգանդում, որտեղից նա պիտի//հարություն առնի, լուսավոր ոտքերով//դուրս գա արգանդից, հառնի//գերեզմանից, մոր աչքերի ուրախության//արցունքների մեջ//մոռացած նրանց, ովքեր իրեն մի օր//երկիր են ճանապարհել» («Ներքնատեսություն»): Հ. Էդոյանի համար բանաստեղծական հայացքը նաև կենարար քամի է, որ ծառի ճյուղերի մեջ հյուսում է պսակը ժամանակի ու տարածության, որտեղ նա և՛ կա, և՛ չկա ու ինքն իր մեջ հավերժ փնտրտուքի մեջ է. «Կարևոր մի բան է բացակայում://Նրա ներկայությունը մենք զգում ենք նրա/բացակայությունից – (ինչը նա պետք է լինի, բայց ինքը բացակա է)» («Կարևորագույն մի բան է բացակայում»), ու բանաստեղծին առեղծված է մնում. «Ամեն ինչ իր տեղում է, ինչպես եղել է,//(կամ պետք է լիներ): Ո՞ւր է ժամանակը, որ ես//չտեսա, տարածությունը, ուր ես//բացակա եմ («Կյանքն իմը չեղավ»): Հենրիկ Էդոյանի բանաստեղծությունը բնակավայրի ոգին է յուր համապարփակ փիլիսոփայությամբ. «Դու մի գետ ես, որ հաճախ ելնում է ափերից://Դու մի պատմություն ես՝ ոչ մի տեղ չգրված,//մի գիրք՝ սեղանին, որ չունի հեղինակ,//դու մի կանգառ ես, ուր ոչ ոք կանգ չի առնում,//մի ժամացույց ես, որի սլաքները//խոցում են դիտողին, բայց ժամը ցույց չեն տալիս,//մի նկար ես, կրկնակի շրջանակի մեջ://Ամեն ինչ տեսնում ես դու, քեզ ոչ ոք չի տեսնում» («Իմ բնակավայրը»), ու հստակից էլ հստակ է. «Հաղթողը մեռնում է ատելությունից,//պարտվածը՝ վշտից – (ինչպես Գաութամա//Բուդդան էր ասում), իսկ նրանց միջև, մարդկություն, դու գնում ես քո ձեռքի//քարտեզով – անստույգ և անճիշտ,//և հայտնվում ես ուրիշ դռան մոտ,//(որին դու չես ձգտել) – //օտար ու վտանգավոր: Իսկ դրսում աշուն է, մտածելու ժամը – (Գողգոթայի հավերժական//հառաչն ու հոգեվարքը): Հանգցրու//լապտերդ, և դու կտեսնես -//Թագավոր և Ձկնորս,//նույն պատկերի մեջ,//անքարտեզ,//ոտաբոբիկ» («Հանգցրու լապտերդ»), ու, այնուամենայնիվ, պոետին չի լքում լավատեսությունը, թեկուզ աշխարհը Քրիստոսի լքած դամբարանն է. «…Ոչ մի փորձ//սփոփանքի,//որ քեզ ամպի նման կծածկի//ոտքից գլուխ: Կշիռ ունեցիր, երբ աշխարհն ինքը//չունի ձև ու կշիռ://Կյանքն իմը չեղավ, գուցե մահն իմը լինի» («Կյանքն իմը չեղավ»):
Ենթագիտակցական հայացքներն ուղղորդողներ: Բանաստեղծության ծիլերը գալիս են անհատական ենթագիտակցությունից՝ ինքնաբուխ, իհարկե, համապատասխան արտաքին ազդակային միջավայրի արդյունքում: Բանաստեղծությունը ներանձնական պոռթկում է, երբ պոետը սկսում է նրանով ապրել (աշխատել), նա ինչ-որ չափով հասարակական ենթագիտակցության մասնիկ լինելով՝ այդ ընդհանրական ենթագիտակցությունը մասնակից է դարձնում պոեզիայի ձևավորմանը: