Օրերս կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտների հետ: Էդ. Միլիտոնյանը խոսեց հայ գրականության ու մշակույթի, հայ գրողների, նրանց կյանքի, ապրած ժամանակի ու ստեղծագործական առանձնահատկությունների, ինչպես նաև իր գրքերի մասին: Նա աշակերտներին խորհուրդ տվեց շատ ընթերցել, լավ իմանալ հայոց պատմությունը, գրականությունն ու մշակույթը, ինչպես նաև ծանոթանալ համաշխարհային գրականությանը, մշակույթին, հանրահայտ գրողներին, ուսումնասիրել նրանց կյանքն ու ստեղծագործությունը:
ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը խոսեց արցախցի երեխաների մասին և դպրոցականներին հորդորեց լինել ինքնատիպ ու զարգացնել սեփական յուրահատկությունները:
Աշակերտների այցը կազմակերպել էին ուսուցչուհիներ Իզաբելա Խաչատրյանը, Մարինե Շահնազարյանը և Իրինա Անդրանիկյանը: Աշխարհագրության ուսուցչուհի Իզաբելա Խաչատրյանն անդրադարձավ Երևանում ու Հայաստանի մարզերում «Դպրոցական զբոսաշրջության աշխարհագրություն» նախագծի շրջանակներում աշակերտների կատարած աշխատանքին, որի շրջանակում նրանք ծանոթացել էին հայոց լեզվի բարբառներին, այցելել մարզեր և գրել իրենց տպավորությունների մասին:
Աշակերտները ներկայացրին իրենց գրած ու ձևավորած գիրքը, որում ամբողջացրել էին նախագծի ընթացքում կատարած աշխատանքն ու Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղ այցելության, հասակակիցների հետ հանդիպման տպավորությունները: Էդ. Միլիտոնյանը պատասխանեց դպրոցականների և ուսուցիչների հարցերին: Հանդիպման ավարտին դպրոցականները շրջեցին Գրողների միության շենքում և ծանոթացան ՀԳՄ-ի պատմությանը:
Սեփ. լրտ.