…Կուզենայի, շա՜տ կուզենայի նախատոնական քաղցր-մեղցր բառեր գրել, ինչպես առաջներում: Քաղցր-կենացային, երբ գրիչը թավալվում, ապա տրտինգ էր տալիս թղթի անսահման ճերմակի վրա և խուճուճ բառեր հորինում նրա տաք մակերևույթին: Մոտավորապես այսպես. «Որ 2024 թվականը լինի Բարի Լույսի տարի, որ մեր ազգի ամենանվիրական իղձը՝ խաղաղությունը, լինի արժանապատիվ, որ ամեն մի հայ արարի՝ ապրելով իր հարազատ օջախում, որ այսուհետ Հաղթանակի, Հայոց բանակի օրերը նշենք խրոխտ հրճվանքով (հիշում ենք, չէ՞…), որ մեր Աստվածը մեծ է, շա՜տ է մեծ, որ գիշերվան միշտ էլ հերթափոխում է լուսաբացը…ե:
Բայց… ինչևէ, Նոր տարվա նախօրե է. մեզ մնացած (մեզ թողած) միակ տոնի նախօրեն: Բացում եմ սրտիս պահուստային ֆոնդի դուռը, ինչպես հեռավոր ճանապարհորդությունից հետո տուն վերադառնալիս աղոտ հույսով բացում են հոսանքից անջատված սառնարանի դուռը (սիրտ-սառնարան ստացվեց)…
Հա: Հույս ասացի:
– Հույս, Հավատ, Սեր,- անվերջ կրկնում էր ծանոթ քահանան: Ուրեմն` թող այդպես լինի:
Աստծո Որդու ծննդից հետո այս ծեր Արեգակի շուրջ 2024-րդ պտույտը իմ հինավուրց ու բազմաչարչար ժողովրդի համար թող լինի Հույսի, Հավատի ու Սիրո տարի: Թող այս խառնակ ժամանակի արտերում կարողանանաք Հույսի սերմեր ցանել: Հավատալ ինքներս մեզ և սիրել մեր կողքինին: Սիրել ու միավորվել, դառնալ մեկ բռունցք, և միայն այդ ժամանակ հաղթանակը մերը կլինի:
Մեր արտաքին թշնամին հզոր ու վտանգավոր է, բայց ավելի վտանգավոր ու նողկալի է ներքին թշնամին:
Ուրեմն` դո՛ւրս գալ անտարբերության շղարշից, կռվե՛լ մեր ներքին վախերի դեմ, հաղթե՛լ ինքներս մեզ, մի կո՛ղմ նետել մեզ պարտադրած պառակտվածությունը, միավորվե՛լ, հաղթե՛լ ներսի թշնամուն, դրսի թշնամու դեմ կանգնել խրո՛խտ (առաջվա պես),- ահա մեր ազգի գոյատևման միակ ճանապարհային քարտեզը:
Իսկ առաջին քայլը շա՜տ կուզենայի սկսենք հե՛նց այսօր, և 2024-ը մերը կլինի, և ժամանա՛կը կլինի մերը…