Ուստի ցանկացած բանաստեղծություն թերևս արարվում է առնվազն երկու հայացքի ներքո, որոնք կարող են իրար բախվել, հյուսվել, փարվել, զուգահեռ գնալ և այլն, և այլն: Հենրիկ Էդոյանը «Բնանկար» բանաստեղծությունում վկայում է. «երգը կեցությունն է//իր հավերժական//երկու ճառագայթների միացման վայրում//լույսի անկյունից//աշխարհի վրա իջնող»: Այս տողերը ասես բանաձևային հուշում լինեն բացատրելու, թե ինչո՛ւ է «Հայացք ոչ մի տեղից» գրքում բանաստեղծը «Ո՞ւր է անապատը», «Դա քո ժամանակն է», «Արցունքոտ օր», «Չարված քայլեր» բանաստեղծությունները ներկայացնում երկու տարբերակով, ասել է թե՝ երկու հայացքի ներքո՝ այն դարձնելով մեկը մյուսին շարունակող, մեկը մյուսին լրացնող, ինչին և հասնում է՝ օգտագործելով բառերի ունակությունը բանաստեղծային վիճակներ փոփոխելու:
Բառը բանաստեղծական տեքստում պոետիկ հայացքի դիտանկյան ոսպնյակներից մեկն է, որի փոփոխումով, ավելացնելով կամ պակասեցնելով, մի ամբողջ պոետիկ աշխարհ է փոխվում իր ներս ու դրսով, որից հստակ կամ անորոշ արտացոլվում է մեկնված ասելիքը: Փորձենք միմյանց հետ բաղդատելով՝ քննել վերոնշյալ բանաստեղծություններից «Արցունքոտ օր»-ի երկու տարբերակները: Անշուշտ, բանաստեղծի անհատական ենթագիտակցությունն ավելի անմիջական է, հստակ, անձնական, մանրամասնային, քան հասարակականը, որի մեջ ինչ-որ առկախություն է լինում (եթե բոլորինն է՝ ոչ մեկին էլ չէ), հետևաբար, կարելի է ասել, որ «Արցունքոտ օր»-ի երկրորդ տարբերակը անհատական ենթագիտակցության ազդեցության արգասիք է: Ահավասիկ մի հատված. «Դեպի աջ, այն կողմը, կամուրջը հինավուրց,//գնում էի//գետի ափով, խոտերի և թփերի//երազների մեջ, մահվան հետ մտերմացած-//(Լուսնի//ճարտարապետ): Արդեն ժամանակն էր: Մի մեռած//պատանի, խոտերի մեջ պառկած, ինձ ձեռքով//արեց-/(ես նրան չտեսա): Գուցե ինձ վիճակված էր//ապրել սոսկ երկնքի տակ, ուր ոչ մի շինություն//չկառուցեցի: Շուրջս լռություն էր, գետն էր, կամուրջը//և արդեն մերկացող ծառերը մեկուսի»: Մեջբերեմ առաջին տարբերակի նույն հատվածը, որը վերամշակված է արդեն հասարակական ենթագիտակցության ազդեցությամբ, որում ակնառու է «անորոշ ընդհանրականությունը». «Դեպի աջ, դեպի կամուրջը հինավուրց, խոտերի//և թփերի//երազների մեջ, քայլում էի գետի ափով,//մահվան հետ//մտերմացած, դեպի վեր, մառախլապատ//մի երկնքի տակ, մեկն ինձ ձեռքով արեց,//(բայց ինքը//չէր երևում), դա լուսինը չէր (իմ միակ ուղեկիցը),//շուրջս լռություն էր, գետն էր, կամուրջն էր//և արդեն մերկացող ծառերը մեկուսի»:
«Արցունքոտ օր» բանաստեղծության երկու տարբերակները, ի վերջո, հայացքներ են՝ ինքն իրեն նայողի (երկրորդ տարբերակ) ու կողքից իրեն նայողի (առաջին տարբերակ), դրանով իսկ երկու տարբերակների թեև ասելիքը նույնն է, բայց իրարից տարբերվում են զգալիորեն զգայական և հուզական խտացումներով: Ասածս հաստատեմ նոր մեջբերումներով վերոնշյալ բանաստեղծության երկու տարբերակներից. «Ինչ ունեմ՝ սոսկ մի օր է, ոչ իր ժամանակին ծնված//երեխա, դեմքին սպիներ, ճանապարհից դուրս,//մահվան հետ մտերմացած-(Լուսնի//ճարտարապետ)://Նստում եմ մի քարի, խոտերի և թփերի//երազների մեջ: Դեպի տուն, մառախլապատ//կամարների տակ, բնակավայրը առաջին օրերի,//նախնական//արևի ուղեծիրն ամայի (կորած և գտնված)://Մի մարդ կամուրջն անցավ: Ես ոտքի ելա,//և ողջ տեսանելի աշխարհը թեքվեց» (երկրորդ տարբերակ), և առաջին տարբերակի հատված – օրինակը. «Դա աշնան կեսերին էր, և արցունքաբեր//ամպեր էին սահում//դեմքիս վրայով, դեպի արևմուտք, դեպի տուն, դեպի//բնակավայրը առաջին օրերի, դեպի հորիզոնը//անհաս ու անմատչելի, նստեցի մի քարի,//ճանապարհից//դուրս, դեղին թփերի մեջ, ամպերի շուքի տակ://Քիչ այն կողմ//կամուրջով մի մարդ անցավ դեպի//գետի մյուս ափը (սոսկ ստվերը տեսա)://Ես ոտքի ելա,//և ողջ տեսանելի աշխարհը թեքվեց»: Որպեսզի ինքս ինձ չկրկնեմ, մյուս բանաստեղծությունների տարբերակների մեկնումը թողնում եմ ընթերցողի երևակայությանը: «Չարված քայլ» բանաստեղծության մեջ Հենրիկ Էդոյանը հուշում է երկու տարբերակով բանաստեղծության մեկնաբանման ևս մեկ բանաձև. «Մի խոստում՝ քո երգի մեջ://Մի խոստում, որ քո երգն է»:
Վերջնախոսք. Հենրիկ Էդոյանի «Հայացք ոչ մի տեղից» գրքից ծնված մտորումներս ավարտում եմ գրքում զետեղված վերջին՝ «Ոչինչ վերջինը չէ» բանաստեղծությունը մեջբերելով, քանի որ այն ասես ամփոփում լինի այս ավելի քան հաջողված գրքի, որը շարժում է, շարունակականություն, նորօրյա շարականություն է, գալիքով ու միաժամանակ անցյալով սպասվող ակնկալիք, մի խոսքով՝ ՈՉԻՆՉԻ փիլիսոփայությունն է: «Ոչինչ վերջինը չէ,//ամեն ինչ միայն նախավերջինն է,//այն քայլը, որ դու//ուզում ես կատարել – իրականում պարզապես//նախավերջինն է: (Ինչը սկիզբ չունի -//չունի նաև վերջ): Քո քայլը//չի ավարտվում, դու միշտ կանգնած ես//վերջի շեմի առաջ://Բայց նա կբացվի՞, թե նրան մոտենաս://Դա նախավերջին քո հարցը կլինի:// (Քոնը չէ վերջին բառը)»: Ողջունում ենք նաև «Վան Արյան» հրատարակչությանը նրբագեղ գիրք լույս ընծայելու կապակցությամբ և անհանբեր սպասում Հենրիկ Էդոյանի հաջորդ ու հերթական նախավերջին գրքին, քանի որ՝
Քամին ցույց է տալիս իսկական պատկերը –
ծառն իր տեղում է, իսկ
Երուսաղեմի ճանապարհը փակ է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։