Երկար տարիներ «Գրական թերթի» էջերում շարունակական ձևով կարդում եմ Նանեի խիստ ինքնատիպ հրապարակախոսությունն ու բանաստեղծությունները: Փոքր-ինչ զարմանալի է, որ այդ փխրուն էակի մեջ առկա է այդքան հասարակական ու քաղաքական կարևոր և ոչ վերացական ասելիք: Նանեն Նանե է՝ բնության բացառիկ զգացողությամբ: Մարդուն Աստծու կողմից տրված մեծագույն պարգևներից մեկն էլ բնության գեղագիտական ընկալումն է: Դրա օրինակները մեր գրականության մեջ հանդես են գալիս ոսկեդարից և ձգվում են մինչև մեր օրերը: Այդ ընկալման կատարյալը, թեպետ այլաբանական իմաստով ասվածը, Նարեկացու «Վարդավառի» ու «Հայտնութեան» տաղերն են: Բնության եզակի երգիչ է XIV դարի բանաստեղծ Կոստանդին Երզնկացին, որի գարնան, լույսի, բնության զարթոնքի բանաստեղծություններն այսօր էլ հիացմունք են պատճառում: Բանաստեղծությունը պետք է խոսի ընթերցողի մտքի ու հոգու հետ: Այդպիսին են Նանեի «Անցում կյանքով» ժողովածուի գրվածքները: Դրանք մի քանի տասնամյակի ընթացքում են ստեղծվել, և շահեկան է, որ դրանց վերջում դրված են և՛ գրման թվականը, և՛ վայրը: Վայրի խնդիրը ուշագրավ է. բանաստեղծությունները գրված են Ծաղկաձորում՝ Հայաստանի գրողների միության ստեղծագործական տանը: Սա նաև յուրօրինակ գնահատական է այդ ստեղծագործական տան դերին ու նշանակությանը: Նման՝ բնությանը ձոնված սաղմոսները կարելի է գրել հոգեկան խաղաղ պայմաններում: Բանաստեղծությունների վերջում թվականների կողքին դրված ամիսներն ու օրերը ներկայացնում են բանաստեղծուհու բնապատկերի ընկալումները տարվա տարբեր եղանակներին, տարբեր օրերին:
Բնությունը և մարդը գրական թեման վաղնջական է, նույնականության հետ նաև՝ խիստ անհատական: Այս առումով շատ գեղեցիկ է Նանեի՝ այգաբացին նվիրված «Ծնվեց օրը ինձ հետ» սկսվածքով բանաստեղծությունը.
Ծնվեց օրը ինձ հետ.//այդպես ամեն անգամ.//Ու… նորացման ծես է//այգից մինչ այգ…
«Ձյունում է՝ ձյունի» քերթվածում հեքիաթ թվացող ձյան փաթիլներն այնքան համահունչ են Շոպենի հրաշք նոկտյուրներին, որ կարծես բանաստեղծուհին ուզում է կրկնել հանճարեղ գերմանացու խոսքը՝ «Կանգ առ ակնթարթ, որքան գեղեցիկ ես դու»: Նանեն էլ, դիմելով հրաշագեղ ակնթարթին, ասում է.
Ժամերի կանգ է՝//Պահը՝ դուրս հունից,//Ուր մաղձոտ ու պարզ//Օրը տեղ չունի…
Կյանքի բարդությունները հիանալի իմացող բանաստեղծուհին բոլոր մարդասերների նման տեսնում է, որ մեր օրերում էլ մարդը շարունակում է հեռանալ մարդ լինելուց.
Եվ… կարևորը-//Այդ ամենի մեջ միշտ Մա՛րդ լինելը…//Մեռնելը հեշտ է.//Դժվար… տևե՛լն է-//Խաղալը կյանքի բազում դերերը:
Նանեն ունի նաև խորիմաստ հայրենասիրական բանաստեղծություններ: Նրա համար Արևմտահայաստանի կորուստը շարունակում է մնալ հոգու չսպիացող վերք: «Ո՞ւմ կանչեմ այսօր» սկսվածքով քերթվածում զգացվում է«Սասնա ծռեր» վիպերգի ներշնչող ազդեցությունը.
Ո՞ւմ կանչեմ այսօր//Ու հույս հույսի տանք-//Հերոս այրերի, Ծռերի Սասնա//Ոգու կորովը աղոթենք-կոչենք//Պահապան Հայ տան…
Նա այնքան ցնցող տողերով է հիշում հանուն Արցախի զոհված տղաներին, որոնք այլևս գարուն չտեսան իրենց գարուն տարիքում: Նա տեղին է օգտագործում թուրքերի մոտ շատ տարածված ասացվածքը հայերի մասին. «Իմս լիներ հայի վերջին խելքը»: Արթնացող հրաշամանուկը, որը պետք է փրկի իր երկիրը թշնամուց, իմաստուն պետք է լինի, նախորդ շրջանի հայերի սխալը չպետք է կրկնվի.
«Լաո՛, զարթնիր»,//Բայց ոչ երբեք մեզ պես անմիտ-//Հույսդ՝ «հայի խելքին՝ վերջին»:
Ուղղակի հրաշք է «Մարդանանք, մարդի՛կ» սկսվածքով հյուսվածքը: Բանական մարդը՝ երկրագնդի տիրակալը, ավելին ունի, քան դաշտերի արտույտները, շուշան ծաղիկները, նոր պայթող ծաղկի բողբոջը, մարդուն շոյող մեղմ զեփյուռը, ծաղկած վարդի թուփը, դեպի երկինք ձգվող սլացիկ բարդին, սակայն մարդը դեռ մարդասեր չէ. նա պետք է մարդանա:
Մարդն իր ողջ կյանքում բախվում է փակուղիների, որոնք հաճախ առաջացնում են փողկապավոր պաշտոնյաները՝ ինքնաբավ ու հոխորտուն ու իրենց սին ճառերով: Հին աշխարհի փիլիսոփայի նման Նանեն փնտրում է Մարդուն, մինչդեռ.
Փնտրեմ Մա՛րդը,
խիղճն ու բարին-
Ամենուր է շունչը չարի…
Իսկական չափածո նովել է «Հուշը դռան մոտ՝ բախում է դուռը» սկսվածքովը.
Հուշը դռան մոտ՝ բախում է դուռը,
Բայց… բացողն ո՞վ է…
Իր բանաստեղծություններում Նանեն հիշում է կյանքից հեռացած ընկերներին, կարոտում է, սպասում, սակայն, ավա՜ղ… Կարոտը, որն ուղեկցում է զգայուն մարդկանց, իր տարատեսակներով ուղեկցում է բանաստեղծուհուն:
Ավետարանական վարդապետության պատգամները տարբեր ձևերով, նորօրյա ընկալմամբ սփռված են Նանեի գործերում:
Նանեն ցավով նշում է կյանքի կարճատև լինելը. մարդը տարիներով հավաքում է գիտելիքներ, փորձ, իմաստություն, այդ պաշարը երբեմն անչափելի է, սակայն հաճախ նրա գիտելիքների անչափելի պաշարը կյանքի կարճատևության պատճառով գործի չի վերածվում: Այս գիրքը փաստում է՝ Նանեի բանաստեղծությունները վկայությունն են նրանց հեղինակի հոգու հարստության: