Անցած տարի, ծննդյան 100 ամյակի առթիվ, լույս է տեսել բանաստեղծ, թարգմանիչ Վարոս Հովակիմյանի «Ձայնագիր մատյան» ժողովածուն (208 էջ, 2023 թ., Երևան, «Լուսաբաց» հրատարակչատուն): Նինել Մելքոնյանի և Գագիկ Հախվերդյանի մեկենասությամբ տպագրված այս գրքում ներառված են հեղինակի բազմաժանր ստեղծագործությունները՝ լեգենդներ, բալլադներ, պոեմներ, բանաստեղծություններ:
Վարոս Հովակիմյանը ծնվել է 1923 թ. հուլիսի 29-ին, Ստեփանավանում, ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Երևան: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Վերադառնալուց հետո՝ 1950 թ.-ին, ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Խմբագիր է աշխատել Պետհրատում, այնուհետև՝ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի կրկնօրինակման արտադրամասում: Եղել է անկուսակցական, ԽՍՀՄ գրողների (1975 թ.), Հայաստանի գրողների և կինեմատոգրաֆիստների միությունների անդամ: Մահացել է 2002 թվականին, Երևանում:
Արհեստավարժ է եղել, գաղափարի մարդ: Ե՛վ իր գրվածքներն է թողել, և՛ բավական հարուստ թարգմանություններ՝ Ֆիրդուսի, Բայրոն, Շելլի, Բյորնս, Շեքսպիր, Հայնե, Լերմոնտով, Պուշկին, Եսենին, Եվտուշենկո, Ռոժդեստվենսկի, Համզատով, Կռիլով… Վարոս Հովակիմյանի հայերեն բարձրարվեստ թարգմանությամբ են հայ կինոհանդիսատեսին ներկայացել «Հայֆիլմ»-ում կրկնօրինակված «Ոսկե հորթը», «Ասք Ռոստամի մասին», «Ռոստամ և Սոհրաբ», «Համլետ», «Ծառայողական սիրավեպ», «Կովկասի գերուհին» և այլ սիրված ֆիլմեր ու մուլտֆիլմեր («Պինգվին Վինը», «Աղվեսագիրք», «Մկների ժողովը», «Լեգենդ Սալյերիի մասին»): Հեղինակել է «Աբու Հասանի մաշիկները» անիմացիոն ֆիլմի չափածո փայլուն տեքստը, գրել է նաև «Դեղին թոնիր» և «Արցախյան անավարտ օրագիր» ֆիլմերի դիպուկ և այժմեական երկխոսությունները:
Եվ ահա, գրականագետների և ընթերցողների դատին է ներկայացվում նրա պոետական գործերի ժողովածուն՝ «Ձայնագիր մատյան» վերնագրով:
Ձայնագիր մատյա՞ն. մի՞թե կարող է մատյանը ձայնագիր լինել: Պարզվում է՝ կարող է: Դա է հաստատում արձակագիր, բանաստեղծ, կինոխմբագիր Անահիտ ԱՐՓԵՆԸ, որն էլ հավաքել է Վարոս Հովակիմյան բանաստեղծի տարաժանր ստեղծագործությունները, այդ թվում՝ իր նախկին գործընկերներին քաջ հայտնի և նրանց ջանքերով հայտնաբերված «Ճուճկանական» հետաքրքիր անվանումով, կրքերով, հույզերով ու դրամատիկ զարգացումներով լի «ամենապոեմը»:
Ուրույն անհատականություն և ստեղծագործական ինքնատիպ ձեռագիր ունեցող Վարոս Հովակիմյանի գրվածքները, ինչպես նշված է «Ձայնագիր մատյան» գրքի բնաբանում, հիմնականում անտիպ լինելով, հավաքվել են տարբեր աղբյուրներից. մեքենագիր էջերից, իր ձայնագրություններից, ձեռագրերից ու սևագրություններից: Ժողովածուն ներառում է նաև 1975-ին «Հայաստան» հրատարակչության լույս ընծայած «Լեգենդ կրակի մասին» չափածո դրաման: Վարոս Հովակիմյանի «մատյան»-ը կազմելիս՝ Անահիտ Արփենը մեծ ակնածանքով ու ամենայն խնամքով է մոռացությունից հանել, հավաքել, դասդասել, տեղ-տեղ վերծանել-համակարգել իր հրաշալի բարեկամի և հայ գրականության մեջ տեղ ունենալու արժանի բանաստեղծի ստեղծագործությունները, իր առաջաբան խոսքում մեծարումի ու խոնարհումի զգացումներով ներկայացրել նրա տողերը: Ինչպիսի՜ սիրով ու հոգածությամբ է Արփենը խոսում խոհափիլիսոփայական զորեղ տաղանդ ունեցող բանաստեղծի մասին, որը թեև կյանքի վերջին տարիներին տեսողության խնդիր ուներ, սակայն շարունակում էր ստեղծագործել, քանզի՝
«Կուրացել եմ ես աչոք,//Բայց էությանն իմ վայել//Ես բովանդակ աշխարհին//Հոգուս լույսով եմ նայել»:
Հուզիչ են Արփենի առաջաբան խոսքի վերջին բարձրահունչ տողերը. «…Բնության միակ արդարություն ճանաչելով այդ բնության ճշմարտությունը, ժխտելով և աներկբայորեն մերժելով ամենայն ոչ ստեղծագործն ու ավերիչը՝ Վարոս Հովակիմյան պոետը լույսի ու ջերմության բաղձալի կարոտով մնում է կենսատու Արեգակի երգիչն ու փառաբանողը, որի «արյան մեջ արփենական կրակն է պարում» և որի «արփենական շողն է տվել թռիչք ու վերելք»: Այս «արփենական» երկրպագությանը մի՞թե համահունչ չէ Անահիտ Արփեն երախտավորի ոգեղեն ներկայությունը նրա ստեղծագործական ժառանգությունը սրտացավորեն հանրահռչակելու գործում:
Վարդևան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Արագած աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր