Թովմա քահանա (Վահան)ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հարգելի և սիրելի հայ ժողովուրդ,
ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր խաչը ծանր է, ավելի ծանր, քան որևէ այլ ժողովրդինը: Աստված բոլոր
ազգերին հավասար չի նայում, հավասար չի դատում (չեմ ուզում վիճել նրանց հետ, ովքեր կհերքեն ինձ`
վկայակոչելով Քրիստոսի կամ Պողոս առաքյալի խոսքերը Ս.Գրքից): Փաստն այն է, որ մենք մի փոքր
զանցանքի համար կարող ենք պատժվել, այն դեպքում, երբ Արևմուտքի ժողովուրդները կարող են բազմաթիվ
մեղքերի մեջ ողջ և առողջ ապրել` ոչ մի խնդիր չունենալով (գոնե առժամանակ): Աստված ում սիրում է,
ում հետ հույս է կապել, ում առաքելություն է հանձնարարել, նրա հանդեպ խիստ է և պահանջկոտ: Աստծո
լռությունից, Աստծո անտարբերությունից ահավոր ոչինչ չկա այս աշխարհում, ոչինչ: Մեր ազգի դեպքում
նա, բարեբախտաբար, առավել քան ուշադիր է և միջամտող: Դրա վկայությունն են մեր ազգի փորձանքներն
ու չարիքները` մասնավորապես այս վերջին հինգ տարիների ընթացքում: Աստված մեզ պատժում է մեր
մեղքերի համար, իսկ մեղքեր, անկասկած, մենք շատ ունենք: Միայն անտարբերությունը Արցախի հանդեպ,
անտարբերությունը երկրում տարածվող` մեր ժողովրդին ոչ հարիր բարոյական և հոգևոր գործընթացների
հանդեպ, քաղաքական և հոգևոր իշխանությունների միջև անջրպետը և հակամարտությունը,
հայրենասիրության և մեր սուրբ հողի հետ կապի բացակայությունը շատերի մոտ, անմիաբանությունը բոլոր
հարցերում բավարար են Աստծո զայրույթը վաստակելու համար: Հայրենասիրությունը, հայրենիքի հանդեպ
պատասխանատվությունը քրիստոնյա հայի մոտ դարերի ընթացքում դարձել են տասնմեկերորդ պատվիրան:
Քրիստոնեությունը հայ հողի վրա հայրենիքի պաշտպանության հետ է զուգակցվում, քանի որ մեր հողը
սովորական հող չէ, այն ադամական դրախտն է, ապագա Նոր Երուսաղեմի բաղկացուցիչ մասը, որտեղ
գտնվում է Գառան աթոռը: Մենք` բոլորս, պատասխանատու ենք այս հողի մաքրության և պահպանության
համար: Մեր մեղքերի և անտարբերության պատճառով են բազմաթիվ զոհերը, տարածքների կորուստը: Երբ
մեղքն ու առաքինությունը հավասարակշռում են իրար, Աստված դիմանում է մեր ապրելակերպին, բայց երբ
մեղքը գերակշռում է, մեղքի նժարն իջնում է ցած, Աստված զոհաբերում է մեր ազգի լավագույն մասին,
որպեսզի վատագույն մասի մեջ ցավ գցի և դրանով, գուցե, փոխի մարդկանց հոգիները: Քանի որ մենք դաս
չենք քաղում բազմաթիվ զոհաբերություններից, Աստված պարբերաբար թարմացնում է մեր վերքը, թույլ է
տալիս, որ մեր թշնամիները մեզ կոտորեն: Մեղքի նժարը պարբերաբար գերակշռում է և իջնում, Աստված
թույլ է տալիս, որ թափվի մեր արյունը: Մեղքի նժարը նորից է իջնում` մենք կորցնում ենք նորանոր
տարածքներ: Այդպես դարերի ընթացքում տեղի են ունեցել մեր կորուստները, այդպես տեղի ունեցավ Մեծ

եղեռնը, այդպես տեղի ունեցան վերջին պատերազմները և մեր զավակների զոհաբերությունը: Դա
անվերջանալի գործընթաց է, եթե մենք չփոխվենք, պայքար չմղենք մեր հայրենիքը և մշակույթը
պահպանելու համար: Այդ գործում մեծ է մեր` մշակույթի գործիչների դերը: Մենք` հայ գրականության
ներկայացուցիչներս, պարտավոր ենք ամեն ազգակործան, հայրենատյաց երևույթի դեմ բարձրաձայնել,
հրավիրել մեր հասարակության և միջազգային հանրության ուշադրությունը: Հուսալքությունը և ոչինչ
չանելը մեր թշնամիների ջրաղացին ջուր լցնել է, և նրանք ձեռքերը ծալած նստած չեն, նրանք ամեն օր
քայլ առ քայլ իրագործում են իրենց երազանքը` Հայաստանն ունենալ առանց հայերի:
2024 թվականը թող բոլորիս զինվորի գիտակցություն տա, ամրացնի մեր հոգիները, նորոգի մեր հավատն
Աստծո հանդեպ, միաբանի բոլորիս սրտերը հայրենիքի հանդեպ ուշադրությամբ և հոգատարությամբ և,
ամենակարևորը, սեփական անձը նրա համար զոհաբերելու պատրաստակամությամբ, իսկ մնացած
խնդիրները թող երկրորդական դառնան մեզ համար: Սա է միակ պայմանը, որի ընդունման և կատարման
դեպքում մենք կկարողանանք մեղմել Աստծո զայրույթը և հաղթանակներ էլ կգրանցենք այս անարդար և
չար աշխարհի հետ գոյամարտում: Քրիստոսի սերը, շնորհը և օրհնությունը թող լինեն մեզ հետ և
առաջնորդեն այս նոր տարվա բոլոր օրերում: Ամէն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։