Անցած տարին մեր ազգի համար լի էր դաժան փորձություններով և անդառնալի կորուստներով։ Մեր
«ռազմավարական գործընկերոջ» և ազերիների պայմանավորվածությամբ ու ջանքերով հայոց երկրորդ
պետությունը հայազրկվեց և հանձնվեց թշնամուն։
Մեր արցախցի եղբայրներն ու քույրերն այժմ մեր կողքին են և շրջապատված են ուշադրությամբ ու
հոգատարությամբ։
Ամեն ինչ պետք է անենք, որ հազարամյակներով հայերով բնակեցված մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը,
նորից վերադառնա իր իսկական տերերին։ Պետք է ոչինչ չխնայենք մեր պետությունն ուժեղացնելու, մեր
բանակը գերժամանակակից զինտեխնիկայով համալրելու համար։
Երկրի զարգացման և ուժեղացման համար ամենքս մեր տեղում պետք է աշխատենք գիշեր ու զօր։
Այս ծանր ժամանակներում մեր գրողների մեծ մասն աչքի ընկավ արժանապատիվ պահվածքով, նաև գրվեցին
բազմաթիվ նոր ստեղծագործություններ, տպագրվեցին գրքեր, որոնք բարձրացնում են մեր ազգային ոգին,
հույս ու հավատ ներշնչում ապագայի նկատմամբ։
Բոլոր հզոր պետությունները հզոր են նաև իրենց մշակույթով ու արվեստով։
Պետք է հուսանք, որ գրողների և արվեստի մյուս գործիչների համար ևս մեր երկրում կստեղծվեն
նպաստավոր պայմաններ, կվերականգնվեն հին ավանդույթները, կձևավորվեն նորերը, ականատես կլինենք
գնահատանքի կոնկրետ դրսևորումների։
Իմ գրչակից ընկերներին, մեր բոլոր հայրենակիցներին և ազգակիցներին մաղթում եմ տոկունություն և
լավատեսություն։