Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ / 2024 թվականը՝ խաղաղության տարի

Ավարտվում է պատերազմներով, բազում աղետ-արհավիրքներով, փորձություններով լի 2023 թվականը:
Անցնող տարին ծանր, դժվարին ժամանակաշրջան էր հայ ժողովրդի կյանքում. կորցրեցինք հազարավոր
հայկազունների արյամբ ցողված, ազատագրված մեր Արցախը, ավելի քան 100 հազար արցախահայեր
բռնագաղթեցին Հայաստան: Ադրբեջանն հասավ իր նպատակին՝ Թուրքիայի օգնությամբ զենքով զավթեց
պատմական Հայաստանի հինավուրց տարածքը, և հիմա մեզ խաղաղության պայմանագիր են առաջարկում:
Ադրբեջանը իր զորքերը ետ չի քշում բռնազավթած տարածքներից, ադրբեջանական բանտերում դեռ հայ
ռազմագերիներ ու քաղաքացիներ են տառապում: Մեր հարևանները Զանգեզուր են տենչում, նույնիսկ՝
Երևան, իսկ Հայաստանը անվանում են արևմտյան Ադրբեջան: Դա նշանակում է, որ Ադրբեջանը
Թուրքիայի օգնությամբ պատրաստվում է նոր պատերազմի…
Ազգովի պատրաստ լինենք գալիք փորձություններին ու մարտահրավերներին: Հզորացնենք մեր բանակը:
Ապավինենք մեր բազկի ուժին, մեր աչքերի լույսով, մեր ոտքերի զորությամբ անցնենք մեր ճանապարհը:
Տա Աստված, կատարյալ, կայուն խաղաղություն լինի մեր տարածաշրջանում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։