Թթվածինն ու լույսը մեր հոգիների բնական սնուցիչներն են՝ Հավատն ու Հույսը. դրան գումարենք
բարությունը, հոգատարությունը, որ, իհարկե, Սե՛րն է – այն մեծ Սերը, որով շունչ են առել մեր հոգիները,
և որով հոգելույս մարմին ենք առել մենք մեր ծնողներից։ Ահա այդ Սիրո բարձրակետն է Սուրբծննդյան
հրաշքը, որ ամեն Ամանորի պարուրում է մեզ իր մեծ խորհրդով՝ մեր սրտերի մեջ վերստին տեղ փնտրելով
Մանկան՝ անմեղության ու մաքրության, փրկագործ Ծնունդին։ Մոգերն ամեն տարի ընծաներ են բերում
հենց մե՛ր սրտերում այդ խորհրդակատար իրողությունը նշանավորելու։ Եվ Բաղդասարի ոսկին՝ որպես մեր
սրտերի Թագավորի, Գասպարի կնդրուկը՝ որպես մեր հոգիների Աստծու, մեր սրտերի ամենագաղտնի
սենյակներում թանկ կորուստներն առժամանակ զմռսելով Մելքոնի զմուռսով, Հարության ու վերհառնումի
նշանակով ամենալուսավոր պարունակում մեր սրտի տեղ բացենք Մանկան համար և այդ տեղը նախ
առատորեն սիրով լցնենք՝ մարդկային ամենաբարի տոնի նախատոնակ այս օրերին. սերն է լույսի շուրջ մեզ
կատարելապես միավորողը… Ցավ ճանաչողը ցավ տեսածի հետ ցավից չի խոսի, կորուստ տեսածը կորուստ
ունեցողի հետ կյանքից կխոսի… Իսկ Ամանորը՝ մաղթենք որ արգասաբեր լինի հատկապես Հայաստանի ու
ողջ հայության համար…