Մարտի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնի «Կապույտ դահլիճում» տեղի ունեցավ բանաստեղծ Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» գրքի շնորհանդեսը: Այս ժողովածուն նորարարական, գեղագիտական նկարագիր ունի, հեղինակը կյանքի թիվ-փաստերը վերածել է գեղարվեստական ստեղծագործության: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը ժողովածուն բնութագրեց իբրև հետաքրքիր երևույթ մեր պոետական այսօրվա համայնապատկերում և նորություն իր բանաստեղծական կենսագրության մեջ: Ըստ նրա` թեև արձակին հարելու, շոշափելու իրական կյանքի հատվածները բանաստեղծական հայացքով դիտելու եզրը շատ դժվար է պահպանել (ձանձրալի պատմողականության մեջ ընկնելու վտանգը կա), բայց Ղ. Սիրունյանը կարողացել է վարպետորեն պահել այն և նորովի տեսանելի դարձնել պատմական տեղանքները որպես աշխարհագրական տեղ և որպես հոգեկան տարածք:
Գրականագետ, արվեստաբան Երվանդ Խաչատրյանի հավաստմամբ` բանաստեղծը իր պոեզիան որոնում է առօրյայի մեջ: «Ոչ թե անհավասարակշիռ, այլ իր ներքին տագնապներին տրված իր բանաստեղծությունները և՛ իրենն են, իր անձնական կյանքի անցած ճանապարհի թվերն են, և՛ բոլորինս են»,- ասաց նա:
Գրականագետ Արմեն Ավանեսյանը գիրքը իր ամբողջականության մեջ համարեց կայացած: Բանախոսը ժողովածուում երկու հերոս մատնանշեց, որոնք անընդհատ իրար դեմ պայքարի մեջ են` ժամանակը և բանաստեղծը: «Այնտեղ, որտեղ ռեալիստական պատկերն է` ժամանակն է, այնտեղ, որտեղ այլաբանությունն է` բանաստեղծն է: Իրականության, ռեալիստականի և այլաբանության միջև ընկած ճանապարհն է, որ կարողանում է հաղթահարել բանաստեղծը»,- վստահեցրեց նա: Այնուհետև համեմատելով էպոսի ասացողների հետ` Ա. Ավանեսյանը նշեց, որ Ղ. Սիրունյանի բանաստեղծությունը ասքապատման երանգներ ունի իր մեջ, քանզի ասքը իրականության և երևակայության համախառնուրդով է ստեղծվում: Որքան էլ նորարարական ոճով` դիտավորյալ թափթփվածություն, անմիջական կապ ունի ավանդույթի հետ: «Ղուկասի այս գիրքը իր ընդգրկմամբ, իրոք, լավագույն բանաստեղծական ժողովածուներից է, այսօրվա մարդու տագնապներն ու հոգսերն է վավերագրում»,- ասաց նա: Ռոլանդ Շառոյանը Ղ. Սիրունյանի պոեզիան համարեց ազատ, պրկված և արժևորելով նրա լեզվամտածողությունը` ասաց. «…մայրենի լեզվով ստեղծագործելով` պրկվածությունը, ազատությունը, զսպվածությունը, անսահմանությունը ենթարկում է իրեն»: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Ղ. Սիրունյանը` խոստովանելով, որ իր կյանքի ամենամեծ առեղծվածը բանաստեղծ լինելն է: «Այդպես էլ չհասկացա` ի՞նչ է բանաստեղծությունը` աղո՞թք է, տե՞նդ է, հիվանդությո՞ւն, որ կպավ ինձ»,- ասաց նա և հավելեց. «Մարդը միշտ կարիք ունի սփոփանքի, իմ սփոփանքը գրականությունն է: Բանաստեղծությունն այն է, որ մարդուն բերես մի լավ վիճակի: Այս գիրքը մի քիչ ավելի է պարունակում ինձ, քան նախորդները, չնայած դա էլ է պայմանական, քանզի բոլոր գրքերում էլ ես ինձ տեսնում եմ: Սիրում եմ իմ կյանքը, իմ սխալները, իմ կորուստները, ամեն բան սիրում եմ, իմ սիրտը լցված է սիրով ու ջերմությամբ»: Ղ. Սիրունյանի պոեզիան ներկայացրեց Գայանե Սամվելյանը: Ելույթ ունեցան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից Վ. Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիայի սաները, գեղ. ղեկ.` Անդրանիկ Հարությունյան, «Զատիկ» մանկական երգչախումբը գեղ. ղեկ.` Լիլիթ Համբարձումյան:
Շնորհանդեսը վարում էր Ամիրան Գալստյանը: