Այս անուրախ օրերում, երբ սիրտդ տնքում է կորուստների ցավից, երբ երկիրդ, ինչպես և ամբողջ
մարդկությունը, կանգնած են ահավոր աղետների առջև, ու խախտված է հոգուդ և արտաքին աշխարհի
ներդաշնակությունը, դժվար է ամանորյա գեղեցիկ խոսքեր գրելը։ Բայց մեր ժողովուրդն ավանդաբար
փորձել է Ամանորին վատը մոռանալ ու լավը հիշել, ինչպես ասում են, սևը ներս անել, սպիտակը՝ դուրս…
Իսկ դա ուժի և իմաստության ապացույց է, և պետք է այդպես էլ անենք…
Ավանդույթ է նաև, որ տարեվերջին մարդիկ հանրագումարի բերեն իրենց արածն ու չարածը, երազեն
գալիք տարվա ծրագրերի մասին։ Ես չեմ ուզում խոսել հանրագումարի մասին, որովհետև ամեն ինչ
ավելորդ է, եթե քո ամենաթանկը՝ Հայրենիքդ վտանգված է։ Իսկ երազանքս է (վստահ եմ՝ նաև շատերի
երազանքը), որ 2023-ի ծանր իրադարձությունները հուսահատությամբ չպատեն մեզ, որ չկորցնենք մեր
հոգու արիությունը և կարողանանք անվերապահորեն ամրապնդել մեր երկրի անկախությունն ու
ինքնիշխանությունը, որ իսպառ ձերբազատվենք ամենակործան չարությունից, թշնամանքից,
զազրախոսությունից, որ ունենանք բավականաչափ խոհեմություն և անձնական հարցերից վեր կանգնելու
կամք, կարողանանք թեկուզ մի պուտ բարություն և կարեկցանք ավելացնել աշխարհում, որ փորձենք մեր
սերը արգասաբեր դարձնել մեր երկրի համար ու միշտ հիշենք, թե ի՛նչ են հրամայում մեզ Անմահները։
Ուրեմն, շարունակենք աշխատել, արարել, սեր, լույս ու բարություն սփռել և վաղը ժպիտով իրար մաղթել՝
բարի նոր տարի և շնորհավոր Սուրբ ծնունդ..