Սամվել ԿՈՍՅԱՆ / ՑԱՎԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԴՐՍՈՒՄ

«Հյուրիեթ» թերթի տվյալներով, ԻՊ խմբավորման և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կողմից Թուրքիայում 2015 թ. հունիսից մինչ օրս տեղի է ունեցել 22 ահաբեկչություն, որոնց զոհերի թիվը 400 և ավելի է: Գազիենթեփ քաղաքում քրդական հարսանիքի ժամանակ տեղի ունեցածը, որի պատասխանատվությունն ստանձնել էր ԻՊ-ն, այն պատեհ առիթն էր, ինչը թույլ տվեց Թուրքիային, աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակից օգտվելով, իրականացնել տարիների երազանքն ու Սիրիայի տարածք ներխուժել: Ըստ Էրդողանի՝ թուրքական զինուժը Սիրիայի տարածքում պայքարելու է հյուսիսային Ջերաբլուս քաղաքը ԻՊ-ի գրոհայիններից և քուրդ ահաբեկիչներից ազատագրելու համար: Սոցիալական կայքերի թուրք օգտատերերի մեծ մասի հրապարակումներից պիտի ենթադրել, որ գործողության համար օգոստոսի 24-ը պատահական օր չէր: 500 տարի առաջ՝ 1516 թ. այս օրը, Ջերաբլուսում օսմանյան բանակը տոնել է Սիրիայում իր գլխավոր հաղթանակը և, հնարավոր է, այս խորհրդանշական օրն ընտրելով՝ Թուրքիան ձգտել է նախնյաց փառքը վերականգնել: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հայտարարությամբ՝ Մոսկվան և Վաշինգտոնը տեղեկացված են եղել Սիրիայի տարածքում Թուրքիայի իրականացվելիք ռազմական գործողությունների մասին: Ըշըքը հայտնել է, որ տեղյակ են պահել նաև Իրանին: ԱԳ նախարար Չաուշօղլին նույնպես վկայում է, որ ներխուժումը պլանավորել են ԱՄՆ-ի հետ, ինչը նշանակում է քրդերին աջակցող ԱՄՆ-ը փոխել է տարածաշրջանային կողմնորոշումը: Շատերի կարծիքով, Թուրքիան օգտվել է նաև ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման ընթացիկ հնարավորությունից, թեև շրջնառվող վարկածով, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնությունը սովորական թակարդ է, որով գերտերությունները Թուրքիային քրդական հակամարտության մեջ ներքաշելով՝ նրան թուլացնելու նպատակ են հետապնդում: Առայժմ դժվար է քաղաքական խաղերի իրական նշանակետերը նշմարել, սակայն որ Թուրքիայի առջև կանաչ լույս վառելը գերտերությունների քաղաքական ավելի մեծ ռազմավարության շրջանակում է, միանշանակ է: Այս պահին թերևս Թուրքիան ի վիճակի չէ սթափ գնահատել իրավիճակը և ավելի հակված է վա բանկ գնալու: Սիրիայի քրդական թնջուկը կամ հյուսիսային շրջանները շարունակում են և հավանաբար հեռանկարում էլ շարունակելու են Անկարայի մղձավանջը մնալ: Այս տրամաբանության մեջ է նաև Չաուշօղլու հայտարարությունը, ըստ որի՝ «սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերը պետք է հեռանան Եփրատի արևմտյան ափից, հակառակ դեպքում Անկարան անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի»: Ի պատասխան թուրքական պահանջի, սիրիական քրդերի միության ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին հայտարարել է, որ քրդերը չեն կատարելու Անկարայի պահանջը և հետ չեն քաշվելու Եփրատի արևմտյան ափից. «Դրանք քրդական շրջաններ են, որոնք քրդերն ազատագրել են ահաբեկիչներից արյունալի մարտերի արդյունքում: Ինչո՞ւ պիտի այնտեղից դուրս գանք Թուրքիայի պահանջով: Թուրքիան անօրինական ներխուժել է Սիրիայի հյուսիս և իր պահանջներն է թելադրում»,- ասել է նա՝ չբացառելով քրդական ուժերի և թուրքական բանակի բախումները: Համաշխարհային շատ լրատվամիջոցներ նշում են, որ մեծ է թուրքերի ու քրդերի միջև ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի տարածք տեղափոխվելու հավանականությունը: Թուրքիայում տեղի ունեցած և ունեցող ահաբեկչությունները, հակամարտության խորանալու դեպքում, առավել մեծ ընդգրկումների են ընդունակ: Օգոստոսի 26-ին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքում կրկին ահաբեկչություն են իրականացրել, որի արդյունքում մահացել է 11, վիրավորվել` 82 մարդ: Թեև վարչապետ Յըլդըրըմը նշել է, որ «այս դավաճանական գործողությունները չեն կանգնեցնի Սիրիայի տարածքում մեր կողմից իրականացվող գործողությունների թափը, մենք շարունակելու ենք պայքարել…», ակնհայտ է, որ Թուրքիային առաջիկայում ցավալի զարգացումներ են սպասվում ինչպես ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Նույն «Հյուրիեթը» տեղեկացնում է, որ ԻՊ խմբավորումը պատրաստվում է Թուրքիայի 18 քաղաքներում 26 ահաբեկչություն իրականացնել: Տեղեկությունները ձեռք են բերվել Գազիենթեփի ահաբեկչությունից հետո խուզարկումների արդյունքում: Իսկ թե Թուրքիան հետագայում ինչ գործողություններ կծավալի Սիրիայում, որքանով կփորձի խորանալ հարևան երկրի տարածք, կրկին պայմանավորված կլինի գերտերությունների քաղաքական խմբագրումներից: Խնդիրն այն է, որ թուրքերը դժվարությամբ կամ ընդհանրապես դուրս չեն գալիս «գրավյալ» տարածքներից: Թուրքիան մեկ անգամ ևս մերժել է Հունաստանին` իր զորքերը Հյուսիսային Կիպրոսից հանելու հարցում: Ասադին մերժելը կարծես ավելի դյուրին պիտի լինի, թեև հնարավոր է, որ հենց սիրիական ավանտյուրան Թուրքիայի նահանջն ազդարարի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։